Դժվար է լուծում առաջարկել, երկու դեպքում էլ վտանգն առկա է: Ռուսը, կարծում եմ, հենց այնպես չի լքի տարածաշրջանը, քաոս ու արյունահեղություն կստեղծի, իր հետ էն աշխարհ կտանի նաև մեզ. Արցախը վկա:
Արևմուտքն էլ գուցե «փրկի», բայց, անկախության անվան տակ, հանձնի թուրքական կայսրության խնամակալությանը:
Կասկածում եմ, թե նույնիսկ իշխանափոխության դեպքում Ռուսաստանը կհրաժարվի Զանգեզուրի միջանցք բացելու մտադրությունից, բնականաբար՝ պատերազմ ստեղծելով:
Հայերս ստիպված ենք ամեն ինչի ու ամեն երկրի բարեհոգությանը կասկածել:
Թվում է՝ մեզ միայն միջուկային զենք ունենալը կփրկեր. այդ դեպքում էլ կդառնայինք Սիրիա, այդ պատրվակով կավերեին:
Ո՛չ Սիրիա դառնալուն կդիմանանք, ո՛չ էլ Ուկրաինա դառնալուն:
Հայաստանն աշխարհում այն բացառիկ երկիրը պիտի լինի, ում կպաշտպանեն և՛ Ռուսաստանը, և՛ Արևմուտքը՝ ելնելով հենց իրենց շահերից, գիտակցելով, որ թուրքն աղետ է ողջ աշխարհի համար:
Բայց այդպես լինու՞մ է, չգիտեմ:
Հզոր դիվանագիտություն է պետք, ինչից, ցավոք, զուրկ է ոչ միայն գործող իշխանությունը, նաև՝ եկողները, քանի որ երկու կողմերն էլ դրսերից չափազանց ուղղորդված են:
Նժդեհն էլ ասում էր՝ հայն իրավունք չունի կուսակցանալու:
Համախմբվել է պետք, սա էլ է անհնար, անբարիշտ հայը սովոր է իր էշը քշելուն՝ մինչ ի մահ:
Փաստը մնում է այն, որ այսօր Արցախը մեռնում է թուրքի ձեռքով, ու սա դեռ, չտա Աստված, մահերի սկիզբն է:
Ո՞վ է մեղավոր, ո՞վ է թուրքի ձեռքով կրակից շագանակներ հանում. Արցախի ու մեր իշխանություննե՞րը, ռուսնե՞րը, թե՞ Արևմուտքը:
Մի բան պարզ է, սա Ռուսաստանի ու Արևմուտքի պատերազմն է՝ մեր տարածաշրջանում, ու սա վերջացող կռիվ չէ ոչ հիմա, ոչ էլ՝ հետո: Կովկասը միշտ էլ եղել է թնջուկ, իսլամ ու քրիստոնյա ազգերի պատերազմների խառնարան, ինչից մեկումեջ տաքացվել են այս երկուսի ձեռքերը:
Այս երկուսի ականջներն էլ պարզ գծագրվում են, բնականաբար, այս դեպքում՝ ավելի շատ ռուսինը, մի ձեռքով յուղում են, հազար ձեռքով՝ դաղում:
Բայց՝ էս գնո՞վ: Կողմնորոշվել է պետք ու սկսել իշխանափոխությամբ՝ առանց երկրի կայունությունը փլուզելու:
Նիկոլը, որպես երդվյալ գործիք, պիտի հեռանա, եկողն էլ չդառնա մեկ այլ երկրի երդվյալ գործիքը ու մեզ չկանգնեցնի նոր պատերազմների և տարածքային ու մարդկային նոր կորուստների առջև:
Սուսաննա Բաբաջանյան