Մոսկվան ակնկալում է, որ Հայաստանի իշխանությունները թույլ չեն տա դպրոցներ տեղափոխել 8-րդ դասարանի պատմության դասագիրքը, որը խեղաթյուրում է 18-րդ դարավերջի և 19-րդ դարասկզբի Հարավային Կովկասի իրադարձությունները՝ ասված է ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ: Ըստ այդմ՝ դասագրքի գլուխներից մեկում «Արևելյան Հայաստանի բռնի միացումը Ռուսաստանին» սադրիչ վերնագրով վերանայվել են 1826-1828 թ.թ. ռուս-պարսկական պատերազմի արդյունքներն ու Թուրքմանչայի պայմանագիրը կոչվել է Արևելյան Հայաստանի «բռնակցում»:                
 

«ԷՐԳԵՆԵԿՈՆ» ԳԱՂՏՆԻ ԽՄԲԱՎՈՐՈՒՄԸ ԿԱՊՎԱԾ Է ԵՂԵԼ ՌՈՒՍԱԿԱՆ ՀԱՏՈՒԿ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԵՏ

«ԷՐԳԵՆԵԿՈՆ» ԳԱՂՏՆԻ ԽՄԲԱՎՈՐՈՒՄԸ ԿԱՊՎԱԾ Է ԵՂԵԼ ՌՈՒՍԱԿԱՆ ՀԱՏՈՒԿ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԵՏ
20.01.2012 | 00:00

Երբ Աստված ուզում է մեկին պատժել, նախ խելքն է առնում։ Իսկ եթե այդ մարդը քաղաքական գործիչ է, առավել ևս` պետության ղեկավար, ապա հետևանքները կարող են աղետալի լինել թե՛ տվյալ երկրի, թե՛ հարևանների համար։
Դատելով վերջին իրադարձություններից, հենց խելացնորությամբ է ախտահարված Անկարայի ողջ կառավարող վերնախավը. սուր հիստերիայի մեջ ոչ միայն պարզապես լիովին մոռանում են քաղաքակիրթ փոխհարաբերությունների տարրական նորմերը, այլև մի տեսակ մոլեգնությամբ ջանում են վիրավորել ու անվանարկել այլ երկրների ղեկավարներին։ Եվ արդյունքում ստացվում է, որ ժամանակին հենց Թուրքիան է ապաստան տվել Իսպանիայից արտաքսված հրեաներին, այդ թվում նաև` Սարկոզիի նախնիներին, ու, համապատասխանաբար, Ֆրանսիայի «ապերախտ» նախագահն արժանանում է իր անունով մակնշված «զուգարանի թղթի» պատվին։ Այնուհետև, առանց երկմտանքի ստվերի իսկ, իր համար սովորական գոռոզամտությամբ, Էրդողանը հայտարարում է, թե Ալժիրի վարչապետ Ահմեդ ՈՒյահյան, որը նախազգուշացվել էր «իր նպատակների համար չօգտագործել ալժիրցիների արյունը», չի վայելում բնակչության աջակցությունը, իսկ Սիրիայի նախագահ Բաշար Ասադին, որ մինչև վերջերս նրա «մտերիմ ընկերն» էր, առհասարակ թուրք վարչապետը մեղադրում է սեփական քաղաքացիների «անգութ սպանությունների» մեջ։ Համաձայնեք, երբ ամբողջ Մերձավոր Արևելքը բոցերի մեջ է, նման մեղադրանքներն ուղղակի հրահրիչ են։ Այս պարագայում, որքան էլ տարօրինակ լինի, նման ակնհայտ սադրանքներից հետո Էրդողանն ու նրա մանկլավիկները հարգանք են պահանջում ինչպես երկրի ներսում, այնպես էլ նրա սահմաններից դուրս։
Սակայն թրքական իշխանությունների վերջին «սխրանքների» շարքում առանձնանում են երկրի ներքին իրադարձությունները։ Այսպես, ոստիկանությունը դեռ չի դադարեցրել քուրդ գործիչների հետապնդումները` Քրդստանի ընկերությունների միության գործի առնչությամբ։ Վերջերս ձերբակալվել են Թուրքիայի հարավարևելյան մասում գտնվող Էսենդերեյի քաղաքի համայնքապետն ու միության վեց անդամներ։ Նշենք, որ, այսպիսով, ձերբակալված քուրդ գործիչների թիվն այս մի քանի օրում հասել է 92-ի։ Այնուհետև, Թուրքիայի ԶՈՒ գլխավոր շտաբի նախկին ղեկավար Իլքեր Բաշբուղը Ստամբուլի ծանր