Այսօր ԱԺ-ում լարվածությունը սահմաններ չէր ճանաչում, մթնոլորտն անգամ խեղդող էր: Քաղաքացիներն ուղիղ եթերով հնարավորություն ունեին տեսնել ու լսել նիստը: Ամեն մեկն իր եզրակացությունը կարող է անել իշխանության հայտարարություններից և ընդդիմադիր վարչապետի թեկնածուի խոսքից, միայն փաստենք, որ նյարդերի կռիվն հասել էր գագաթնակետին, ամեն վայրկյան հնարավոր էր բռնկում: Մի քանի անգամ հարցը կարող էր հասնել բռունցքներին, եթե բաժանողներ չլինեին: Նախ ՀՀԿ կանայք հուզվեցին, Արփինե Հովհաննիսյանի ձայնը դողաց, երբ ներկայացնում էր, թե ճանապարհները փակ լինելու պատճառով ինչպես իր հարազատի մահվան թափորը չի կարողացել անցնել: Մարգարիտ Եսայանը ևս բավականին այլալված ելույթ ունեցավ, հետո արդեն իր տեղում նստած, լացում էր:
Սասուն Միքայելյանի ելույթի ժամանակ էլ նրա նյարդերը տեղի տվեցին, երբ Միհրան Հակոբյանը տեղից ինչ-որ ռեպլիկ արեց: Միքայելյանը նրան կանչեց դուրս հարցեր պարզելու: Ելույթից հետո դուրս եկավ, նրա հետևից գնաց Պողոսյանը, սակայն վերջինիս դահլիճից դուրս չթողեց գալ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը ՝ առաջարկելով զբաղեցնել իր տեղը, իսկ Միքայելյանին էլ Նապալեոն Ազիզյանը ներս բերեց:
Սրանից ավելի վաղ Միքայել Մելքումյանի և Կարեն Բեքարյանի միջև բանավեճ եղավ: Երբ ՀՀԿ-ական պատգամավորն ասաց, որ շարժման հաղթնակի ժամանակ միացավ «Ծառուկյանը» խմբակցությունը, որը հունից հանեց Մելքումյանին, և նա ամբիոնից նետեց. «Մնացեք Ձեր չափերի մեջ»:
Մինչ խորհրդարանում ՀՀԿ-ն մինչև վերջին պահը պահում էր ինտրիգը՝ չասելով, թե ինչպես է քվեարկում, հրապարակում հազարավոր մարդիկ էին հավաքվել ու մեծ էկրանով հետևում էին նրանց: Երկրում ստեղծվել էր երկու իրականություն՝ փողոցի և իշխանության: Այս քվեարկությամբ առայժմ իշխանությունը հաղթեց, բայց փողոցը նահանջելու մտադրություն չունի: Յոթ օր հետո նորից նույն գետն ենք մտնելու ու հուսանք, որ վերջապես ողջախոհությունը կհաղթի:
Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