ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

Նախընտրական շրջանում գործարար աշխարհը պասիվություն է ցուցաբերում

Նախընտրական շրջանում գործարար աշխարհը պասիվություն է ցուցաբերում
17.02.2017 | 01:20

Ներդրումների ապահովումը կառավարության գերակա խնդիրներից մեկն է, ներդրումներ, որոնք տնտեսության համար վերակենդանացնող նշանակություն ունեն։ Սակայն, ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում, նախընտրական և ընտրական շրջանում գործարար աշխարհը պասիվություն է ցուցաբերում։ Սա փաստ է, և այս փաստի շուրջ նախարարների կարծիքները տարբեր են։

«ՆՈՐ ՄԻՏՔԸ` ՔԱՐՈԶԱՐՇԱՎԻՆ»

ԱՐՄԵՆ ԱՄԻՐՅԱՆ (մշակույթի նախարար)
-Պարոն նախարար, օրերս հարցազրույցներից մեկում Դուք ասել էիք, որ ՀՀԿ-ի ցուցակում ընդգրկված նոր անունները նոր մարդիկ են, նոր մտքեր։ Դուք, որպես նոր մարդ, ի՞նչ նոր միտք եք պատրաստվում ներմուծելու։
-Թույլ տվեք այդ նոր մտքերը հայտնել քարոզարշավին։
-Այդ դեպքում խնդրում եմ ճշտեք` որպես մշակույթի նախարար. ներդրումային քանի՞ ծրագիր է նախատեսվում այս տարի իրականացնել, և նախընտրական այս ժամանակահատվածը չի՞ դանդաղեցնի ներդրումային գործընթացը։
-Մենք ունենք 17 ներդրումային ծրագիր, որոնց մեծ մասն արդեն մեկնարկել է, և առաջիկա մեկ-երկու ամիսներին դրանք իրականություն կդառնան։ Բնականաբար, նշված ծրագրերի վրա յուրաքանչյուր ամիս ավելանում են նոր մտքեր և գաղափարներ։ Մասնավորապես, բառացիորեն երեկ նախարարությունում քննարկել ենք մի նոր ծրագիր, որով նախատեսվում է բացել Սայաթ-Նովայի թանգարանը։ Ինչ վերաբերում է նախընտրական ժամանակահատվածին, ապա չեմ կարծում, որ այդ ընթացքում ներդրումային գործընթացները դանդաղեն, քանի որ կա աշխատակազմ, կան մարդիկ, ՊՈԱԿ-ներ, որոնք հանձնարարականների համաձայն աշխատում են։ Հաջորդ կարևոր գործոնն այն է, որ ներդրումային ծրագրերի մեծ մասը մասնավորի հետ համագործակցությամբ է իրականացվում։ Իսկ մասնավոր հատվածը շահագրգռված է շատ արագ իրականացնելու ծրագրերը։
-Այո, բայց մասնավոր հատվածը հակված է սպասելու, որ տեսնի, թե ինչ արդյունքներ են գրանցում ընտրությունները։
-Մեզ հետ համագործակցող մասնավոր հատվածը մեր նկատմամբ շատ մեծ վստահություն ունի։
-Առաջիկա հինգ ներդրումային ծրագրերի համար որքա՞ն գումար է նախատեսված։
-Մոտ երեք միլիոն դոլարից ավելի։

«ԲԱՑԱՌՈՒԹՅՈՒՆ ՉԵՆ ԼԻՆԻ»

ԴԱՎԻԹ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ (կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար)
-Պարոն Հարությունյան, Դուք բազմիցս մասնակցել եք ընտրական գործընթացներին, և Ձեզ համար գաղտնիք չէ, որ նախընտրական շրջանում գործարար աշխարհը պասիվություն է ցուցաբերում ներդրումների հարցում։ Ի՞նչ եք կարծում, այս ընտրությունները, այդ տեսակետից, կտարբերվե՞ն մյուսներից։
-Այո, Դուք ճիշտ եք։ Ընտրական գործընթացների ժամանակահատվածում տնտեսությունը ներդրումային մեծ ակտիվություն չի ցուցաբերում։ Կարծում եմ, այդ առումով այս ընտրությունները ևս բացառություն չեն լինի։

«ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅՈՒՆԸ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐՈՎ ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԱԾ ՉԷ»

