ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

ՔՈՉԱՐՅԱՆՆ ՈՒ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ԲԱՆԱՍՏԵՂԾ ՈՒ «ՏԵՐՏԵՐ» «ԼԻՆԵԼՈՒ» ԿԱՐԻՔԸ ՉՈՒՆԵԻՆ, ԲԱՅՑ ՔԱՂԱՔԱՑԻ ԼԻՆԵԼ ՊԱՐՏԱՎՈՐ ԷԻՆ

ՔՈՉԱՐՅԱՆՆ ՈՒ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ԲԱՆԱՍՏԵՂԾ ՈՒ «ՏԵՐՏԵՐ» «ԼԻՆԵԼՈՒ» ԿԱՐԻՔԸ ՉՈՒՆԵԻՆ, ԲԱՅՑ ՔԱՂԱՔԱՑԻ ԼԻՆԵԼ ՊԱՐՏԱՎՈՐ ԷԻՆ
20.09.2011 | 00:00

Նախկին երկու նախագահները չեն մասնակցելու Հայաստանի երրորդ Հանրապետության քսանամյակին:
Իրենց թվում է, իրենք են որոշել` չմասնակցել:
Ամենևին:
Աստված է ուզել նրանց չմասնակցությունը («во всем воля божья»):

Փաստը, ազգային ընդհանուր մարմնի տեսակետից, առանձնապես ուրախացնողներից չէ: Հակառակը` խորհելու լիքը նյութ կա, թե ինչու մեր առաջնորդ-կոդերն այսքան անփառունակ, իրենց ամբիցիաների ձեռն այսպես գերի, մեծն օգտագործում են փոքրի, քիչը` շատի փոխարեն:
Բայց, դե, մյուս կողմից էլ, որ մտածում ես` նրանք ինչ-որ առումով էթնիկ միջավայրի արտածումն են, որ համապատասխանում են իրենց «նման» (նման զնմանն գտանէ) էթնիկ խմբի ներքին զարգացմանը, թոթափում ես ոտներիդ փոշին` այդ «առաջնորդ-կոդերին» ազատ արձակելով, ու ինչպես Վանոն կասեր` իրենց «ախմախության»` ինքնասիրահարվածության, նագլիության, նենգության, քաղաքավարի ձևակերպած` անհայրենիքության ու անհայրության հետ միայնակ թողնելով:
Իրականում շատերն էին հույս փայփայում և այն էլ տասնամյակներ շարունակ, որ այս հայրենիքում երբևէ սերունդները կկարողանան, ի վերջո, իրար հանդուրժել, իրար կողքի կանգնել գոնե կարևոր պահերին ու ժամերին: Որպեսզի Աստված էլ այս երկիրն ու այս անկախությունը հանդուրժի:
Ի վերջո, այդ «Աբրահամն էր ծնել Իսահակին, Իսահակը` Հակոբին». իմա` Լևոնն էր իր երանքից (ո՞վ է մեղավոր, որ Լևոնի երանքը Ռոբերտ է ծնում. մեր դարդից շատ` Լևոնը դարդ պիտի անի էս առումով, ու ոչ թե ասի` էս անկախությունը մերը չէ, մենք ունենք մեր առանձին` ՀՀՇ-ՀԱԿ-ական անկախությունը, էդ ենք տոնելու), մի խոսքով, Քոչարյան է ծնել, փաստորեն, և ոչ` անկախություն, որովհետև անկախությունը բոլորիս հանրաքվեացված որոշման արդյունքն էր, Քոչարյանը` իր (ու դեպ իրեն ձգված «նմանների») միանձնյա որոշման:
Իսկ «ծնված» Քոչարյանի գործն ընդհանրապես բարդ է. նա Հայաստանում չի լինելու անկախության քսանամյակին (երևի շատ կարևոր գործով Տանզանիա է մեկնում), ու որ շատ չխորանանք, պիտի ասենք, որ նա երբեք էլ իրականում Հայաստանում չի եղել, մեր իրական, ընդերքում եղող գեն-տեսակի հետ գործ չի ունեցել, չի զգացել, չի ճանաչել այն:
Մի խոսքով, Անկախության քսանամյակը եզակի առիթ էր հույս փայփայելու, որ քրիստոնեությունն առաջինն ընդունած այս ազգը իր մեջ ուժ կգտնի ամբողջանալու` գեթ մի վայրկյան` վեց հարյուր տարվա անպետությունից քսանամյա այս պետության մեջ, որի «հիմնադիր» նախագահը (որը, ոչ ավելի, ոչ պակաս, քահանայական ցեղից է սերվում, հետն էլ Լևոն թագավորների մեջ Է-երորդն էր, իսկ «Է»` նշանակում է լինել) եղավ ու շարունակեց «լինել» այնպիսին, որ իր «կայացրած» երկրում առաջին-երկրորդ-երրորդ նախագահներն «իրար հետ չեն խոսում». ի զորու չեն «լինում» գեթ մեկ օր թերթելու պատմության էջը սեփական անձի վրայով` հանուն էս երկրի:
ՈՒ թող հեչ էլ բարձր չհնչի, բայց ոչ էնքան Անկախության քսանամյակը (որն ինքնին վերջնական «վերդիկտ» էր երեք նախագահների միմյանց ձեռք մեկնելու համար), որքան տարածաշրջանում, աշխարհում տեղի ունեցող զարգացումներն էին մեկօրյա զինադադարի թելադրանք պարտադրում «հիմնադրին» ու «ազգընտիրին». ա) իրադարձությունները Սիրիայում, բ) իրադարձությունները Իսրայել-Պաղեստին ճակատում, գ) իրադարձությունները Ղարաբաղի շուրջ:
Որպեսզի ցույց տրվեր աշխարհին, որ նույն աշխարհի ու տարածաշրջանի էս օրհասական պահին, որքան էլ ներքաղաքական ու մնացած «ներ» բաներն էական են էս պստլո Հայաստանի համար, այնուհանդերձ, կա մի առանցք, որի շուրջ էս երկիրն ի զորու է ամբողջանալու, արանք չտալով այլոց` այնտեղ խցկվելու:
Չեղավ: Եվ հույսը, որ վերջինն է մեռնում, կրկին փառահեղորեն մեռավ` Քոչարյան-Լևոն սինխրոն (և այնուհանդերձ, ինչի՞ շուրջ էին ուղիղ բանակցում նրանք մարտի 1-ի կեսօրին միմյանց հետ, ինչպես արձանագրում է WikiLeaks-յան Փենինգտոնը… երևի տասը զոհ չտալո՞ւ) խաղի արդյունքում:
Նրանց մերժումը, որ առաջին հերթին ինքնամերժում է (հոգևոր գիտության մեջ այն կոչվում է «самоуничтожение»), խփելու է իրենց «նմաններին», այն հատվածին, որին իրենք ապավինում են, որովհետև «չնմաններս» մեր գիտակցությունն ենք «կանգնեցնում» նրանց բացակա տեղում, «հայրերի» այդ բացակայության պայմաններում, մեր որդիությունը խոստովանում էս երկրին ու անկախությանը (նույնիսկ էստեղ են սրանք տիեզերքը խախտում. տիեզերքում անառակ որդիների վերադարձ կա, հայրերի` ոչ):
Ինքնին հասկանալի է, որ այսքան ժամանակ մենք դիտարկում էինք նրանց արարքի հոգևոր կողմը, որն առաջինի` հիմնադրի համար, հաստատ, ահագին ըմբռնելի ու «ճանաչելի» պետք է «լինի», և այս դեպքում նա հենց այդ նույն հոգևոր գործիքով է` հպարտության ավելցուկի դրսևորմամբ հարվածում երկրին, իր որդիներին, որովհետև լավ գիտի նրա ուժը. իսկ հարվածում է ոչ միայն քաղաքական պատճառով, այլև, նախ և առաջ, որ դա կեցության ձև է (ափսոս, որ հընթացս հարվածվում է նաև մեր երիտասարդ անկախությունը. Սերժն իր հոր տնից չի անկախությունը բերել, որ դուք էլ չեք մասնակցում), երկրորդի` «ազգընտրի» համար, հոգևոր ասպեկտներ չկան, կա լոկ նպատակահարմարության, անձնասիրության խնդիր:
