ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

ՈՐՔԱ՞Ն ՀԵՌՈՒ ԿՏԱՆԻ ՎՐԱՍՏԱՆԻՆ ՉԵՐՔԵԶԱԿԱՆ ԽԱՂԱՔԱՐՏԸ

ՈՐՔԱ՞Ն ՀԵՌՈՒ ԿՏԱՆԻ ՎՐԱՍՏԱՆԻՆ ՉԵՐՔԵԶԱԿԱՆ ԽԱՂԱՔԱՐՏԸ
20.05.2011 | 00:00

Վերջին օրերին Վրաստանի խորհրդարանի օրակարգում է հայտնվել չերքեզների նկատմամբ Ռուսաստանի իրականացրած ցեղասպանության ճանաչման հարցը: Մայիսի 21-ին ընդառաջ, որը Ռուսաստանի Դաշնությունում, Թուրքիայում, Սիրիայում, Հորդանանում, Իսրայելում և այլ վայրերում բնակվող չերքեզների շրջանում ճանաչված է որպես չերքեզ զոհերի հիշատակի օր, նման հարցի քննարկումն ու որոշման կայացումը նոր սրացումներ են խոստանում ռուս-վրացական առանց այդ էլ բարդ հարաբերություններում: Վրաստանի խորհրդարանի Կովկասի և հայրենակիցների հարցերով կոմիտեի լսումները կասկած չեն թողնում, որ վրաց իշխանությունները քաղաքական որոշում են կայացրել չերքեզների ցեղասպանության հարցը վերջնականապես ներառելու Վրաստանի կովկասյան քաղաքականության հիմքում:
19-րդ դարում Կովկասը հպատակեցնելու համար ցարական Ռուսաստանի ձեռնարկած ռազմական գործողությունները ծանր հետևանքներ ունեցան չերքեզների համար: Կովկասյան պատերազմի պատճառով, որը տևեց մոտ կես դար և ավարտվեց 1864-ին, ոչնչացվեցին կամ բռնի տեղահանվեցին չերքեզական բազմաթիվ բնակավայրեր, իսկ չերքեզ ժողովրդի մի մասն էլ ստիպված եղավ արտագաղթել Օսմանյան կայսրություն:
Դեռևս 1994 թ. մարտ ամսին ՌԴ Կարաչաևո-Չերքեզիայի Հանրապետության նախարարների խորհրդի նախագահությունը որոշում էր կայացրել կովկասյան պատերազմի զոհերի հիշատակի օր սահմանել մայիսի 21-ը: 1864 թ. հենց այդ օրը Սոչիի մոտ գտնվող ներկայիս Կրասնայա պոլյանա վայրում տեղի ունեցավ կովկասյան պատերազմի ավարտի կապակցությամբ անցկացված ռուսական զորքերի զորահանդեսը:
2010 թ. սկզբին Չերքեզական միջազգային կոնգրեսը նամակով դիմել էր ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևին` խնդրելով չերքեզ ժողովրդի խորհրդանիշները հիշատակել 2014 թ. Սոչիի օլիմպիադայի ժամանակ այնպես, ինչպես Վանկուվերի օլիմպիական խաղերի ժամանակ օգտագործվել էին Կանադայի բնիկների խորհրդանիշները: Դիմումի հեղինակները ենթադրում էին, որ այդ քայլը դրականորեն կազդի չերքեզ ժողովրդի ազգային նսեմացված զգացմունքների վրա և թույլ կտա օլիմպիադան անցկացնել հանգիստ պայմաններում: Սակայն ՌԴ նախագահին ուղղված այդ դիմումը որքան աննկատ մնաց Ռուսաստանում, նույնքան սեփական քաղաքական ծրագրերի առաջմղման համար կարևորվեց Վրաստանում:
ՌԴ նախագահին ուղղված դիմումից երկու շաբաթ անց` 2010 թ. մարտին, Թբիլիսիում անցկացվեց չերքեզական խնդրին նվիրված միջազգային համաժողով, որը պատրաստեց մի դիմում` ուղղված արդեն Վրաստանի խորհրդարանին: Համաժողովը խորհրդարանից խնդրում էր ճանաչել 19-րդ դարում Ռուսական կայսրության իրականացրած չերքեզ ժողովրդի ցեղասպանությունը:
