Մի ողջ հայություն՝ ներսի ու դրսի, կամ դիտորդ է, կամ խոսող, գործ անող չկա:
Ասիմետրիկ-բառախաղ է դարձել մեր կյանքը:
Մի Պետրոս չկա՞ր էսքանիս մեջ, կանգներ ու բրիգադիր Պողոսի երեսին հստակ ասեր՝ եղբայր, դու ի՞նչ ես ուզում մեզանից...
Ոչ մեկի վրա այնքան չէ զարմանքս ու զարհուրանքս, որքան մեր ժողովրդի, մեր գեներելատիտետ-զինվորականության:
Փաստորեն, վերադառնում ենք ի վնաս մեզ՝ քարտեզին՝ մի ամբողջ հինգ հազար տարվա մեր պատմության վրա աչք փակելով, մեծ ու անբարոյական ցատկ կատարելով, ասես չի էլ եղել, նորելուկ մկկացող գառ ենք՝ «բազմադարյա» թուրքի առաջ:
Հասկացանք՝ ոչ մեկդ նոր պատերազմ չեք ուզում, ես էլ չեմ ուզում, բայց դա չի նշանակում, որ հլու գառան պես մկկանք երեկվա կիսավայրենի թաթարի առաջ, ով նույնիսկ իր երկրի անվանումը Պարսկաստանից է փախցրել։
Այսինքն, դրանց ամեն ինչն է գողացված՝ անունից մինչև արյուն ու մշակույթ, գիր ու գրչություն:
Պարտվել՝ դեռ չի նշանակում թշնամու ոտքի տակ փռվել, մեռնել:
Պարտվողին ավելի մեծ խիզախում ու արժանապատվություն է պետք, որ ոտքի տակ չընկնի, չկորչի:
Մեծ իմաստով՝ սա պարտվել չի էլ կարելի համարել. այլ՝ լավ ծրագրված սպանդ էր, որի ժամանակ պարտվել բառը կորցնում է իմաստն ու դառնում ԴԱՎՎԵԼ.
դավվածին են մորթում…
Դավված ենք ամենքս, դավված է երկիրը, դավված են Արցախը, մեր երկու բանակները, անցյալ ու ներկա, պատմություն, մշակույթ, ժողովուրդ...
Դավված է ողջ աշխարհասփյուռ հայությունը, Հայոց աշխարհը, Նաիրին, Հայասան, մինչև՝ Հայկ ու Արա, Դավիթ-Բեկ ու Նժդեհ... Մի պտղունց մնացած Հայաստանը, նրա ամեն քար ու թուփ դավվա՛ծ ու դավաճանվա՛ծ են՝ երկինք-գետին, աշխարհ վկա...
Բայց մեր վախն արդեն առնված է, թվում էր՝ էլ վախենալու բան չպիտի ունենայինք:
Ոչ օսմանյան կայսրության հպատակության տակ ենք ապրում, ոչ էլ՝ ցարական Ռուսաստանի, մենք մեր ինքիշխան երկրում ենք ապրում, ու սրանից լավագույնս օգտվել է պետք:
Մարդ կա, է՜, իր սուգն այնպես է թանկացնում, կոկորդ կրծում, մարդ էլ կա՝ արժեզրկում է իր վիշտն էլ, իրեն էլ:
Գազազելու փոխարեն, խեղճացել, մի բուռ ենք դարձել, ավելին՝ բթացել, դարձել ապատիկ հիվանդներ, օձի երախը նետվող հիպնոսված նապաստակներ՝ տղամարդանալու, որձանալու, գազազելու տեղ: Երբեմնի քաջազուն այրեր, գեներալներ, սպաներ, զինվոր, ազգը ձեզ է նայում, ձեզանով է մեռած կամ ողջ:
Թշնամու ոտքի տակ ընկնել, քարշ գալն ամենաանպատիվն է աշխարհիս երեսին, ինչն էլ, կարծես, ընտրել ենք, մեր ու այլոց աչքում կորցրել հարգանքի վերջին նշույլը, այնքան, որ մի քոսոտ ղազ էլ չի ուզում մեզ բարևել:
Մի հատ կողմնորոշվենք՝ ի՛նչ ենք ուզում, մեզ հայրենիք պե՞տք է, թե՝ ոչ, ուզու՞մ ենք ապրել, թե՝ ոչ:
Սուսաննա Բաբաջանյան
Լուսանկարը՝ հեղինակի