Գազայի հատվածում և Լիբանանում հրադադարի մասին Իսրայելի համաձայնությունը կարող է ազդել հոկտեմբերի 26-ի հարձակումից հետո հրեական պետությանը հակահարված տալու Իրանի որոշման վրա՝ հայտարարել է ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ «Նրանք լավ գիտեն, որ եթե որևէ սխալ թույլ տան Իրանի Իսլամական Հանրապետության դեմ, կստանան ջախջախիչ պատասխան»,- ասել է նա:               
 

«Դժվար է «կտրել» այն ձեռքը, որն ընտանիքի միակ կերակրողն է»

«Դժվար է «կտրել» այն ձեռքը, որն ընտանիքի միակ կերակրողն է»
31.07.2009 | 00:00

«ՊԵՏՈՒԹՅԱՆ ՆՊԱՏԱԿՆ Է ԼՈՒԾԵԼ ԱՆՕԹԵՎԱՆ ՄՆԱՑԱԾ ՄԱՐԴԿԱՆՑ ԽՆԴԻՐԸ»
Անցած շաբաթ կառավարությունը հաստատեց քաղաքաշինության նախարարի ներկայացրած Գողթ գյուղական համայնքի Գառնի-Գեղարդ ավտոմայրուղուն հարող տարածքում ագրոտուրիստական-հյուրանոցային կենտրոնի կառուցման ծրագիրը։ Ընդգծենք, որ այն բարձր գնահատեց վարչապետ Տիգրան Սարգսյանը, ավելին, նա հույս հայտնեց, որ ծրագրի իրականացումից հետո այս ոլորտում հնարավոր է նոր մասնավոր ներդրումներ իրականացնել։ Ի՞նչ է նշված ծրագիրը, և կարո՞ղ են նմանատիպ ծրագրերը հետաքրքրաշարժ լինել ներդրողների համար։ Այս և շինարարության ոլորտին առնչվող այլ հարցերի շուրջ զրուցում ենք ՀՀ քաղաքաշինության նախարար ՎԱՐԴԱՆ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ հետ։
-Նշված ծրագիրը բխում է վարչապետ Տիգրան Սարգսյանի հանձնարարականից,- փաստեց նախարարը։- Եթե հիշում եք, վարչապետը մեկ ամիս առաջ հանձնարարել էր նախարարություններին` ծրագրեր ներկայացնել զբոսաշրջության ոլորտը զարգացնելու ուղղությամբ։ Մեր ներկայացրած ծրագիրը հետագայում կարող է հետաքրքրել ներդրողներին` ելնելով առաջարկվող ծառայություններից և հնարավորություններից։ Նշեմ, որ ագրոտուրիստական հյուրատնային համալիրը պետք է ներառի հյուրատան հիմնական մասնաշենքը (60 սենյակով), սննդի ընդունման, հանգստի ու ժամանցի, ինչպես նաև համալիրի տեխնիկական սպասարկումն ապահովող և ռեկրեացիոն տարածքներ։ Համալիրի տարածքում նախատեսվում է կառուցել զբոսայգի, մարզադաշտեր, խաղահրապարակներ երեխաների համար։ Նախատեսված են տարածքի բարեկարգում, պարսպապատում, ավտոբուսի կանգառ և ավտոկայանատեղի։ Հատուկ ուզում եմ ընդգծել, որ համալիրը նախագծելիս հաշվի են առնվել հաշմանդամների և բնակչության սակավաշարժ խմբերի պաշտպանությանն ուղղված միջոցառումներ։ Ծրագրի իրականացման ընթացքում խրախուսվելու է շինարարական նոր տեխնոլոգիաների և էկոլոգիապես մաքուր նյութերի, ինչպես նաև էներգասպառման այլընտրանքային միջոց համարվող արևային էներգիայի օգտագործումը։ Ընդգծեմ, որ հիշյալ տարածքը 2600 բնակիչ ունեցող Գողթ գյուղի շարունակությունն է։ Այս առումով ևս ծրագիրը կարևորվում է, քանի որ ինչ-որ չափով կարող է լուծվել նաև նշված տարածքի բնակիչների զբաղվածության խնդիրը։ Մասնավորապես, նախատեսվում է տեղի գյուղատնտեսական ապրանքների սպառում և համայնքի բնակիչների ակտիվ մասնակցություն հյուրատնային կենտրոնի սպասարկման ծառայություններում։ Իսկ պահանջարկի աճի դեպքում գյուղական տները (առանձին սենյակների և կոմունալ հարմարությունների ստեղծման պարագայում), կարող են օգտագործվել որպես հյուրատներ։ Այդ մոտեցումը կնպաստի գյուղի բնակչության զբաղվածության և բարեկեցության մակարդակի բարելավմանը։
-Այդ ամենը, իհարկե, լավ է, սակայն արդյո՞ք համալիրը չի կառուցվի ի հաշիվ արժեքավոր անտառածածկ տարածքի։
