Մոսկվան ակնկալում է, որ Հայաստանի իշխանությունները թույլ չեն տա դպրոցներ տեղափոխել 8-րդ դասարանի պատմության դասագիրքը, որը խեղաթյուրում է 18-րդ դարավերջի և 19-րդ դարասկզբի Հարավային Կովկասի իրադարձությունները՝ ասված է ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ: Ըստ այդմ՝ դասագրքի գլուխներից մեկում «Արևելյան Հայաստանի բռնի միացումը Ռուսաստանին» սադրիչ վերնագրով վերանայվել են 1826-1828 թ.թ. ռուս-պարսկական պատերազմի արդյունքներն ու Թուրքմանչայի պայմանագիրը կոչվել է Արևելյան Հայաստանի «բռնակցում»:                
 

ԵՐԲ ԱՆԳՂՆԵՐԸ ՃՆՃՂՈՒԿ ԵՆ ԴԱՌՆՈՒՄ

  ԵՐԲ ԱՆԳՂՆԵՐԸ ՃՆՃՂՈՒԿ ԵՆ ԴԱՌՆՈՒՄ
17.05.2011 | 00:00

Մեր երկրի իրավական դաշտը հիվանդ է: Հիվանդ է 1990 թվականի մայիսի 27-ից սկսած: Այդ օրը մի խումբ իշխանատենչ բախտախնդիրներ (կյանքը ցույց տվեց, որ նրանց ղեկավարում էր Արևմուտքը), խաբելով ազգային էությամբ լցված մի խումբ երիտասարդների (առավոտյան` կայարանամերձ հրապարակում, իսկ երեկոյան` Էրեբունի-Նուբարաշեն թաղամասում), մղեցին արկածախնդրության (տղաների հոգիներն իրոք ունեին և՛ թռիչք, և՛ թև, քանզի համոզված էին, որ գնում են Ղարաբաղում կռվելու համար զենք հայթայթելու), ու նրանք դուրս եկան խորհրդային բանակի զինվորների դեմ:
Այդ օրը կատարված երկու դեպքերը դիտարկվեցին որպես առանձին քրեական գործեր և նախաքննության արդյունքում թաղվեցին: Դա էլ նախադեպ դարձավ հետագայում բոլոր նման կարգի քրեական գործերի ընթացքը նույն հունով տանելու: Մայիսի 27-ի գործերով ՀՀՇ-ն դիվիդենդներ շահեց խաբված ժողովրդի մոտ և հունիսի 20-ի ՀԽՍՀ Գերագույն խորհրդի ընտրությունների 2-րդ փուլում կարողացավ ապահովել իշխանության գալու գործը: Իշխանության գալուց հետո շատ պաշտոնատար անձանց արյուն հոսեց: Եվ այդ արյունը ոչ մի իրավական գնահատական չստացավ (ասել է` դատավճիռ չարձակվեց): 1998-ին, ինչպես պնդում են որոշ թերթեր, երկրում դավադրություն եղավ, և իշխանությունը զավթվեց: Ամենակարևորն այն էր, գուցե և զարմանալի, որ զավթման ընթացքում հասարակ ժողովրդից և ոչ մեկը չտուժեց, արյուն չթափվեց, ասենք` իշխանավորի արյուն էլ չթափվեց: ՈՒրեմն կարելի է բացականչել` կեցցե՜ անարյուն հեղաշրջումը: Հետո եղան դեպքեր վիթխարի` 1999-ի հոկտեմբերի 27, 2004-ի ապրիլի 12, հետո 2008-ի մարտի 1:
Անկեղծ ասած, չեմ պատրաստվում այդ բոլոր գործերը մեկ առ մեկ վերլուծելու և ասելու, թե ով է (նկատի ունեմ իրավական դաշտի անգղներին, ովքեր նման դեպքերում վերածվում են խեղճ ճնճղուկների) մեղավոր: Ընդամենը կասեմ` մեղավորը բոլոր ժամանակներում երկրի առաջին դեմքն է, որ երկիրն իրավական չէ, և անգղները ճնճղուկ են դառնում: Ահա այդ մեղավոր առաջին դեմքերից մեկը, որը երկրի երկրորդ նախագահն է, հարցազրույց է տալիս «Մեդիամաքս» գործակալությանը, և՞ …
Մինչև «և»-ից «հետո»-ին անցնելը, նախկին պաշտոնյաներից մեկին օրեր առաջ ուղղված մեղադրանքիս խոսքերը կուզեի հիշեցնել, որով կկրկնեմ հայտնի ժողովրդական ասացվածքը` «Կո՛ւժ, քե՛զ եմ ասում, կուլա՛, դո՛ւ լսիր»:
Արտաշատում գյուղապետերի հանդիպում էր գյուղնախարարի հետ: Ներկա էր նաև հանրահայտ Խոսրով Հարությունյանը: Երբ վերջինս, որպես գյուղի խոշոր գիտակ, փորձեց օգնել նեղն ընկած գյուղնախարարին, չհամբերեցի. «Դուք ընդհանրապես բարոյական իրավունք չունեք խոսելու գյուղի հարցերից, որովհետև Ձեր և Ձեր նախորդի օրոք է սկսվել (հիշում եք, չէ՞, «գանգրահեր տղան» ինչ չափսերի բադրիջան պիտի բերեր Պարսկաստանից, եթե հայ գյուղացին չմշակեր հողը) այս գյուղի քայքայումը և շարունակվում է առայսօր»:
Հիմա` կուլա՛, իմա` Ռոբերտ Քոչարյան, դո՛ւ լսիր:
Ի՞նչ է նշանակում, թե «բոլոր ութ քաղաքացիական անձինք հասարակ մարդիկ էին, որոնք որևէ կերպ չէին դրսևորել իրենց քաղաքականության մեջ: Նրանցից չորսը զոհվել են հրազենային վնասվածքներից: Ո՞Ւմ կարող էր պետք լինել միտումնավոր կրակ բացել նրանց վրա: Դա կա՛մ հանգամանքների ողբերգական համադրություն էր, կա՛մ էլ ոմանց գիտակցված գործողություն` իշխանություններին վարկաբեկելու նպատակով»: Ավելի քան տարօրինակ մտքեր դժվար է պատկերացնել: Լևոն Տեր-Պետրոսյանին մեղադրելը, թե չգնաց ամբոխին հանգստացնելու, ամենևին չի թեթևացնում Ձեր մեղքը, պարոն Քոչարյան: Դո՛ւք գնայիք և հանգստացնեիք: Սովից գազազած, ամեն ինչ ավերող ամբոխին հանգստացնելու համար հղի Կլեոպատրան ինքը գնաց ամբոխի մոտ և նրան դարձի բերեց դեպի մարդ կոչվածը: Դուք Կլեոպատրայի չափ էլ չեղաք, որովհետև գիտեք, որ Ձեր և Ձեր նախորդի անարդարություններից գազազած մարդկանց դժվար է խոսք ասելը: ՈՒրեմն մեկդ պալատում, մյուսն առանձնատանը, հանգիստ քնել էիք, ջհանդամը, թե որքան և ում արյունը կթափվեր: Նման դեպքերում ե՞րբ է «կապույտ» արյուն հոսել (օրինակ, Ձեր, Ձեր նախորդի և Ձեր նմանների), չէ՞ որ բոլոր ժամանակներում փողոցներում հոսում է ժողովրդի կարմիր արյունը, կամ ինչպես Դուք եք ասում, «հասարակ մարդկանց»: Դուք չէիք կարող այլ արյուն հեղել, որովհետև դա գալիս է Ձեր էությունից: Փոքր-ինչ հետ գնանք դեպի Ձեր թագավորության առաջին օրերը: Ասում եմ` թագավորության, ոչ թե նախագահության: Փակագծերը չեմ ուզում բացել: Երբ դրված էր Լևոն Տեր-Պետրոսյանի իշխանության տարիներին քաղաքական գնահատական տալու հարցը (որին, անշուշտ, կհետևեր իրավական գնահատականը), Դուք ասացիք, թե առաջին նախագահին չի կարելի դատել: Գուցե կոպիտ հնչի, բայց թույլ տվեք հարցնել` կույսին բռնաբարողին ինչո՞ւ ենք դատում, չէ՞ որ առաջինն է: Դուք չէիք կարող տալ անցյալի գնահատականը, որովհետև Դո՛ւք էլ պիտի անցնեիք նույն հանցավոր ճանապարհը:
«Դա ՀՀՇ-ի իշխանության օրոք էր, որ սպանում էին անցանկալի ընդդիմադիրներին», հայտարարում եք Դուք: Ասվածով ևս մեկ անգամ հաստատում եք իմ մտքերը: Ովքե՞ր էին անցանկալիներին սպանողները, և ինչո՞ւ անգղներին ճնճղուկ դարձրիք: Այդ ճնճղուկները կարողացան ճաղերի հետևում նստեցնել հանցավոր շնաձկների հետ վտառ կազմող տառեխներին` Գագիկ Ներսիսյանին և Աշոտ Բլեյանին: Կեցցե՛ք Դուք, «թագավոր հայոց», որ վեցնոցներով կարողացաք խաղը շահել և քաղաքական հարց լուծել:
Քոչարյանը մեղադրում է ընդդիմության առաջնորդին, ասելով. «Եթե նա, տանը նստելու փոխարեն, փորձեր սանձել (ինչպիսի՜ լկտի արտահայտություն` «սանձել»- Ս. Հ.) գրգռված ամբոխին, ապա վստահ եմ, հնարավոր կլիներ խուսափել զոհերից»: Ասեմ, պարոն Քոչարյան, Լևոնն ամբողջ կյանքում գործել է մեկ սկզբունքով` ինչքան վատ, այնքան լավ: Նա լավ է ըմբռնել «քաղաքական գործիչ» կոչվածի ողջ էությունը. անօրեն երկրում գահի ճանապարհն անցնում է արյան միջով, շա՜տ արյան միջով: Ասում եմ` շատ, որովհետև մեկ մարդու թափած արյան համար կոչում են հանցագործ, իսկ շա՜տ արյան համար` քաղաքական գործիչ: Լևոնը քաղաքական գործիչ է, ինչպես նաև Դուք: Ա՛յ, դրա համար Լևոնի արարքներին չպիտի տրվեր քաղաքական գնահատական (որին կհետևեր իրավականը)։ Այդ նույն հիմնավորումով նաև Ձեր գնահատականը չտրվեց:
Քոչարյանը խոսում է նաև կոռուպցիայից: Մեկ անգամ ասել և հիմա էլ կրկնում եմ` նրա թիկնազորի պետի (այժմ` հանգուցյալ) կուտակածը (ունեցվածքը) բավական է, որ ժողովուրդը մտածի, թե ով է կոռումպացվածը:
Այդ հարցազրույցում Քոչարյանը միամտության աստիճանի հասնող անհեթեթություններ է ասում, և խնդիրն այն է, որ հետաքննությանը չի հաջողվում բացահայտել մարդկանց մահվան բոլոր հանգամանքները` կոնկրետ անձերին պատասխանատվության կանչելու կամ ինքնապաշտպանության շարժառիթներով նրանց արդարացնելու համար:
Ասեմ` երկար տարիներ աշխատելով դատախազությունում, կարող եմ պնդել, որ հատուկ քննչական ծառայությունը պրոֆեսիոնալ անգղներից կազմված մարմին է և ոչ թե ինչ-որ «կանտորա»: «Անգղ» բառն օգտագործելով` նկատի ունեմ այդ գիշատիչ թռչնի հատկանիշը, որն իսկույն հայտնաբերում է որսին և լուծում նրա հարցերը, տվյալ դեպքում հանցագործությունը և հանցագործին: Եթե հոկտեմբերի 27-ի գործով, իմ խորին համոզմամբ, ոչ պրոֆեսիոնալության պատճառով տապալվեց գործը (նախկին զինդատախազ Գագիկ Ջհանգիրյան և այլք), ապա մարտի մեկի գործով կարող եմ ասել` հավանաբար այլ գործոն է աշխատել, և անգղները, բնականաբար, ճնճղուկ են դարձել: Թե ինչ լուծում կստանա մարտի մեկի գործով նորացված քննության հետագա ընթացքը, դժվար է ասել:
Վերջակետ դնելուց առաջ կուզենայի ավելացնել նաև, որ վերջին քսան տարում մեր ժողովրդի թափած արյունը քաղաքական դաշտում իմաստալից կլիներ, եթե այն չթափվեր այս կամ այն ուզուրպատորի խաղերի արդյունքում:
Մի՞թե այդ խաղի տրամաբանությունը չէ նաև, որ ՀԱԿ-ից հնչեցնում են, թե որպես Հաագայի դատարանում ամբաստանյալի վերջին խոսք` Քոչարյանի գրավոր խոսքը (նկատի ունեն Քոչարյանի հարցազրույցը) շատ լավն էր: Մեջբերեցի այդ խոսքերը, որպեսզի հաստատեմ, որ նրանց համար չկա ազգային շահ, պետական շահ, նրանց համար գլխավորը կույր ատելությամբ և չարախինդ վրեժխնդրությամբ նպատակին հասնելն է: Այդ կարգի մտածողները հարթ ուղեղներով են, որովհետև Հաագայի դատարանը (այդ դեպքում ես զենքով կկանգնեմ Քոչարյանի կողքին), Քոչարյանին դատելով, հայ ժողովրդին չի փրկի նախկին և գալիք ոճրագործներից: Բայց որ կվնասի նաև Ղարաբաղի հարցին, ակնհայտ է: Միլոշևիչին դատելով` սերբ ժողովուրդը, բարոյապես ընկճվելուց և երկփեղկվելուց բացի, ոչինչ չշահեց: Հետաքրքիր է իմանալ` կույր ատելությամբ մեզ որքա՜ն պիտի բարոյալքեն ու երկփեղկեն:
Սոկրատ ՀՈՎՍԵՓՅԱՆ

Դիտվել է՝ 2811

Մեկնաբանություններ