ԼԵՎՈՆ ԱԼԹՈՒՆՅԱՆ (առողջապահության նախարար)
-Պարոն նախարար, ի՞նչ եք կարծում, առողջապահության ոլորտում նախընտրական շրջանը և ընտրությունների ընթացքը կպասիվացնե՞ն ներդրումները, թե՞ հակառակը, ավելի կակտիվացնեն, որ նկատելի լինի, թե ինչը կարող է դիվիդենդներ բերել իշխող կուսակցությանը։
-Կարծում եմ` ներդրումային ծրագրերը կիրականացվեն, տնտեսական գործունեությունը կշարունակվի։ Միևնույն ժամանակ պետք է ընդգծեմ, որ առողջապահությունը այն ոլորտն է, որտեղ ծրագրերի իրականացումը չի կարող մեծապես պայմանավորված լինել երկրում ընթացող քաղաքական գործընթացներով։
-Այդ դեպքում` քաղաքական հարց. Դուք, որպես ՀՀԿ անդամ, քանի՞ ձայն կարող եք ապահովել կուսակցությանը։
-Այո, կառավարությունը, այդ թվում` ես, որպես կառավարության անդամ, անդամագրվել ենք իշխող կուսակցությանը, սակայն դա չի նշանակում, որ ես պարտավորված եմ քարոզչական աշխատանք իրականացնելու։ Այո, ես չեմ թաքցնելու իմ քաղաքական համակրանքը։ Չեմ թաքցնելու նաև, թե ում օգտին եմ քվեարկելու։ Հուսով եմ, որ իմ մտերիմները կհարգեն իմ ընտրությունը։ Սակայն դա չի նշանակում, որ ես իրականացնելու եմ քարոզարշավ։

«ՄԵՆՔ ՊԱՏՐԱՍՏ ԵՆՔ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ»

ԻԳՆԱՏԻ ԱՌԱՔԵԼՅԱՆ (գյուղատնտեսության նախարար)
-Պարոն նախարար, ըստ Ձեզ, նախընտրական շրջանում գյուղատնտեսությունում ներդրումները կնվազե՞ն։
-Ընդհանրապես գյուղատնտեսությունում աշխատանքները սկսվում են մարտից։ Իսկ այն ծրագրերը, որոնք նախատեսում ենք իրականացնել, նպաստում են ներդրումների ակտիվացմանը։
-Այդ ակտիվությունը ե՞րբ նկատելի կլինի։
-Նախատեսում ենք ձեռք բերել գյուղտեխնիկա, որպեսզի նպաստենք վարուցանքի ակտիվացմանը։ Ընդհանրապես մենք շատ բաց ենք, և ով ցանկանում է գյուղատնտեսությունում ներդրում կատարել, պատրաստ ենք համագործակցելու։
-Սովորաբար նախընտրական ժամանակահատվածում գործարարները նկատելիորեն պասիվանում են` ընդհատակ են անցնում։ Ինչպե՞ս կդրսևորի իրեն այս անգամ ներդրումային դաշտը։
-Չեմ կարող ընտրությունների հետ կապված մեկնաբանություն տալ, սակայն կարող եմ ասել, որ ներդրումային ակտիվություն կլինի։
- Երեկ ասուլիսի ժամանակ Դուք նշեցիք, որ պարարտանյութի սուբսիդավորման և անասունների վակցինացիայի ծրագրերի նոր մոտեցման արդյունքում տնտեսվել է 1 մլրդ 200 մլն դրամ, որն ուղղվելու է գյուղտեխնիկայի ձեռքբերմանը։ Դրա հետ մեկտեղ ընդգծեցիք, որ պարարտանյութի ներմուծման մրցույթի ընթացքում հաղթող են ճանաչվել պարսկական, ռուսական և հայկական ընկերություններ։ Քանի որ հաղթել են այն ընկերությունները, որոնք առաջարկել են ավելի ցածր գին, հետաքրքիր է իմանալ` արդյոք ցածր գնի հետևից գնալով պարարտանյութի որակը չի՞ տուժի։
-Ինչ խոսք, պարարտանյութի որակը կարևոր է բերքատվության համար, և մենք ըստ դրա ենք կազմել մեր ծրագրերը։ Ընկերությունների հետ պայմանագրում հստակ նշվում է պարարտանյութի որակի ապահովումը։ Բացի այդ, որակը վերահսկվելու է ոչ միայն լաբորատորիաներում, այլև սահմանի վրա։


Ճեպազրույցները`
Ժասմեն ՎԻԼՅԱՆԻ

Դիտվել է՝ 2418

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