հանցագործությունների դատարանում, յոթժամյա հարցաքննություններից հետո ձերբակալվել է և փակվել Սիլիվրիի բանտում, ուր պահվում են «Էրգենեկոն» կազմակերպության կալանված անդամները։ Բաշբուղը կասկածվում է երկրում իշխանության բռնազավթման նպատակով ահաբեկչական ջոկատներ ստեղծելու, ինչպես նաև Թուրքիայի կառավարող «Արդարություն և զարգացում» կուսակցության դեմ ուղղված գործունեություն իրականացնելու մեջ։ Բացի այդ, մեղադրվում է այն բանում, որ նրա հրամանով ստեղծվել են կառավարության քաղաքականությունը վարկաբեկող համացանցային կայքեր։ Շեշտվում է նաև, որ գլխավոր շտաբի նախկին պետը կապված է «Էրգենեկոն» խմբի հետ, որը մտադրվել էր զինվորական հեղաշրջում կազմակերպել։ Հիշեցնենք, «Էրգենեկոն» գաղտնի կազմակերպության գործն սկսվել է դեռ 2007-ին։ Այն ժամանակ Ստամբուլում ապրող բանակային պահեստի մի սպայի բնակարանում հայտնաբերվել էր 28 ձեռքի նռնակ։ Այդ զինամթերքը, ինչպես հայտարարել էր հետաքննության մարմինը, պատկանել է մինչ այդ անհայտ «Էրգենեկոն» խմբավորմանը` մի գաղտնի կառույցի, որն զբաղվում էր թուրք հասարակության բոլոր ոլորտներում իր մարդկանց ներդրմամբ և ջանում էր կառավարել բանակը, լրատվամիջոցները, քաղաքական կուսակցություններն ու ակադեմիական շրջանակները։ Ի դեպ, պաշտոնական Անկարան հայտարարում է, որ մեղադրյալները կառավարող կուսակցության տապալման փորձերին ձեռնամուխ են եղել դեռ 2003-ին, այն բանից հետո, երբ «Արդարության ու զարգացում» կուսակցությունն ստանձնեց իշխանության ղեկը։ Հետաքննության տարիներին ի հայտ եկավ, որ հենց «Էրգենեկոն» կազմակերպությունն է կանգնած վերջին տասնամյակում Թուրքիայում կատարված բոլոր ամենաաղմկոտ, բայց չբացահայտված հանցագործությունների հետևում։ Նրան է վերագրվել Հրանտ Դինքի սպանության պատասխանատվությունը, բացի այդ, հետաքննությունը հայտարարել է, որ «Էրգենեկոնի» գրոհայինները ծրագրել էին սպանել գրականության Նոբելյան մրցանակի դափնեկիր Օրհան Փամուկին։ «Էրգենեկոնը» նաև համարվում էր մի կառույց, որի գործունեության կառավարմանն ու ֆինանսավորմանը մասնակցել են տարբեր «արտաքին կենտրոններ»։ Թուրքիայի հանրապետական դատախազությունն արդեն հայտարարել է, որ «Էրգենեկոն» կազմակերպության հիմնական նպատակն է եղել քաոսի ու անարխիայի մթնոլորտ ստեղծելու միջոցով երկրում հող նախապատրաստել զինվորական հեղաշրջում իրականացնելու համար։ Այսօր Թուրքիայի իշխանությունները 196 մարդու, այդ թվում` պաշտոնաթող բարձրաստիճան գեներալների, մեղադրում են Էրդողանի կառավարության տապալման նպատակով դավադրություն նյութելու մեջ։ Եթե ամբաստանյալները մեղավոր ճանաչվեն, նրանց սպառնում է մինչև 20 տարվա ազատազրկում։
