ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

«ԵՐԿՐՈՐԴ ԿՈՂՄ» ԱՍԵԼՈՎ ՃԻՇՏ ԿԼԻՆԵՐ ՀԱՍԿԱՆԱԼ ՈՉ ԹԵ ՀԱՅԱՍՏԱՆԸ, ԱՅԼ ԼՂՀ-Ն

«ԵՐԿՐՈՐԴ ԿՈՂՄ» ԱՍԵԼՈՎ ՃԻՇՏ ԿԼԻՆԵՐ ՀԱՍԿԱՆԱԼ ՈՉ ԹԵ ՀԱՅԱՍՏԱՆԸ, ԱՅԼ ԼՂՀ-Ն
14.06.2011 | 00:00

Ամենևին չլինելով «գլոբալ դավադրությունների» տեսության կողմնակից, միևնույն ժամանակ, ծայրաստիճան հոռետեսորեն վերաբերվելով խոշոր աշխարհաքաղաքական գործընթացներում «պատահական զուգադիպություններին», փորձենք գլուխ հանել մի շատ նրբին իրավիճակից, որը տարիներ շարունակ հյուսվում է «խաղաղարարների» Ղարաբաղ հնարավոր մուտքի շուրջ։ Ընդ որում, ամենատարբեր գույնի ու երանգի։ Թեև, հանուն արդարության, հարկ է նշել, որ «առանցքային շահերի» այդ սցենարներում առաջնության դափնին մշտապես պատկանում է Մոսկվային։ Առավել ևս, որ Կրեմլը, որը բավականին երկար ու հետևողականորեն խոսում էր «Ռուսաստանի ռազմավարական շահերի» գոտիների, առանձնապես` «մերձավոր արտասահմանի» մասին, շատ հնարավոր է, շուտով առիթ կունենա ոչ թե խոսքով, այլ գործով ապացուցելու իր անփոխարինելիությունը, և այն, որ իր հավակնությունները ոչ թե սոսկ պատանեկան մղումներ են, այլ կշռադատված պատասխանատվություն։ Իսկ իր այդ «բացառիկ իրավունքը» ռուսները, հավանաբար, կփորձեն բոլորին ապացուցել հունիսի 25-ին Կազանում Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպման ժամանակ։ Այստեղ նրանք (և ոչ միայն նրանք մտադիր են «ավարտել կարգավորման հիմնական սկզբունքների համաձայնեցումը, ապա, ըստ տրամաբանության, գործողության մեջ պիտի մտնի «խաղաղարարներ» սցենարը։ Եվ, ինչպես հայտարարում է առանձնակի իրազեկվածության հավակնող Դավիթ Շահնազարյանը, «ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրները համաձայնության կգան նաև մի այնպիսի վիճելի հարցում, ինչպիսին ղարաբաղյան հակամարտության գոտում տեղակայվելիք խաղաղարարների կազմն է»։ Եվ ամեն ինչ կարծես հիանալի է ընթանում` ծրագրվածի համաձայն։ Բայց որտե՞ղ և հակամարտող կողմերի ստորագրած ո՞ր միջազգային իրավական փաստաթղթում են սահմանված ղարաբաղյան հակամարտության գոտում, այսպես կոչված, խաղաղապահ առաքելության տեղակայման պայմաններն ու տեխնոլոգիան։ Հասկանալի է, միտողանի խուլ ակնարկ կա, այսպես կոչված, նորացված «մադրիդյան սկզբունքներում», բայց, միևնույն ժամանակ, պետք է արձանագրել, որ կարգավորման գլխավոր խնդիրը փախստականները չեն, ժողովրդավարության պակասը չէ, առավել ևս, հակամարտության գոտում «երկնագույն սաղավարտների» տեղեկացվելը չէ, ում գլխին էլ որ դրվեն այդ սաղավարտները։ Գլխավոր խնդիրը հակամարտող կողմերի միջև վստահության հաստատումն է։ Մնացած ամեն ինչը, ներառյալ նաև խաղաղարարների տեղակայումը, երկրորդական խնդիր է։ Առավել ևս, գիտակցաբար թե ոչ, այն տպավորությունն է ստեղծվում, թե հակամարտության հանգուցալուծումը մոտ է, քիչ բան է մնացել անելու` զուտ տեխնիկական հարցեր, որոնց թվին է պատկանում նաև խաղաղարարների հարցը։
