38 իտալացի պատգամավորներ հայ գերիներին ազատ արձակելու կոչ են արել՝ տեղեկացնում է Tempi-ն։ Իտալիայի կառավարությանը կոչ է արվում պարտավորություն ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի հանդեպ տարածաշրջանում խաղաղության համաձայնագրի առնչությամբ և ապահովել դեռևս ադրբեջանական բանտերում պահվողների ազատ արձակումը:               
 

Վայր ընկնող ակնթարթ

Վայր ընկնող ակնթարթ
13.11.2023 | 17:24

Վայրկյան, այսինքն, կյանքի մի ակնթարթ՝ էնքան չնչին, որ երբեք չես զգում, որի մեջ ոչինչ չի տեղավորվում, բացի սրտի զարկից։ Մի վայրկյանում ոչ մի բան չես հասցնի անել, ինչպես՝ մի լումայով բան չես առնի, ինչպես մի միլիմետրի մեջ բան չես տեղավորի, մի ցորենի հատիկով չես կշտանա։

Վայրկյան ՝ վայր կյան-կյանքից վայր ընկնող ակնթարթ։ Ամեն վայրկյան քո կյանքից մի վայրկյան ընկնում է, ինչպես զինվորն է ընկնում մարտի դաշտում՝ վայրկյանում մի զինվոր կորցնում ես։ Բանակը մեծ է, շատ մեծ, բայց գլխապտույտ արագությամբ պակասում է, հալվում՝ աչքիդ առաջ։ Էս ճակատամարտը մենք միշտ տանուլ ենք տալիս։ Վերջում միշտ մենակ ենք մնում՝ շրջապատված վերջին մի բուռ անձնազոհ զինվորների դիերով։

Բայց ցավն էդ չի։ Ցավն էն է, որ երբ հետ ես նայում, տեսնում ես, թե ինչքան դասալիք զինվորներ են եղել քո բանակում, երբ դու անիմաստ սպանել ես ժամանակը, ինչքան անբան զինվորներ են եղել, որոնց զոհաբերել ես ամենակուլ ձանձրույթին, ինչքան դավաճան զինվորներ են եղել, որոնք թշնամուն են ծառայել՝ թունավորելով քո կյանքն ատելությամբ, վրեժով ու նախանձով, ինչքան ագահ զինվորներ են վազել գանձերի հետևից, որոնք քեզ երբեք պետք չեն գալու, ինչքան ցուցամոլ զինվորներ են կերպարներ կերտել քեզ համար, որոնց հետ դու ոչ մի կապ չունես։ Էդ վայրկյանները րոպեների ջոկատներ են կազմել, ժամերի դասակներ, շաբաթների գնդեր, տարիների դիվիզիաներ։

Իսկ ինչքան քիչ են քո հարազատներին ծառայած վայրկյանները, ինչքան է մայրդ կարոտով նայել իր կողքով անտարբեր անցնող վայրկյաններին, երբ դու նրան անգամ չես նկատել, ինչքան քիչ վայրկյաններ ես նվիրել քո սիրելի մարդկանց գրկելուն, մի քաղցր խոսք ասելուն, սփոփելուն, ինչքան եսասեր զինվորներ են անցել կարիքավորի կողքով՝ առանց նկատելու անգամ։ Ու դու դա էլ ես շատ համարել։

Քեզ հսկայական բանակ էր տրվել՝ էնքան մեծ, որ զինվորներիդ հաշիվը երբեք չես իմացել։ Քեզ անսահմանափակ իշխանություն էր տրվել քո ահռելի բանակի վրա՝ զինվորներ, որոնք հլու-հնազանդ կատարել են քո ցանկացած քմահաճույք։

Չէ՛, դու վատ զորավար ես, քամուն ես տվել քո բանակը, չես գնահատել քո զինվորներին, չես առաջնորդել։ Դու արդե՛ն տանուլ ես տվել քո ճակատամարտը։ Հիմա քեզ անգամ քո սեփական զինվորները չեն ենթարկվում, անցնում են քո կողքով հավասար շարքերով ու նետվում անդունդը։ Դու հիմա էլ զորավար չես, այլ սեփական զինվորներիդ պատանդը։

Հենրիկ Պիպոյան

Դիտվել է՝ 11821

Մեկնաբանություններ