«Իրենց երկրներում ամերիկյան հրթիռներ տեղակայելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում. ՌԴ-ն կարող է հարվածներ հասցնել այն պետությունների մայրաքաղաքներին, որտեղ ամերիկյան հեռահար զինատեսակներ են նախատեսում տեղակայել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

ՏԻԳՐԱՆ ՈՒՐԻԽԱՆՅԱՆԸ ԵՎ ՆՐԱ ԿՈՒՍԱԿԻՑՆԵՐՆ ԱՅՍՈՒՀԵՏ ԿԱՌԱՋԱԴԻՄԵՆ «ԲԱՐԳԱՎԱՃ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ»

ՏԻԳՐԱՆ ՈՒՐԻԽԱՆՅԱՆԸ ԵՎ ՆՐԱ ԿՈՒՍԱԿԻՑՆԵՐՆ ԱՅՍՈՒՀԵՏ ԿԱՌԱՋԱԴԻՄԵՆ «ԲԱՐԳԱՎԱՃ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ»
25.01.2011 | 00:00

Աստծո անցած յոթ օրում կիսվեց ձմռան երկրորդ ամիսը:
ԱՄՆ-ը Ֆրանսիային է փոխանցել Էդգար Դեգայի` 37 տարի առաջ Հավրի «Մալռո» թանգարանից առևանգված կտավը: «Ատամնացավով լվացարարուհիները» Դեգան վրձնել է 1870-ական թթ., կտավը գտնվել է Նյու Յորքում, Սոթբիի աճուրդի պահեստարանում, գնահատվում է 350-450000 դոլար:
Լոնդոնը շարունակում է մնալ կապիտալի մայրաքաղաք. Հայդ Պարկի դեմ-դիմաց Քրիստիան և Նիկ Քենդիները վաճառքի են հանել աշխարհի ամենաթանկ բնակարանները: Նորակառույց համալիրում 1 քառակուսի մետրն ընդամենը 100000 դոլար է գնահատվում: Ամենաէժան բնակարանը 6,5 միլիոն ֆունտ ստեռլինգ է. Մեծ Բրիտանիան թեև Եվրամիության անդամ է, բայց եվրոյի չի անցել և պահպանել է ավանդական ֆունտը: Բնակարանները շքեղ են, տերերը միանգամից կարող են դուռը բացել և ապրել` տեղափոխելով հագուստները և կենցաղային մի քանի անհրաժեշտ իրեր: Բայց գլխավոր խայծը դա չէ, այլ գինը, որ միանգամից բնորոշում է հասցեատիրոջ կարգավիճակը: Գնորդների մեջ անգլիացիները շատ չեն, գերակշռում են ամերիկացիները, արաբները, նիգերիացիները, ռուսները: Քենդիները Լոնդոնում նոր տարածք են որոնում` երկրորդ համալիրը կառուցելու համար:
Հունվարի 20-ին` պաշտոնավարման երկրորդ տարեդարձին, ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման տեղեկացրել է, որ 2012-ին մտադիր է վերընտրվել: Սպիտակ տան մամլո խոսնակ Ռոբերտ Գեյթսը հաղորդել է, որ նախընտրական շտաբը կլինի Չիկագոյում, Ջիմ Մեսինը կղեկավարի քարոզարշավը: Բարաք Օբաման մի քանի նախընտրական խոստումներ արդեն կատարել է, դա կլինի դեմոկրատների հաղթաթղթերից քարոզարշավում` բարեփոխումներ առողջապահության ոլորտում, Իրաքից զորքերի դուրսբերում, Աֆղանստանում ամերիկյան ռազմական առաքելության պահպանում, համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի հաղթահարմանն ուղղված քայլեր: Հանրապետականների գլխավոր հակափաստարկը մնում է գործազրկության բարձր մակարդակը` 9,4 տոկոս, որը 2012-ին էլ, ըստ կանխատեսումների, չի նվազի: Անցած շաբաթ ԱՄՆ-ի նախագահի ակտիվում գրանցվեց Չինաստանի նախագահ Հու Ձինտաոյի հետ հանդիպումը, որի ժամանակ ամերիկյան տնտեսության համար կարևոր համաձայնություններ կայացան:
Հայաստանը հունվարի 19-ին կորցրեց մարդու իրավունքների երկրորդ պաշտպանին. Արմեն Հարությունյանը հայտարարեց, որ ստորագրել է Կենտրոնական Ասիայում ՄԱԿ-ի մարդու իրավունքների հանձնակատարի ներկայացուցիչ նշանակվելու համաձայնագիրը: Նա չգիտի` ով կփոխարինի իրեն, բայց գիտի, որ «նման պաշտոն ստանալու հնարավորությունը տրվում է 100 տարին մեկ անգամ»: Իր կորուստը ծանր տանողներին նա մխիթարել է, որ հաջորդ պաշտպանին ուժեղ թիմ է թողնում: Թեպետ դա մխիթարություն չէ, որովհետև Հայաստանում ով ինչ պաշտոնում նշանակվում է, իր մարդկանց է բերում, ինչը հաստատում են բոլոր նորանշանակ պաշտոնյաները` հիմնավորելով պետական շահի գերակայությամբ:
Բելառուսի առաջին ու դեռ միակ նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հունվարի 21-ին Մինսկում նորից երդվեց բելառուսներին ծառայել: Երդմնակալության արարողությանը մասնակցում էին 32 երկրների և միջազգային կառույցների ներկայացուցիչներ: Եվրոպական երկրների դեսպանները չմասնակցեցին արարողությանը. բոյկոտը բողոքի նշան է, Եվրամիության կարծիքով, կեղծված ընտրությունների և ընդդիմադիրների ու քաղաքացիական հասարակության վրա ճնշումների դեմ, տեղեկացրել են ԵՄ արտաքին կապերի և անվտանգության հարցերով հանձնակատար Քեթրին Էշտոնի գրասենյակից: ԱՄՆ-ը նույնպես միացել է բոյկոտին: ԵՄ-ն ու ԱՄՆ-ը չեն ընդունում դեկտեմբերի 19-ի նախագահական ընտրությունների արդյունքները: Եվրախորհրդարանն էլ ընտրությունները կեղծված համարելով` արդար և թափանցիկ ընտրություններ անցկացնելու կոչ է արել` առաջարկելով քաղաքական ու տնտեսական պատժամիջոցներ` նախագահի ու բարձրաստիճան պաշտոնյաների մուտքն արգելել ԵՄ տարածք, դադարեցնել ֆինանսական վարկավորումը, կասեցնել Բելառուսի մասնակցությունն արևելյան գործընկերության ծրագրին, և Լուկաշենկոյի համար ամենածանրը` հոկեյի 2014 թ. առաջնությունը Բելառուսում չանցկացնել: Հունվարի 31-ին Բրյուսելում ԵՄ 27 երկրների արտգործնախարարները, ի թիվս այլ հարցերի, կորոշեն նաև Բելառուսի նկատմամբ պատժամիջոցներ սահմանելու հարցը: Բատկայի երդմնակալությանը, Բելառուսում Հայաստանի դեսպանից բացի, մասնակցել է Գագիկ Ծառուկյանը` «մտերիմ ընկերոջ» կարգավիճակով:
Հունվարի 22-ին առաջադիմական կուսակցությունը գումարեց 10-րդ համագումարը և ավարտեց առաքելությունը: Նախագահ Տիգրան ՈՒրիխանյանը և նրա կուսակիցներն այսուհետ կառաջադիմեն «Բարգավաճ Հայաստանում»: ԲՀԿ մամլո քարտուղարը կարծում է, որ առաջիկայում փոքր կուսակցությունները միանալու են մեծերին, և ասպարեզում մնալու է 4-5 կուսակցություն:
Հունվարի 21-ից, ի թիվս այլ հեռուստաընկերությունների, եթերազրկվեց ԱԼՄ-ն, մյուսները չբողոքեցին, Տիգրան Կարապետյանը մի քանի հանրահավաքներ արեց` պահանջելով արդարություն: Հայաստանը ևս մի անգամ ապացուցեց հայտնի ճշմարտությունը պատմության կրկնության մասին. առաջին անգամ իբրև ողբերգություն, հետո իբրև ֆարս... Տարբեր սերիալների սիրահարները նույն ֆիլմերը կարող են դիտել դեռ չփակված հեռուստաալիքներով, որոնք փակվածներից ոչնչով չեն տարբերվում:
Ստամբուլում կայացել է թուրք-ռուսական ռազմավարական ծրագրման խորհրդի առաջին նիստը, որին մասնակցել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը: Օրակարգում եղել են Հարավային Կովկասին, Իրանի միջուկային ծրագրերին, էներգետիկ համագործակցությանը, ծայրահեղականության ու ահաբեկչության դեմ համատեղ պայքարին առնչվող հարցեր: Քննարկվել է նաև եվրոպական անվտանգության նոր համակարգի ձևավորման հարցը Սև ծովի ավազանում: Ռուս-թուրքական բանակցությունների առանցքային թեման Իրանի միջուկային ծրագրի վիճակն է: Ստամբուլում սկսվել են նաև բազմակողմ խորհրդակցություններ` ԻԻՀ ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Սայեդ Ջալիլի և ԵՄ արտաքին հարաբերությունների ու անվտանգության հարցերով գերագույն ներկայացուցիչ Քեթրին Էշթոնի մասնակցությամբ:
«Շպիգելի» հետ հարցազրույցում «Գազպրոմի» ղեկավար Ալեքսեյ Միլերն ասել է, որ Հայաստանին գազ վաճառվելու է շուկայական գներով: Եվրոպային տրվող գազի միջին գինը 300 ԱՄՆ դոլար է: 2010-ի ապրիլի 1-ից «Գազպրոմը» 17 տոկոսով բարձրացրեց և 180 դոլար սահմանեց 1000 խորանարդ մետր գազի գինը: 2010-ին գազի սպառումը Հայաստանում նախորդ տարվա համեմատ 20 տոկոսով նվազեց:
Անցած շաբաթ եռօրյա այցով Հայաստանում էր ԵԽ մարդու իրավունքների հանձնակատար Թոմաս Համարբերգը։ Աննախադեպ լայն շրջագծով հանդիպումներ անցկացնելուց հետո ամփոփիչ ասուլիսում նա նոր ոչինչ չասաց. հնչեց մտահոգություն 2008-ի մարտյան դեպքերի զոհերի սպանությունները չբացահայտելու «լուրջ ձախողման» մասին, որ նշանակում է «անպատժելիության խնդիր կա Հայաստանում», հետընտրական իրադարձությունների պատճառով անազատության մեջ հայտնված ընդդիմադիրների ազատ արձակման անհրաժեշտության մասին, որոնք, չնայած համաներմանը, քաղաքական նկատառումներով օրենքի հավասարության սկզբունքի չպահպանմամբ, դեռ բանտերում են, այցի արդյունքներով զեկույցի նախապատրաստման և Հայաստանի նկատմամբ ԵԽ պատժամիջոցների կիրառման անհավանականության մասին: Համարբերգը գնաց, խնդիրները մնացին:
Շաբաթօրյա աշխատանքային այցով հունվարի 23-ին Երևանում էր Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին: Ըստ հրապարակված տեղեկության` երկու նախագահները քննարկել են համագործակցությանն առնչվող հարցեր` անդրադարձել են սահմանի հատումը դյուրին դարձնելու, տնտեսական կապերի զարգացմանը խանգարող արհեստական բյուրոկրատական խոչընդոտները վերացնելու անհրաժեշտությանը: Հայ և վրացի դպրոցականների առաջին օլիմպիադայի հաղթողներին են պարգևատրել և ելույթներ են փոխանակել` հավաստելով հարևանության ու բարեկամության հավերժությունը:
Վաչիկ ՄԵԼԻՔՍԵԹՅԱՆ

Դիտվել է՝ 981

Մեկնաբանություններ