Նովոսիբիրսկի մարզում մեկնարկել են Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության «Кобальт-2024» հատուկ զորավարժությունները։ Ըստ ТАСС գործակալության՝ փորձարկվելու են զենքի, ռազմական տեխնիկայի նոր նմուշներ, անօդաչու թռչող սարքերի կիրառման տակտիկական հնարքներ։ Միջոցառմանը մասնակցում են Ռուսաստանի Դաշնությունը, Բելառուսը, Ղազախստանը, Տաջիկստանը և Ղրղզստանը: Զորավարժություններին Հայաստանը չի մասնակցում։                
 

ՊԱՆԻՐԱՆԻԶՄԻ ԱՅԺՄԵԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ

ՊԱՆԻՐԱՆԻԶՄԻ ԱՅԺՄԵԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ
03.06.2011 | 00:00

Իրանը, հայտնվելով փաստական, թեկուզ և, մասնակի աշխարհաքաղաքական և աշխարհատնտեսական շրջափակման մեջ, ինչպես երբեք, շահագրգռված է մի շարք ուղղություններում Հայաստանի հետ գործակցությամբ, ինչը ներառում է նաև տարածաշրջանային անվտանգության հարցեր։ Իրանական ռազմավարության մեջ Հայաստանը դիտարկվում է որպես օբյեկտիվորեն ձևավորվող դաշինքի մաս, որը դիմակայում է տարածաշրջանի այլ պետությունների մտադրություններին։ Ընդ որում, Իրանին հետաքրքրում է նաև այն հանգամանքը, որ Հայաստանը բավական ընդգրկուն հարաբերություններ ունի Արևմտյան ընկերակցության և Ռուսաստանի հետ։ Միաժամանակ, Հայաստանը պետք է հասկանա, որ Իրանի հետ հարաբերությունները, այսպես թե այնպես, կհանգեցնեն այն բանին, որ ինքը, ժամանակի ընթացքում, կդառնա ամբողջ իրանական աշխարհի գործընկերը։
Արևելքի մեծ բանաստեղծների և իմաստասերների ստեղծագործությունների տեսաբանները նշում են, որ, ըստ էության, Իրանն ու Թուրանը ոչ միայն ազգային քաղաքական միավորներ են, այլև երկու քաղաքական, գաղափարախոսական և աշխարհայեցողական հակադրություններ։ Հազիվ թե դա այդպես միարժեք լինի, հավանաբար, կան բազմաթիվ ստորջրյա հոսանքներ և ոչ միշտ հրապարակային պատկերացումներ այդ երկու քաղաքակրթական «տեկտոնական սալերի» վերաբերյալ, հակասությունների հետ մեկտեղ Իրանն ու Թուրանը նման են ազգային, քաղաքական, աշխարհաքաղաքական ու կրոնական շատ չափանիշներով։
Այսպես թե այնպես, մեծ անճշտություն չի լինի, եթե պնդենք, որ այնպիսի հոսանք, ինչպիսին պանիրանիզմն է, «ինքնին իր» չէ և դատարկ տեղը չի ծնվել, իսկ գոյաբանորեն կապված է իր հակոտնյայի` պանթուրքիզմի հետ։ Ընդ որում, երկար դարերի ընթացքում հենց իրանական գաղափարն է գտնվել «պաշտպանության» մեջ (երբեմն` «խուլ պաշտպանության»), մինչդեռ պանթուրքիզմն այս կամ այն ձևով գրոհել է և շարունակում է գրոհել։ Հետաքրքրություն է ներկայացնում այն, որ պանթուրքիզմի նմանությամբ, որը ծագել ու ձևավորվել է թուրքական աշխարհի ծայրագավառներում, պանիրանիզմն ավելի շուտ ծագել է ժամանակակից Իրանի մի քանի գավառներում, հնարավոր է Գիլյանում, Մազանդարանում կամ Լորիստանում։ Դա միանգամայն բնական է, քանի որ ցանկացած մեծ մտահղացում պահանջում է «լռություն» և «անշտապ իմաստավորում»։ Պանիսլամիզմի գաղափարի ներկա հետևորդները կամ կողմնակիցները պնդում