38 իտալացի պատգամավորներ հայ գերիներին ազատ արձակելու կոչ են արել՝ տեղեկացնում է Tempi-ն։ Իտալիայի կառավարությանը կոչ է արվում պարտավորություն ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի հանդեպ տարածաշրջանում խաղաղության համաձայնագրի առնչությամբ և ապահովել դեռևս ադրբեջանական բանտերում պահվողների ազատ արձակումը:               
 

Դավիթ Մկր Սարգսյան. Վիհ

Դավիթ Մկր Սարգսյան. Վիհ
01.02.2022 | 18:35

Վի՛հ, անհատակ վիհ է՝ ժայռակոփ պատերով, և դու այդ տիեզերական անհունում պատեպատ ես խփում քեզ, որոնում անգտնելի ճշմարտությունը, նույնիսկ, ամենաանմատչելի քերծերում և անձավներում... Չես գտնում և ենթադրում ես, որ այն կամ չկա՛, չի՛ եղել, գոյություն չունի՛, կամ պահ է մտել յոթ գազ խորքում, որ հանկարծ չհայտնաբերվի և չպղծի իրեն մարդը:


Ցանկանում ես շոշափել բարության սերմերը և շաղ տալ աշխարհով մեկ, բայց դարձյալ ունայնություն, խաբկանք և հիասթափություն: Չարը հմտորեն քողարկվել է բարության դիմակով և աջ ու ձախ բարբաջում է արդարության մասին, հուսադրում, որ այն հիվանդ է, բայց չի մեռել: Եվ դարձյալ օդում կախվում են գեղեցիկ ու գույնզգույն օդապարիկները, որ խոստացել էին քեզ արժանապատիվ արդարություն, և ուղեղդ սղոցում է բազմահազարանգամյա անպատասխան հարցը՝ իսկ ծնվե՞լ էր, արդյոք:
Խաբկա՞նքը, թե ինքնախաբեությունդ մամռակալել է դարերի մեջ, և մեղքերն ու արատները կեղեքել են դրախտը, իսկ դու, գայթելով ու սայթաքելով դժոխքի պարունակներում, երևակայել ես քեզ դրախտային երազանքիդ թավուտներում հովվերգության անուրջները վայելող երջանկամարդու տեսակ, որը ոչ թե յաթաղանելու ու յաթաղանվելու, այլ մշակութաստեղծման համար է արարվել և ծառայում է մաքուր ու անբասիր բանականությանը:


Նկարիչը կտավի վրա կատարելագործում է մարդու հոգին, և բնությունը, երգահանը որսում է տիեզերական ձայներու ու ուղղորդում մարդուն դեպի գեղեցիկը, ճարտարապետը երկնում է կեցության հարմարավետության և կառուցողական գեղագիտության համադրումներ, ամեն ոք տերն է նախախնամությամբ իրեն վերապահված հանրօգուտ նվիրումի: Իսկ դու թոթափում ես թմբիրը, վերադառնում իրականություն և տեսնում անճաշակություն, լսում աղմուկ, ապրում քարակերտ վրանի մեջ: Դու այստեղ անելիք չունե՞ս…
Բարոյականության ճգնաժամ է վիհի խորխորատներում: Մութ ամպերի և համատարած խավարի մեջ, հեռուներում ընդամենը մի քանի ճրագների աղոտ առկայծումներ են նշմարվում: Անողոք ժամանակը սողացող համառությամբ մաշեցրել է իրական բարոյականության պաշարները: Պոռնիկները՝ կույսի, դավադիրները՝ նվիրյալի, դավաճանները՝ հերոսի, ավազակները՝ դատավորի, խաբեբաները՝ ճշմարտախոսի, գողերը՝ բարեգործի դերեր են ստանձնել և գրավել ամբողջ թատերաբեմն ու իրենց շինիչ նախաձեռնություններով ավերում են այն, կործանում հանդիսատեսի միտքն ու հոգին: Դու այստեղ անելիք չունե՞ս…
Ինչ- որ անձավում ճգնավորը փորձում է գրի առնել իր անհանգստությունն ու տագնապը, զգուշացնել կործանման սպառնալիքի մասին, այն շուտափույթ կանխելու միջոցներ առաջարկել ռիսկերի կառավարելիության տխմար տիրակալներին և երկմտում է հուսահատ՝ խոսքն այլևս արժեզրկվել, բովանդակությունն իմաստազրկվել է: Եվ ո՞ւմ համար գրիչ վերցնի, եթե գաղափարները նսեմացվել են, սրբությունները՝ ոտնահարվել, եթե կարդալուց գերադասելին ստամոքսի հանապազօրյա պահանջ բավարարելն է, եթե հոգևորը գործակալներ չունի և չի ունենալու, որովհետև այն աստվածատուր է և անպղծելի: Դու այստեղ անելիք չունե՛ս…


Եվ անիմաստության մամլիչի ճնշման տակ գերադասում ես հնազանդ համրությունը, ինքդ քեզ հետ մտովի զրուցելը, դատողություններ անելը, ինքդ քեզ հետ բանավիճելը, ինքդ քո դեմ կռիվ տալը: Եվ մրմնջացող աղոթքի նման երդվում ես ինքդ քեզ՝ չգրել ճղճիմ ու վավաշոտ, գաճաճ ու ծանծաղամիտ այլոց համար և բոլոր հարցերիդ պատասխանները փնտրել ինքդ քո մեջ: Ժամն է օրհասի, քանզի, վերջին խելքի հետ հույսերդ կապելով, ապրելու և գործելու փոխարեն հիմարաբար կորցրել ես ապրելու և կյանքի հետ աղերսներդ, ժամանակին չես պայթեցրել ամպագոռգոռ և գունավոր խոստումնատու օդապարիկները, երբ արհավիրքի մեջ ձեռքերդ ծալած մեղավորներ ես փնտրում ամենուր, բայց ոչ ինքդ քո մեջ: ՈՒ շարունակելու ես անօգուտ մաշել քեզ, որպես անհավատ ու պարապ ամբոխի մասնիկ կամ որպես ոչինչ այն վիհի անդունդներում, որը ինքդ ես կերտել քո անտարբերությամբ ու ինքնավստահությամբ, քո ներողամտությամբ ու հանդուրժողականությամբ նեռի և վհուկների հանդեպ ու հայտնվել ես վիհի անհատակ խորքերում, մինչդեռ ժամանակին կարող էիր ավելի բարձր խոյանալ քո երկնամետ լեռնային բարձունքներում, եթե գործնականում գիտակցեիր, որ արժեքներ կան, որոնք փողով չեն վաճառվում ու չեն գնվում, և նման փորձերը անպատիժ չեն մնում: ՈՒրեմն, շարունակիր անպտուղ դեգերումներդ վիհի խորխորատներում, մինչև ինքնաոչնչացումդ…
Դու այստեղ անելի՛ք ունես:



Դիտվել է՝ 7561

Մեկնաբանություններ