ՄԱԿ-ի կլիմայի COP29 համաժողովի շրջանակում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հանդիպել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի հետ. վերջինս հետաքրքրվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցային գործընթացով։ Ալիևն ասել է, որ խաղաղության պայմանագրի տեքստի զգալի մասն արդեն համաձայնեցված է, միաժամանակ, հերթական անգամ դժգոհել է Հայաստանի Սահմանադրությունից՝ նշելով դրանում պարունակվող «տարածքային հավակնությունները»։               
 

Սպասված գիրքը-7

Սպասված գիրքը-7
01.12.2022 | 07:27

Ընթերցողին հրամցվելիք գրքից այս անդրադարձը ՀՀ ԱԱԾ նախկին տնօրեն Միքայել ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԻ խիստ ուշագրավ կենսագրությունից մի հատված է՝ ընտանիքից ու պատանեկությունից:

Սա ընդամենը սկիզբն է: Գնդապետն իր հուշերում անդրադարձել է նաև մեր ոչ վաղ անցյալին` «թավշյա» հեղափոխությանը, 44-օրյա պատերազմին, իշխանության բարձրագույն ղեկավարության հետ ունեցած շփումերին, Ազգային անվտանգության ծառայության տնօրեն նշանակվելու, պաշտոնից հրաժարական տալու հանգամանքներին, ՀՀ ԱԱԾ պահեստազորի սպաների միության կազմավորմանը, ինչպես նաև այն խնդիրներին, որոնց նա և իր գործընկերները բախվեցին այս վերջին երկու տարիներին:


ԻՄ ԸՆՏԱՆԻՔԸ
Ծնվել ու մեծացել եմ Երևանում, Արաբկիր համայնքում: Հայրս վաստակաշատ շինարար է, ողջ կյանքի ընթացքում Հայաստանի տարբեր վայրերում ղեկավարել է մեծածավալ շինարարական օբյեկտներ։ Նա բավականին ուժեղ, համառ բնավորության տեր անձնավորություն է, անցել է բարդ ու դժվարին կյանքի ուղի։ Աշխատանքային գործունեությունը սկսելով որպես մանրահատակի մասնագետ վարպետ` տարիների ընթացքում հասել է շինարարական խոշոր կազմակերպության վարչության պետի պաշտոնի։ Չնայած նրան, որ երիտասարդ տարիքում անզգուշությամբ տեղի ունեցած ավտովթարի հետևանքով դատապարտվել է ազատազրկման, չի վհատվել, շարունակել է ուսումը Երևանի պոլիտեխնիկական համալսարանում և, հաջողությամբ ավարտելով, սկսել է աշխատանքային գործունեությունը։


90-ականների սկզբներին, երբ Հայաստանում չկար աշխատանք, իր շինարարական հիմնարկով մեկնել է Չեչնիա, մասնակցել վերականգնողական աշխատանքներին։ Հայրս չեչեն գրոհայինների կողմից այդ ժամանակ պատանդառվել է, սակայն կամային բնավորության շնորհիվ կարողացել է դիմակայել և, օրեր անց, ընկերների աջակցությամբ ազատ արձակվել։ Այսօր նա մեր ընտանիքում վայելում է իր վաստակած հանգիստը։
Մայրս մասնագիտությամբ տնտեսագետ է, սակայն հիմնականում չի աշխատել և զբաղվել է ընտանիքով, մեր դաստիարակությամբ։ Կարող եմ փաստել, որ նրա կյանքի իմաստը եղել է ամուսինը, ես և քույրս: Այսօր էլ նա ապրում է մեզանով և մեր ընտանիքներով։ Քույրս ավարտել է Երևանի պետական համալսարանը, անգլերենի մասնագետ է, ունի լավ ընտանիք, հրաշք թոռնիկներ։


Կինս մասնագիտությամբ մանկավարժ է, աշխատում է նախադպրոցական հաստատությունում: Դուստրս, վստահ եմ, ոչ միայն լավ մարդ է, այլև՝ ապագա լավ բժիշկ: Նա երազում է այդ մասնագիտության մասին: Որդիս, ավարտելով ՌԴ անվտանգության դաշնային ծառայության ակադեմիան, ներկայումս ծառայում է Հայաստանի անվտանգության համակարգում: Ամուսնացած է, ունի մեկ գեղեցկուհի բալիկ: Հարսս մասնագիտությամբ հոգեբան է, մենք բնակվում ենք մեկ հարկի տակ։ Սա է մեր ընտանիքը, նրանք բոլորը հայրենիքը սիրող, այսօրվա խնդիրները խորությամբ գիտակցող, մտահոգվող, միմյանց և շրջապատի նկատմամբ հոգատար մարդիկ են։


Դեռևս դպրոցական տարիքում մայրս և հատկապես երկու մորաքույրներս ամեն ինչ արել են, որ ես սիրեմ իմ հայրենիքը՝ Հայաստան աշխարհը, իմանամ մեր պատմությունը, անտարբեր չլինեմ ազգային խնդիրների, մեր ժողովրդին մտահոգող հարցերի նկատմամբ։ Դա էր երևի պատճառը, որ սիրում էի պատմություն առարկան, դպրոցական տարիներին ընկերներիս հետ մշտապես մասնակցում էի ապրիլի 24-ին կազմակերպվող Ցեղասպանության զոհերի հիշատակման միջոցառումներին, պարտադիր լինում հուշահամալիրում, իսկ երբ տեղի ունեցավ 88-ի երկրաշարժը, կամավոր, ծնողներիս առանց տեղյակ պահելու, ընկերոջս հետ մեկնեցի Սպիտակ` մի քանի օր շարունակ մասնակցելով փրկարարական աշխատանքներին։ Սարսափելի օրեր էին, դա իմ տեսած ամենադաժան իրավիճակն էր` փողոցները լիքն էին դիակներով, մեծ ողբերգություն էր ապրում մեր ազգը, սակայն տեսանելի էր նաև, թե ինչպես էին մարդիկ օգնում միմյանց, պայքարում կյանքեր փրկելու համար։
Մենք ակտիվ ենք եղել նաև Ղարաբաղյան շարժման ընթացքում, մասնակցել ենք ցույցերին, օրեր շարունակ եղել եմ նստացույց անող երիտասարդների շարքերում: Այնքան էի տարված Ղարաբաղի փրկության գաղափարով, որ, աննկատ հանելով հորս ծառայողական ավտոմեքենայի բենզինը, փոխանցում էի հանրահավաքների ակտիվին՝ անհրաժեշտության դեպքում «մոլոտովյան կոկտեյլներ» պատրաստելու համար։


Դրա հետ մեկտեղ ես ջերմությամբ եմ հիշում խորհրդային պետությունը, այն համարում եմ իմ հայրենիքը, որի մի մասնիկն էլ եղել է Հայաստանը։ Երանե՜լի է, երբ ապրում ես մի հզոր երկրում, որտեղ ապահովված է քո անվտանգությունը, չկա արտագաղթ, ունես երաշխավորված աշխատանք, անվճար ուսման, բուժման, հանգստանալու հնարավորություն, մարդիկ բարոյական են, բարի, միմյանց հանդուրժող, ամուր են ազգակցական կապերը, կա հավասարության, իրավունքներն ու շահերն օրենքով պաշտպանված լինելու զգացողություն։


(Շարունակելի)
Մարտին Հուրիխանյան

Դիտվել է՝ 9571

Մեկնաբանություններ