են, թե այդ գաղափարը ժամանակ առ ժամանակ ծագել է իրանական աշխարհի տարբեր անկյուններում, բայց, ինչպես և պանթուրքիզմը, քաղաքակրթական և աշխարհաքաղաքական ուսմունքի է վերածվել միայն իրանական հասարակության ակնհայտ արդիականացման շնորհիվ, ինչը, անտարակույս, տեղի է ունեցել 20-րդ դարում։ Ի տարբերություն պանթուրքական ուսմունքի, պանիրանական գաղափարները երկար ժամանակ դրանք կրողների խանդավառության, ժամանակակից Իրանի և իրանական ժողովրդի քաղաքական ու սոցիալական հեռանկարների ըմբռնման կարիքն ունեին։
Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին քաղաքականությունը բազմազան է, բազմակողմանի և կիրառում է տարբեր հնարքներ ու մոտեցումներ` ուղղված Իրանի ազդեցության մեծացմանն ու ազգային անվտանգության ապահովմանը, ներառյալ տարբեր շեշտադրումները կրոնական և ազգային զանազան խմբերի ու համայնքների վրա։ Սուննիական թուրքախոս և արաբական շրջաններում Իրանը նոր դիրքեր գրավելու հնարավորություններ չի ունեցել, բայց Թեհրանի արտաքին քաղաքականության մեջ երևում է իրանիզմի և շիականության սինթեզ, և ըստ էության, իրանական հեղափոխությունը եղել է իրանա-շիական` իրանիզմին և շիականությանը հատուկ բոլոր առանձնահատկություններով։ Պանթուրքիզմը նույնպես նախընտրում է ազգային կրոնական սինթեզը, այսինքն, թուրքիզմի և իսլամի, բայց իրանա-շիական ուսմունքը շատ ավելի է գաղափարականացված և հուզական առումով ավելի լարված։ Վերջին տասնամյակում իրանական արտաքին քաղաքականությունն ավելի զուսպ է վերաբերվում ամբողջ իսլամական աշխարհի ընդգրկմամբ համընդհանուր պլանների իրացմանը` կենտրոնանալով գերազանցապես շիական և իրանական երկրներում նոր դիրքերի ձեռքբերման և ամրապնդման խնդիրների վրա։ Իրանի համար այնպիսի պետություններ, ինչպիսիք են Լիբանանն ու Սիրիան, կարևորագույն գործընկերներ են «շիական գոտում», որոնց դիրքորոշումից են մեծապես կախված Իրանի անվտանգությունն ու աշխարհատնտեսական հեռանկարներն արևմտյան ուղղությամբ։ Քաղաքական պրակտիկան ցույց է տվել, որ արաբական շիական համայնքներն իրենց քաղաքականության մեջ ավելի շատ հենվում են Իրանի վրա, քան արաբական պետությունների։ Սակայն արևմտյան ուղղությամբ Իրանի համար առավել անհաճո խնդիրներից մեկը քրդերի հավակնություններն են, որոնք ճնշող մեծամասնությամբ սուննիներ են, և նրանց քաղաքական կառույցներն ավելի ամուր կապված են ԱՄՆ-ի ու Եվրոպայի, ինչպես նաև Իսրայելի հետ։ Քրդերը, որպես իրանական ժողովուրդ, այդպես էլ չդարձան Իրանի գործընկեր, և հազիվ թե դա տեղի ունենա ապագայում ևս։ Իրանցիները, փաստորեն, կորցրել են բոլոր դիրքերն Իրաքի քրդաբնակ տարածքներում, զգալի չափով` նաև Թուրքիայում։ Բայց նրանք լավատեսորեն են տրամադրված և քրդերի քաղաքական նկրտումները գնահատում են ոչ այնքան նպաստավոր։ Եթե անգամ Հյուսիսային Իրաքում ստեղծվի միջազգայնորեն ճանաչված քրդական պետություն, այն, հասկանալի չափով, կդառնա մեկուսի` Թուրքիայի, Իրաքի ու Սիրիայի տարածքներով շրջափակված։
Համենայն դեպս, առանց Իրանի վրա հենվելու, քրդական պետությունն իրեն հարմարավետ չի զգա։ Միաժամանակ, քրդական աշխարհն այնքան մեծ է ու բարդ, որ անհնար է այն ընդգրկել Իրանի մեջ կամ սերտորեն ինտեգրել։ Ավելի շուտ, դեռ շատ երկար ժամանակ խնդիրներ կլինեն քրդերի և Իրանի միջև։ Իրանի տարածքում մինչև 6 մլն քուրդ է ապրում, և այդ խնդիրն իրեն դեռ զգացնելու է։ Հարկ է նշել, որ քրդերին իրանական աշխարհի գործընկեր են տեսնում միայն պանիրանիզմի կողմնակիցները, որոնք մի քիչ կտրված են Իրանի պաշտոնական շրջանակներից։
Դարեր ի վեր Իրանի անվտանգության համար մեծ խնդիր է եղել Աֆղանստանը, որը, չնայած բազմաթիվ ներքին ու արտաքին հարցերին, երկար ժամանակ արտքաղաքական լուրջ հավակնություններ է ներկայացնում Իրանին։ Ինչպես իսլամական արմատական ուսմունքի հետևորդ, այնպես էլ ավելի չափավոր հայացքներ դավանող աֆղանական վերնախավերը շատ համոզիչ ու հաստատակամորեն իրենց ներկայացնում են որպես իրանական աշխարհի կարևոր, նույնիսկ կենտրոնական բաղկացուցիչ։ Դեռ մեկ տասնամյակ առաջ թալիբների կառավարությունն Իրանին անմիջականորեն սպառնում էր ագրեսիայով, ինչն Իրանին ստիպեց Աֆղանստանի սահմանագլխին կուտակելու նշանակալի զորամիավորում։ Սակայն թալիբների իշխանության տապալումից, ԱՄՆ-ի ու ՆԱՏՕ-ի գործողությունից հետո Իրանը կատարեց Աֆղանստանի առանձին գավառներ և ամբողջ Աֆղանստանն իր կողմը գրավելու ծավալուն աշխատանք, ինչը ոչ այլ ինչ էր, եթե ոչ իրանակենտրոնության ուժեղացում։ Իրանի ջանքերը հետևողական ու համակարգված էին հատկապես Հերաթի գավառում, ուր իրանցիները ցուցադրեցին այդքան կարևոր աֆղանական գավառն ինտեգրելու իրենց ընդունակությունը։ Ընդ որում, դա տեղի էր ունենում Աֆղանստանում ամերիկացիների ու նրանց գործընկերների գերիշխանության պայմաններում։ Աֆղանստանի քաղաքական և հասարակական վերնախավերը հասկանում են, որ կոալիցիայի ուժերի ներկայությունը վաղ թե ուշ կսահմանափակվի կամ առհասարակ կվերացվի։ Աֆղանստանը միանգամայն ինքնուրույն կկանգնի ոչ միայն ներքին, այլև արտաքին սպառնալիքներին դեմ հանդիման։ Աֆղանստանի համար գլխավոր վտանգն ապագայում, իհարկե, Պակիստանն է, որի հետ մինչ օրս պետական սահման գոյություն չունի, և որի տարածքում ապրում է Աֆղանստանի պետականակազմ ժողովրդի` փուշտուների երկու երրորդը։ Պակիստանը գտնվում է քաղաքական ու տարածքային-պետական փլուզման եզրին։ Ո՛չ Եվրասիայի առաջատար պետությունները, ո՛չ Չինաստանը, ո՛չ Հնդկաստանը, ո՛չ Ռուսաստանը ցանկություն չունեն Աֆղանստանին անվտանգության երաշխիքներ առաջարկելու և խոստանալու։ Արևմտյան ընկերակցությունը հազիվ թե մեկ անգամ ևս այդ տարածքները մտնելու ցանկություն ունենա։ Աֆղանստանից հյուսիս ևս թույլ պետություններ են, որոնք նույնպես չեն կարող որևէ գործուն օգնություն ցուցաբերել։ Մնում է մեկ ազգակից պետություն, որը կարող էր գոնե հուսալի գործընկեր դառնալ Աֆղանստանի համար. դա Իրանն է, և աֆղանական վերնախավը հասկանում է սա։ Իրանն Աֆղանստանում ունի առնվազն երկու հուսալի գործընկեր` պարսկախոս