Երեկ, նախքան ընտրությունների ավարտը, փորձեցի զրուցել ավանցիների հետ, պարզել` արդյո՞ք ներկայացել են ընտրատարածքներ, պատրաստվո՞ւմ են կատարելու իրենց քաղաքացիական պարտքը, թե՞ ոչ: Եվ առհասարակ, ի՞նչ ակնկալիքներ ունեն հերթական ընտրություններից:
Շատերը գերադասեցին լռել` «չգիտեմ», «տեղյակ չեմ», «ի՞նչ իմանամ» խուսափողական պահվածքով: Ոմանք էլ անկեղծացան և կարծիք հայտնեցին, որ կայանալիք ընտրությունը ոչնչով չի տարբերվելու նախորդներից, քանի որ դարձյալ կլինեն ընտրակեղծիքներ և խախտումներ:
ՏԱՐԵՑ ԱՄՈՒՍԻՆՆԵՐԸ- «Հուսահատված ու հիասթափված ենք, բայց որոշեցինք մասնակցել: Հույս ունենք` մի քիչ բարելավում կլինի: Գոնե թոշակի բարձրացում լինի: 18 հազար եմ ստանում, դրանով ապրել կլինի՞: Աշխատավարձի բարձրացում լինի... Ի՞նչ իմանանք, մի բան գոնե փոխվի»:
ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ Ա.-«Ասում են` ազատ, արդար, թափանցիկ: Ազատն ու թափանցիկը կա, բայց, ա՛յ արդարությանը մի քիչ կասկածում եմ... Է՜, աղջիկ ջան»:
ՀԱԿՈԲՅԱՆ Մ.-«Եթե թողնեն մինչև վերջ արդար լինի` արդար կլինի: Եթե թողնեն ամեն մարդ իր ուզածին ընտրի, կարող է մի բան փոխվի... Բայց ի՞նչ արդարություն, երբ վերջին րոպեին գալիս գռռալով լցնում են, իրանց ուզածին նշանակում` պրծնում»:
ԱՆՈՒՇ (ՈՒՍԱՆՈՂՈՒՀԻ) -«Ով էլ լինի, մեզ ոչինչ չի անելու: Իմ համար միևնույն է: Ով էլ լինի, իմ հորը նախարար չի տանելու: Նա էլի իր շոֆերությունն է անելու»:
Մի ծեր մարդ էլ, լսելով հարցերս, զարմանքից լայն բացեց աչքերը և կամացուկ խորհուրդ տվեց արագ հեռանալ. «Ընգել ես հետև՞դ, այ բալա, էս ի՜նչ հարցեր ես տալի,-ձայնն ավելի ցածրացնելով ասաց.- մեկ ա, էս երգիրը երգիր չի՜ դառնա, մեղք ես, թող գնա, հանգիստ ապրի»:
Ի դեպ, փոքր թիվ չէին կազմում այն քաղաքացիները, ովքեր ընտրություններին մասնակցելու մտադրություն չունեին. «Նախորդներից ի՞նչ խերվեցինք, որ սրանից ինչ ստանանք»:
Հասմիկ ՄՈՎՍԻՍՅԱՆ