Վրացական իշխանությունների ձեռնարկած հետագա քայլերը, երբ սեպտեմբեր ամսին Վրաստանի խորհրդարանի գարնանային նստաշրջանի օրակարգում ներառվեց նաև չերքեզների նկատմամբ Ռուսաստանի իրականացրած ցեղասպանության ճանաչման հարցը, իսկ նոյեմբերին Թբիլիսիում տեղի ունեցավ Կովկասին ու մասնավորապես չերքեզներին նվիրված երկրորդ համաժողովը, վկայեցին, որ 2014 թ. Սոչիի օլիմպիադային ընդառաջ Վրաստանի իշխանությունների կողմից չերքեզական խաղաքարտի օգտագործումը Վրաստանի համար Ռուսաստանի վրա ազդելու կարևոր քաղաքական գործիքի է վերածվում:
Աշխարհաքաղաքական շահերի ծիրում ուկրաինական Գոլոդոմորից հետո չերքեզական ցեղասպանության ակտուալացումն այս օրերին Կրեմլի համար Արևմուտքից եկող հերթական բարոյական հզոր հարվածի տպավորություն է թողնում: Այլ երկրների համար այն կարող է ծառայել նոր մարտահրավերների դեմ պայքարելու` Ռուսաստանի ունակությունը որոշելու ծանրաչափ և ցուցանել արտաքին քաղաքականության մեջ Կրեմլի ներկայիս հնարավորությունների սահմանը: ՈՒստի Մոսկվան ստիպված է քաղաքական նոր լծակներ գտնել այս ցեղասպանության ճանաչման հետագա տարածումը կանխելու համար: Հատկապես, որ դեռևս թարմ է աշխարհի ավելի քան երկու տասնյակ երկրների կողմից ճանաչված Գոլոդոմորի քաղաքական վնասների հիշողությունը:
2010 թ. ապրիլին Գոլոդոմորի ճանաչումը ԵԽԽՎ-ում հնարավոր եղավ կասեցնել միայն ՈՒկրաինայի նախագահ Յանուկովիչի կողմից ուկրաինական պաշտոնական նոր դիրքորոշումը հրապարակելուց հետո, որը հայտարարեց, թե 1930-ական թվականներին տարածում գտած սովը չի կարելի համարել ուկրաինացիների ցեղասպանություն, և այն ԽՍՀՄ ժողովուրդների ընդհանուր ողբերգությունն է: Այս ձևակերպումն էլ տեղ գտավ հաջորդ օրը ԵԽԽՎ-ի ընդունած բանաձևի հիմքում:
Մեծ է հավանականությունը, որ այս ցեղասպանության ճանաչման փաստը կարող է առավել լուրջ խնդիրների առջև կանգնեցնել Ռուսաստանին, հետևաբար, դառնալ 2008 թ. պատերազմից հետո ռուս-վրացական քաղաքական հակամարտության հերթական սրացման պատճառ: Կրեմլի պատասխան քայլերի հիմքում կրկին կարող են դրվել կովկասյան ժողովուրդների խնդիրները, քանի որ առաջին հերթին հենց այդ ժողովուրդների փոխհարաբերությունները շահարկելու փաստով է պայմանավորված չերքեզների խնդրի ակտուալացումը: Պաշտոնական Վրաստանի համար դա ոչ միայն 2008 թ. Ցխինվալի դեմ ձեռնարկած ռազմական գործողությունների արդյունքում իր խախտված դիրքերը հյուսիսկովկասյան ժողովուրդների շրջանում վերականգնելուն է ուղղված, այլև Թուրքիայում և այլ երկրներում աբխազական և չերքեզական հարյուրհազարանոց համայնքների պառակտմանը: Երկու ազգակից համայնքներ, որոնք համատեղ գործակցությամբ բավականին կենսունակ են գտնվել Աբխազիայի Հանրապետության և Թուրքիայի միջև լուռ, բայց կայուն հարաբերությունների հաստատման գործում, և դրանցից մեկի ապակառուցողական դերի չեզոքացումը մեծ հաջողություն կդիտվի Վրաստանի համար` կովկասյան պատրոնաժ քաղաքականություն իրագործելու ճանապարհին:
Սարո ՍԱՐՈՅԱՆ
Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի փորձագետ

Դիտվել է՝ 969

Մեկնաբանություններ