տաջիկներն ու խազարացի շիաները, որոնք սփռված են երկրի ռազմավարական կարևոր շրջաններում։ Իրանը հույս ունի, որ ամերիկյան զորքերը շուտով կհանվեն Աֆղանստանից, և երկրում աստիճանաբար կվերանա Արևմուտքից կախման մեջ գտնվող իշխանությունը։ Բայց, միաժամանակ, իրանցիները չեն կարող չերկյուղել հետագա, հնարավոր է շատ վտանգավոր, իրադարձություններից, երբ իշխանության կարող են գալ Իրանի հանդեպ ատելությամբ համակված որոշ խմբեր, որպիսիք Աֆղանստանում քիչ չեն։ Դատելով այն բանից, թե Կենտրոնական Ասիայում, այդ թվում` Աֆղանստանում, որքան ակտիվ են իսրայելցիները, պետք է ենթադրել, որ իրանցիները երկյուղելու բան ունեն։ Իրանը փորձում է Աֆղանստանը ներառել նրա համար միանգամայն նոր ոլորտ, որպես իրանական երեք պետության` Իրանի, Տաջիկստանի և Աֆղանստանի դաշինքի մասնակցի։ Վերջին երկու-երեք տարում Իրանն առանձնապես ակտիվ է այդ ուղղությամբ, ձգտելով աշխատել ոչ միայն քաղաքական, այլև տնտեսական ոլորտում` «Արևելյան Իրանի» երկու պետություններն էլ ներգրավելով ընդհանուր տնտեսական շահերի գոտու մեջ։ Հինդուկուշի լեռներից հյուսիս Իրանի հաջողություններն ակնհայտ են, այստեղ տարածում ունեն իրանական ապրանքներն ու սպասարկումները, ստեղծված է իրանամետ ուղղվածության կրթական և մշակութային ենթակառուցվածք։ Այդ գծից հարավ Իրանի հաջողություններն այնքան էլ նշանակալի չեն, և շատ շրջաններում Իրանի ներկայությունն առհասարակ չի նկատվում։ Բայց Աֆղանստանում Իրանի քաղաքականության գլխավոր հաջողությունը նրա նոր, ավելի սերտ հարաբերություններն են «կենտրոնական իշխանությունների» հետ, ինչն առաջ շատ խնդրահարույց էր վաղեմի թշնամական հարաբերությունների պատճառով։ Իհարկե, առանց հեռանկարների և ակնկալվող գործընթացների ընկալման նման մերձեցումն անհնար կլիներ։ Չափազանց կարևոր է այն, որ Թեհրանը պաշտպանում է Աֆղանստանի տարածքային ամբողջականության սկզբունքը, թեև շատ փորձագետներ ենթադրում էին, որ Իրանը միարժեքորեն կպաշտպանի աֆղանցի տաջիկներին, որոնք կարևոր քաղաքական ու կրոնական դիրքեր են զբաղեցնում Աֆղանստանում, և իրադարձությունների զարգացման համեմատ կնախընտրի պաշտպանել տաջիկական «ինքնավարությունը»։ Բայց տաջիկ պարագլուխները նպաստավոր հեռանկարներ չեն տեսնում Աֆղանստանի հյուսիս-արևելքում և հյուսիսում տաջիկական առանձին պետության ստեղծման գործում, որը բնականոն գոյատևման ոչ մի իրական պաշար չունի, և նախընտրեցին լինել Աֆղանստանի բաղկացուցիչ մասերից մեկը։ Իրանը, հենվելով տաջիկների ու խազարացիների վրա, միշտ կարող է ազդեցության լծակներ ունենալ Աֆղանստանում, ու ամենևին շահագրգռված չէ Աֆղանստանի մասնատմամբ։ Հնարավոր է, Հարավային Ասիայի առնչությամբ Իրանի ռազմավարական նպատակը Պակիստանի` որպես իր հիմնական մրցակցի և Արևելքում անկանխատեսելի հարևանի թուլացումն ու ազգային-քաղաքական մասնատումն է։ Եվ այս կապակցությամբ Իրանը շահագրգռված է նաև, որ Աֆղանստանը գտնվի նրա քաղաքականության ծիրում, որպես Պակիստանի մասնատման կարևորագույն մասնակից (Պակիստանն Իրանի համար միշտ է եղել ժամանակավոր պետություն, որը հատկապես վտանգավոր դարձավ ատոմային զենք ունենալուց հետո)։