Սակայն Ղարաբաղում խաղաղարար գործողության գաղափարը վաղուց է շրջանառվում, ընդ որում, ինչ-որ միստիկ օրինաչափությամբ «խաղաղարարական տենդը» վրա է հասնում ամեն տարվա մայիսի վերջին-հունիսի սկզբին (ով չի հավատում, թող համեմատի տարբեր երկրների այդօրինակ հայտարարությունների ամսաթվերը, լրատվամիջոցների հրապարակումները, այլևայլ մանրամասներ)։ Եվ դրանցում միշտ այս կամ այն դերակատարումն են ունենում կա՛մ Ռուսաստանը, կա՛մ նրա մերձավոր գործընկերները։ Ռուսաստանի և նախկին խորհրդային երկրների գծով ֆրանսիացի փորձագետ Առնո Դյուբենի` ռուսական «Վալդայ» ակումբում հնչեցրած այն կարծիքը, թե «Ֆրանսիան չի բացառում խաղաղարարների տեղակայումը Լեռնային Ղարաբաղում», սոսկ բացառություն է, որը, ինչպես ընդունված է ասել, հաստատում է օրինաչափությունը։ Այսպիսով, սկզբում ուկրաինացի չինովնիկները «չէին բացառում, որ իրենց խաղաղարարներին կուղարկեն» Ղարաբաղ, այնուհետև Սերգեյ Իվանովը, Ռուսաստանի պաշտպանության նախարար եղած ժամանակ, քանիցս խոսել է «ռուս խաղաղարարներին» հակամարտության գոտի ուղարկելու անհրաժեշտության մասին։ Ճիշտ է, հետո դա հերքել է Ռուսաստանի Դաշնության խորհրդի` հիմա արդեն նախկին խոսնակ Սերգեյ Միրոնովը, ով ձգտում էր համոզել, որ «Ռուսաստանը խաղաղարարներ չի մտցնի Լեռնային Ղարաբաղ, որ դա երկու երկրների` Հայաստանի և Ադրբեջանի խնդիրն է»։ Այդուամենայնիվ, շատ չանցած, ասպարեզ նետվեց մի վարկած, համաձայն որի` ԼՂՀ շրջակա տարածքներում կարող են տեղաբաշխվել Ռուսաստանի կամ Թուրքիայի զինված ուժերը (այն ժամանակ Անկարան իր մասնակցությունը շտապեց հերքել)։ Հետո խոսակցություններ սկսվեցին Աղդամում, Քելբաջարում` ռուսական, իսկ Ֆիզուլիում` ամերիկյան խաղաղարար ուժերի տեղաբաշխման մասին։ Իսկ բառացիորեն մեկ տարի առաջ ռուսական «ծՈՔՈ ՉպՐրՌ» թերթը, վկայակոչելով «Ռուսաստանի պաշտպանության նախարարության աղբյուրը», հաղորդեց, որ ռուս զինվորականները կմտնեն Ղարաբաղ, իսկ թուրքերը, Կարսի համաձայնագրի շրջանակներում, կտեղաբաշխվեն Նախիջևանում։ Եվ այդ «իրազեկ աղբյուրը», մասնավորապես, հայտարարեց, որ Ադրբեջանի պաշտպանության նախարար Սաֆար Աբիևը երկու անգամ այցելել է Մոսկվա` «համաձայնեցնելու ռուսական զորքերը ԼՂԻՄ մտցնելու մանրամասները»։ Դրան հետևեց այլ լրատվամիջոցների (և ոչ միայն ռուսական) համանման հրապարակումների մի իսկական հեղեղ, որոնցում նշվում էր, որ «ռուսական առաջին խաղաղարարները» Ղարաբաղում կհայտնվեն 2010-ի օգոստոսի սկզբին։ Հետաքրքիր է, բայց այն ժամանակ ոչ մեկին չէր հուզում այն փաստը, որ Արևմուտքում գերիշխում է կարծիք, թե տարածաշրջանում կարող են տեղաբաշխվել ցանկացած երկրի խաղաղարար զորամիավորումներ, բացի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ ԱՄՆ-ից, Ֆրանսիայից և Ռուսաստանից, իսկ բավականին ազդեցիկ հարևան Իրանն արդեն վաղուց կոշտ շեշտադրումներով շարունակ կրկնում է, թե իր սահմաններին մոտ ոչ մի օտարերկրյա զորք ինքը չի հանդուրժի։ Իսկ հիմա էլ ևս մեկ նորագույն լրացում։ «Չմիանալու շարժմանն» Ադրբեջանի միանալուց հետո (շարժումն առանձնահատուկ վերաբերմունք ունի ռազմական դաշինքների նկատմամբ և կտրականապես անթույլատրելի է համարում ցանկացած օտարերկրյա զորքի ներկայությունն անդամ երկրների տարածքում) այլևս ի՞նչ խաղաղարար ուժերի մասին կարող է խոսք լինել։ Չէ՞ որ զորքերի մուտքը Ղարաբաղ անուղղակիորեն մատնանշում և հաստատում է ԼՂՀ-ի անկախ կարգավիճակը, որը ոչ մեկին չի միացել, ուստի ազատ է գործողություններում։ Կդիմե՞ն, արդյոք, միջնորդները նման կտրուկ մարտահրավերի, երբ ամեն կերպ ձգտում են «և՛ ձուկ բռնել, և՛ ոտքերը չթրջել». իրադարձությունների նման զարգացումը ֆանտաստիկայի ոլորտից է։
