«Իրատեսում» (թիվ 84, 2020) տպագրված գյումրեցի ընթերցողիս` Մինաս ՄԻՆԱՍՅԱՆԻ արձագանքը հոդվածներիս նկատմամբ, ինձ համար, առանց կեղծ համեստության, նշանակալի էր. նախ` թղթակցելու 5 տարիների ընթացքում առաջին անգամ էի արժանանում ընթերցողի գրավոր ուշադրությանը, ինչի համար շատ շնորհակալ եմ ու նաև տպավորված` արված հարցադրումների քաղաքացիական հնչեղությունից, երկրի ապագայի մասին ընթերցողիս մտահոգությունից)։
Հարգելի հայրենակից` «Մտահոգիչ, հուզող հարցադրումներ» հոդվածում, Դուք գրում եք. «Իրատեսի» շատ համարներում իմ ուշադրությունից չեն վրիպել գիտությանն ու գյուղատնտեսությանը վերաբերող հոդվածները, և ինձ մտահոգում է այն, թե ինչու են անուշադրության արժանանում այնտեղ արծարծված խնդիրները: Անտեսվում են օգտակար շատ առաջարկություններ, որոնք մեծ օգուտ կբերեին պետությանը»:
Տարօրինակ է. չէ՞ մենք մեծ հավատով կառավարություն ենք ընտրել, որ նա լուծի մեր, մեր հարազատների, երկրի, հայ մարդու խնդիրները, իսկ նա…
Իսկ նա, մեղմ ասած, զբաղվել է մեզ թալանելու մեխանիզմներ մշակելով, և այնքան անհագուրդ, անմոռաց, որ սկսել է թալանել նաև ինքն իրեն, մսխելով նաև երկրի, նաև իր անձի, իր հարազատների անվտանգության ապահովմանն ուղղված ֆինանսական միջոցները: ՈՒ այսպես մի ամբողջ 30 տարի… Արդյունքում` պաշտոնական տվյալներով տնտեսության 1500-տոկոսանոց անկում: ՈՒ այսպես մի մեծ ողբերգություն` պատերազմ, որտեղ թշնամուդ դիմակայելու զենք չունես, որովհետև մեր կողմից ընտրված կառավարական վարչակազմը այն փոխարինել է դղյակներ կառուցելով:
Ի՞նչ անել… Այս հարցը և այսօր, և 30 տարի պարբերաբար, շատերն են տալիս, և իրենք էլ փորձում են պատասխանել, նաև` ընտրենք նոր կառավարություն: Դուք էլ, հարգելի պարոն Մինասյան, ունեք հարցի Ձեր պատասխանը. խստացնել թալանը պատժելու օրենքները: Ցավով պիտի նկատեմ, որ 2 պատասխաններն էլ խնդրի արմատական լուծումը չեն: Եվ դա փաստում է ոչ միայն մեր, այլև շատ դեմոկրատական, շատ ժողովրդավարական, շատ օրինական արտերկրների փորձը, պատմությունը. երբ կաշառքի, ատկատի, թալանի այլ դրսևորումների համար տասնյակների հասնող երկրների վարչապետեր, նախագահներ իրենց «լավ» օրերը, ի վերջո, անցկացրել են բանտերում, կամ ստիպված լքել են հարազատ երկիրը, վատագույն դեպքում լինչահարվել փախուստի ճանապարհին: Իհարկե լինում են նաև բացառություններ…
Հետաքրքիրն այն է, որ իշխանության ձգտողը բոլորից լավ գիտի իր նմանների ճակատագիրը, ու չնայած դրան, ինչ-որ դիվային ուժ ստիպում է մարդուն, որը չի կարողանում կառավարել նույնիսկ իր 6-հոգանոց ընտանիքը, դառնալ միլիոնների կառավարիչ: Այդ դիվային ուժերը շատ են, բայց դրանցից առաջնայինը երևի շահամոլությունն է, փողը, որը սատանայից (մարդասպանություններ, պատերազմ, դժոխք) կարող է վերածվել քահանայի (մարդասիրություն, դրախտ), եթե մենք կարողանանք գտնել այդ փոխակերպման մեխանիզմը և կառավարվել դրանով:
