Մեծերին է տրված ժամանակների միջով առաջ նայելու, ապագան կանխատեսելու ունակությունը: 1998-ին, երբ անմոռաց Կարեն Դեմիրճյանը վերադառնում էր քաղաքականություն, նրա ստեղծած կուսակցության մի խումբ համակիրներիս հարցին՝ ինչու՞ է հիշել նախկին զբաղմունքը, պատասխանեց. «Հայաստանի խորացող հետընթացը կանխելու համար»: Նա խոսեց հրատապ լուծում պահանջող բազմազան խնդիրների մասին և դրանց մեջ առանձնացրեց երիտասարդ մասնագետների պատրաստումը, որը մոռացության էր մատնվել տնտեսության շուկայական, իր խոսքով՝ չարչիական հարաբերությունների, անցման թոհուբոհի մեջ: «Եթե այսպես շարունակվի, - հավելեց մտահոգ, - հանրապետությունում հիմնավոր կրթությամբ, աշխատանքային անհրաժեշտ փորձ ունեցող, ազգային նկարագրով կայացած երիտասարդ կառավարիչների «սով» կզգացվի: Պետք է սկսենք աճեցնել այդպիսիք, այլապես արտադրությունները «հրամանատար» չեն ունենա, իսկ վաղը կարող է մեր երկրի ղեկն անցնել անկիրթ, անփորձ, ապազգային մեկի ձեռքը և ժողովրդին նետել անդունդի հատակը»: Այս միտքը մեծ հայն ասել է հենց մեր օրերի համար:
Հիմա ծանր է խոստովանել, որ հայությունը կորոնավիրուսից էլ ծանր նիկոլացավի է եկել: Բզկտված է մեր հայրենիքի մարմին հողը և սգավոր՝ նրա հոգին: Երիցս անիծյալ առաջնորդի դավաճանության պատճառով պարտվել ենք ռազմաճակատում, կորցրել սերունդների արյան գնով մեզ հասցված Արցախի Հանրապետության մեծ մասը, տվել հազարավոր զոհեր, վիրավորներ և մշակութային անդառնալի կորուստներ: Իսկ հաղթանակից խրոխտացած հարևան ոճրագործ ցեղերը մեծ Թուրանի ստեղծման նպատակի իրականացման ճանապարհին կանգնած Հայաստանը չգոյության մատնելու հին ծրագիրն են որոճում: Շփոթված է հայը: Տանջում են «ինչու՞ այսպես եղավ» և «ի՞նչ անել» հարցերը: Իսկ թե ինչ կա մեր հայրենական հողերը թշնամուն նվիրած Նիկոլի հոգում, անհայտ է:
Կա միայն մեկ ճանապարհ՝ նրան պոկել առաջնորդի աթոռից ու հանձնել արդարադատության ատյանին:
Ազգովին ո՛չ ասենք հուսահատությանը, սիրելի հայրենակից, մեզանից յուրաքանչյուրը պիտի հավատա, որ սա վերջը չէ, և լավատեսությամբ ու կամքով կարող ենք և պարտավոր՝ արագ ոտքի ելնելու ծնկած տեղից, ասպարեզ բերել ազգի արարիչ եռանդն ու միտքը, կերտել նոր ապագա: Չէ՞ որ աշխարհում ո՛չ առաջինն ենք և ո՛չ էլ վերջինը, որ պարտվել ու հայտնվել ենք նկուն վիճակում: Ծանր հարվածները, սովորաբար, սթափվելու ազդակներ են դառնում՝ ստիպելով դժվարին կացությունից ելք գտնել՝ կյանքն ավելի խելամիտ ու վստահ շարունակելու համար: Մենք էլ պարտավոր ենք գոնե այս անգամ սեփական սխալներից դասեր քաղել, շուտ սթափվել ծանր հարվածից, դիմագրավել մեզ պատած չարիքին ու հաղթել:
Մեր նախնյաց ասույթն է պատգամում՝ Աստված եղածը պահի: Իսկ մեր հայրենիքի ունեցվածքի այսօրվա պահողը բոլոր հայերս պետք է լինենք: ՈՒստի եկեք միաբանվենք, ծովանանք փողոցներում և հրապարակներում, հայոց կյանքի հորիզոնից իսպառ վտարենք հայրենադավ, կռապաշտ առաջնորդին, դրսևորենք կամք ու նպատակասլացություն, ազգի փրկությանը նվիրված հայորդիների նշած ղեկավարի առաջնորդությամբ վերացնենք բոլորիս մորմոքող ամոթալի պարտության հետևանքները, սերունդների համար ստեղծենք երջանիկ հայրենիք: Կլինեն, անշուշտ, նոր և իսկապես ազնիվ ընտրություններ: Որպեսզի չկրկնվի հին սխալը, պատահական մի Նիկոլ չդառնա պետության աթոռակալ, պիտի հասկանանք, թե որտեղից է ծագել այսօր մեզ պատած աղետը, ինչպես ասպարեզ եկան հայրենադավ ազգընտիրն ու նրա հետ քայլ կատարած հավելուկները:
Ճուտը ձվում է նշմարվում: Ծննդավայր Իջևանում լավատեղյակ մարդիկ ձեզ կասեն, որ Փաշնանց տղեն մանկուց Սելմագի թաղամասում խառնակիչ, հասակակիցներին իրեն ենթարկելու հիվանդոտ բնավորություն է ունեցել: Եվ դա ավելի ցայտուն դրսևորվել է դպրոցում սովորելիս, երբ իրպեսների հետ սկսել է խանգարել իրենց դուր չեկած ուսուցիչների դասերը: Ամբարիշտի «ձայնը կտրելու» համար տնօրենը նրան դարձնում է աշակերտական խորհրդի նախագահ, որի իշխելու «համը մնաց բերանում»: Թե ուսումնառության ընթացքն ինչպիսին է եղել Երևանի պետական համալսարանում, լավ հայտնի է հանրությանը: Դառնում է չդադարող սադրանքների հեղինակ և դրանց պատճառով չի ստանում լրիվ բուհական կրթություն: Սակայն այս տղամարդ կոչվածը հասցնում է… չծառայել ազգային բանակում: Իսկ նրա խոսքերին խաբված ամբոխի կամքով ընտրվում է վարչապետ, դառնում հայոց զինուժի գերագույն գլխավոր հրամանատար: Սրանք էլ կհիշվեն՝ որպես մեր ամոթալի ֆենոմեններ:
Բամբառակ թերուսը, օգտվելով հրապարակայնության և այլակարծության ընձեռած հնարավորությունից, ամբողջովին իր անձին, իր ընտանիքին և իրեն պատկանած խմբին ծառայեցրեց «Հայկական ժամանակ» թերթը: Անառողջ հրապարակումներով պղտորեց հասարակական կարծիքը, հետևողականորեն հեղինակազրկեց ոչ քիչ թվով արժանապատիվ մարդկանց: Մերժելով ու ծաղրելով ժողովրդի անցյալի հերոսականությունը՝ փաստորեն պնդեց իր «ուսուցչի» այն միտքը, թե ազգային գաղափարախոսությունը կեղծ կատեգորիա է: Նման դուրսպրծուկին հովանավորներ ու համախոհներ էլ գտնվեցին, որոնք նրան քաղաքական դաշտում «ճիշտ» ուղու վրա դրեցին: Արդեն չափը կորցրած այս փորձանքը նախ իրեն դրսևորեց մեծ սադրանքի կարևոր դեմք: 2008 թ. մարտիմեկյան դեպքերի ժամանակ նա, իր գաղափարակից ստահակների հետ, փողոց դուրս եկած բորբոքված ժողովրդին տարավ հայի թեկուզ մեկ կաթիլ թափված արյուն տեսնելու հիվանդագին տենչանքով և հասավ իր նպատակին: Այսպիսով պիտի հեղինակազրկվեին գործող իշխանությունները և ասպարեզ վերադառնար հայրենաքանդ ՀՀՇ-ից ծնված կոնգրեսականների առաջնորդը: Արյունը թափվեց: Մինչև վերջերս շարունակվում էին մեղավորների որոնումները: Իրավապահների գործն է դրանք ավարտին հասցնելը, բայց ժողովուրդն իրավունք ունի պահանջելու, որ մեղադրյալի աթոռին անպայման նստած լինեն նաև մեծ սադրանքի հեղինակները, որպիսիք հանրության համար ավելի վտանգավոր են, քան ահաբեկիչները:
Խորհրդային ժամանակների միակուսակցական համակարգին հարմար, այլընտրանք չհանդուժող, հօգուտ շրջկոմներում նշանակված թեկնածուների 99,9-տոկոսանոց քվեարկությունը դուրս մղելուց հետո, կարճ ժամանակ անց երևաց, որ նոր համակարգի հռչակած բազմակուսակցական ընտրությունները մեզանում «կաղում են զույգ ոտքից», որովհետև իշխանությունների թողտվությամբ դրանք ամեն անգամ ուղեկցվում էին նորահայտ կեղծումներով ու խախտումներով: Եվ վերջապես հասանք այն սահմանին, որ 2017-ի համապետական ընտրությունների ժամանակ, իշխող ՀՀԿ-ի և նրա առաջնորդի գիտությամբ, «ունևոր» քաղաքական կառույցները ձայներ ստանալու համար ասպարեզ բերեցին ընտրակաշառքը: Սա ամենաստոր միջոցն էր, որ նրանք կիրառեցին՝ առանց հաշվի առնելու, որ բարոյազրկում, ծախելու ենթակա կենդանի են դարձնում հայրենիքի հիմքը պահողին, արարիչ աշխատավորին ու մեր ապագայի երաշխավոր երիտասարդությանը: Ժողովուրդը նաև իրեն խաբված զգաց ՀՀ նախկին նախագահի խոստումից, թե իբր՝ ութ տարի երկիրը կառավարելուց հետո չի առաջադրվելու նման բարձր պաշտոնում: Սակայն խոստումը դրժեց, քանի որ Սահմանադրությունը հարմարեցրել էր իրեն: Մեկը պիտի ծառանար այս ամենի դեմ:
Եվ այդ մեկը համարձակորեն գլուխ բարձրացրեց 2018-ի գարնանը: Դա մեզ հայտնի Նիկոլն էր՝ արդեն օժտված համարձակությամբ, բազմամարդ լսարանների առաջ, փողոցներում ու բակերում հանդես եկող հռետորի, դեմագոգի և դերասանի ձիրքերով: Հիմա նա կարող էր իշխանություններին և ընդդիմախոսներին մրոտելու համար հանրությանը լավ հայտնի մերժելի մեկ փաստի կողքին տասը սուտ մոգոնել և անվերջ ճղճղալ: Իսկ ունկնդիրները հիացած էին նրանով, և զարմանալի չէ. նրանց վրա հավանաբար կիրառվել էր հեռուներում մշակված զանգվածային գիտակցության ձևախեղման տեխնոլոգիա: ՈՒստի վայ-հերոսի պաթոսով ասված խոսքերը ներթափանցում էին լսողների հոգիները, քանզի դատարկ մտքերն ավելի խոր ազդեցություն են ունենում խառնամբոխ դառնալու պատրաստ զանգվածի վրա:
Դերասանական ձիրքի մասին: Հիշու՞մ ես, հայրենակից, թե ինչպես ողջ մի ամիս նա՝ ուզվորի պարկը շալակին, ինչ-որ «ճակատամարտում» վիրավորված ձեռքը վիրակապի մեջ քայլում էր Հայաստանով և մեկեն բուժվեց վարչապետ դառնալուց հետո:
Իմ դիտարկումով, ՀՀ իշխանությունների դեմ նիկոլական անհնազանդության շարժման սկզբում չէին մասնակցում տարիքով քաղաքացիներն ու մտավորականները: Դա պարզ երևում էր Երևանի փողոցները փակելիս: Բարիկադների մոտ, առաջին շարքում նստում էին 10-12 տարեկան դպրոցականներ, որոնց պարտականությունն էր անընդհատ շչակներ փչելը: Նրանց գլխավերևում շարժումներ էին կատարում 13-16 տարեկանները, որոնք պիտի բարձր ձայնով գոռային «Մերժի՛ր Սերժի՛ն» և նման այլ կարգախոսներ: Երրորդ շարքում ուսանողներն էին՝ վեր պարզած պաստառներով: Հատուկենտ էին մեծամարդիկ, որոնք իրենց երեխաներին աջակցելու եկան վերջին տասնօրյակում: Պարզ երևում էր, որ փողոցները փակել-բացելու գործողությունները կանոնակարգված էին հստակ: Դրանք իրականացվում էին բջջային հեռախոսով՝ ինչ-որ տեղ գտնվող կենտրոնից: Կասկած չկար, որ նրանք գործում են մշակված սցենարով և «ռեժիսորի» գլխավորությամբ:
Օրեր շարունակ հետևելով ծավալվող իրադարձություններին՝ համոզվում էիր, որ ապրիլյան անհնազանդության գործողությունները տեղի են ունենում հանրապետության բարձրագույն իշխանությունների համաձայնությամբ: Եթե այդպես չէր, ապա ինչո՞ւ անմիջապես չմեկուսացրին Հանրային ռադիոն գրաված հանցագործին: Մի՞թե կառավարությունը և առընթեր ուժային կառույցներն այնքան էին անկարող, որ մեկ ամիս շարունակ չէին կարողանում կանխել հանրապետության մայրուղիների և Երևանի փողոցների փակումը, որով կազմալուծվում էին բնակչության տեղաշարժը և հիմնարկ-ձեռնարկությունների նորմալ գործունեությունը: Կասկած չկա, որ շարժմանը մասնակցող ուսանողության մտքերն ուղղորդվում էին չերևացող կենտրոնից: Ընդունենք, որ դա խելահաս մարդկանց իրավունքն էր, սակայն ի՞նչ կարելի է ասել ուղեփակումներին դպրոցականների մասնակցության մասին: Այն տպավորությունն էր ստեղծվում, որ վերևների կարգադրությամբ տնօրենները գլխաքանակ ապահովելու համար դպրոցականներ էին տրամադրում ցույցերին: Նաև Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ Նիկոլը ճիշտ է, և հեռացավ ասպարեզից, ռազմարվեստին բացարձակ անտեղյակ, դիվանագիտությունից տգետ մեկին թողնելով Արցախի խնդրի լուծումը, որը եղավ աղետալի:
Սակայն կարող էինք կոտրած տաշտակի առաջ չհայտնվել, եթե չհաղթանակեր տգիտությունը, եթե նորահայտ «առաքյալի» հետևից գնացողների դատողությունը լիներ տեղում և վարակված չլիներ բնազդային համառությամբ: Նրանք մեկմեկու հարց կտային՝ կյանքում ի՞նչ է արել իրենց սիրելին, ունի՞ երկրի ղեկավարման համար անհրաժեշտ որևէ մասնագիտություն և փորձ, կամ գոնե 5 տարի ղեկավարած կա՞ 100 հոգուց բաղկացած աշխատանքային կոլեկտիվ: Նրանք ուղղակի ընկել էին ամբոխի բորբոքած էյֆորիայի մեջ և մեծամտորեն չէին ցանկանում լսել եկողի կերպարն այլ լույսի տակ դիտարկել ցանկացողի խոսքը: Եվ այդպես ավելորդին դարձրին վարչապետ: Զզվելի է մարտնչող տգիտությունը: Այսպիսիք եթե չցանկացան անսալ հայ մտավորականներին, ապա այն հեռավոր օրերին գոնե պետք է լսեին մեր բարեկամ, բանիմաց ռուս վերլուծաբաններին, որոնք անսխալ կանխատեսեցին. «Փաշինյանն ընդունակ է ոչնչացնելու Հայաստանը»:
Շարադրանքիս ավարտին դիմում եմ ոչ թե նվիրյալ նիկոլականներին, այլ իրենց օրինավոր համարող հայրենակիցներիս: Եղածը եղած է, հետ չենք բերի Արցախից գրավված հողերը, կյանք չենք պարգևի զոհերին, բայց յուրաքանչյուրս պարտավոր է մեր թանկ ունեցվածքը պահելու, նկուն վիճակից դուրս գալու համար զինվորագրվելու «Հայրենիքի փրկության» շարժմանը, որ հայրենադավ վարչապետը բոլորիս կամքով հեռանա պաշտոնից: Սա է օրվա պահանջը:
Ռուբեն ՍԻՄՈՆՅԱՆ