ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՆԿԱԽՈՒԹՅՈՒՆՆ ԱՊԱՀՈՎԵՑ ԱՐՑԱԽԻ ԳՈՅՈՒԹՅՈՒՆԸ»

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՆԿԱԽՈՒԹՅՈՒՆՆ ԱՊԱՀՈՎԵՑ ԱՐՑԱԽԻ ԳՈՅՈՒԹՅՈՒՆԸ»
23.09.2011 | 00:00

«Հայաստանի անկախությունն առաջին հերթին ապահովել է Ղարաբաղի անվտանգությունը: Հիշում ենք` Կրեմլը պաշտոնական որոշում ընդունեց՝ հայաթափելու Ղարաբաղը և նրա շուրջ եղած տարածքները: Եթե Հայաստանը չընտրեր անկախության ճանապարհը, չստեղծեր իր բանակը, ոտքի չկանգներ Արցախի ժողովուրդը, ակնհայտ է, որ Ղարաբաղն իրոք կհայաթափվեր: Հայաստանի անկախությունն ապահովեց Արցախի գոյությունը»,- «Իրատես de facto» ակումբում երեկ հայտարարեց Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության կենտրոնի ղեկավար, քաղաքագետ ՍՏԵՓԱՆ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ՝ հընթացս շեշտելով, որ անկախությունը մեզ հնարավորություն տվեց ազգային խնդիրները ներկայացնելու միջազգային ամբիոններից, իսկ Հայաստանում սկսվեց պետականաշինությունը, դեպի ժողովրդավարություն տանող գործընթացը:
Ըստ քաղաքագետի, անկախության առավելությունները քչերն են գիտակցում, քանի որ այս ընթացքում բարդություններ շատ են եղել, ու հիմա ժամանակն է, որ պատասխաններ տրվեն մի քանի փիլիսոփայական հարցերի՝ ի՞նչ է իշխանությունը, որովհետև հասարակության մեջ գերակշռում է այն կարծիքը, թե իշխանությունը փող աշխատելու, բիզնեսն առաջ տանելու լավ միջոց է: «Մյուսը իշխանության տարանջատումն է: Խորհրդարանը պիտի տարանջատվի կառավարությունից, չպիտի լինի նրա կցորդը ու սերտաճի բիզնեսի հետ: Մեզ մոտ հակառակն է, պատգամավորների մեծ մասն իր բիզնեսով է զբաղվում: Պիտի պարզել՝ Հայաստանի բոլո՞ր քաղաքացիներն են օրենքի առջև հավասար: Արտագաղթի իրական պատճառն օրենքի առջև անհավասարությունն է, քչերն են հեռանում սոցիալական պայմաններից դրդված»,- ընդգծեց Ստեփան Գրիգորյանը՝ հավելելով, որ, ի վերջո, նաև պատասխան պիտի տրվի հետևյալ հարցերին՝ ո՞րն է մեր ինքնությունը, ո՞ր աշխարհին ենք մենք պատկանում:
Անդրադառնալով անկախության քսանամյակին նվիրված զորահանդեսին ու հզոր զինտեխնիկայի ցուցադրմանը, քաղաքագետը միանգամայն ճիշտ համարեց դա՝ հաշվի առնելով մեր աշխարհագրական դիրքն ու պատերազմից ամեն օր խոսող Ադրբեջանի առկայությունը: Ինչ վերաբերում է ղարաբաղյան հիմնախնդրի լուծմանը, Ստեփան Գրիգորյանը առաջիկայում նման հնարավորություն չի տեսնում և սխալ է համարում գերտերությունների կողմից գործընթացի արհեստական արագացումը: Սրանով է պայմանավորված նաև ՌԴ-ի վերջին շրջանի քայլերի անարդյունավետությունը, որը հանգեցրեց գործընթացի խափանմանը:
Ներքաղաքական կյանքի առնչությամբ էլ քաղաքագետը կանխատեսեց, որ երկխոսությունը հնարավոր է շարունակվի, իսկ արտահերթ ընտրությունները, ըստ ընթացակարգի, կարող են անգամ ավելի ուշ լինել, քան հերթականը: «Այն երկրների համար, որոնք ռեսուրս չունեն, ճիշտը ժողովրդավարական, ոչ թե առճակատման ուղին բռնելն է»,- փաստեց Ստեփան Գրիգորյանը:
Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 955

Մեկնաբանություններ