Խնդիրը երևի կլուծվի, եթե կառավարող համակարգը վարձատրվի, պարգևատրվի փաստացի աշխատանքի հիման վրա. քո ղեկավարած ոլորտում ստեղծվել է այսքան հավելյալ շահույթ, խնդրեմ, ստացիր այսքան պարգևավճար` մի քանի անգամ ավելի շատ, քան ստանում ես այսօր, երբ հաճախ ինքդ էլ չես հասկանում, թե քո որ արժանիքների համար ես այն ստանում, ու այն էլ հասարակության «մուննաթի» մշտապես հնչող զայրալից` «ինչի՞ համար»-ի ուղեկցությամբ: Մինչդեռ մեր ժամանակների լավագույն մտածողներից մեկը, «ՄԱՐԴ-ԱՍՏՎԱԾ, ապագայի համառոտ պատմություն» աշխատության հեղինակ Յուվալ Նոյ Խարարին նշում է, որ արդեն քանի տարի է, ինչ Սինգապուրում նախարարների աշխատավարձը անմիջականորեն շաղկապվում է ազգային ՀՆԱ-ի հետ, երբ երկրի էկոնոմիկան աճում է, ոլորտի ղեկավարությունը հավելավճար է ստանում: Հասկանալի է, որ եթե քո անձնական բարեկեցությունը պայմանավորված է երկրիդ բարեկեցության աճով, դու քեզ գործընկեր կվերցնես խելացի, բանիմաց մարդկանց, կանես ամեն ինչ, որ ոլորտդ զարգանա, որպեսզի քո ընտանիքն էլ զարգանա, ու դրա համար, նաև առաջնահերթության կարգով, կվազես նորարարների, գիտնականների մոտ, որովհետև նրանք են «զարգացում» արտադրում, տալիս դրա հիմնավորումը:
Հարգելի հայրենակից, ահա և Ձեր այն հարցի պատասխանը, թե ինչու, Ձեր բառերով ասած «…ճանաչված, հեղինակավոր գիտնական, արժանապատիվ մարդ Վահան Համազասպյանը միշտ անուշադրության է մատնվել…»: Որովհետև համակարգը զբաղված է թալանով, նրան գիտություն- միտություն, Համազասպյան-Խոյեցյան և այլն, չեն հետաքրքրում: Նրանց հետաքրքրում է փողը՝ սատանան. ու խնդրեմ` պատերազմի այս թեժ օրերին, նոյեմբերի 4-ին, ազգային ժողովում, համապատասխան խմբակցության ղեկավար Բաբկեն Թունյանը, հայտարարում է «…պետական պաշտոններ զբաղեցնող անձանց փաստացի աշխատավարձը բավականաչափ մեծ խզում ունի մասնավոր հատվածում համանման աշխատանքի հետ: Այս խնդիրը այս ժամանակաշրջանում փորձվել է կանոնակարգել պարգևավճարների միջոցով…»: Ֆինանսների նախարար Ջանջուղազյանն էլ ընդունում է, որ այս մոտեցումը ճիշտ չէ, բայց և շեշտում է` իրենք չգիտեն, թե որն է ճիշտը: Չգիտեն` բայց վճարում են, հո իրենց գրպանի՞ց չեն վճարում: Իսկ վճարում են կլորիկ գումարներ. միայն 2021-ին նախատեսում են որպես պարգևավճար վճարել 18 մլրդ դրամ: Եվ սա ասում են երկրի տնտեսության պատասխանատուները: Չգիտես խնդա՞ս, թե՞ լաս… Երկրի տնտեսության մյուս պատասխանատուի՝ էկոնոմիկայի նախարարի փաստարկմամբ, տնտեսությունը, այդ թվում մասնավոր հատվածը, իր հիմնական ցուցանիշներով 1500-տոկոսանոց անկում է ապրում, ու