Տաջիկստանը, որպես Կենտրոնական Ասիայի նորաստեղծ պետություն, արտքաղաքական փորձառություն չունի, և տարածաշրջանի երկրները, նրա հետ առնչվելու փորձ չունենալով, աշխատում են նրան վերաբերվել զգուշավորությամբ, հաշվի առնելով, որ այդ երկրում քաղաքացիական սուր դիմակայության լիցք կա։ Սակայն Իրանը ԽՍՀՄ-ի փլուզման հենց սկզբից Տաջիկստանին վերաբերվում է որպես մերձավոր և հարազատ պետության ու մեծ դեր է խաղացել ներքաղաքական և ռազմական դիմակայության հաղթահարման գործում։ Չափազանցություն չի լինի, եթե ասենք, որ իրանական քաղաքականությունը տաջիկական պետության պահպանման կարևոր գործոններից մեկն է եղել, ինչը համապատասխանել է ԱՄՆ-ի, Ռուսաստանի և Չինաստանի շահերին։ 90-ականներին հասկանալի էր, որ ՈՒզբեկստանի ղեկավարները մտադիր են կա՛մ միացնել, կա՛մ էլ կախման մեջ պահել Տաջիկստանը։ Այն ժամանակ ՈՒզբեկստանին չպաշտպանեց ո՛չ տարածաշրջանի, ո՛չ աշխարհի որևէ պետություն, բայց հասկանալի դարձավ, որ Տաջիկստանը «խնամակալության» կարիք ունի` ի դեմս ուժեղ գործընկերոջ, որպիսիք են Ռուսաստանն ու Իրանը, բայց Իրանի դերն ավելի ու ավելի նշանակալի է դառնում։ Իրանը մշտապես ձգտում է Տաջիկստանում նոր դիրքեր ձեռք բերել տնտեսության առանցքային ճյուղերում, այդ թվում` ավելի կարևոր դեր խաղալ հիդրոէներգետիկայի և ջրօգտագործման ասպարեզում, ինչը Կենտրոնական Ասիայում սուր հակասության պատճառ է դառնում։ Տաջիկստանը խորհրդային ժամանակներում առավել քիչ ռուսահակ և խորհրդայնացված հանրապետությունն էր, ուներ խիստ նահապետական բարքերի տեր բնակչություն։ Միաժամանակ, տաջիկ ազգը դեռևս շարունակում է կազմավորվել, այդ երկրում տարածաշրջանային լուրջ խնդիրներ կան, ինչը նույնպես արտքաղաքական և տնտեսական ծանրակշիռ աջակցության անհրաժեշտություն է ենթադրում։ Չնայած Տաջիկստանում քաղաքական վեկտորը ենթադրում էր իսլամական բաղադրիչ, այստեղ մեծ երկյուղով ու անվստահությամբ էին վերաբերվում Իրանին, թեև բարյացակամ բանակցություններ ու շփումներ էին տեղի ունենում։ Անկախություն ստանալուց հետո երկար տարիներ Տաջիկստանի վրա ուժեղ ճնշում էր գործադրվում Իրանի հետ նրա մտերմության պատճառով, որի դեմ հանդես էին գալիս կենտրոնասիական խաղի փաստորեն բոլոր արտաքին մասնակիցները։ Այնուամենայնիվ, հիմա Իրանն ու Տաջիկստանը գործակցության նոր դիրքերում են և ստորագրել են, կարելի է ասել, ռազմավարական բնույթի համաձայնագիր։ Կարելի է ենթադրել, որ իրանա-տաջիկական հարաբերությունների զարգացումն Աֆղանստանի հետ մերձեցման կարևոր գործոն է, այսինքն, «իրանական եռյակի» ամրապնդման գործոն։ Դրա հետ մեկտեղ, Իրանը խիստ շահագրգռված է Տաջիկստանի ուրանի հանքերի օգտագործմամբ, որոնք, տարբեր գնահատումներով, համաշխարհային պաշարների 13-15 տոկոսից պակաս չեն։ ՈՒրանի թեման, հավանաբար, առաջնային կդառնա իրանա-տաջիկական հարաբերություններում։
Պանիրանական դաշինքը, որը, հավանաբար, պաշտոնապես կհռչակվի մի քանի տարի անց, կարևորագույն գործոն կդառնա Կենտրոնական և Հարավային Ասիայի աշխարհաքաղաքականության մեջ։ Այդ դաշինքը դրականորեն կներգործի տարածաշրջանի իրադրության վրա, և ԱՄՆ-ը, Ռուսաստանն ու Չինաստանը, ինչպես նաև Հնդկաստանն ու Եվրամիությունը շահագրգռված կլինեն «իրանական եռյակի» դիրքերի ամրապնդմամբ։ Միաժամանակ, շատ բան կախված կլինի երկու հանգամանքից` էներգետիկ հաղորդուղիների ստեղծումից և գործարկումից, Չինաստանի հետ հարաբերություններից, հենց այդ երկու հանգամանքից կախված կլինի ԱՄՆ-ի վերաբերմունքն այդ դաշինքի նկատմամբ։ ԱՄՆ-ը կարող է անտեսել իրանական այդ պետությունների շատ հավակնություններ, սակայն Չինաստանի նվաճողական նկրտումների զսպման լուրջ խնդիրը մնում է, և դրանից երկար տարիներ կախված կլինի շատ բան այդ տարածաշրջանում։ Իրանն առաջվա նման կփորձի խոչընդոտել կասպյան և կենտրոնական էներգակիրների արտահանումն արևմտյան ուղղությամբ, ինչպես նաև կաշխատի ավելի սերտ ու պարտավորեցնող հարաբերություններ ունենալ Չինաստանի հետ։ ՈՒստի բացառված չէ, որ պանիրանական դաշինքի ստեղծումը կծնի նաև շատ խնդիրներ, և ԱՄՆ-ը չի կարող բարեհոգորեն հետևել դրա կազմավորմանը։
Կարևոր է այդ դաշինքի կազմավորման առնչությամբ Թուրքիայի և Իրանի հարաբերությունների հարցը, և այդ նախաձեռնության նկատմամբ Կենտրոնական Ասիայի պետությունների վերաբերմունքը։ Թուրքիան կաշխատի իր դիրքորոշումը ցույց տալ Տաջիկստանն իրանական պետությունների նոր ռազմավարական հարաբերությունների մեջ ներառելու փորձերի հանդեպ, քանի որ դա, այսպես թե այնպես, կհանգեցնի տարածաշրջանային ուժերի հավասարակշռության որոշ խախտման։ Ավելի շուտ, Իրանն ու Թուրքիան հնարավորություն կգտնեն հավասարակշռելու այդ իրադրությունը, և պետք է նշել, որ այդ երկու պետությունների միջև Հարավային Կովկասի, Կենտրոնական Ասիայի և Մերձավոր Արևելքի խնդիրների առնչությամբ և պայմանավորվածություններ ձեռք բերելու մեծ փորձ է կուտակվել։ Փոքր-ինչ ավելի տհաճ դրության մեջ կհայտնվի ՈՒզբեկստանը, որի համար զարգացող միտումներն անցանկալի են, քանի որ ազդելու են ամբողջ Կենտրոնական Ասիայի վրա։ Մինչ Ղազախստանն ու Ղրղզստանը, իրենց բազմակողմ քաղաքականության շրջանակներում, ավելի ու ավելի են ինտեգրվում Ռուսաստանին, իսկ Թուրքմենստանը շարունակում է պաշտպանել իր չեզոք կարգավիճակը, ՈՒզբեկստանը չի կարող տարածաշրջանային մակրոտերության կարգավիճակի հույսեր փայփայել, երբ Տաջիկստանն ավելի համոզիչ քայլելով դուրս է գալիս իր ազդեցության գոտուց։
Քանի դեռ այդ դաշինքը բավականաչափ կազմավորված չէ, Իրանը հնարավորություն չունի անցնելու պանիրանական ուսմունքի ձևավորման երկրորդ փուլին, ինչը ներառում է իրանական ազդեցության ծիրում ընդգրկել իրանական և շիական «չներկայացված» ժողովուրդներին, որոնց բնակության «կղզյակները» սփռված են Հարավային Կովկասում, Իրաքում և Պարսից ծոցի գոտում, ինչպես նաև Պակիստանում։
Իգոր ՄՈՒՐԱԴՅԱՆ

Դիտվել է՝ 906

Մեկնաբանություններ