«Իրենց երկրներում ամերիկյան հրթիռներ տեղակայելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում. ՌԴ-ն կարող է հարվածներ հասցնել այն պետությունների մայրաքաղաքներին, որտեղ ամերիկյան հեռահար զինատեսակներ են նախատեսում տեղակայել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

«ԴՈՒՔ ՁևԱՑՆՈՒՄ ԵՔ, ԹԵ ՎՃԱՐՈՒՄ ԵՔ, ՄԵՆՔ ԷԼ ՁևԱՑՆՈՒՄ ԵՆՔ, ԹԵ ԱՇԽԱՏՈՒՄ ԵՆՔ»

«ԴՈՒՔ ՁևԱՑՆՈՒՄ ԵՔ, ԹԵ ՎՃԱՐՈՒՄ ԵՔ, ՄԵՆՔ ԷԼ ՁևԱՑՆՈՒՄ ԵՆՔ, ԹԵ ԱՇԽԱՏՈՒՄ ԵՆՔ»
11.12.2009 | 00:00

Ֆրանսիայի և Շվեյցարիայի սահմանի երկու կողմերում 100 մետր խորության վրա գտնվող իրապես եզակի արագացուցչի կառուցման համար Եվրամիության երկրները ծախսել են շուրջ 10 մլրդ եվրո։ Համաշխարհային ընդգրկում ունեցող միավորումներից յուրաքանչյուրն ամեն տարի նոր տեխնոլոգիաների, նյութերի և արտադրատեսակների մշակման նպատակով ծախսում է շատ անգամ ավելի ֆինանսական միջոցներ, քան մեր երկրի տարեկան բյուջեն է։ Թեև թռուցիկ ասենք, որ այդտեղ ամեն ինչ այնքան էլ թափանցիկ ու ազնիվ չէ։ Վերցնենք, օրինակ, դեղագործության բնագավառը։ Որպեսզի մշակվի և շուկա հանվի նոր դեղամիջոց միջինը հարկավոր է ծախսել 200-ից մինչև 700 մլն դոլար` նայած հիվանդության բարդությանը։ Բնականաբար, քչերը սիրտ կանեն հարյուր միլիոնավոր դոլարներ ներդնել նոր դեղամիջոց ստեղծելու համար, որը կարող է շուկայում հայտնվել մեկուկես տասնամյակ հետո միայն։ Ընդ որում, ոչ մի ծանրակշիռ երաշխիք չկա, որ այդ ծախսերը կփոխհատուցվեն։ Կարող է և այնպես պատահել, որ դեղամիջոցը քիչ արդյունավետ ստացվի, կամ էլ, ասենք, մրցակիցներն առաջ անցնեն։ Հենց դա է պատճառը, որ ժամանակակից աշխարհում նոր դեղամիջոցների մշակումը շահավետ չէ։ Շատ ավելի հեշտ է գովազդային ներշնչումների միջոցով համոզել մարդկանց շուկա նետված այս կամ այն նորույթի արդյունավետության մեջ։ Այսօր աշխարհում վաճառվող դեղամիջոցների հիմնական զանգվածը ստեղծվել է 20-30 տարի առաջ։ Որպես կանոն` դրանք հին դեղամիջոցներ են, որոնց նոր անվանումներ են տրվել աննշան փոփոխությունների ենթարկելուց հետո։
Ահա այդպես, հարգելի ընթերցող, ժամանակակից աշխարհում որևէ գիտություն, կամ նրա առանձին մի հատված առաջ մղելու համար նման վիթխարի ֆինանսական միջոցներ են հարկավոր։ Ասենք անկեղծորեն` մեր փոքրիկ ու աղքատ երկրի համար դա հնչում է որպես ֆանտաստիկ երկ։ Իսկ այն, ինչը մի փոքր ավելի, մի փոքր պակաս կարող էր իրեն թույլ տալ հզորագույն Կարմիր կայսրության մի մասը կազմող Հայաստանը գիտական հետազոտությունների բնագավառում, մեր օրերում դարձել է սոսկ հուշ։ Սակայն ամենահետաքրքիրն այն է, որ գիտական համակարգը, առանց դույզն-ինչ փոփոխության, մնացել է նույնը, նրա առանցքային հանգույցները ոչ մի կազմակերպչական ձևափոխման չեն ենթարկվել։ Եվ այն այսօր իրենից ներկայացնում է ձև` առանց բովանդակության։
