ՄԱԿ-ի կլիմայի COP29 համաժողովի շրջանակում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հանդիպել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի հետ. վերջինս հետաքրքրվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցային գործընթացով։ Ալիևն ասել է, որ խաղաղության պայմանագրի տեքստի զգալի մասն արդեն համաձայնեցված է, միաժամանակ, հերթական անգամ դժգոհել է Հայաստանի Սահմանադրությունից՝ նշելով դրանում պարունակվող «տարածքային հավակնությունները»։               
 

Մեղա քեզ, Վազգեն

Մեղա քեզ, Վազգեն
19.11.2020 | 10:15

Մենք պարտվել ենք ոչ թե Ալիևին, ոչ թե Թուրքիային, ոչ թե մոջահեդներին, մենք պարտվել ենք մեր միջի ստորաքարշությանը, ստրկամտությանը, չարությանը, նախանձին ու մեծամտությանը: Մենք նախ մեզ ենք պարտվել, հետո՝ թշնամուն:

Ու շարունակում ենք պարտվել: Այսքան կորուստներից, այսքան ցավից, հայրենազրկումից հետո որևէ բանական մարդ չի կարող հրճվել Շուշիում մնացած Վազգեն Սարգսյանի արձանի պղծումից: Մեզնից ոմանք, որ չեն հաղթահարում իրենց չարությունն ու թուլամտությունը, խրախճանք են սկսել ֆեյսբուքում՝ տարածելով Սպարապետի արձանի նկարները: Ինչու՞: Ես չունեմ այս հարցի պատասխանը: Բայց բոլոր այդ խիստ «Վազգենապաշտներին», որ 1999-ից հետո բացարձակապես մոռացել էին՝ ո՞վ է եղել Շուշին ազատագրողը, որ վախենում էին Վազգեն Սարգսյանի անունն իսկ արտաբերել, որ ամբողջ Երևանում 20 տարի տեղ չեն գտել Հայաստանի Հանրապետության ու Արցախի Հանրապետության Ազգային հերոս Վազգեն Սարգսյանի լուսանկարի համար, ուզում եմ հարցնել՝ դուք ո՞վ եք, որ այսօր ձեզ իրավունք եք վերապահում Վազգեն Սարգսյանի արձանի պղծումից հրճվել ու մեղադրել նրա հարազատներին: Դուք մարդկային որևէ զգացում ունե՞ք: Դուք հարազատ չե՞ք կորցրել: Դուք երբևէ ցավ զգացե՞լ եք: Պատերազմի ժամանակ Շուշիից Սպարապետի արձանը հանելը նշանակելու էր Շուշին պաշտպանող հայ զինվորին նահանջի հրաման տալ, նշանակելու էր՝ մի կռվեք, քաղաքը հանձնվելու է: Պատերազմից հետո, երբ Ադրբեջանի 6000 հատուկ ջոկատայիններ մտան Շուշի, Սպարապետի արձանը հանելը ընդհանրապես անհնար էր: Եթե ոչ Հայաստանի Հանրապետությունը, ոչ Արցախի Հանրապետությունը չմտածեցին Հայաստանի ու Արցախի Ազգային հերոս Վազգեն Սարգսյանի արձանի ճակատագրի մասին, ի՞նչ պիտի անեին Վազգեն Սարգսյանի հարազատները, որ չեն արել: Թե՞ որևէ մեկի սիրտը կարող է ավելի ցավել Վազգեն Սարգսյանի արձանի ճակատագրի համար նրա հարազատների սրտից:

Գոնե ֆեյսբուքը իրենց զառանցանքներով հեղեղողները հասկանու՞մ են, որ Բաքվի նպատակը հենց հայերին պարտությունից հետո ստորացնելն է, ցավ պատճառելն ու հրճվելը: Դա՞ է Հայրենիքի ու հայրենասիրության ձեր ընկալումը, ու դուք ձեզ հա՞յ եք համարում, թե՞ թուրքի ծառա:

Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Հ.Գ. Ու մի վերջին հարց՝ Արամ Սարգսյա՞նը պիտի Շուշին պաշտպաներ, որ չի պաշտպանել, թե՞ պիտի Շուշին չհանձներ, որ հանձել է: Բոլոր թուրքի ծառաներին հիշեցնեմ, որ Արամ Սարգսյանը վարչապետ է եղել 1999-ի նոյեմբերից 2000-ի մայիս, ու նրան եք պարտական, որ հիմա դեռ ունեք Մեղրի: Մեղա քեզ, Վազգեն:



Դիտվել է՝ 8730

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