Լույսի հրեշտակ Լյուցիֆերը երկնքից վայր ընկավ հպարտության ու անձնասիրության պատճառով:
Երկրորդի դեպքում տիեզերքը, հոգևոր առումով, ամենևին երես չի տվել ոչ միայն «տերտեր չլինելու», քահանա նախնիներ չունենալու, այլև ազգային գենա-էթնիկ առումով:
Համ էլ ինքը շքերթ, հաստատ, չի սիրում. եթե չենք սխալվում, Վազգենի ժամանակ էլ մի լավ, բանակային շքեղ շքերթ եղավ` Անկախության օրը, 99-ին, հոկտեմբերի 27-ից օրեր առաջ. եթե դիտեք այդ օրվա կադրերը, ապա խորքում կտեսնեք, որ Քոչարյանը շքերթին առանձնապես իրեն շատ հպարտ ու հաղթած չէր զգում (չար լեզուներն ասում էին, որ այդ ժամանակ ինքը գտնվում էր «անգլիական թագուհու» կարգավիճակում):
Այդ շքերթից մնացած նստվածքը, կարող է, այս անգամ ենթագիտակցական հուշում է արել, թե` հոգիդ էլի նեղվելու է, մի գնա:
ՈՒ ոնց որ թե ժամանակն է ասելու, որ Քոչարյանն ու Տեր-Պետրոսյանը բանաստեղծ ու «տերտեր» «լինելու» կարիքը չունեին, բայց քաղաքացի լինել պարտավոր էին, որովհետև այս անկախությունը, երկիրը, բանակն իրենցն էլ են: Բայց նրանք փորձեցին էս անգամ էլ «պատժել» Սերժ Սարգսյանին:
Գրողը տանի, սկսում ես մտածել, որ Սերժ Սարգսյանը, որը նույնպես նրանց երանքի ծնունդն է, ոչ միայն ճկուն խաղացող է, խաղի-մանևրի ահագին դաշտ ապահովող (առավել` մտքով ու ոչ զգացմունքներով-ամբիցիաներով), այլև ուզում է տեսակի մեջ բեկում մտցնել (հանուն արդարության ասենք, որ նրա մոտ սրտի փակ վիճակներ նույնպես կան, ու թե նա այդ մի քայլն էլ կարողանա անել` «կկոտրի» Լևոնին ու Ռոբին այնքան, որ Աստված իր կողմը կկանգնի, և Լևոնն ու Ռոբը նման հրավերները մերժել անկարող կլինեն):
Եվ, այնուհանդերձ, երկու էական քայլ արվել է. ա) նախ ուզվել է, որ Լևոնն ու Ռոբերտը «լինեն». այն է` միասին, երեքով անկախության տոնին կողք կողքի կանգնեն (հրավեր է ուղարկվել, բարձրաձայնվել է այդ մասին, մեզ հետ մասնավոր զրույցներում, նաև քարոզչական տեխնոլոգիաներով «ահազանգվել» է, որ ուզվում է նրանց ներկայությունը, և հրավերը հենց այնպես` հավուր պատշաճի չէ):
բ) Ապա և, նրանք հրավիրվել են ոչ միայն Անկախության տոնին և ճաշին (դա անել Սերժ Սարգսյանը պարտավոր էր), սակայն տոնական շքերթին նա կարող էր և չհրավիրել նրանց, սակայն Սերժ Սարգսյանն իր մեջ կարողություն էր գտել (անգամ մարտի 1-ից ու «մնացածից» հետո) և հրավիրել էր, որպես բանակի գերագույն գլխավոր հրամանատար` նրանց հետ կիսելու այդ հրամանատարությունն ու օրը…
Բայց դե ասացինք, մեր երկու նախագահները ինքնամերժումի հզոր ցիկլի մեջ են: Ո՛չ, չենք ասում` նախանձի պատճառով (այն քաղաքական կատեգորիա չէ), այլ քաղաքական:
Հասկանալի է, չէ՞, որ տեսակը փոխողին երբեք չեն ներում. Սերժը, բոլոր դեպքերում, իր զորածի չափ, փորձում է (լավ, հա` թեկուզ իմիտացիոն «ժամանակագրությամբ», բայց հո՞ անում է, հո՞ կարողանում է հաղթահարվել):
Համ էլ, որ անկախության տոներից հետո Սերժ Սարգսյանը շատ մեծ տուռնեի է. դա ևս նրան չեն ներում. նա գնալու է ԱՄՆ (ինչ հանդիպումներ են լինելու կուլիսներում, առայժմ չեն ասվում, համենայն դեպս, նա տարածաշրջանային առաջին լիդերն էր, որ հանդիպեց Օբամային, նույնիսկ Սաակաշվիլուց առաջ, իսկ ահա Լևոնին, ասում են, Յովանովիչն ու իր բոսերը տանել չեն կարողանում, էլ չենք ասում, թե որքան նեղացած է Լևոնն ինքը` ԱՄՆ-ից ու նրա բոսերից, 1998-ից, էլ չենք ասում` 2003-ից այս կողմ, երբ մեկնել էր Քլինթոնի գրադարանի բացմանը, իրականում, ըստ լավատեղյակների` հասկանալու, եթե ինքը 2003-ին առաջադրվի նախագահական ընտրություններում, ի՞նչ կասի ԱՄՆ-ը, ԱՄՆ-ն ասել էր. բան չունեմ քեզ ասելու), հետո Սերժ Սարգսյանը լինելու է Վերսալում, Սարկոզիին, որի շուրջ պտտվում են այսօր աշխարհն ու Մերձավոր Արևելքը, հյուր, ու վերջինս նրան ընդունելու է բավականին բարձր մակարդակով (սա այն Սարկոզին ու Վերսալն են, որոնց աստիճաններին Ռոբերտը փորձում էր համբուրվել-ողջագուրվել Սարկոզիի հետ, երբ արդեն «կաղ բադիկ» էր, որպեսզի ստանար վարչապետ դառնալու «դաբրոն», Սարկոզին գլուխը հետ քաշեց, «ցւՏՊ արեց». ընդ որում, Անկախության առիթով լրագրողների ընդունելության օրը, ԱԳՆ բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը բազմանշանակ ժպիտով բացասեց մեր հարցը` կարո՞ղ է Պատվո լեգեոնի հարց առաջանա Փարիզում` Սերժ Սարգսյանի հաշվով):
Հետո էլ, ասել ենք, Սերժը գնալու է Մոսկվա: Պետական այցով: Էս, արդեն, հարգելի ատենակալներ, երկուստեք ցավ է: Թե՛ Լևոնի, թե՛ Ռոբերտի համար: Որովհետև նրանց ապագա քաղաքական հաշվարկներն առնչվում են հատկապես այդ «ոտքին»` օրհնված: Իսկ Ռուսաստանը, ահա, կարծես ու կրկին, հարմար է գտնում խաղալ կանխատեսելի, իրական իշխանություն ունեցող, ինչո՞ւ ո՛չ, ԱՄՆ-Արևմուտքի հետ գրագետ խաղացող մեկի հետ, զի անցել են օրթոդոքսների ժամանակները, այսօր նոր տիպի շախմատ, նոր իրականություն, նոր մոտեցումներ են պետք. իսկ այդպիսին ոչ Լևոնն է, ոչ Քոչարյանը:
Վկա` Անկախության 20-ամյակին նրանց բացակայությունը:
Բացակայությունը Հայաստանում բացակայություն է բերում աշխարհում:
Տիեզերաբանորեն:
Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 972

Մեկնաբանություններ