Մի շատ հետաքրքիր հանգամանք ևս. թյուրքական դիցաբանության համաձայն, «Էրգենեկոնն» առասպելական այն վայրի անվանումն է, որը, իբր, գտնվում է Ալթայի դժվարամատչելի հովիտներում, որտեղ, ինչպես ենթադրվում է, Ասիայի միջնադարյան խոշոր պետություններից մեկի` Թյուրքական խաքանության հիմնադիր Բումըն խաքանը ժողովել ու միավորել է թյուրքական ցեղերը։ Եվ ահա հիմա, «բոլոր թուրքերի հայրենիքի» մասին առասպելը, ինչպես կարծում են թուրքական իշխանությունները, որդեգրվել է ինչ-որ մութ ուժերի կողմից, իսկ բուն կառույցը, իբր, իրենից ներկայացնում է «կիսամասոնական» գաղտնի միավորում։ Ի դեպ, վերջերս Թուրքիայի վարչապետը պարզաբանել է, թե իրականում քրդական աշխատավորական կուսակցության թիկունքին կանգնած է «Էրգենեկոնը», և հենց այդ կառույցն է ծրագրել բռնության գործողությունները։ «Ոմանց ալեկոծեցին ավելի վաղ իմ արած դիտողություններն ահաբեկչական գործողությունների հետևում կանգնած «ենթակապալառուի» մասին։ Սակայն «Էրգենեկոնին» առաջադրված մեղադրանքը շատ պարզորոշ ցույց է տալիս կապն այդ ահաբեկչական կազմակերպության ու երկրի ներսում բույն դրած ավազակախմբերի միջև»,- ասել է Էրդողանը։ «Էրգենեկոնի» գործունեության հետաքննության շրջանակներում կազմված մեղադրական եզրակացությունում հաճախ է հիշատակվում կապն անօրինական կազմակերպությունների հետ, որոնց գործունեության նպատակը թրքական հասարակության մեջ քաոս առաջացնելն ու զինվորական հեղաշրջման համար պայմաններ ստեղծելն է։ Ավելի վաղ անվտանգության թրքական կառույցներն արաբական «Ալ-Ջազիրա» արբանյակային հեռուստաալիքով հաղորդագրություններ էին տարածում այն մասին, թե իսրայելական «Մոսսադ» հատուկ ծառայությունը, իբր, մտադիր է սպանել թրքական վարչապետին։ Նշվում էր, որ դա հայտնի է դարձել «Էրգենեկոն» խմբավորման գործունեության հետ կապված հետաքննության շնորհիվ։ «Ալ-Ջազիրայի» տեղեկություններով, թրքական հակահետախուզությունը կարողացել է մերկացնել մի իսրայելցի լրագրողի, որն էլեկտրոնային նամակներ է առաքել «Էրգենեկոնի» հսկողության տակ գտնվող մարդկանց, ծանուցելով, թե «Մոսսադը» պատրաստ է մահափորձ կատարելու թուրք կառավարության ղեկավարի նկատմամբ։ Ընդ որում, այդ լրագրողը, իբր, պնդել է, թե «Մոսսադի» ղեկավարը կապեր է ունեցել թրքական կուսակցություններից մեկի ղեկավարության հետ, և նրա գործակալները «պատրաստ են եղել կատարելու առաջադրանքը` այդ քաղաքական կուսակցության համաձայնությունն ստանալու դեպքում»։ Նկատենք` էլ ավելի վաղ, Մոսկվայի հետ հատուկ հարաբերությունների հաստատումից առաջ, թրքական լրատվամիջոցները նշում էին, թե հետաքննության միջոցով պարզվել է, որ գրեթե բոլոր ձերբակալվածներն առանձնանում են Ռուսաստանի հանդեպ անչափ ջերմ վերաբերմունքով, և արձանագրում, որ ձերբակալությունները լուրջ հարված հասցրին թուրք հասարակության «ռուսասեր» ուժերին։ Օրինակ, ձերբակալված գեներալ Էրույգուրը կոչ էր անում դուրս գալ ՆԱՏՕ-ից, միանալ Շանհայի համագործակցության կազմակերպությանը և ռազմական դաշինք կազմել Ռուսաստանի ու Իրանի հետ։ Ավելին, իբր պարզվել էր, թե «Էրգենեկոնի» փաստացի կենտրոնակայանը եղել է Ստամբուլում գտնվող մի եկեղեցի, որը պատկանում է թրքական ուղղափառ եկեղեցուն` սակավ հայտնի կրոնական մի կառույցի, որն առնչություն չունի Կոստանդնուպոլսի պատրիարքարանի հետ։ Թրքական շատ լրատվամիջոցների համար «ռուսական հետքի» սպանիչ ապացույց եղավ այն, որ ոստիկանությունը չկարողացավ ձերբակալել ամբաստանյալներից մեկին` պաշտոնաթող գեներալ Լևենտ Էրսեզին, որը կարողացավ փախչել Ռուսաստան։ Եվ վերջապես, ինչպես նրանք էին պնդում, մեղադրական եզրակացությունում ասվում էր, թե «Էրգենեկոն» գաղտնի խմբավորումը կապված է եղել ռուսական հատուկ ծառայությունների հետ, ընդ որում, նրանց կապող օղակը եղել է Ալեքսանդր Դուգինը։ Բայց ժամանակ անցավ, փոխվեցին գերակայությունները, Էրդողանի արտքաղաքական նկրտումները, «Էրգենեկոնի» գաղտնի տերերն էլ` դրանց հետ։
