Գազայի հատվածում և Լիբանանում հրադադարի մասին Իսրայելի համաձայնությունը կարող է ազդել հոկտեմբերի 26-ի հարձակումից հետո հրեական պետությանը հակահարված տալու Իրանի որոշման վրա՝ հայտարարել է ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ «Նրանք լավ գիտեն, որ եթե որևէ սխալ թույլ տան Իրանի Իսլամական Հանրապետության դեմ, կստանան ջախջախիչ պատասխան»,- ասել է նա:               
 

Եթե ուզում ես տապալել որևէ գաղափար, ապա դրա կրողը դարձրու ժողովրդականություն չվայելող անձանց

Եթե ուզում ես տապալել որևէ գաղափար, ապա դրա կրողը դարձրու ժողովրդականություն չվայելող անձանց
05.08.2008 | 00:00

ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐ
«Փիլիսոփայական օրենք է, որ քանակը, ի վերջո, վերածվում է որակի, ընդ որում, դա տեղի է ունենում թռիչքաձև դիագրամով։ 20-րդ դարի վերջից քաղաքականության մեջ բոլոր գաղափարախոսությունները սկսել են փոխարինվել տեխնոլոգիաներով։ Այդ գաղափարախոսությունների միայնակ կրողների փոխարեն արդեն հանդես են գալիս «պսևդո» գաղափարախոսական տեխնոլոգիական միավորումները, որոնք էլ փորձում են քանակի ավելացման միջոցով ապահովել որակական թռիչք»։
Ալվին Թոֆլեր, ամերիկյան սոցիոլոգ
Հայաստանում վերջին ժամանակներս կրկին ակտիվացել են խոսակցությունները, այսպես կոչված, «երրորդ ուժի» ձևավորման վերաբերյալ, որը պետք է դառնա ներկա իշխանության իրական ընդդիմություն և քաղաքական դաշտից դուրս մղի Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորած արմատական ընդդիմությանը՝ ի դեմս Հայկական ազգային կոնգրեսի։ Այսպես, ՀՀԿ-ում որոշակի տրամադրությունների մշտական արտահայտիչը հանդիսացող ԱԺ պատգամավոր Գալուստ Սահակյանը վերջերս հայտարարեց, որ շուտով երկրում կձևավորվի նոր ընդդիմություն, որը կծնվի բնական ճանապարհով այն բանից հետո, երբ հաղթահարված կլինեն հետընտրական դժվարությունները։ ՀՀԿ խորհրդի անդամի կարծիքով, այդ ընդդիմության կազմավորման համար անհրաժեշտ է ավելի ակտիվ քաղաքական մթնոլորտ։ «Կարծում եմ, մինչև աշուն այդպիսի ուժ կհայտնվի ասպարեզում, և այն հանդես կգա ավելի կառուցողական դիրքերից, քան ներկայիս, այսպես կոչված, ընդդիմությունը»,- հայտարարեց պատգամավորը։
Հայաստանյան ԶԼՄ-ներում ևս պարբերաբար հայտնվում է տեղեկատվություն այն մասին, որ արդեն իսկ խորհրդատվություններ են ընթանում նոր քաղաքական բևեռի ձևավորման նպատակով, և դրանց մասնակցում են մի շարք մանր, իրենց ընդդիմություն հայտարարած կուսակցություններ, որոնց գլխավորում են հայտնի, սակայն այսօր սահմանափակ ժողովրդականություն ունեցող քաղաքական գործիչներ։ Խոսակցություններ կան, որ ապագա կառուցողական ընդդիմության մի հատվածն էլ կձևավորվի արտասահմանի, մասնավորապես Ռուսաստանի, հովանավորությամբ, կունենա համապատասխան կողմնորոշում, և նրա առաջ խնդիր կդրվի սրբագրել Մոսկվայի որոշակի քայլերը ներկայիս իշխանությունների նկատմամբ ու միաժամանակ իրենց գործողություններով պարտադրել, որ այդ նույն իշխանությունը վարի համապատասխան ուղղվածության քաղաքականություն։ Բոլոր դեպքերում, այս քաղաքական ակումբների ամենահիմնական խնդիրն է լինելու Տեր-Պետրոսյանին և նրան շրջապատող ուժերը քաղաքական լուսանցք մղելը։