Եվս մի հետաքրքիր պահ. ըստ էության, մեր գիտությունը, նրա ապագան այսօր աշխարհում ոչ մեկի համար հետաքրքրություն չեն ներկայացնում։ Այն աստիճան, որ այն քանդելու համար անգամ ոչ ոք մատը մատին չի տալիս։ Համարեցին, որ մեզ համար աշխարհում լավագույն կրթական համակարգի ժառանգումն ավելորդ շքեղություն է, և հոսեցին ֆինանսական առվակներ (մենք մինչև գետեր չենք ձգում) իբր այն բարեփոխելու համար։ Արդյունքում կարճ ժամանակ անց համակարգը հիմնովին... քարուքանդ արվեց։ Ամենակարևորն այդ գործում համապատասխան կատարողների ընտրությունն է։ Ինչ-ինչ, բայց նման «բարիքի» պակաս այսօր մեր երկրում չկա։ Եթե նույն կենտրոններում որոշեին, որ պետք է «բարեփոխել» նաև գիտությունը, ապա նույն ճակատագրին կարժանանար և այն։ Հենց միայն այդքանով արդեն կարող եք դատել, թե ինչ ներուժի տեր է մեր գիտությունն այսօր։ Դե, իսկ մեր իշխանավորները մինչև չառնեն, այսպես ասած, փողի հոտը, հակված չեն բուռն գործունեություն ձևացնելու։ Այդպես էլ գոյատևում է գիտությունը մեր երկրում` օրըստօրե զառամելով, մինչև այն պահը, երբ ինքն իր ծանրությունից գետին կտապալվի։
Ի տարբերություն ճշգրիտ գիտությունների, հումանիտար բնագավառում հետազոտությունները մեծ միջոցներ չեն պահանջում։ Այս ասպարեզում էլ, սակայն, իրավիճակը, իմ կարծիքով, այնքան տխուր է, որ նույնպիսի ընթերցանության մեջ ձեզ չներքաշելու համար որոշեցի հետագա շարադրանքի մեջ գեղարվեստական պատումի որոշ տարրեր մտցնել։ Ճշտեմ` խոսքը միայն քաղաքական հայագիտության մասին է։
Երբ հերթական վարչապետը, հաղթահարելով ներքին դժկամությունը, մի տեսակ, ասես, պարտադրված ուխտագնացություն է կատարում դեպի գիտությունների ակադեմիա, առաջին իսկ պահից հայտնվում է կառույցի ղեկավար կորիզի սեղմ օղակում։ Եվ միակ մտայնությունը, որը սկսում է տանջել այցելուին, դառնում է այն, թե ինչպես հնարավորինս շրջահոսելի ու անորոշ ձևակերպումներով բարձրաձայնի չորս կողմից հնչող` «մի փոքր չե՞ք ավելացնի ֆինանսավորումը» խնդրանքին իր աներեր «ոչ» պատասխանը։ Մի քանի ժամ ծորացող խոսակցությունից հետո գիտական այրերի համար դա, ի վերջո, հասանելի է դառնում, բայց դեռևս հանձնվել չցանկացող հայցողները մի վերջին փորձ են անում խաղալու նրա հոգու, այսպես ասած, հայրենասիրական լարերի վրա` պահանջելով ստեղծել հայագիտական հետազոտությունների մի հզոր կենտրոն, որպեսզի... Հետևող խոսքերի տարափին վարչապետերից յուրաքանչյուրն ունկնդրում է խիստ քաղաքավարի կերպով, համակ ուշադրություն դարձած, մեծ դժվարությամբ զսպելով` «եղածներն ի՞նչ են անում, որ մի հատ էլ նորը բացենք» խոսքերն արտասանելու։ Բայց, դե, տեսախցիկները հետևում են նրանց ամեն մի շարժմանն ու խոսքին, և նրանք ստիպված են լինում մեղմ ժպիտով խոստանալ այդ մասին մտածել։
Իսկ եղածներն իսկապես էլ քիչ չեն։ Սոսկ թվարկեմ այն առանցքային հաստատությունների անունները, որոնք, ըստ էության, պարտավոր են ծառայել որպես հայկական հարցի բարձրակարգ մասնագետներ պատրաստելու դարբնոց։ Ակադեմիական համակարգում դրանք են` պատմության և արևելագիտության ինստիտուտները, բուհական համակարգում` պետական և մանկավարժական համալսարանների գերհզոր պատմության ֆակուլտետները, թանգարանային համակարգում` պատմության և ցեղասպանության թանգարանները։ Եվ սրանք միայն առանցքայիններն են, իսկ ընդհանրապես, թիվ ու հաշիվ չկա այն մեկը մյուսից հնչեղ անուններ կրող մեծ ու փոքր կառույցներին, որոնք հավակնում են բացառապես «ստրատեգիական հետազոտությունների կենտրոններ» լինելուն։ Բնականաբար, քաղաքական հայագիտության առանցքի շուրջ։
