ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

Ճապոնիայում դարաշրջան է փոխվում՝ սկսվեց Ռեյվան

Ճապոնիայում դարաշրջան է փոխվում՝ սկսվեց Ռեյվան
02.05.2019 | 08:31

Թագաժառանգ Նարուհիտոն մայիսի 1-ին գահ կբարձրանա երկօրյա արարողություններից հետո։ 59-ամյա գահաժառանգը, ինչպես իր հայրը, կողմնակից է պացիֆիզմի և հիշողության պարտքի՝ գրում են Ֆիլիպ Պոնսն ու Ֆիլիպ Մեսմերը Le Monde-ում։


Մայիսի 1-ի կեսգիշերին Ճապոնիայում նոր դարաշրջան կսկսվի՝ Ռեյվան: Այդ անվանումն է ընտրել աշխարհի ամենահին դինաստիայի 126-րդ միապետը։ Նարուհիտոն ներկա է լինելու կայսերական խորհրդանիշների ու կնիքների փոխանցման և նոր կայսեր գահակալության արարողություններին։ Նարուհիտոն ծնվել է 1960-ի փետրվարին: Նա կայսր Ակիհիտոյի և կայսրուհի Միտիկոյի երեք զավակներից ավագն է։ Նա դինաստիայի առաջին ներկայացուցիչն էր, ում դաստիարակել են ծնողները։ Ավանդույթի համաձայն՝ նրա հորը 3 տարեկանում ծնողներից բաժանել են ու հանձնել արարողապետերին ու դաստիարակներին։ Եվ երեխան շատ է տառապել։ Ուստի ավանդույթները խախտելով՝ վճռել է անձամբ դաստիարակել որդուն և Նարուհիտոն ստացել է նորմալ ծնողական խնամք։ Նարուհիտոն ալտ է նվագում, սիրում է թենիս, վազք ու զբոսաշրջություն, հետաքրքրվում է նավագնացությամբ: 1980-ականների սկզբին նա պատմական ուսումնասիրություն է կատարել Տոկիոյի Գեկյուսուին համալսարանում միջին դարերում Ճապոնական ծովի ներքին տրանսպորտային ցանցի վերաբերյալ։ 1983- 1985-ին Օքսֆորդի համալսարանի Մյորտոնի քոլեջում Նարուհիտոն գիտաթեզ է պաշտպանել 18-րդ դարում Թեմզայի վրա առևտրի վերաբերյալ։ «Քանի որ իմ կյանքը ինձ ազատության քիչ շանսեր է թողնում, ճանապարհներն ինձ համար անհայտ աշխարհների հետ կապի անգին միջոց են»՝ հայտարարել է Նարուհիտոն։


Նա ըստ արժանվույն է գնահատել ուսանողական ազատությունը, որ դրդել է կին գտնել «կյանքի նկատմամբ սեփական հայացքներով»։ Նա արագ ընտրություն կատարեց՝ գտնելով Մասակո Օվադային, որ արքայական ծագում չուներ: Մասակո Օվադային Նարուհիտոն հանդիպել է 1986-ի նոյեմբերին Իսպանիայի թագուհի Ելենայի պատվին թեյախմության արարողության ժամանակ։ Մասակոն դիվանագետի և ՄԱԿ-ի Միջազգային դատարանի նախկին նախագահ Խիսասի Օվադայի դուստրն է, Հարվարդի և Օքսֆորսի համալսարաններն ավարտելուց հետո պատրաստվում էր կարիերան շարունակել ճապոնական դիվանագիտության մեջ: Երկու մերժումներից հետո նա ի վերջո ընդունեց թագաժառանգի ամուսնության առաջարկը։


Կայսր Ակիհիտոն կառավարման 30 տարիներին ժողովրդավարական ու պացիֆիստական արժեքների պաշտպանության դիրքերում էր, որոնց Ճապոնիան վերադարձավ 1945-ին պարտությունից հետո։ Նարուհիտոն ևս նման հայացքներ ունի: Մի քանի անգամ նա կոչ է արել «անցյալին վերաբերվել համակերպումով»։ 2015-ին նա պատերազմ վերապրած սերնդին կոչ է արել «պատերազմ չտեսած սերնդին ճիշտ փոխանցել Ճապոնիայի պատմության ողբերգական փորձը»։ «Ճիշտ» բառի օգտագործումը երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտի 70-ամյակին հատուկ իմաստ ուներ՝ նշանակում էր զուսպ տարանջատում Սինձո Աբեի նեգատիվիզմին սահմանակցող ռևիզիոնիստական միտումներից՝ նրա գլխավոր նպատակը 1947-ի խաղաղ Սահմանադրության վերանայումն է։ Ռեյվան կայսերական նոր դարաշրջանի անվանումն է, որ մայիսի 1-ին սկսվեց Ճապոնիայում՝ նոր կայսեր գահակալությամբ։ Վարչապետ Սինձո Աբեն Ռեյվան մեկնաբանեց. «Երբ սրտերը ներդաշնակության մեջ են, մշակույթը կարող է ծաղկել»։ Կառավարությունն է ընդունել նոր դարաշրջանի անվանումը՝ կայսեր հետ չխորհրդակցելով։ Ռեյվան հաջորդում է Հեյսեյ դարաշրջանին, որ նշանակում էր «խաղաղության ձեռքբերում»։
Ֆիլիպ Պոնս, Ֆիլիպ Մեսմեր, Le Monde


Հ.Գ. Ճապոնիան ունի խորհրդարանական կառավարում, բայց կայսրը ճապոնացիների կյանքում միայն խորհրդանիշ չէ: Դարերով ճապոնացիները սրբացրել են տիրակալին ու համարել Արևի խորհրդանիշ: Ճապոնացիները չեն պատկերացնում իրենց կյանքը առանց կայսեր, որ իրենց կյանքի մի մասն է։ Ավանդապաշտ Ճապոնիայում կայսրն ունի ներկայացուցչական լիազորություններ, իրական իշխանությունը խորհրդարանինն ու վարչապետինն է։ Կայսրը միշտ համարվել է գերագույն իշխանության բարոյականության և առաքինության խորհրդանիշ և վայելել կառավարության ու ժողովրդի մեծագույն հարգանքը: Սահմանադրությամբ կայսրը նաև ժողովրդի միասնության երաշխավորն է: 1989-ից գահակալած 85-ամյա կայսեր Ակիհիտոյի հրաժարականը, որ 200-ամյա պատմության մեջ առաջին դեպքն էր, ճապոնացիներն ընդունեցին մեծ դժվարությամբ, բայց համակերպվեցին՝ կայսեր նկատմամբ մեծ սիրուց ու հաշվի առնելով առողջական վիճակը՝ շագանակագեղձի քաղցկեղն ու սրտի վիրահատությունը։ Կայսեր Նարուհիտոյի արքունիքում նախկին կայսր Ակիհիտոն պահպանելու է պատվավոր արտոնությունները՝ նա կստանա «ջոկո» տիտղոսը՝ պատվավոր կայսր: Կինը՝ Միչիկոն, կստանա պատվավոր կայսրուհու՝ «ջոկոգո» տիտղոսը: Ռեյվան՝ նոր դարաշրջանը, արտահայտում է նոր իրողություններին արքայական դինաստիայի վերաբերմունքը: Վարչապետ Սինձո Աբեն՝ ելնելով տարածաշրջանում իրավիճակի փոփոխություններից, մտադիր է հրաժարվել գործող Սահմանադրությունից և արտոնել, որ Ճապոնիան ունենա սեփական բանակ ու ինքնուրույն ապահովի իր անվտանգությունը։ 1946-ին ընդունված Սահմանադրությամբ՝ դա անում է ԱՄՆ-ը։ Նարուհիտոյին սպասում է սկզբունքային որոշումներ ընդունելու բարդ ու հակասական կառավարման շրջան։


Տոկիոյի կայսերական պալատում գահակալական արարողության ժամանակ Ճապոնիայի նոր կայսր հռչակվեց Նարուհիտոն: Արարողությանը ներկա էր 24 մարդ, երկրի գլխավոր հեռուստաընկերությունների ուղիղ հեռարձակմամբ հետևում էին բազմահազար ճապոնացիներ: Նարուհիտոյի աջ կողմում կանգնեց նրա կրտսեր եղբայրը` Ակիսինոն, որ գահի հավակնորդներից առաջինն է: Կառավարության որոշմամբ ճապոնացիներին կտրվի տասնօրյա արձակուրդ՝ երկիրն այդպես կնշի Նարուհիտոյի Քրիզանթեմի գահ բարձրանալը։
Գահից հրաժարվելու ավանդական ծեսը կոչվում է «Տաիօրեյ Տոիցու Կաշիդոկորո Օմաե Նո Գի»: «Այսօր ես ավարտում եմ կայսեր իմ առաքելությունը: Իմ գահակալության տարիներին մենք ժողովրդի հետ միասին ենք կիսել երջանիկ և դժբախտ օրերը: Ես շատ շնորհակալ եմ ձեզնից և երախտապարտ եմ իմ ժողովրդին»,- ասել է Ակիհիտոն: Կայսրը դեռ 2016-ին էր դիմել հպատակներին և ասել, որ առողջական վիճակի բերումով ի զորու չէ գահակալել։ Վարչապետ Սինձո Աբեն դեմ էր հրաժարականին: Աբեին և նրա քաղաքական դաշնակիցներին մտահոգում էր ճապոնացիների համար անընդունելի հեռանկարը՝ եթե նոր կայսրը վախճանվի կամ չկարողանա գահակալել, գահին կարող էին հավակնել կանայք, որ գործող օրենքով բացառվում է: 2001-ին ծնվել է իշխանուհի Աիկոն, և այն ժամանակ Ճապոնիայում սկսել էին քննարկել օրենքը փոխելու հնարավորությունը: Բայց Նարուհիթոյի եղբայրը՝ Ակիսինոն արու զավակ ունեցավ: Եթե նոր կայսրը այլևս որդի չունենա, որ նրա տարիքում սակավ հավանական է, և Ճապոնիայում նոր օրենք չընդունվի, որ գահը կարող են նաև կանայք ժառանգել, հաջորդ կայսրը կլինի կամ նրա եղբայրը՝ Ակիսինոն, կամ եղբոր որդին։


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 3135

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