Ինչպես արդեն գիտենք, վարչապետ Փաշինյանը Դավոսում «անակնկալ» հանդիպում էր ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ ու զրուցել շուրջ մեկուկես ժամ: Իհարկե, «անակնկալ» ասվածը վերաբերում է ժողովրդին, քանի որ, եթե Ժյուլ Վեռնը չես, աներևակայելի ու անհասկանալի է՝ ինչպես են երկու երկրների գերագույն գլխավոր հրամանատարներն անակնկալ հանդիպում ունեցել։ Գործընթաց, որի համար մինչ օրս միշտ պահանջվել է մի քանի ամիս, հաճախ` անգամ տարի:
Ինչպես Մնացականյան-Մամեդյարով հանդիպումը, այնպես էլ այս մեկը թափանցիկության առումով չէր փայլում: Մյուս նմանություններն էլ շատ էին: Միայն նշենք, որ, եթե անցած հանդիպմանը ժպտում ու Մնացականյանի մոտեցումները ողջունում էր Մամեդյարովը, այս անգամ Ալիևն էր ողջունում Փաշինյանի մոտեցումները:
Անկեղծ ասած, ամենավտանգավորը հենց ալիևյան այդ «ողջույններն» են: Ի՞նչ է փոխվել Ալիև Իլհամի պլանների մեջ, որ անվերջ խոսում է Արցախն Ադրբեջանի կազմում տեսնելու անառարկելիության ու «Երևանի ազատագրության» մասին: Ի՞նչ խոստումներ է տվել նրան Նիկոլ Փաշինյանը, որն այդքան ոգևորել է Բաքվի խանին: Ինչու՞ է Նիկոլը ժպիտներ պարգևում Մամեդյարովին ու Ալիևին, որոնք Արցախյան հարցի կարգավորման շուրջ ունեցած բոլոր հանդիպումներից հետո մուֆլոնի դեմքով են հեռացել կլոր սեղանի մոտից. իսկ ողջունելու սիրտ երբևէ չեն ունեցել:
Առաջին հերթին պարզ է դառնում, որ Փաշինյանի իշխանության դիվանագիտական թևը որդեգրել է նախկին իշխանությունների հետ կապ ունեցող ամեն բան ջնջելու արատավոր ու անհեռանկարային քաղաքականությունը: Արդեն հինգ հարկ բարձրություն ունեցող կառույցի նոր ճարտարապետը չպետք է ամեն ինչ քանդի ու նորից սկսի, եթե հիմքերն ամուր են: Իսկ հիմքերը, ինչպես տեսնում ենք, բավականին ամուր են, վկա՝ Ադրբեջանի երեքտասնամյա դիվանագիտական պարտությունները: Հիմա նոր կառավարությունն ամեն գնով փորձում է քանդել ու հողին հավասարեցնել նախկին իշխանությունների՝ Արցախի հարցում ունեցած բոլոր ձեռքբերումները: Դրա մասին են խոսում թե՛ Ալիևի, թե՛ Մամեդյարովի, թե՛ ադրբեջանական հասարակության վերջին շրջանում անսքող հայտարարությունները, որտեղ, գրեթե միշտ, ուղղակի և անուղղակի հիշատակվում են Հայաստանի իշխանությունները: Այս քաղաքականությունը կարող է լուրջ կորուստների հանգեցնել, քանի որ ներկա եվրատենչ իշխանությունը կարող է իրավիճակի լրջությունը չպատկերացնելով, իրեն «հումանիտար պոռթկումներ» թույլ տալ և այպանել այն քիչ, թե շատ պիտանին, որն ստեղծել է նախկին կայսերատենչ իշխանությունը:
Զարմանալի է նաև Ադրբեջանում, այսպես կոչված, «Ղարաբայան համայնքի» աննախադեպ ակտիվացումը: Ի դեպ, եթե այդ համայնքի նախկին ղեկավարը խոսում էր հայերին մորթազերծ անելու մասին, ապա նոր ղեկավարը խոսում է երկու ժողովուրդների «հաշտության, բարեկամության ու համատեղության» մասին: Առավել զարմանալի է, որ այս խոսակցություները, ժամանակային առումով, ուղիղ համեմատական են Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխության և դրանով պայմանավորված հանդուրժողականության ու հումանիզմի կեղծ կատեգորիաների՝ քաղաքական դաշտ դուրսբերման հետ: Իհարկե, ես կարող եմ սխալվել, բայց կարծում եմ, որ իշխանափոխությունից հետո հասարակության տեսադաշտ բերված Ասյա Խաչատրյանին, Լարա Ահարոնյանին, Հայկ Բարսեղյանին ու մյուսներին այլմոլորակայինները չէին իջեցրել Հայաստան և մահվան սպառնալիքով ստիպել հանդես գալ իրենց հայտնի հայտարարություններով:
Երբեք չի կարելի մոռանալ, որ Նիկոլ Փաշինյանը, որքան էլ հիմա թաքցնի կամ հերքի իրողությունը, չի կարողանա, որովհետև ճշմարտությունը մեկն է` Նիկոլը ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի քաղաքական-գաղափարական հոգեզավակն է: Հիշյալ ճշմարտությունը փաստել են թե՛ ընդդիմադիր, թե՛ արդեն իշխանություն դարձած Նիկոլ Փաշինյանի քաղաքական մոտեցումները: Սա կարևոր հանգամանք է, որովհետև գաղտնիք չէ, որ Տեր-Պետրոսյանը Արցախն Ադրբեջանին նվիրելու բացահայտ քարոզողներից է: Դեռ անցյալ տարվա ապրիլ-մայիս ամիսներին Փաշինյանի ընդդիմախոսներն ակտիվորեն առաջ էին տանում այս թեզը և փորձում հավատացնել հասարակությանը, որ Փաշինյանի իշխանությունը պատուհաս է դառնալու Արցախի՝ այդպիսով նաև ողջ Հայաստանի գլխին: Նրանցից մասնավորապես Արման Սաղաթելյանը Փաշինյանին հիշեցրեց ու ժողովրդին ներկայացրեց տարիներ առաջ Փաշինյանի հրապարակած հայտնի հոդվածը, որտեղ ներկա վարչապետը բավականին տհաճ բաներ էր գրել Արցախի, մասին: Իհարկե, այդ ժամանակ հեղափոխության ալիքն ու գերսիրելի առաջնորդի կոչերը ժողովրդին թույլ չտվեցին հավատալ այդ ամենին, բայց հիմա, երբ բավականին ժամանակ է անցել, կարելի է սթափ նայել այդ տողերին ու մտածող մարդուն վայել դատողություններ անել:
Թեպետ հոդվածը «Հողը սիրելով են պահում, իմացե՛ք» վերտառությունն ունի, բայց կարդալով հանդիպում ենք այնպիսի տհաճ հատվածների, ինչպիսիք են.
«…ինձ զարմացնում է, որ մեր երկրում դեռ կան մարդիկ, ովքեր իլյուզիաներ ունեն գրավյալ, եթե կուզեք՝ ազատագրված, եթե կուզեք՝ օկուպացված տարածքների վերաբերյալ:
…Ես չեմ ընդունում այն տեսակետը, թե լավ դիվանագիտությունը կարող է այնպես անել, որ որ այդ տարածքները չվերադարձվեն Ադրբեջանին:
…Մերը թողած, ուզում ենք տերը լինել ուրիշին:»
Չնայած նրան, որ Նիկոլ Փաշինյանը պնդում է, թե սրանով այլ բան է ցանկացել ասել, ներկա իշխանությունը մարմնացում է տալիս այն ամենին, ինչ գրված է հիշյալ հոդվածում: Ի դեպ, եթե մեծարգո վարչապետն իր երիտասարդ ընդդիմադիր վիճակում «ցանկացել է» այլ բան ասել, ինչու՞ է այս հոդվածը հեռացվել «Հայկական ժամանակ» օրաթերթի կայքից. չլինի՞ դա էլ են հանրապետականներն արել:
Թե ինչ է սպասում Արցախին, հստակ միայն Աստված կարող է ասել, բայց ստեղծված վտանգը չտեսնելու համար ո՛չ միայն հարկավոր է կույր լինել աչոք, այլև մտոք: Հիմա ասելիքը ժողովրդինն է, մտավորականությանը, ներկա ու նախկին զինվորականներինը, բոլորինը՝ ազգինը: Եթե իշխանության կազմակերպած այս աճպարարական գործողություներին չտրվեն համարժեք պատասխաններ, ապա ամեն ինչ ավելի վատ ընթացք կարող է ունենալ: Զգոնություն է պետք։ Չլինի, որ հայտնի երգի բառերով մի օր երազենք դրոշ դնել Շուշվա բերդի գլխին՝ Մասիսը դեռ չազատած:
Գևորգ ԳՅՈՒԼՈՒՄՅԱՆ