Եթե ժամանակակից ռազմական ինքնաթիռներին տիրապետող բարձրակարգ օդաչուների պատրաստումը պահանջում է 8-10 տարի, ապա հայկական հարցի (կամ նրա առանձին բաղկացուցիչների) նույնքան որակյալ մասնագետներ պատրաստելու համար անհրաժեշտ է առնվազն 25 տարի։ Թեև «պատրաստել» բառն այստեղ էլ հարմար չէ` բարձրագույն կրթություն ստանալուց հետո մնացած ողջ կրակը պետք է մարդու ներսից լինի։ Ես ելնում եմ այն նախադրյալից, որ նման նվիրյալների պակաս մեր ազգն այսօր, չնայած վերջին տասնամյակներում տեղ գտած այլասքող բոլոր իրողություններին, այնուամենայնիվ, չունի, ուստի այն, որ ներկա պահին մեր երկրում ուղղակի չկան ասածս մակարդակի մասնագետներ, կարծում եմ, որ ինձ հիմք է տալիս պնդելու, որ դա ոչ թե անհատների, այլ համակարգի ճգնաժամ է։
Անկեղծ ասած, ձեռքս չի բարձրանում հանդիմանանքի մեկ խոսք անգամ գրելու նշված կառույցներում աշխատող գիտաշխատողների հասցեին։ Այստեղ գործում է դեռևս խորհրդային տարիներին ծնունդ առած` «Դուք ձևացնում եք, թե վճարում եք, մենք էլ ձևացնում ենք, թե աշխատում ենք» թևավոր խոսքերի սկզբունքը, այն տարբերությամբ միայն, որ, բոլոր սոցիալական արտոնություններով հանդերձ, խորհրդային գիտաշխատողը, երևի թե մի տասն անգամ ավելի լավ էր ապրում, քան նույն գիտնականն այսօր։ Սրան գումարվել է նաև վախի մթնոլորտը, որը միանգամայն շոշափելի տեսքով կախվել է նրանցից յուրաքանչյուրի գլխին։ Փորձեք հիշել` ե՞րբ եք վերջին անգամ հանրային հեռուստատեսությամբ տեսել ու լսել մի որևէ պատմաբանի, որը բացեիբաց քննադատեր հայկական հարցում իշխանությունների վարած արտաքին քաղաքականությունը։ Չեք մտաբերի։ Թղթախաղի կապուկի նման անփոփոխ «հեռուստատեսային» պալատական պատմաբաններից բացի, ոչ ոք այնտեղ մուտք չունի։ Եվ չեմ կարծում, թե պետք է մանրամասնել այն հանգամանքը, որ այս վերջիններիս միակ գործը որևէ ժամանակ նախագահական նստավայրից ելնող ցանկացած նախաձեռնության թմբկահարումն ու շեփորահարումն է, մինչև... հաջորդ նախագահը։
Հիմա, իմ կարծիքով, ամենակարևորը. ներկա իշխանություններն իրենք շահագրգռված չեն բարձրակարգ մասնագետների պատրաստմամբ այն պարզ պատճառով, որ նման մարդկանց կառավարելի դարձնելը չափազանց դժվար, գրեթե անհնարին գործ է։ ՈՒ հենց դա է պատճառը, որ մի տեսակ ինքնըստինքյան մարել են «հայագիտական կենտրոն» պահանջողների մի ժամանակ բավականին բարձր հնչող ձայները։ Իշխանությունները պարզ հասկացնել են տվել, որ այդ ձեռնարկն իրենց սրտովը չէ ու... երանելի անդորր է իջել։ Իսկ անելիքները հայկական հարցի պատմության ուսումնասիրման բնագավառում առավել քան շատ են։
