ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

Հաղթանակի գլխավոր դասը

Հաղթանակի գլխավոր դասը
10.05.2020 | 12:04

Ֆրանսիայում 1945-ի մայիսի 8-ի հաղթանակի օրը այս տարի նշվեց՝ պահպանելով հիմնական միջոցառումները, որ կարանտինի պայմաններում անցան առանց հանրության: Նախագահ Էմանուել Մակրոնը մասնակցեց հիշատակի ավանդական արարողություններին Փարիզում, ամբողջ երկրում պսակներ դրվեցին երկրորդ համաշխարհային պատերազմի զոհերի հուշարձաններին: Ֆրանսիացիներին կոչ արվեց զարդարել պատուհաններն ու պատշգամբները դրոշի եռագույնով: Հետևելով ավանդույթին՝ Ֆրանսիայի նախագահը մայիսի 8-ին առավոտյան Ելիսեյան դաշտերում ծաղկեպսակ դրեց Շառլ դե Գոլի հուշարձանին, հետո մասնակցեց ավանդական արարողությանը Հաղթանակի կամարի տակ: Այս անգամ արարողությունը Անհայտ զինվորի գերեզմանի ու հավերժական կրակի կողքին անցավ առանց վետերանների ու դպրոցականների: Արարողություններին ներկա էին Ֆրանսիայի նախկին նախագահներ Նիկոլա Սարկոզին ու Ֆրանսուա Օլանդը, վարչապետը, ՊՆ նախարարը, խորհրդարանի երկու պալատների նախագահները, Գլխավոր շտաբի պետը և Փարիզի քաղաքապետը: Հիշատակի արարողությունը ուղիղ հեռարձակվում էր հեռուստատեսությամբ: Հիշատակի տուրք մատուցելով Ազատ Ֆրանսիայի ղեկավար Շառլ դե Գոլին՝ Մակրոնը շփվեց գեներալի թոռան՝ Իվ դե Գոլի հետ:


Հաղթանակի օրվա ուղերձում նախագահ Էմանուել Մակրոնը նշեց, որ պանդեմիայի ու կարանտինի պայմաններում մայիսի 8-ը նման չէ տոնական օրվա: «Այսօր մենք չենք կարող բազմամարդ հավաքներ անել մեր քաղաքներում ու մեր գյուղերի հրապարակներում, որ միասին հիշենք մեր պատմությունը»՝ հիշեցրեց նախագահը: Բայց, նրա խոսքով, Ազգն այսօր միավորում են ընդհանուր մտքերն ու ընդհանուր հիշողությունը. «փառավոր հիշողությունը նրանց մասին, որ իրենց կյանքի գնով հաղթել են նացիզմին ու վերադարձրել մեր ազատությունը»: 75 տարի առաջ նրանց սխրանքի շնորհիվ «մեր մայրցամաքը փակեց իր պատմության ամենամռայլ էջը՝ սարսափի, ցավի ու վախի 5 տարիները»: Մակրոնը հիշեցրեց, որ երկրորդ աշխարհամարտը Ֆրանսիայի համար սկսվեց 1939-ի սեպտեմբերին:Նախագահը հարգանքի տուրք մատուցեց նացիստական հարձակմանը դիմակայած զինվորների հիշատակին. «Նրանց քաջությունը չպետք է մոռացվի»: Նա հիշեց նրանց, որ «չդադարեցրին պայքարը» և կռվում էին «Ազատ Ֆրանսիայի ու Դիմադրության շարժման շարքերում», որ «չէին հաշտվել Ազգի նվաստացման ու մեր իդեալներից հրաժարման հետ»: «Այդ հերոսներին Ազգը արտահայտում է անանց շնորհակալություն ու հավերժական երախտագիտություն»: Նացիզմի դեմ հաղթանակի գլխավոր դաս Մակրոնն անվանեց «մեր կյանքերի ու մեր քաղաքակրթության փխրունության գիտակցությունը»: Մարդկությունը «սարսափով հասկացավ, որ ի զորու է ինքն իրեն ոչնչացնել և հետայդու անհրաժեշտ է ամբողջությամբ փոխել աշխարհը կամ Կամյու խոսքով գոնե «թույլ չտալ անհետանալ»:
«Այսօր մենք, իհարկե, տոնում ենք 1945-ի մայիսի 8-ի հաղթանակը, բայց նաև ու նախևառաջ՝ խաղաղությունը, որ հաջորդեց հաղթանակին: Ու դա է մայիսի 8-ի ամենամեծ Հաղթանակը: Ամենահրաշալի տրիումֆը: Եվ մեր ընդհանուր պայքարը 75 տարի անց»՝ այս խոսքերով Մակրոնն ավարտեց ուղերձը:


Երկրորդ աշխարհամարտի 75-ամյակի տարեդարձի նախօրեին Ֆրանսիայի ՊՆ-ն տեղեկացրել էր, որ այս տարի պանդեմիայի պատճառով արարողությունները կանցնեն առանց հանրության: Դեպարտամենտների վարչական կենտրոններում ու քաղաքներում նահանգապետերն ու քաղաքապետերը ավանդական ծաղկեպսակներն են դրել երկրորդ աշխարհամարտի զոհերի հուշարձաններին: Կարանտինի պայմաններում՝ արարողության մասնակիցների թիվը 10-ը չի գերազանցել:
Մայիսի 8-ի և 9-ի հիշատակի արարողությունների նախօրեին Էմանուել Մակրոնը հեռախոսել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Ֆրանսիայի նախագահը մտադիր էր մասնակցել Մոսկվայում հոբելյանական նիջոցառումներին, բայց պանդեմիայի պատճառով այցը հետաձգվեց:
RFI


Հ.Գ. Այցը հետաձգվեց ոչ միայն պանդեմիայի պատճառով՝ Մոսկվայում հետաձգվեց տոնական շքերթը: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հաղթանակի օրն ընդհատեց իր կառավարման ընթացքում հասարակությանը չհայտնվելու ամենաերկար՝ 32 օրվա դադարը: Նա ծաղիկներ խոնարհեց Անհայտ զինվորի գերեզմանին և կարճ ուղերձ հղեց ռուսաստանցիներին: Վարդերի փունջը նա դրեց միայնակ՝ անցած տարիներին նախագահի անունից ծաղկեպսակը տանում էին երկու զինվորներ, իսկ Պուտինին հետևում էին նախագահի աշխատակազմի աշխատակիցները, նախարարները, Պետդումայի ու Դաշնության խորհրդի նախագահները: Այս անգամ Ալեքսանդրովյան այգում Պուտինի հետ միայն նրա անձնական լուսանկարիչն էր:
Ուղերձում նա ասաց. «Հաղթանակի օրվա հոգևոր ու բարոյական նշանակությունը անփոփոխ մեծ է մնում և մեր վերաբերմունքը՝ սրբազան: Դա մեր հիշողությունն է ու հպարտությունը, մեր երկրի պատմությունը, յուրաքանչյուր ընտանիքի պատմությունը, մեր հոգու մի մասը, որ մեզ փոխանցել են մեր հայրերն ու մայրերը, մեր տատիկներն ու պապիկները»: Նա վետերաններին երկար տարիների կյանք մաղթեց: «Նրանք Հայրենիքի համար արել են այնքան, որ ոչ մի կերպ հնարավոր չէ չափել, ոչնչով հնարավոր չէ հատուցել, նրանք փրկել են հայրենիքը, ապագա սերունդների կյանքը, ազատագրել են Եվրոպան, պաշտպանել են խաղաղությունը, վերականգնել քաղաքներն ու գյուղերը, վիթխարի ձեռքբերումների են հասել: Մենք արժանին ենք մատուցում սովետական ժողովրդի սխրանքին»՝ ընդգծեց ՌԴ նախագահը: Նա ոչ մի բառ չասաց՝ ինչու՞ հաղթանակի 75-ամյակի տոնակատարությունը ու շքերթը բեկանվեց, խոստացավ, որ հանդիսությունները դեռ լինելու են: «Մենք անպայման, ինչպես միշտ, հանդիսավոր կնշենք հոբելյանական տարեթիվը: Դա կանենք արժանի՝ ինչպես մեր պարտքն է պահանջում նրանց առաջ, որ տառապանքով հաղթել են,-հայտարարեց Պուտինը:-Կլինի և մեր գլխավոր շքերթը Կարմիր հրապարակում և «Անմահ գնդի» ժողովրդական երթը՝ մեր երախտապարտ հիշողության ու սերունդների անխզելի կապի երթը»: Նա խոսքն ավարտեց լռության րոպեի հայտարարումով, որից հետո պահակազորն անցավ նախագահի կողքով՝ առաջին խումբը տանում էր Ռուսաստանի ու հաղթանակի դրոշները: Հետո Պուտինը մեխակներ դրեց Ալեքսանդրովյան այգում 13 հերոս քաղաքների հուշաքարերին: Իսկ Կարմիր հրապարակում ուղիղ 5 րոպե տևեց ավիաշքերթը՝ 75 ինքնաթիռների ու ուղղաթիռների մասնակցությամբ՝ ի պատիվ հաղթանակի 75-ամյակի:


Պատերազմը մեկն էր ու մեկն էր հաղթանակը, բայց այնքան տարբեր են ընկալումները: Մայիսի 8-ը Ֆրանսիայում տոնական օր է: Երկրորդ աշխարհամարտի ավարտը Եվրոպայում ֆրանսիացիները նշում են այն օրը երբ դաշնակիցները՝ ԱՄՆ նախագահը, Մեծ Բրիտանիայի վարչապետը և գեներալ Շառլ դե Գոլը կոչով դիմեցին համերկրացիներին ու հաղորդեցին նացիստական Գերմանիայի անվերապահ կապիտուլյացիայի մասին: Կապիտուլյացիայի առաջին ակտը ստորագրվել է մայիսի 7-ի գիշերը Ռեյմսում՝ դաշնակիցների բանակի շտաբում և արձանագրել է մարտական գործողությունների դադարը՝ մայիսի 8-ին, ժամը 23.01 րոպեին միջին եվրոպական ժամանակով (մայիսի 9-ին՝ Մոսկվայի ժամանակով): Ստալինի պնդումով՝ Բեռլինի մերձակայքում, Կառլսհորստում ստորագրվեց կապիտուլյացիայի երկրորդ ակտը, որ ժամանակի մեջ համարյա համընկավ փաստաթղթի ուժի մեջ մտնելուն:
…Իսկ պատկերացնու՞մ եք Հայաստանում մի տոն, որին մասնակցեն ՀՀ 4 նախագահները: Ինչպես՝ Ֆրանսիայում: Պետության ինստիտուցիոնալ ժառանգությունը նաև տոների ու հիշատակի օրերի արարողակարգերն են:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 8348

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