Ազգային անվտանգության ծառայությունը զինված խմբի անդամներին դիմել հետևյալ կոչով.
«2016թ. հուլիսի 17-ից մինչև օրս զինված խմբի կողմից ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի տարածքի զավթման ընթացքում, ըստ այս պահին առկա նախնական տվյալների, կատարվել են առնվազն հետևյալ հանցանքները.
- վերցվել են պատանդներ (ՀՀ քրեական օրենսգրքի 218 հոդված)
- զավթել են շենքեր, շինություններ, տրանսպորտի, հաղորդակցության միջոցներ (ՀՀ քրեական օրենսգրքի 219 հոդված)
- ապօրինի կերպով ձեռք է բերվել, պահվել, փոխադրվել և կրվել է հրազեն (ՀՀ քրեական օրենսգրքի 235 հոդված):
Այս հանցագործությունը կատարած անձանց սպառնում է մինչև 15 տարի ժամկետով ազատազրկում:
Արդեն իսկ կատարված հանցավոր գործողությունների համար անխուսափելիորեն վրա հասնելիք քրեական պատժի տեսակի և խստության աստիճանի վրա էապես ազդելու են զինված խմբի յուրաքանչյուր անդամի կատարած գործողությունների բնույթը և առաջացրած հետևանքների ծանրությունը:
Միաժամանակ ՀՀ օրենսդրությամբ նախատեսված հիմքերի և պայմանների առկայության դեպքում
- իր պահանջներից հրաժարված և պատանդին կամովին ազատ արձակած անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից, եթե նրա գործողություններն այլ հանցակազմ չեն պարունակում,
- իր պահանջներից հրաժարված և զավթածը կամովին ազատած անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից, եթե նրա գործողություններն այլ հանցակազմ չեն պարունակում,
- ապօրինի հրազենը կամովին հանձնած անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից, եթե նրա գործողություններն այլ հանցակազմ չեն պարունակում:
Զինված խմբի բոլոր անդամներին մեկ անգամ ևս հորդորում ենք դրսևորել ողջամտություն և հաշվի առնելով վերոնշյալ հանգամանքները կամովի վայր դնել զենքն ու հանձնվել իշխանություններին: Դրա համար դուք դեռ ժամանակ ունենք:
Այս առաջարկն ընդունողները պետք է կատարեն հետևյալ գործողությունները.
1. դուրս գալ անցագրային կետից,
2. զենքը պահել գլխավերևում և թեքվելով աջ առաջանալ մոտ 50 մետր,
3. շինանյութի խանութի հարակից տարածքում տեղադրված հովանոցների մոտ վայր դնել բոլոր զենքերը,
4. ճանապարհի կենտրոնական մասով առանձին-առանձին մոտենալ ոստիկանության ծառայողներին»: