Պետությունները և ժողովուրդները շատ ուժեղ զարգացած ինքնապահպանման բնազդ ունեն, և այն թավշյա հեղափոխությունը, որ տեղի ունեցավ Հայաստանում, նաև այդ բնազդի արտահայտությունն էր, «Զինուժին» հարցազրույցում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Բոլորս հասկանում ենք, որ ստեղծված ռազմաքաղաքական իրավիճակում մեր պետությունը, մեր տնտեսությունը և ժողովուրդը նոր լիցքի կարիք և անհրաժեշտություն ունեին», - ասաց վարչապետը։ Նրա խոսքով՝ Հայաստանի տնտեսական առաջընթացի կառուցվածքի պատկերացումների առաջին շարքում որպես առաջնահերթություն դրված էր Հայաստանում բարձր տեխնոլոգիական արտադրանքի արդյունաբերության ստեղծումը կամ հետագա զարգացումը։ Վարչապետն ասաց նաև, որ վերջերս մի զեկույց է կարդացել, որտեղ Հայաստանում առկա ինովացիայի մակարդակը և տեխնոլոգիական զարգացածության մակարդակը ցածր էր գնահատվել։ «Բայց շատ բարձր էր գնահատվել Հայաստանում առկա մարդկային ռեսուրսի պոտենցիալը՝ իննովացիաներ ներմուծելու և զարգացնելու առումով։ Մեզ անհրաժեշտ է նոր պայմաններ ստեղծել՝ տեխնոլոգիական ճեղքում և զարգացում ապահովելու համար։ Երեկ սփյուռքի մի շարք պատկառելի ներկայացուցիչների հետ հանդիպում եմ ունեցել, նրանք այսօր եկել և ասում են, որ իրենք պատրաստ են սատարելու Հայաստանին՝ տեխնոլոգիական թռիչք ապահովելու», - ասաց Նիկոլ Փաշինյանը։
Նա նշեց, որ Հայաստանը տեխնոլոգիական ճեղքման շատ մեծ պոտենցիալ ունի։ «Անվտանգությունը, զինված ուժերի բնականոն զարգացումը բացարձակ առաջնահերթություն են մեր պետության համար։ Ես միշտ ասում եմ, որ դա մեր օրակարգի առաջին հարցն է, երկրորդ, երրորդ, չորրորդ, հինգերորդ հարցեր չկան, մյուսները շարունակում են վեցերորդից։ Բայց մեր զինված ուժերը չեն կարող զարգանալ հանրությունից և հանրային կյանքից կտրված։ Սա նշանակում է, որ մեր քայլերում պետք է այս ռազմավարական հեռանկարից որևէ կերպ չշեղվենք», - ասաց վարչապետը: