ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

ԾՈՎԻ ՈՒ ՑԱՄԱՔԻ ՊԱՅՔԱՐԸ

ԾՈՎԻ ՈՒ ՑԱՄԱՔԻ ՊԱՅՔԱՐԸ
27.09.2011 | 00:00

Երբ «երկբևեռ» աշխարհն այլևս գոյություն չունի և ակնհայտ է ՆԱՏՕ-ի ճգնաժամը, տարբեր տարածաշրջանների պետությունները չեն շտապում ռազմաքաղաքական բլոկներ ստեղծել։ Դա մի շարք պատճառներով է պայմանավորված. ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի առաջատար պետությունների սկզբունքային անհամաձայնությունը, համաշխարհային և տարածաշրջանային խաղերի աննախադեպ փոխկապակցվածությունն ու բարդությունը, սպառազինությունների վրա ծախսվող նյութական ահռելի միջոցները, պետությունների մեծ մասի ընդունակությունը` ինքնուրույն կամ խնամակալ տերությունների օգնությամբ լուծելու իրենց անվտանգության խնդիրները, արտաքին քաղաքականության, ինչպես նաև աշխարհատնտեսական նպատակների ու խնդիրների գերակա ուղղությունների փոփոխությունը։ Սակայն պայմանագրային դաշինքներ ստեղծելու ձգտման բացակայության հիմնական պատճառն առճակատման քաղաքականության վտանգավորությունն է։ Ստեղծված աշխարհակարգն առայժմ հնարավորություն տալիս է (մի շարք դեպքերում միանգամայն հաջողությամբ) լուծելու պետությունների միջև եղած վիճելի հարցերը, բայց այդ խնդիրները չեն վերացել, դրանք շատ վայրերում ժամանակավորապես «սառեցվել են» և իրենց լուծմանն են սպասում։ Առճակատման մեջ գտնվող պետությունների մեծամասնությունը տնտեսական զգալի դժվարություններ ունի, ինչը մշտապես սպառնում է վերաճելու սոցիալ-քաղաքական անկայունության։ Պետությունները ձգտում են կա՛մ առհասարակ մոռացության մատնել իրենց միջազգային խնդիրների մի մասը, կա՛մ էլ այդ խնդիրները լուծել տնտեսականին զուգընթաց, ինչը թույլ է տալիս ապահովել խաղաղությունն ու հարաբերական կայունությունը։
Այն ընդարձակ տարածությունը, որը Զ. Բժեզինսկին անվանել է «Եվրասիական Բալկաններ», ավելի անկայուն և աշխարհակարգի պահպանման համար ավելի վտանգավոր է, քան Արևմտյան Աֆրիկան, Մերձավոր և Հարավարևելյան Ասիան։ Այդ տարածաշրջանում բախվում են ոչ միայն տնտեսական ու քաղաքական շահեր, այլև ամբողջ քաղաքակրթություններ, որոնք չեն կորցրել իրենց հավակնություններն ու նվաճողական նկրտումները։ Հանքային ու ածխաջրածնային հումքի, գյուղատնտեսական մթերքների արտադրության տեսակետից այդ տարածաշրջանը զգալիորեն զիջում է Լատինական Ամերիկայի առանձին պետություններին կամ Հարավարևելյան Ասիայի և Աֆրիկայի որոշ ենթատարածաշրջանների։ Այդ տարածաշրջանը որպես հումքային բազա անփոխարինելի է Գերմանիայի համար և խիստ արժեքավոր է Ֆրանսիայի, զարգացած արդյունաբերություն ունեցող եվրոպական այլ պետությունների համար։ Մեծ Բրիտանիայի և հատկապես ԱՄՆ-ի համար այդ տարածաշրջանի ռեսուրսներն անհասանելի են փոխադրման առումով, նրանց տնտեսական նպատակահարմարությունը կասկածելի է թվում, իսկ առճակատման խնդիրների առկայությունը կասկածելի է դարձնում այդ ռեսուրսների արդյունավետ օգտագործման հնարավորությունը։ Ի տարբերություն այլ հնարավոր հումքային տարածաշրջանների, «Եվրասիական Բալկաններին» բնորոշ է ոչ միայն բնակչության առանձին զանգվածների, այլև կառավարող վերնախավի խիստ անհամարժեք վարքագիծը։
Հարց է առաջանում` որո՞նք են «Եվրասիական Բալկաններում», այդ թվում` Հարավային Կովկասում, առավել խոր հակասություններն ու դրանց շարժառիթները։ Հետազոտողների շրջանում մշտապես ծագող այն հարցը, թե այդ տարածաշրջանում ի՞նչն է առաջնային ԱՄՆ-ի համար` տնտեսությո՞ւնը, թե՞ քաղաքականությունը, ոչ թե քաղաքական ռեսուրս է, այլ հենց ամերիկացիների համար այդ հարցը լիակատար լուծված չլինելու նշան։ Ամենազավեշտալին, որ կարող է տեղի ունենալ այդ խնդրի առնչությամբ, կլինի այն, եթե պարզվի, որ նորանկախ պետությունների վերաբերյալ ԱՄՆ-ի պաշտոնական դոկտրինի նպատակներն ու խնդիրներն սպառվել են։ ԱՄՆ-ի պաշտոնական դոկտրինն այդ պետությունների անկախության և անվտանգության պաշտպանությունն է։ Քաղաքական գրականության մեջ գոյության իրավունք է ստացել այն գերիշխող գաղափարը, թե նորանկախ պետությունների առնչությամբ ամերիկյան քաղաքականությունն ուղղված է առաջին հերթին Ռուսաստանի դեմ` նպատակ ունենալով թույլ չտալ ռուսական եվրասիական կայսրության վերակենդանացումը։ Իսկ ամերիկա-ռուսական աշխարհաքաղաքական դիմակայությունը ներկայացվում է որպես Տելուրապետական ուժերի (Ցամաքի ուժեր) դեմ Թալասապետական ուժերի (Ծովի ուժեր) պայքար, ինչը լիովին համահունչ է ռուսական հոգևոր-քաղաքական ավանդույթներին, սակայն միանգամայն կատակերգածաղրական է ԱՄՆ-ի համար։ Գերմանական և ռուսական աշխարհաքաղաքական գործիչների և քաղաքագետների կողմից վաղուց արդեն մշակված այդ հայեցակարգում մոլորություն, նախապաշարվածություն ու միտումնավորություն չկա։ Այս սխեման պատմականորեն ստուգված է ու, թերևս, այլընտրանք չունի։ Մայրցամաքային տերությունների դեմ ծովային պետությունների պայքարը պատմական փաստ է ու, երևի, ունի իր սրբազան էությունը։ Բայց պատմության մեջ միայն ծովային ու մայրցամաքային տերությունների միջև չէ, որ խոր հակամարտություն է տեղի ունենում (Հռոմը լայնածավալ պատերազմներ է մղել ոչ միայն Փյունիկիային հաջորդած Կարթագենի, այլև դասական ցամաքապետական տերություններ Մակեդոնիայի ու Պարսկաստանի դեմ)։ Կա ոչ հրապարակային մի վարկած այն մասին, որ ԱՄՆ-ի ողջ պատմությունը պայքար է Մեծ Բրիտանիայի դեմ, թեև այդ երկրները շատ հաճախ հանդես են գալիս որպես դաշնակիցներ։ Չինաստանի դեմ ԱՄՆ-ի դիմակայությունը նույնպես չի տեղավորվում Ծովի ու Ցամաքի պայքարի սխեմայում (քանի որ հենց ռուսական եվրասիացիների պնդմամբ, Չինաստանը, չնայած արտաքին նշաններին, անկասկած, ծովապետական տերություն է)։ Հնարավոր է ապագայում, երբ համաշխարհային դիմակայության սխեմաներն ու տրամաբանությունը որոշ փոփոխություն կրեն, առաջարկվի ռուս-ամերիկյան հակասության հետևյալ տրամաբանությունը։
Տարածությունը, որ զբաղեցնում է Ռուսաստանը, պայմանավորում է պետության ցամաքապետական, եվրասիական կարգ` անկախ ազգային ու կրոնական պատկանելությունից։ Միանգամայն պարզ է, որ դասական ծովապետական տերություն Թուրքիան բավականաչափ խնդիրներ ունի բուն եվրասիական թուրքական ազգերի քաղաքական գերակայությունների ըմբռնման առումով։ Ռուսաստանը, որպես եվրոպական մշակույթի մաս, պահպանում է իր եվրասիական էությունը, մինչդեռ իսլամական շատ երկրներ առավելագույնս արևելականացել և վերածվել են «Նոր Կարթագենի»։ Ռուսաստանի դեմ ցանկացած պայքար, անկախ նրանից, թե ումից է այն բխում, ունի հակամայրցամաքային ուղղություն։ Այսինքն, Ռուսաստանի բոլոր հակառակորդներն ունեն հակաեվրոպական էություն, և այդպիսին է նրանց քաղաքական և աշխարհաքաղաքական տրամաբանությունը։ Գերմանիան ու Ճապոնիան, որոնք եվրասիացիների պնդմամբ դասական ցամաքապետական երկրներ են, անդառնալիորեն կորցրել են իրենց հակաօվկիանոսային ուղղվածությունն ու սրբազան նպատակները, պատերազմներ մղելով Ռուսաստանի դեմ։
ԱՄՆ-ի արտաքին քաղաքականությունը, փաստորեն, երբեք քաղաքակիրթ բովանդակություն չի ունեցել և չունի։ Դա կհակասեր ԱՄՆ-ին որպես կոսմոպոլիտ կայսրության և առավել ևս որպես «Նոր Հռոմի» տրվող այլ ավանդական գնահատականներին, որպիսին նրան ձգտում են ներկայացնել իսլամական ավանդապահականները։ Միաժամանակ, ամերիկյան քաղաքականությունն էլ է ձևախեղումներ կրում։ ԱՄՆ-ի քաղաքականությունը սրբազան, քաղաքակիրթ իմաստ է ստանում, երբ նրա հակառակորդը Ռուսաստանն է կամ ավանդապահական քաղաքական գաղափարախոսակիր մեկ այլ մայրցամաքային տերություն։ Ամերիկացիների համար նման հակառակորդները շատ անհարմար են, այդ երկրների վերնախավերն անկանխատեսելի են, նրանց ընդունած որոշումները տրամաբանության ենթակա չեն, ուստի առանձին վտանգավորություն են պարունակում։ Գաղափարախոսությունների և գաղափարախոսականացված վարչակարգերի դեմ պայքարը ԱՄՆ-ի համար բարդ բան է (վերջին ժամանակներս, օրինակ, ԱՄՆ-ում առաջարկություններ եղան գնելու Հյուսիսային Կորեայի և անցանկալի վարչակազմեր ունեցող այլ երկրների զանգվածային ոչնչացման միջոցները)։
Ռուսաստանն ընդունվել է տնտեսապես առավել զարգացած պետությունների էլիտար ակումբ։ Ռուսաստանի ղեկավարները մասնակցում են ռազմավարական առավել կարևոր միջազգային որոշումների կայացմանը։ Ամերիկացիներն էլ իրենց հերթին, չնայած Ռուսաստանի քաղաքական-տնտեսական կշռի լուրջ հետընթացին, ուշադրությամբ լսում են նրա կարծիքը, հատկապես խառնակ իրավիճակներում։ Ռուսաստանում տեղի ունեցող ներքաղաքական գործընթացները հանգեցրել են ակտիվ ասպարեզից երեք հիմնական քաղաքական ուժերի դուրսմղմանը, որոնք անընդունելի էին ԱՄՆ-ի ու Արևմուտքի համար. դրանք են` լուսանցքային ձախ նացիոնալ-հայրենասերները, բնակչության սոցիալապես կողմնորոշված խավերի կոմունիստական կուսակցությունը, ինչպես նաև էթնոազգայնականները։ Չնայած արմատական ազգայնական ուժերը պատմական ջախջախիչ պարտություն կրեցին, ինչը ԱՄՆ-ի դեմոկրատական կուսակցության քաղաքականության ձախողում է, Ռուսաստանում աջ հայրենասերների կողմից իշխանության հասնելու կայուն հեռանկարներ բացվեցին։ Ամերիկացիները չեն կարող չհասկանալ, որ ամերիկա-ռուսական դիմակայությունում գաղափարախոսական տարրերը բացառված են։ Ռուսաստանում ձևավորվում է աջ հայրենասիրություն, այսինքն, շուտով Ռուսաստանի քաղաքական ասպարեզը շատ քիչ բանով կտարբերվի ավանդական եվրոպականից, ուր ձախերը միշտ էլ ծանրակշիռ դիրք են ունեցել։
Միջազգային քաղաքական միտումներն այնպիսին են, որ Ռուսաստանի հանդեպ ԱՄՆ-ի քաղաքականությունը քիչ կտարբերվի Եվրոպայի կամ Ճապոնիայի հանդեպ նրա քաղաքականությունից։ Կկիրառվեն քաղաքական ինքնուրույնություն թույլ չտալու, դոլարը դուրս մղելու մեթոդները, պայքար կմղվի ամերիկյան ընկերությունների շահերի, տեխնոլոգիական և հետազոտական գերակայությունների համար։ Այս կապակցությամբ կարելի է ենթադրել, որ նախկին խորհրդային տարածությունը ամերիկացիների կողմից բաժանվում է երկու մասի։ Ռուսաստանն ամերիկացիների համար ամենևին էլ Արևմուտքի հումքակցորդ չէ, ինչպես շարունակում են պնդել ձախ թևի ռուսական լրատվամիջոցներն ու քաղաքագետները, այլ տարանցման-սպասարկման նոր աշխարհաքաղաքակրթություն, որը բնութագրվում է որպես բարձրտեխնոլոգիական ու մեծապես բարձրաշխարհիկ, սակայն բարձրտեխնոլոգիական և էներգահումքային գործառույթների կատարման առումով ԱՄՆ-ին և Արևմուտքին ենթակա։ ԱՄՆ-ը չի կարող Ռուսաստանի սոցիալական ու տնտեսական անկման և երրորդ աշխարհի երկրի նրա վերածման սպասելիքներ ունենալ։ ԱՄՆ-ն իրական նպատակներ է հետապնդում, բայց հենց այդ ամերիկյան կեղծ դրականության մեջ է թաքնված այն իրոք սրբազան խնդիրը, որ հարկադրված են լուծել ամերիկացիները` կենսագործելով «նոր աշխարհակարգը»։ Ռուսական ուղղափառ եվրասիական քաղաքակրթությունը պետք է ենթարկված լինի քաղաքակրթական տարանցման, այսինքն, պետք է տեղի ունենա «քաղաքակրթական դաշտի» փոփոխություն։
Սակայն վերստին հարկ է նշել, որ Ռուսաստանի դեմ ԱՄՆ-ի այդ պայքարը սկզբունքորեն առանձնահատուկ բնույթ չի կրում։ Նման հնարքներ, տարբեր հաջողություններով, ամերիկացիները գործադրել էին Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո Եվրոպայում, Ճապոնիայում, ինչպես նաև Լատինական Ամերիկայի և անգամ արաբական աշխարհի նկատմամբ։ Ամերիկացիները հասկանում են իրենց քաղաքակրթության մատերիալիստական առավելությունները և ձգտում են այդ առավելություններն օգտագործել արտաքին քաղաքականության մեջ։
Ի տարբերություն Ռուսաստանի, Հարավային Կովկասի և Կենտրոնական Ասիայի առնչությամբ նույնպես որոշ քաղաքակրթական տարանցում է ենթադրվում, այսինքն` տարանցման-սպասարկման աշխարհաքաղաքակրթության ստեղծում, բայց ոչ թե տեխնոլոգիական, այլ հումքային տիպի։ Այդ տարածաշրջանների երկրները հիմքեր չունեն հավակնելու բարձրտեխնոլոգիական տարանցման-սպասարկման քաղաքակրթության կարգավիճակի։ Բացառված չէ, որ այդ տարածաշրջանները տարանցման-սպասարկման գործառույթներ իրականացնեն ոչ միայն Արևմուտքի, այլև Ռուսաստանի համար։
Այդքան հակասական ամերիկյան արտաքին քաղաքականությունը չէր կարող չազդել նախկին խորհրդային տարածությունում, այդ թվում` Հարավային Կովկասում և Կենտրոնական Ասիայում, ԱՄՆ-ի նպատակների ու խնդիրների ոչ բավարար որոշակիության վրա։ Նշված տարածաշրջաններում ԱՄՆ-ի քաղաքականության այդ անորոշությունն ու անհետևողականությունը դարձան ոչ շատ կարևոր, բայց Բ. Քլինթոնի կառավարության քաղաքական ընդդիմախոսների կողմից, այնուամենայնիվ, օգտագործվող հիմնավորումը։ Իհարկե, այդ հիմնավորումները հավասարազոր չեն Բալկաններում տեղի ունեցած իրադարձություններին և մեծ մասամբ օգտագործվում են հետազոտական-վերլուծական գործունեության ոլորտում։ Բայց, հավանորեն, քաղաքական վերին ոլորտները Հարավային Կովկասում և Կենտրոնական Ասիայում ԱՄՆ-ի քաղաքականության անորոշության օրինակները ներկայացնում են որպես ծանրակշիռ փաստարկներ։ Դա չի կարող հաշվի չառնվել ԱՄՆ-ի բոլոր հետագա կառավարությունների կողմից։
Հարավային Կովկասում հակամարտությունների կարգավորման հարցում ԱՄՆ-ի քաղաքականությունը դարձել է ավելի զուսպ ու զգուշավոր։ Ավելի հաճախ է նկատվում, որ այստեղ Վաշինգտոնը պատրաստ է համագործակցելու Ռուսաստանի և Իրանի հետ։ Միաժամանակ, ԱՄՆ-ը գերիշխող դիրք է ձեռք բերել կարգավորման գործում և չի կորցնի այն։ ԱՄՆ-ի առջև խնդիր է ծառացել թույլ չտալու ազդեցության ու ներկայության վերականգնում Հարավային Կովկասում և Կենտրոնական Ասիայում, ապահովելու անվտանգության երաշխիքները ռազմավարական և այլ ներդրումների, էներգետիկ և այլ հաղորդուղիների համար, ամրապնդելու քաղաքական կայունությունը։ ԱՄՆ-ի քաղաքականության մեջ, անտարակույս, կաճի աշխարհատնտեսական նախագծերի, ամերիկյան ընկերությունների շահերի պաշտպանության, ներդրումների արդյունավետության ապահովման նշանակությունը։ Այս նպատակներն ու խնդիրները լիովին համապատասխանում են Ռուսաստանի հետ ձեռք բերված որոշակի պայմանավորվածություններին, որոնք մոտ ապագայում իրագործվելու հեռանկար ունեն։ Անհիմն կլիներ պնդել, թե ԱՄՆ-ի ու Ռուսաստանի միջև կարելի է Եվրասիայում և վերոնշյալ տարածաշրջաններում համագործակցության լայնապարփակ պայմանավորվածություն ակնկալել։ Դա կնշանակեր ոչ միայն ամերիկյան քաղաքականության արմատական շրջադարձ, այլև ամերիկացիների կողմից իրենց քաղաքական դիրքերի հանձնում։ Պետք է հաշվի առնել, որ այդ տարածաշրջաններում ակտիվորեն աշխատում են ԱՄՆ-ի ոչ միայն քաղաքական, այլև ռազմական ծրագրերը։ Սակայն հնարավոր են մասնավոր պայմանավորվածություններ էներգետիկ և այլ հաղորդուղիների պաշտպանության ոլորտում։
Եթե ԱՄՆ-ի արտաքին քաղաքականությունն այդ տարածաշրջաններում ավելի շատ արտացոլի նրա աշխարհատնտեսական շահերը, ապա դա կնպաստի ԱՄՆ-ի ու Ռուսաստանի և ԱՄՆ-ի ու Իրանի առճակատման մակարդակի իջեցմանը։ Կարելի է ենթադրել նաև, որ Հարավային Կովկասում ԱՄՆ-ի քաղաքականության մեջ աշխարհատնտեսական գործոնների նշանակության աճը կփոխի նրա արմատական դիրքորոշումը ռազմաքաղաքական հակամարտությունների կարգավորման գործում։ Դա, անկասկած, կնպաստի տարածաշրջանի պետությունների քաղաքականության մեջ հանդուրժողականության և կառուցողականության մթնոլորտի ստեղծմանը։
Իգոր ՄՈՒՐԱԴՅԱՆ

Դիտվել է՝ 985

Մեկնաբանություններ