Սակայն մեծ հարց է, թե իրականում որքանով քաղաքական դաշտի հետնաբակը մղված ուժերը կարող են իսկապես հավակնել «երրորդ ուժի» ձևավորման դերակատարությանը, մանավանդ, եթե այդ գործընթացը հրահրված լինի արհեստականորեն։ Փաստ է, որ անցած տարիների ընթացքում իշխանությունների նախաձեռնությամբ քաղաքական դաշտի հիմնավոր «մաքրումից» հետո չկային հուսադրող ազդակներ, որ այս երկրում քաղաքական գործընթացները կվերադառնան նորմալ գաղափարախոսական և քաղաքական պայքարի հուն։ Թերևս Լևոն Տեր-Պետրոսյանի մասնակցությունը ոչ միայն իբրև նախագահի թեկնածուի, այլև իբրև օլիգարխիական-կլանային համակարգին հակադրվող լայն ճակատի ղեկավարի, որոշակի կենդանություն հաղորդեց բացարձակապես ապաինտեգրված քաղաքական դաշտին և գործընթացներին։ Սակայն իրեն բնորոշ ինքնավստահությամբ հավակնելով քաղաքական դաշտում համախմբող դերակատարության ու միասնական ընդդիմության առանցքային առաջնորդը լինելուն, առաջին նախագահը թույլ տվեց նաև որոշակի սխալներ։ Ակնհայտ է, որ նրա վերադարձը քաղաքականություն կլիներ ավելի լիարժեք և առավել ընդունելի բնակչության անհամեմատ լայն զանգվածների համար միայն այն դեպքում, եթե առավելագույնս փոխվեր նրա նկատմամբ ձևավորված բավական կայուն-բացասական վերաբերմունքը՝ կապված իր կառավարման ժամանակաշրջանի հետ։ Անկախ նրանից՝ դուր է գալիս դա որևէ մեկին, թե ոչ, անցած ժամանակահատվածը ցույց տվեց, որ ընտրազանգվածի ավելի լայն շրջանում Տեր-Պետրոսյանի նկատմամբ եղած բացասական ընկալումները, այնուհանդերձ, բավական կայուն են։ Եվ այդքանով հանդերձ, միանգամայն հավանական է, որ առաջին նախագահը չի կարողանա արմատական փոփոխություններ իրականացնել իր շրջապատում, և ինչպես շատ անգամ եղել է իր քաղաքական կենսագրության մեջ, կշարունակի մնալ իր կառավարման շրջանը մարմնավորող շրջապատի հետ ձևավորված հարաբերությունների պատանդը։ Իսկ Տեր-Պետրոսյանի շրջապատում պայքարն այսօր շարունակվում է ոչ թե քաղաքական սկզբունքների, այլ բացառապես անմիջականորեն առաջնորդի կողքին լինելու համար։ Հանուն արդարության պետք է խոստովանել, որ ինքն էլ, իր շրջապատը կազմող առաջնորդների և կուսակցությունների հիմնական կորիզն էլ իրենց պահում են այնպես, կարծես վերադարձել են 1990-ականների սկզբների համընդհանուր սիրո և միասնականության տարիները։ Չհիմնավորված ինքնագոհությամբ նրանք կամուրջներ են կապում միայն այն ուժերի հետ, որոնք այսպես թե այնպես իրենց հետ են, իսկ ժողովուրդն էլ այդ պատկերացումների շրջանակներում իրենից ներկայացնում է միայն Հյուսիսային պողոտայում հավաքված հատվածը։ Բնակչության մնացած զանգվածը կարծես դուրս է առաջին նախագահի և նրա շրջապատի հետաքրքրությունների դաշտից։ Ավելին, արմատական ընդդիմության վերջին գործողությունները որևէ հիմք չեն տալիս լավատեսական ենթադրությունների համար և չեն համոզում հասարակ քաղաքացուն, որ հռչակված Հայկական ազգային կոնգրեսը, ի վերջո, դուրս կգա ՀՀՇ-ական գործիչների ռևանշիստական ձգտումների շրջանակից։
Բոլոր այս հանգամանքները, անշուշտ, օբյեկտիվ նախապայման են այլընտրանքային ընդդիմադիր միավորումների ձևավորման համար, որոնք կներկայացնեն դժգոհ, բայց ոչ «լևոնական» կողմնորոշում ունեցող ընտրազանգվածի շահերը։ Միաժամանակ, հարկ է հիշել, որ տեխնոլոգիական առումով նույնիսկ ամենանրբամիտ քաղաքական մանիպուլյացիաները, եթե դրանք կտրված են իրականությունից և կառուցված չեն ժողովրդական լայն զանգվածների տրամադրությունների հաշվառումով, ի վերջո, բերելու են նոր կամ այլընտրանքային ընդդիմության շատ արագ մարգինալացման։ Որովհետև քանակը դեռևս որակ չի նշանակում։ Մանավանդ Հայաստանում, ուր ամենքը բոլորի մասին ամեն ինչ գիտեն, և ավանդաբար շատ բացասական վերաբերմունք է ձևավորված քաղաքական դաշտի «անհաջողակների» նկատմամբ։ Առավել ևս, եթե վերջիններս անհիմն հավակնում են ժողովրդի սիրելի գործիչներ դառնալու դերակատարությանը։