-Ագրոտուրիստական հյուրատնային կենտրոնը նախատեսվում է կառուցել Գառնի և Գողթ գյուղերի միջակայքում ընկած գեղատեսիլ վայրում։ Տարածքը զբաղեցնում է 2,5 հեկտար։ Այն կառուցապատված չէ, գտնվում է գյուղի բնակելի տներին հարող հատվածում, մոտ է մայրուղուն և ինժեներական ենթակառուցվածքներին։ Տարածքից բացվում է գրավիչ տեսարան դեպի Գառնո ձորն ու Խոսրովի անտառը։ Տարածքի կանաչապատման տոկոսն ընդունվել է համալիրի գլխավոր հատակագծով առաջարկված լուծումներին ու նորմատեխնիկական փաստաթղթերի պահանջներին համապատասխան։ Միանշանակ կարող եմ վստահեցնել, որ այս տարածքն ընտրվել է հատուկ ուսումնասիրություններից հետո, որպեսզի հետագայում անտառահատման անհրաժեշտություն չառաջանա։ Եվ իսկապես, այն հատվածը, որտեղ կառուցվելու է համալիրը, անտառապատ չէ։
-Հստակեցվա՞ծ է` ո՛ր ընկերությունն է շինարարությունն իրականացնելու։
-Նախատեսված տարածքում շինարարության իրավունքի համար կհայտարարվի մրցույթ, որի հաղթող կճանաչվի այն կազմակերպությունը, որը, ապահովելով մրցույթի պայմաններով սահմանված բոլոր պահանջները, առավել բարձր գին կառաջարկի հողամասը ձեռք բերելու համար։
-Եթե դեմ չեք, մեկ-երկու հարցի շուրջ էլ զրուցենք ծրագրի շրջանակից։ Ըստ մեր ունեցած տեղեկության, «Աղետի գոտու» բնակշինարարության ծրագրից մոտ 3500 ընտանիք դուրս է մնացել։ Եթե այդպես է, ի՞նչն է պատճառը։
-Ձեր տեղեկությունն այնքան էլ ճիշտ չէ։ Խոսքը վերաբերում է մի քանի անգամ պակաս թվով ընտանիքների։ Իրականացված ուսումնասիրությունների և համայնքների կողմից ներկայացված ցուցակների ստուգման ժամանակ պարզվեց, որ նշված ընտանիքներն այս պահի դրությամբ ապահովված են տներով։ Ընդգծեմ` տներով և ոչ թե «դոմիկներով»։ Իհարկե, եթե մենք հարուստ և զարգացած տնտեսություն ունեցող երկիր լինեինք, կարող էինք աչք փակել նշված խնդրի վրա, սակայն համաձայնեք, որ դեռևս նման բան չենք կարող անել։ Եվ պետության նպատակն է լուծել անօթևան մնացած մարդկանց խնդիրը։
-Ի դեպ, համայնքների մասին. գաղտնիք չէ, որ համայնքապետերը, գյուղապետերը բոլոր ոլորտներում երբ ցուցակներ են ներկայացնում այս կամ այն ծրագրի իրականացման համար, ապա, որպես կանոն, դրանց մեջ մեռած հոգիներ են հայտնվում կամ էլ նրանք, ովքեր չպետք է ընդգրկված լինեին։ Աղետի գոտու բնակշինարարության ծրագիրն այս առումով բացառություն չէ։ Արդյո՞ք համայնքի ղեկավարներն այդպիսով ստվերային գործարքի մեջ չեն մտնում։
-Նման պնդման հետ համաձայնելու համար կոնկրետ փաստեր պետք է ունենամ։ Սակայն չեմ բացառում, որ խնդիրն ունի և՛ օբյեկտիվ, և՛ սուբյեկտիվ կողմեր։ Պետք է հավելեմ նաև մարդկային գործոնը, հատկապես գյուղական համայնքներում` բնակիչները բարեկամներ են նաև, և ոչ բոլորն են սոցիալապես ապահովված։ Այս հանգամանքը ևս չի կարող ազդեցություն չունենալ, քանի որ փորձում են ինչ-որ կերպ օգտակար լինել իրենց ազգականներին։ Բոլոր դեպքերում, հաշվի առնելով հնարավոր տարբերակները, համայնքների ներկայացրած ցուցակները վերստուգվում են և մանրակրկիտ ուսումնասիրվում։
-Եթե խոսենք ընդհանուր առմամբ նախարարության աշխատանքներից, ապա կոնկրետ ի՞նչ քայլեր են իրականացվում մասնավոր ներդրումների և պետբյուջեի բեռը թեթևացնելու ուղղությամբ։
-Ներդրողների հետ բանակցություններն սկսված են և շատ ինտենսիվ են ընթանում։ Այս պահի դրությամբ, կոնկրետ ծրագրերի շուրջ մի քանի ընկերությունների հետ աշխատանքներ են տարվում։ Ընդգծեմ, որ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի հանդիպումը Բելառուսի նախագահ Լուկաշենկոյի հետ դրական ազդեցություն ունեցավ երկկողմանի գործարար շփումների և կոնկրետ ծրագրերի վրա, որոնց մեջ առանձնակի տեղ է գրավում շինարարությունը։ Այնպես որ, բելառուսական գործարար խմբի հաջորդ այցը Հայաստան ընդգրկելու է շինարարական ոլորտը։
-Ֆինանսատնտեսական գլոբալ ճգնաժամի պատճառով մի շարք նախարարություններում կադրերի կրճատում տեղի ունեցավ, քաղաքաշինության նախարարությունում` ոչ։ Ինչո՞ւ։
-Դժվար է «կտրել» այն ձեռքը, որն ընտանիքի միակ կերակրողն է։ Կարծում եմ` հարցի ճիշտ լուծումը ոչ թե աշխատատեղերի, այլ պարգևավճարների կրճատումն է։
Զրուցեց Ժասմեն ՎԻԼՅԱՆԸ

Դիտվել է՝ 1905

Մեկնաբանություններ