շարունակում է բարձր աշխատավարձեր վճարել ու դուք էլ որոշել եք հետ չմնալ նրանցից։ ՈՒ դա նաև պատերազմի օրերի՞ն։ ՈՒ Դուք տեղյակ չե՞ք Սինգապուրի փորձին: Եվ դա նաև այն դեպքում, երբ կառավարություն, ազգային ժողով ուղարկված իմ դիմումները` երկրին խիստ անհրաժեշտ գիտական նորույթի ներդրումից սպասվող 100 մլն դոլարի շահույթից աջակցողին 20 տոկոս պարգևավճար հատկացնելու մասին, մնում են անպատասխա՞ն։ Ի՞նչ ասեմ և ու՞մ ասեմ։
Հարգելի հայրենակից, Ձեր հոդվածին իմ այս փոքրիկ անդրադարձը ուզում եմ ավարտել Ձեր իսկ բառերով. «Հայաստանը ոչ թե ոտքի տակ պետք է նայի, այլ ապագային, ուստի հորդորում եմ գալիք նոր ղեկավարությանը՝ լինել առաքինի, լուրջ ուշադրություն դարձնել սերունդների ապագային, որը կախված է բոլորիս առողջ մտածելակերպից, գիտատեխնիկական առաջընթացից»: Հուսամ, որ Ձեզ գոնե կլսեն:
Ստյոպա ԽՈՅԵՑՅԱՆ
Հ.Գ.1. Անդրադարձս պատրաստում էի խմբագրություն ուղարկելու, երբ «Իրատես»-ում հանդիպեցի հայտնի տնտեսագետ Թաթուլ Մանասերյանի հարցազրույցին` «Այս պահին բյուջեում ոչ մի կոպեկ փող չկա»: Մամուլից ծանոթ եմ նաև մեր մյուս տնտեսագետների` Կարեն Ադոնցի, Ատոմ Մարգարյանի, Կարեն Սարգսյանի և շատ այլ անվանի մասնագետների կարծիքներին, որոնք ուրույն լինելով հանդերձ, միասնական են համատեղ աշխատելու ցանկությամբ` «Ռազմատնտեսական կոմիտե» անհապաղ ստեղծելու անհրաժեշտությամբ: Ցավոք, բոլոր տնտեսագետներն էլ նշում են, որ կառավարությունում իրենց չեն լսում, իրենց առաջարկները հաշվի չեն առնվում: ՈՒ այստեղ առաջին պլան է մղվում առաջարկության համեմատական արդյունավետության խնդիրը: Ո՞վ պետք է որոշի դա: Կարծում եմ՝ որոշողները պետք է լինեն հենց իրենք՝ տնտեսագետները, շահառուների, հասարակության, հատկապես համայնքների, անմիջական մասնակցությամբ և ծրագրերի առաջարկվող արդյունքների հետ համաձայնության վավերացմամբ: Կարծում եմ նաև, որ հաղթողը պիտի վարձատրվի իր առաջարկության ներդրումից ստացված փաստացի շահույթից, շահառուի հետ կնքված պայմանագրի համաձայն: Կարծում եմ նաև, որ հաղթած ծրագիրը, որպես նաև բարոյական պարգև, պետք է կրի հաղթողի անունը:
Հաղթած ծրագրի ներդրման ֆինանսավորման հարցը, կարծում եմ, կարելի է լուծել հիմնական շահառուի ղեկավարությամբ, բանկերի, այլ շահառուների լայն մասնակցությամբ, բաժնետիրական ընկերություններ ստեղծելով:
2. Հաշվի առնելով երկրում ստեղծված տնտեսական ծանր իրավիճակը, պատրաստ եմ գործընկերներիս հետ անվճար կազմելու արագ շահույթ բերող մեր առաջարկությունների տեխնիկական առաջադրանքները, աջակցելու դրանց ներդրմանը, ակնկալելով վարձատրության ինչ-որ չափաբաժին փաստացի ստացված արդյունքից: Այդ առաջարկությունների մանրամասները կներկայացնենք «Իրատեսի» առաջիկա համարներում: