ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

ԵՎՐՈՊԱՆ ԿԱՐՈՂ Է ՆՈՐ ԵՐԿԽՈՍՈՒԹՅՈՒՆ ՍԿՍԵԼ ԻՐԱՆԻ ՀԵՏ

ԵՎՐՈՊԱՆ ԿԱՐՈՂ Է ՆՈՐ ԵՐԿԽՈՍՈՒԹՅՈՒՆ ՍԿՍԵԼ ԻՐԱՆԻ ՀԵՏ
24.06.2011 | 00:00

Համաշխարհային տերությունների տրամադրություններում նշանակալի փոփոխություններ են տեղի ունեցել, և երկյուղները իրանական «միջուկային ծրագրի» առնչությամբ աճել են։ Տագնապած են նաև Ռուսաստանն ու Չինաստանը, որոնք ոչ վաղ անցյալում փորձում էին չարաշահել այդ թեման։ Կա լիակատար ըմբռնում այն բանի, որ ծագել է լայնապարփակ վտանգ, և դրա դեմ պետք է միավորել ջանքերը։ Ֆրանսիան, կարծես, կտրականապես դեմ է Իրանի նկատմամբ ռազմական ուժի գործադրմանը, սակայն շատ հնարավոր է, որ ժամանակի ընթացքում փոխի իր դիրքորոշումը, եթե իրանական «միջուկային ծրագրի» խնդիրը մի ինչ-որ վտանգավոր փուլ թևակոխի։ Արևմտյան պետություններն սկսել են ավելի հետևողականորեն օգտագործել հետախուզական տվյալները` Իրանում հեղափոխական իրադարձություններն ու իշխանության տապալումը կանխատեսելու համար, ինչը կարող է անկանխատեսելի հետևանքների հանգեցնել միջուկային նյութերի կիրառման առումով։ Քաղաքագետների կարծիքով, առաջատար տերությունները պետք է ավելի լուրջ շփումներ ունենան իրանցի ընդդիմադիր և իշխանական քաղգործիչների հետ` նպատակ ունենալով պայմանավորվածություններ ձեռք բերելու միջուկային նյութերի ճակատագրի շուրջ` Իրանի քաղաքական կյանքում սպառնալիքների մեծացման պարագայում։ Այս պահին, թերևս, անիմաստ է էական աջակցություն ցուցաբերել ընդդիմության առաջնորդներին, քանի որ քիչ հավանական է նրանց իշխանության գալը։ Ավելի շուտ, Իրանի ղեկավարության փոփոխությունը տեղի կունենա ներիշխանական պայմանավորվածությունների և գործող քաղաքական շրջանակներում վերափոխությունների արդյունքում։ Որոշ քաղաքագետների կարծիքով, առաջատար եվրոպական պետությունների, հատկապես Ֆրանսիայի ու Գերմանիայի առջև խնդիր է դրված ավելի հեռանկարային, ռազմավարական քաղաքականություն մշակել Իրանի և ողջ տարածաշրջանի առնչությամբ։ Ներկայումս Ֆրանսիան ու Եվրամիությունը դեռևս ռազմավարություն չունեն Իրանի և այնքան կարևոր մի տարածաշրջանի առնչությամբ, ինչպիսին Մերձավոր Արևելքն է։ Առաջ ֆրանսիացիները կարծում էին, թե իրենց երկիրը լուրջ ռազմավարություն է իրականացնում, սակայն իրականում նման բան չկա։ Դրանից է կախված ոչ միայն Ֆրանսիայի, այլև Եվրոպայի տեղը համաշխարհային քաղաքականության մեջ։ Ներկայումս իրանական խնդիրների շուրջ Ֆրանսիայի ու Գերմանիայի գործակցությունը ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ նպաստում է Իրանի և տարածաշրջանի այլ երկրների առնչությամբ Ֆրանսիայի քաղաքական ռազմավարության մշակմանն ու հաստատմանը։
Եվրոպայի քաղաքագետների կարծիքով, Իրանը գտնվում է քաղաքական զարգացման անցումային փուլում, ներկա վարչակազմը սպառել է իրեն, նրա ներսում կան խմբավորումներ, որոնք ձգտում են լուրջ փոփոխություններ մտցնել ներքին և արտաքին քաղաքականության մեջ։ Մինչ օրս հասկանալի չէ, թե ներկա իշխանական շրջանակներում հատկապես ով է ընդունակ զբաղեցնելու Իրանի առաջատար լիդերի տեղը։ Ամենայն հավանականությամբ, իշխանությունում գտնվող առավել եռանդուն քաղաքական գործիչն Ալի Լարիջանին է, որը վայելում է բավականին պատրաստված օգնականների և գաղափարակիցների աջակցությունը։ Իրանը դեռևս մեծ իրադարձությունների է սպասում, երբ հրապարակ կգան նոր քաղգործիչներ, նոր քաղաքական խմբավորումներ ու կուսակցություններ, ուստի առայժմ շատ վաղ է խոսել Իրանի քաղաքականության հնարավոր փոփոխությունների մասին։ Բայց, քաղգործիչների կարծիքով, Իրանն արդեն թևակոխել է արտաքին քաղաքականության ճշգրտման ժամանակաշրջան, և ներկա ղեկավարները լավ են հասկանում, որ Իրանին միջազգային մեկուսացում է սպասում, ինչն աղետալի հետևանքներ կունենա տնտեսության ու սոցիալական իրադրության համար։ Քաղգործիչներն ու որոշ փորձագետներ չափազանց մեծ նշանակություն են տալիս պատժամիջոցներին, համարելով, որ դրանք կարող են Իրանին հարկադրել ընդունելու «միջուկային ծրագրի» հետ կապված արտաքին պահանջները։ Պատժամիջոցները, իհարկե, չեն կարող ազդեցություն չգործել Իրանի տնտեսական դրության վրա, բայց ամենևին էլ ոչ այնքան ուժեղ ազդեցություն, ինչի մասին խոսում են ամերիկյան ու եվրոպական քաղգործիչները։ Իրանն ավելի շուտ անհանգստացած է ոչ թե պատժամիջոցներից, այլ այն իրադարձությունների խորացումից, որոնց պատճառով կարող է քաղաքական մեկուսացման մեջ հայտնվել և, հնարավոր է, մարտական հարվածների ենթարկվել։ Փորձագետների կարծիքով, պատժամիջոցները կսաստկանան, և ներկայումս դրանց մեթոդների կիրառման հարցը քննարկվում է համաշխարհային տերությունների կողմից։
Հիմք չկա պնդելու, թե վերջին շրջանում Իրանի արտաքին քաղաքականությունից բխող սպառնալիքները մեծացել են, ինչպես հաճախ պնդում են ամերիկյան և իսրայելական քարոզչամիջոցները։ Ընդհակառակը, պետությունների կոալիցիայի ստեղծման շնորհիվ, որը որոշել է պատժամիջոցների բնույթը, Իրանի հնարավորություններն արտաքին քաղաքականության մեջ, հատկապես տարածաշրջանային քաղաքականության, սահմանափակվել են։ Իրանը ներկայումս իրեն այնքան էլ հարմարավետ չի զգում միջազգային ասպարեզում, և շատ դեպքերում մարտավարական տարբեր հարվածներից անցել է խոր պաշտպանության։ Ներկայումս Իրանի զինված ուժերը մեծ վերելք ու զարգացում են ապրում և կարող են լուրջ սպառնալիք ներկայացնել տարածաշրջանում, առաջին հերթին` Պարսից ծոցի գոտում, սակայն Իրանի քաղաքական ու ռազմական ղեկավարությունը ոչ մի մտադրություն չունի վարելու ավելի ագրեսիվ արտաքին քաղաքականություն։ ԱՄՆ-ի, Եվրոպայի և Մերձավոր Արևելքի առաջատար պետությունների հայեցակարգերում Իրանը շարունակում է դիտարկվել որպես ոչ ագրեսիվ պետություն, որը նպատակ չունի ռազմական ագրեսիա ձեռնարկելու որևէ ուղղությամբ։ Իրանի «միջուկային ծրագրի» զարգացման անթույլատրելիությունը հիմնավորվում է ոչ թե միջուկային բաղադրիչը պաշտպանական դոկտրինի մեջ մտնելու հեռանկարով, այլ տարածաշրջանում իրադարձությունների զարգացման հետևանքով Իրանին միջուկային բախման մեջ ներքաշելու հնարավորությամբ։ Հնարավոր է, որ սահմանափակ միջուկային մարտալիցքեր ունեցող Իրանն ավելի անվտանգ պետություն լինի, բայց խնդիրն անգամ բուն Իրանի միջուկային կարողությունը չէ, այլ տարածաշրջանում և աշխարհում շղթայական ռեակցիայի ձևով միջուկային զենքի տարածումը։ Երևի որոշ հետախուզական ծառայություններ կնախընտրեն վերացնել միջուկային տեխնոլոգիաների մասնագետներին, քան կփորձեն զսպել «միջուկային ծրագրի» զարգացումը։
ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան, Իսրայելն ու Սաուդյան Արաբիան, սակավազդեցիկ պետությունների որոշակի մասնակցությամբ ծավալել են իրանական վարչակազմի, Իրանի քաղաքական և սոցիալական կարգերի խարխլման լայն ծրագիր։ Իրանական հանրությունը համարվում է զարգացող և «անցումային տեսակի»։ Դա կարող է հեղափոխական նոր իրադարձությունների, գուցե և «երկրորդ իսլամական հեղափոխության» պատճառ դառնալ, ըստ էության, նույն կարգախոսներով, ինչ առաջինը։ Ինչ վերաբերում է պատժամիջոցների արդյունավետությանը, ապա պետք է նշել, որ տնտեսական և սոցիալական ստանդարտներն Իրանում զգալիորեն տարբերվում են արևմտյանից, և անհրաժեշտ է հասկանալ, որ Իրանի տնտեսական դժվարությունները չեն կարող էապես անդրադառնալ երկրում տիրող քաղաքական իրադրության վրա։ Փորձագետների կարծիքով, պատժամիջոցները, իրոք, էապես ազդել են Իրանի ներքին իրադրության վրա, բայց դրանք չեն կարող հանգեցնել ներքին բողոքների։ Դրանք ավելի շուտ կառավարող վերնախավին հասկանալ կտան, որ չի կարելի երկիրն ավելի խոր հրել մեկուսացման ճահիճը։ Անհրաժեշտ տեղեկություններ ունեցող փորձագետների ճնշող մեծամասնությունը կարծում է, որ պատժամիջոցները կարևոր դեր են խաղացել այն բանում, որ իրանական ղեկավարությունը վերանայի իր կեցվածքը «միջուկային ծրագրի» բանակցություններում։ Եվրամիությունն աշխատում է ավելի կարևոր դեր խաղալ Իրանի հանդեպ Արևմուտքի քաղաքականության զարգացման գործում, եվրոպական կառույցները մտադիր են շարունակել պատժամիջոցների կոշտացումը, ընդլայնել դրանք և այժմ առաջարկում են նոր պատժամիջոցներ, որոնք տարածվում են արդյունաբերական ապրանքների տեսականու ավելի լայն շրջանակի վրա։
Թուրքիան երբեք Իրանի հանդեպ իսկապես ազնիվ քաղաքական կուրս չի վարել, և վերջին ժամանակներս ձգտում է քաղաքական շահ քաղել, մասնակցելով Արևմուտքի և Իրանի միջև տեղի ունեցող խաղին։ Թուրքիան, հայտարարելով Իրանի ու արաբական պետությունների հետ տնտեսական գործակցության համատեղ գոտի ստեղծելու մտադրությունների մասին, խանդով է վերաբերվում Մերձավոր Արևելքում Իրանի ազդեցությանը և կառուցում է իր քաղաքականությունը, որը միտված է տարածաշրջանի ազդեցիկ տերությունների թվից Իրանին դուրս մղելուն։ Թուրքիան շեշտը դնում է «սուննիական գործոնի» վրա, այդ թվում այնպիսի երկրներում, ինչպիսիք են շիական ուժեղ դիրքեր ունեցող Սիրիան ու Լիբանանը։ Իրանն արդեն հասկացել է Թուրքիայի այդ նպատակները և աշխատում է սահմանափակել նրա ազդեցությունը լիբանանյան «Հըզբոլլահ» կուսակցության միջոցով։ Սակայն Թուրքիայի և Իրանի միջև գլխավոր պայքարը ծավալվում է ոչ թե Սիրիայում և Լիբանանում, այլ Իրաքում, ուր Թուրքիան ունի ոչ միայն քաղաքական ու տնտեսական, այլև անվտանգության խնդիր` կապված քրդական գործոնի հետ։ Թուրքիան առայժմ հաջողությամբ ձգտում է նոր դիրքեր ձեռք բերել Իրաքում, նվաճելով տնտեսական և հումքային շուկաներ, հենվելով սուննիական արաբական քաղաքական ուժերի աջակցության վրա։ Սակայն տնտեսական այդ հաջողություններն այնքան էլ մեծ չեն և սահմանափակվում են հիմնականում առևտրով։ Թուրքիան չի կարողանա արմատավորվել էներգետիկ հատվածում և իր դիրքերը հաստատել նավթի ու գազի արդյունաբերության մեջ, ինչին ուժգնորեն կխոչընդոտեն արևմտյան տերությունները։ Ընդհանուր առմամբ, Թուրքիան չունի բավականաչափ նշանակալի տնտեսական կարողություններ` գերիշխող դիրքեր գրավելու և Իրանին դուրս մղելու համար։
Այժմ և ապագայում Իրանն ավելի նախընտրելի դիրքեր կունենա, հենվելով Իրաքի շիա մեծամասնության վրա։ Փորձագետները կարծում են, որ թուրք-իրանական հարաբերություններն ունեն մեծ մասամբ ծաղրանկարային բնույթ, և Թուրքիան վերջին ժամանակներս սահմանափակում է իր նախաձեռնությունները Իրանի գծով` Արևմուտքի հետ նրա հարաբերությունների կարգավորման առումով։ Արևմտյան տերությունները շահագրգռված չեն իրանական խնդրի շրջանակներում Թուրքիայի դերի մեծացմամբ, և, առհասարակ, Թուրքիան համարում են «ավելորդ խաղացող» Իրանի հետ Արևմուտքի հարաբերություններում։
Իրանի առնչությամբ Ֆրանսիայի, Գերմանիայի և Ռուսաստանի քաղաքականությունն էապես տարբերվում է ԱՄՆ-ի ու Մեծ Բրիտանիայի քաղաքականությունից։ Մեծ Բրիտանիան քանիցս առաջարկել է Ֆրանսիային երկկողմ պայմանագիր կնքել Իրանի առնչությամբ` հատուկ միջոցառումներ իրականացնելու վերաբերյալ։ Խոսքը, ըստ էության, քայքայիչ գործունեության և տեղեկությունների հավաքման մասին է։ Մեծ Բրիտանիայի և Ֆրանսիայի միջև համանման պայմանավորվածություններ կան ահաբեկչության ու իսլամական արմատականության վերաբերյալ, ինչը բրիտանացիներին հույս էր ներշնչել, որ նման պայմանավորվածություն կարող է ձեռք բերվել նաև Իրանի առնչությամբ։ Պետք է նշել, որ Մեծ Բրիտանիան նման առաջարկություն Գերմանիային երբեք չի արել։ Ֆրանսիան քիչ բան չի արել Իրանում մարդու իրավունքների և ազատությունների խախտման հարցը ՄԱԿ-ի և Եվրամիության գործունեության օրակարգ մտցնելու ուղղությամբ և շարունակում է զբաղվել այդ գործով։ Ավելին, Ֆրանսիան մտադիր է ընդլայնել իր մասնակցությունն Իրանում մարդու իրավունքների խախտումների կապակցությամբ ձեռնարկվող քայլերի շրջանակում։ Երկար ժամանակ է, ինչ Ֆրանսիայում են գտնվում իրանական առավել ազդեցիկ ընդդիմադիր խմբավորումների, այդ թվում` «Հալգ մոջեհեդինի» ներկայացուցիչները, որոնք այժմ նախընտրում են հիմնավորվել Մեծ Բրիտանիայում։ Միաժամանակ «Ֆրանսիան բացառում է Իրանի պետական և քաղաքական վարչակարգի խարխլմանը նպատակաուղղված նախաձեռնություններին մասնակցելու հնարավորությունը։ Մեծ Բրիտանիան կարևոր տեղ է գրավում Իրանում հակակառավարական գործողությունների իրականացման զանազան միջոցառումների կազմակերպման գործում և ձգտում է դրանցում ներգրավել Եվրոպայի և Մերձավոր Արևելքի այլ պետությունների։ Ներկայումս Լոնդոնում փորձեր են արվում իրանական քաղաքական վտարանդիների ավանդական կենտրոններն այլ մայրաքաղաքներից ու պետություններից իրենց տարածք տեղափոխելու ուղղությամբ։ Այս կապակցությամբ Ֆրանսիան շահագրգռված է իր տարածքում արաբական և իրանական կազմակերպությունների կենտրոնակայանների ու հենակետերի պահպանմամբ։ Ֆրանսիական վերլուծական ընկերակցությունը շատ ավելի սակավ փորձ ունի Իրանում տեղի ունեցող քաղաքական գործընթացների հետազոտման առումով, քան բրիտանական կամ ամերիկյան փորձագետները։ Այդուամենայնիվ, Ֆրանսիայում որոշ պատկերացում է ձևավորվել Իրանում քաղաքական գործընթացների հնարավոր զարգացման վերաբերյալ։ Իրանում ձևավորված ներքաղաքական իրավիճակում նախապատվությունների հարցում Ֆրանսիայի (հնարավոր է նաև Գերմանիայի) դիրքորոշման առնչությամբ կարելի է պնդել, որ առավել նախապատվելի քաղաքական դեմքը Ալի Լարիջանին է։ Ֆրանսիացի փորձագետների պնդմամբ` Ֆրանսիան, անշուշտ, կաջակցի այդ գործչին և կպնդի, որ Մեծ Բրիտանիան ու Գերմանիան ևս աջակցեն նրան, եթե նա իր թեկնածությունն առաջադրի Իրանի նախագահի պոստում։ Դրա հետ մեկտեղ, Իրանի արտգործնախարարի պոստից Մ. Մոթաքիի ազատումը Եվրոպայում համարվում է մի քայլ, որի նպատակը երկրի քաղաքական ղեկավարությանն անհաճո քաղգործիչների հեռացումն է։
Արաբական երկրների հեղափոխությունները, այսպես թե այնպես, ճշգրտումներ կմտցնեն Իրանի հանդեպ եվրոպական պետությունների դիրքորոշման մեջ, որն ավելի ու ավելի կդիտվի որպես Մերձավոր Արևելքում Ֆրանսիայի ու Գերմանիայի, ինչպես նաև Մեծ Բրիտանիայի քաղաքականության գործընկեր։ Իրանի հետ մերձեցման հնարավորությունն է՛լ ավելի կթուլացնի Թուրքիայի դիրքերը տարածաշրջաններում, կհանգեցնի այստեղ միանգամայն նոր իրողությունների, հնարավորություն կընձեռի ավելի կառավարելի ու կանխատեսելի նախաձեռնություններ ներկայացնելու Մերձավոր Արևելքի պետությունների հետ քաղաքական հարաբերություններում։ Որքան էլ տարօրինակ լինի, ներկա իրավիճակում, երբ Թուրքիան միանգամայն ամբոխավարական քաղաքականություն է վարում հեղափոխական ցնցումների մեջ գտնվող արաբական երկրների նկատմամբ, իսկ ԱՄՆ-ը դեռևս պատրաստ չէ Իրանի հետ հարաբերությունների կարգավորմանը, Եվրոպան կարող է նոր երկխոսություն սկսել այդ երկրի հետ։
Իգոր ՄՈՒՐԱԴՅԱՆ

Դիտվել է՝ 920

Մեկնաբանություններ