Սակայն դառնանք վերջին իրադարձություններին։ Եթե հաշվի առնենք, որ սա Թուրքիայի պատմության մեջ առաջին դեպքն է, երբ ձերբակալվում է պետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետը, ապա հետևությունը մեկն է. մեծ խաղ է ծրագրվել, և հետևանքները միանգամայն անկանխատեսելի կարող են լինել։ Հենց Բաշբուղն է հայտարարել. «Ես վատ նպատակ չեմ հետապնդել և չեմ ցանկացել տապալել գործող կառավարությունը 1-2 համացանցային կայքով։ Եթե ես իրոք ցանկանայի դա, ապա այլ ուղի կընտրեի. իմ ձեռքի տակ 700 հազար զինծառայող կար»։ Եվ իրոք, թուրք զինվորականները, որ քանիցս հեղաշրջում են արել երկրում, այդ կարգի գործողությունների հսկայական փորձ ունեն։
Եվ հենց այդ ժամանակ Ստամբուլի դատախազությունը դիմել է խորհրդարանին, խնդրելով պատգամավորական անձեռնմխելիությունից զրկել ընդդիմադիր ժողովրդահանրապետական կուսակցության առաջնորդ Քեմալ Կըլըջդարօղլուին, նրան մեղադրելով «Էրգենեկոնի» գործով զինվորական հեղաշրջման նախապատրաստությանը մասնակցելու համար։ Հարկ է նկատել, որ գլխավոր ընդդիմադիր ժողովրդահանրապետական կուսակցությունը 2011-ի հունիսին Թուրքիայի խորհրդարանական ընտրություններում հավաքել է քվեների 25,94 տոկոսը և 135 տեղ զբաղեցրել խորհրդարանում։ Ինչպե՞ս կվարվեն նրանք իրենց առաջնորդի ձերբակալության պարագայում։ Շատ հավանական է, որ այդ կուսակցության պատգամավորները հեռանան խորհրդարանից, և այդ դեպքում ակնհայտ է, որ հասարակությունը, որն առանց այն էլ ծվատվել է հակասություններից, համակվել անհանդուրժողականությամբ, վերստին կհայտնվի լուրջ ցնցումների շեմին։ Իսկ Էրդողանը և նրա շքախումբը, որքան էլ տարօրինակ լինի, ասես յուղ են լցնում մարմրող կրակին։
Եվ վերջում. երբ այս հոդվածն արդեն պատրաստ էր, համաշխարհային լրատվամիջոցները տեղեկություն տարածեցին այն մասին, որ Յորքի հերցոգուհի Սառա Ֆերգյուսոնին` բրիտանացի արքայազն Էնդրյուի նախկին կնոջը, Թուրքիայում կարող է սպառնալ 22,5 տարվա ազատազրկում։ Թրքական դատարանը հեռակա մեղադրանք է ներկայացրել Ֆերգյուսոնին մանկատան անօրինական տեսանկարահանման և մասնավոր կյանքի անձեռնմխելիության խախտման համար։ Նախկինում նա որպես թղթակից աշխատել է Մեծ Բրիտանիայի ու Միացյալ Նահանգների տարբեր հեռուստաալիքների հետ, և 2008-ին, ուղևորվելով Թուրքիա, նկարահանումներ է կատարել Անկարայի արվարձանում գտնվող որբ երեխաների մանկատանը։ Կադրերում պատկերված է մահճակալներին կապված հինգ երեխա։ Հաղորդվում է, որ նրա արած նկարահանումները նախատեսված են եղել բրիտանական հեռուստածրագրերից մեկի համար։
Մեկնաբանությունները, ինչպես ասում են, ավելորդ են։
Սուսաննա ՊՈՂՈՍՅԱՆ
Շանհայում մեր հատուկ թղթակից

Դիտվել է՝ 979

Մեկնաբանություններ