Վազգեն Սարգսյան, ու՝ վերջ: Մարտի 5-ին նա դարձավ 58 տարեկան: Հենց՝ դարձավ, ոչ թե կդառնար: Որովհետև այսօր կա Հայաստանի Հանրապետություն, ու կա Հայաստանի ազգային բանակ, ու որքան զինվոր ունի այսօր Հայաստանի ազգային բանակը, այնքան Վազգեն ծառայում է բանակում ու կռվում, երբ պետք է կռվել ու հաղթել: Վազգեն Սարգսյանը կյանքում միայն պարտվել չկարողացավ: Ոչ ոք չգիտեր՝ նրան ինչպե՞ս հաղթել: Ինչպե՞ս խլել իր արժանապատիվ խաղաղության ձգտումը, հպարտությունն ու հաղթելու ցանկությունը: Ոչ ոք չէր կարող նրան ստիպել, որ դեմ գնա հաղթանակի իր կամքին ու կարողությանը: Վազգենը՝ Տեր ու Սպարապետ, Վազգենը՝ մարդ ու զինվոր, Վազգենը՝ ընկեր ու եղբայր: Միայն նա կարող էր ասել՝ ինձ չեն ճանաչում, ու ոչինչ չանել, որ ճանաչեն՝ ժամանակ չուներ ինքնամատուցման շոուների, փոխարենը գործ էր անում՝ լուռ ու համառ: Միայն նա կարող էր մահապարտների կոչ անել, ասել՝ կյանքն ու մահը 50:50 են, ու մենք հաղթելու ենք:
Միայն նա կարող էր հայտարարել, որ 21-րդ դարը մերն է լինելու, որովհետև գիտեր՝ ինչպես: Մեկ առ մեկ գիտեր՝ 1999-ի նոյեմբերի 1-ին ԱԺ էր ներկայացնելու Հայաստանի զարգացման 30 տարվա իր ծրագիրը՝ առաջին անգամ ու վերջին անգամ պետական բյուջեի նախագիծ ոչ թե մեկ տարվա, այլ տասնամյակների կտրվածքով, երբ մինչ այդ խորհրդարան էր մտել սեկվեստրի առաջարկով: ՈՒ 2000-ի հունվարից ունենալու էր իր կառավարությունը, որի նախարարները զինվորներ էին սահմանամերձ հայրենիքի: ՈՒ նա նորից հաղթելու էր. նրա երակներում հոսում էր հաղթանակի արյունը՝ Երասխից Շուշի ու Մեղրի: Միայն նա կարող էր հրապարակավ սեպտեմբերի 21-ին լաց լինել՝ ի տես իր զինվորների ու զինտեխնիկայի, ու չամաչել հպարտության ու երջանկության արցունքներից անկախության մասին խոսելիս: Նրա երազանքները այնքան սովորական էին՝ աշխարհի ամենահզոր բանակն իր հրամանատարության տակ ու աշխարհի ամենահզոր տնտեսությունն իր վարչապետության տակ, մնացածը նրա համար Աստծո ութերորդ օրվա գործ էր: Կասկածի որդը նրա սրտում տեղ չուներ, ներել-չներելու խնդիր չուներ, հա՞յ էին՝ հարազատ էին՝ ծանոթ-անծանոթ, ու ինքը շաղախում էր բոլորին իր սիրով ու վճռական: Սխալվելու մեջ էլ էր վճռական ու անդարձ: Ակնհայտ ու պարզ համախմբում էր ուզում՝ ուտոպիա չէր համարում համահայկական ներուժի միավորումը, համահայկական դիմադրողականությունը, ու անելու էր հաստատ, որովհետև ելքը դա էր համարում:
Ամեն ինչ ուներ՝ ժամանակից բացի, հրեշավոր շատ նյութ ուներ գրելու, պիտի գրեր. իրենց մասին գրելու պարտականություն էին նրան թողել իր զինվորները: Գրելու էր զորավոր գիրը՝ հացի փորձությունից հետո պատերազմի փորձության, խաղաղության փորձության մասին: Նրա հետ գրականություն ու պատմություն մնաց, որ ելք է որոնում:
Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ. Գ. Ես տեսել եմ նրա արցունքները, վարար ծիծաղի պես անզուսպ հեկեկոցը, որ վերուվարող ուսերի մեջ էր փորձում պահել, երբ զոհված զինվորի մորն էր հանդիպել: Ես տեսել եմ նրան դաշտային ծաղիկներ հավաքելիս, երբ ավելի շատ երկնքին էր նայում, քան ոտքի տակ, ու երգում էր: Ես տեսել եմ նրան զինվորի կողքին ու տանկի շղթաները շոշափելիս՝ ինչպես զավակի գլուխն են շոյում: Ես տեսել եմ նրան խոսելիս, երբ բառերը կրակում էր, ու ջրի մեջ, երբ ձեռքով ջրվեժի հոսքն էր փակում: ՈՒ ես իրավունք ունեմ ասելու՝ Վազգենը Հայաստանն է, որ ունենք բոլորս, մեր հաղթանակի առասպելն ու պատմության թալիսմանը, ու նա ոչ մի տեղ էլ չի գնացել՝ մեզ հետ է, մեր մեջ, մեր կողքին: Մեր թիկունքին: ՈՒ մեզ ելք է տալիս: Ոմանք դա հիշում են միայն մարտի 5-ին ու հոկտեմբերի 27-ին, կարծելով նրան հեռացած, նրանք չեն հասկանում ու չեն սիրում իրենց երկիրն ու անկախությունը: Իրենք իրենց ու իրենց պատմությունը: Վազգենը վերադառնալու է, քանի մի հայ կա: