ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանի՝ դեռ ամիսներ առաջ նախաձեռնած օրհներգի փոփոխության գործընթացից ձայն-ծպտուն չկա: Արամ Խաչատրյանի երաժշտությամբ հիմնի համար հայտարարվել էր տեքստի մրցույթ: Համապատասխան տեքստ ընտրելու համար ձևավորվել էր աշխատանքային խումբ՝ Դավիթ Գյուրջինյանի, Ֆելիքս Բախչինյանի, Էդվարդ Միլիտոնյանի, տեր Ասողիկի և այլոց մասնակցությամբ: Թե ինչ աշխատանքներ է իրականացնում այդ խումբը, մինչ այս պահը անհայտ է: Հայտնի չէ նաև՝ արդյո՞ք եղել են մարդիկ, որ տեքստ են գրել ու ներկայացրել մտավորականների դատին: Ի դեպ, աշխատանքային խմբի մեջ գտնվողներից ոմանք դրա ստեղծման ժամանակ անգամ տեղյակ չէին, որ պետք է օրհներգի փոփոխությամբ զբաղվեն: Լեզվի տեսչության պետ Դավիթ Գյուրջինյանի կարծիքով, օրինակ, օրհներգը փոխելու ժամանակը չէր: Հստակ չէր նաև՝ աշխատանքային խումբը պետական ի՞նչ կառույցի ենթակայությամբ էր գործում, ո՞վ էր այդ խմբի աշխատանքների պատասխանատուն, ի՞նչ կառույց էր հանձնարարել օրհներգի փոփոխության հարցով զբաղվելու համար աշխատանքային խումբ ստեղծել և այլն: Գուցե այն հերթական շոու՞ն էր՝ հասարակությանն ինչ-ինչ կարևորագույն հարցերից շեղելու համար: Եթե ոչ, ապա պատասխանատուներին հիշեցնում ենք՝ աշխատանքային խմբի գործունեությունը դարձրեք հրապարակային, եթե իհարկե աշխատանք արվել է:
Սևակ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