Ընդհանրապես, աշխարհում չկա մի այլ գիտություն, որտեղ իրար վրա կուտակված լինեն այդքան սուտ ու կեղծիք, ինչպես պատմությունը։ Մեր պատմությունը նույնպես բացառություն չէ, առավել ևս նրա այն հատվածը, որը սկսվում է Բեռլինի վեհաժողովից մինչև խորհրդային կարգերի հաստատումը։ Դրանցից մի քանիսի մասին հանգամանալից խոսակցությունը թողնենք տեսանելի ապագային, իսկ այժմ ուզում եմ ձեր ուշադրությունը բևեռել հետևյալ հարցի վրա։ Մեզ մոտ խիստ բարձիթողի վիճակում է օտար աղբյուրներից թարգմանության գործը։ Եթե չլիներ ռուսալեզու գրականությունը, ապա հնարավոր է, որ մենք տեղյակ անգամ չլինեինք մեր ճակատագրին առնչվող շատ ու շատ հարցերի։ Հենց դա է պատճառը, որ ես արդեն մի քանի անգամ առիթ եմ ունեցել գրելու և այստեղ էլ չեմ զլանա ևս մեկ անգամ կրկնել, որ առանց ռուսաց լեզվի իմացության անհնարին է դառնալ հայկական հարցի համապարփակ պատմության գիտակ։ Նրա առանձին բաղկացուցիչների` կարելի է, ինչն էլ այդքան փայլուն կերպով ապացուցում է այսօր գործող պատմաբան Վահագն Դադրյանը։ Եթե հարցին մոտենանք հակառակ ծայրից, ապա թուրքերենին չտիրապետելն էլ արդեն այն հիմնական պատճառն է, որ հայ պատմաբանների բացարձակ մեծամասնությունը չի ճանաչում ո՛չ Աբդուլ Համիդի, ո՛չ երիտթուրքերի, ո՛չ Քեմալ Աթաթուրքի և ո՛չ էլ մեր օրերի Թուրքիան ներսից։
Է՛լ ավելի ողբալի վիճակում է գտնվում մեզ համար հետաքրքրություն ներկայացնող երկրների պատմական արխիվներում ուսումնասիրություններ կատարելու գործը։ Մեզ համար առանձնահատուկ հետաքրքրություն են ներկայացնում հատկապես ՌԴ արխիվները, ոչ իհարկե ցեղասպանության հետ կապված հարցերի իմաստով, այլ, ասեմ կարճ, Մոսկվայի պայմանագրի կայացման ընթացքին հետամուտ լինելու համար։ Պետությունը կարծես չի էլ գիտակցում, որ ինքն այդտեղ անելիքներ ունի։ Քաղբյուրոյի և կառավարության նիստերին դրանց առանձին անդամների գործունեությանը վերաբերող արխիվներում առկա բոլոր փաստաթղթերը, որոնք նվազագույն առնչություն ունեն մեզ հետ, պետք է հասանելի դառնան հայ պատմաբաններին։ Ապշեցուցիչ է, բայց մենք մինչ օրս բացարձակապես ոչինչ չգիտենք, թե ինչպես են ընթացել քննարկումները, ով ինչ մոտեցումներ է պաշտպանել և, վերջապես, ում ձայների շնորհիվ է կայացվել մեր հայրենիքի բախտը վճռած որոշումը` տվյալ պահին մեզ համար օտար այդ երկրի քաղաքական բարձրագույն մարմիններում։
Միանգամայն համարժեք մի այլ պայմանագրի` Ռիբենտրոպ-Մոլոտով պակտի շուրջ երևի թե հիշում եք ինչ դժոխային աղմուկ էին բարձրացրել, որի արձագանքները մինչ օրս էլ չեն լռել։ Դրա հետ կապված բոլոր արխիվային փաստաթղթերն այն ժամանակվա խորհրդային պարագլուխներն իրենք սկուտեղի վրա մատուցեցին երկրի բոլոր բացահայտ ու թաքնված թշնամիներին, դեռ իրենց կողմից էլ յուղ լցնելով կրակին։ Անհասկանալի է, թե ինչու մինչ օրս մեր երկրի և ոչ մի ղեկավար չի փորձել այդ երկու փաստաթղթերը դնել միևնույն հարթության վրա և պահանջել միանման վերաբերմունք։
Ամենևին պարտադիր չէ, որ պետության բարձրագույն պաշտոնյաները լինեն հումանիտար գիտությունների առաջնակարգ գիտակներ, բայց միանգամայն պարտադիր պայման է, որ նրանք շահագրգռված և մտահոգված լինեն նման ոչ միայն առանձին անհատների, այլև ամբողջական դպրոցների կայացման հարցում։ Դա հենց այն փորձաքարերից մեկն է, որը ցույց է տալիս, թե իշխանությունների համար որն է առաջնայինը` պետության ու ժողովրդի՞, թե՞ սեփական շահը։
Ռուբեն ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 1434

Մեկնաբանություններ