Այսպիսով, հարկ է նկատի ունենալ, որ եթե ապագա «երրորդ ուժի» բաղադրիչներն են դառնալու քաղաքական դաշտի բազմիցս օգտագործված և, ըստ այդմ, մաշված հատվածները, որոնք անցած ժամանակահատվածում այդպես էլ չկարողացան դառնալ ծանրակշիռ խաղացողներ, ապա այդ նախաձեռնությունը դատապարտված է։ Որովհետև այդ ուժերը չեն կարողացել դառնալ իսկապես ինքնաբավ, և տվյալ պարագայում, ասենք, Պարույր Հայրիկյանի, Արամ Գասպարի Սարգսյանի կամ Խոսրով Հարությունյանի քաղաքական փորձառությունը, անցած ճանապարհը կամ ձգտումները չեն կարող դառնալ հանրության կողմից լայն աջակցության երաշխիք։ Վիրավորանք չդիտվի, բայց հայաստանյան ընդդիմության ներկայացուցիչներից շատերի պահվածքը հիշեցնում է ԿԳԲ-ական հայտնի կանոնը. եթե ուզում ես տապալել որևէ գաղափար, ապա դրա կրողը դարձրու այդ գաղափարին առավելագույնս անհամապատասխան և ժողովրդականություն չվայելող անձանց։ Հայաստանյան ընդդիմության ներկայացուցիչները, ցավոք, շարունակում են օբյեկտիվ իրականության մասին դատել բացառապես իրենց ֆիզիոլոգիական զգացողություններով կամ հոգեբանական բնազդներով։ Արդյունքում կարող է ստեղծվել մի իրավիճակ, երբ նրանք կհայտնվեն վիրտուալ իրականության մեջ, որը սահմանափակված է բացառապես իրենց անձնական հավակնություններով և պրագմատիզմով։ Հանրագումարում այդ ամենը բնակչության կողմից ընկալվելու է իբրև իշխանությունների նախաձեռնած խաղ, որը քաղաքական դաշտը վերջնականապես լղոզելու և բնակչության լայն զանգվածներին հասարակական ակտիվությունից զրկելու նպատակ է հետապնդում։ Իսկ դա իր հերթին կարող է հանգեցնել ակտիվ ընդդիմադիր զանգվածի նոր հատվածների վերակողմնորոշմանը դեպի Լևոն Տեր-Պետրոսյանի բևեռը կամ էլ, լավագույն դեպքում, կբերի այսօր ակտիվ այդ զանգվածի մի մասի ժամանակավոր ինքնամեկուսացման։
Աշխարհում չկա գաղտնիք, որ չբացահայտվի։ Եվ եթե անգամ իշխանությունը մտադիր է գործել անչափ նրբամիտ մտածված և փորձարկված սցենարով, այն կարող է մնալ ընդամենը թղթի վրա մշակված, բայց իրականությունից կտրված քաղաքական տեխնոլոգիա։ Որովհետև ժողովուրդը վաղուց և հաստատապես համոզված է, որ այլընտրանքային ընդդիմություն դառնալու հավակնորդներից մի քանիսն այդ դերակատարության համար վաղուց արդեն ֆինանսական աջակցություն են ստանում կա՛մ իշխանական կառույցներից, կա՛մ էլ փորձում են այդ աջակցությունը ձեռք բերել Մոսկվայից կամ Վաշինգտոնից։ Սակայն գործնականում բոլորն էլ կարող են հավակնել այդպիսի շատ սահմանափակ աջակցության, ինչն իր հերթին հանգեցնելու է վարկանիշի որակական անկման։ Արդյունքում գործնականում երաշխավորված կարելի է համարել, որ մոտ հեռանկարում այդ գործիչներից շատերը ստիպված կլինեն խաչ քաշել քաղաքական կարիերայի վրա և ասպարեզը զիջել նոր քաղաքական դեմքերի։ Առաջին հայացքից «երրորդ ուժ» ձևավորելու հավակնորդները չեն կարող այս պարզ իրողությունը չհասկանալ, բայց նախանձելի համառությամբ առայժմ շարունակում են հանդես գալ ընդդիմադիր գաղափարների հիմնական կրողների դիրքերից՝ իրականում քայքայելով ու ոչնչացնելով ընդդիմության գաղափարը որպես այդպիսին։ Թեպետ, ով գիտի, գուցե հենց դա է նրանց հիմնական առաքելությունը։ Սակայն հասարակության համար կա մի վտանգ ևս. «նոր ընդդիմություն» ձևավորելու հավակնորդներ կարող են դառնալ նախորդ ռեժիմի կողմից վերահսկվող գործիչները՝ ի դեմս Վարդան Օսկանյանի կամ Սամվել Բաբայանի, որոնց ընդդիմադիր լինելը, սակայն, բացառապես քոչարյանական կլանի հզորությունը վերականգնելու խնդիր կարող է հետապնդել։
Սոնա ՍԻՄՈՆՅԱՆ

Դիտվել է՝ 5783

Մեկնաբանություններ