ՈՒշագրավն այն է, որ այս բոլոր խոսակցությունները` և՛ այն ժամանակ, և՛ հիմա, փաստում են այն դրությունը, որն առաջացել է ղարաբաղյան հակամարտության շուրջ։ Չէ՞ որ առայժմ կանխատեսելի չէ, որ անգամ միջնաժամկետ հեռանկարում Հայաստանն ու Ադրբեջանը առհասարակ որևէ հարցում համաձայնության կհանգեն, ղարաբաղյան հակամարտության հարցում` մասնավորապես։ Իսկ խաղաղարար հաշտարարի դերում ռուսների կամ մեկ այլ երկրի հայտնվելը հնարավոր է միայն հակամարտող կողմերի համաձայնությամբ։ Ընդ որում, գլխավորն այն է, որ «երկրորդ կողմ» ասելով ճիշտ կլիներ հասկանալ ոչ թե Հայաստանը, այլ ԼՂՀ-ն։ Բացի այդ, անգամ այն տարբերակով, ինչի մասին գրում են առաջատար ռուս փորձագետները, այն է` «Եթե ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ պետությունները կարողանային համաձայնեցնել ղարաբաղյան խնդրի կարգավորման սխեման, ապա դա ամենևին չի նշանակում, թե նրանք հետևյալ եզրակացությանը կհանգեն. իրենց համար ի՞նչ տարբերություն, թե ովքեր կմտնեն խաղաղարար կորպուսի կազմի մեջ»։ Չէ որ միշտ և ամենուրեք, իսկ մեր կարևորագույն աշխարհաքաղաքական հեռանկարում մասնավորապես, մեծ է հավանականությունը, որ միջնորդ կողմից մեկը կփորձի որոշակի փուլում իր սցենարով խաղարկել «խաղաղարարների» խաղաքարտը և փոխել ձեռք բերված պայմանավորվածությունները։
Այնպես որ, այն ամենը, ինչ կատարվում է այժմ, բնավ չի նշանակում, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորմամբ շահագրգիռ կողմերը վերստին վերադառնում են «երաշխավորի» դերին, որին 1994-ին հավակնում էր միայն Մոսկվան։ Այն ժամանակ Ռուսաստանը հակամարտող կողմերի ու Արևմուտքի առջև բարձրացնում էր աշխարհին ռազմաքաղաքական երաշխիքներ տալու իր բացառիկ իրավունքի հարցը, ինչը նախ և առաջ նշանակում էր տարածաշրջանում տեղաբաշխել ռուսական խաղաղարար ուժեր։ Սակայն ակնհայտ է, որ Մոսկվան այսօր, բոլոր հայտարարություններով հանդերձ, ի վիճակի չէ գործելու իրական երաշխավորի դիրքերից։
Ինչպես հայտնի է, ուղիղ մեկ տարի առաջ արյան մեջ խեղդվող Ղրղզստանը դիմեց Մոսկվային` խնդրելով ռուսական զորքեր մտցնել երկիր, բայց անսպասելիորեն մերժում ստացավ։ Ավելին, թեև Մոսկվան իր հովանավորությամբ գումարեց ՀԱՊԿ անդամների հանդիպում, և դաշինքը սոսկ որոշեց «քննության առնել բոլոր տարբերակները», «գործողությունների պլան նախապատրաստել», նա ձեռնպահ մնաց իր արագ արձագանքման ուժերը Ղրղզստան ուղարկելուց։ Նկատենք, որ Ղրղզստանում և Ղարաբաղում իրադրությունները հեռավորության վրա են։ Չկա օգնության խնդրանք, չկա ռուս բնակչություն։ Ինչ վերաբերում է ռազմավարական կարևորությանը, ապա Ղրղզստանը, որպես «պաշտպանության առաջին գիծ»` պայթյունալի և Ռուսաստանի համար վտանգավոր Աֆղանստանի ուղղությամբ, անհամադրելի է Ղարաբաղի և ռուսների համար «պաշտպանական բնագծի» նրա դերի հետ։ Այսինքն, համաձայնեք, Բիշքեկում ցուցադրված մոտեցումը խիստ տարբերվում է թե՛ Կրեմլի մեծապետական հռետորաբանությունից, թե՛ իր սահմանների մոտ «վստահության մանդատի» նրա հավակնություններից, թե՛ «փրկիչ Մոսկվայի» հանդեպ նախկին ԽՍՀՄ որոշ քաղքենի քաղգործիչների սուրբ հավատից։ Սակայն չենք բանավիճի այդ ուԺերի հետ, այլ կփորձենք պարզել, թե որքանով է պլանն իրագործելի, և «ռուս խաղաղարարների տեղաբաշխումն» ինչ-որ անձանց երևակայության խեղվածք կամ, որ ավելի վատ է, սադրանք չէ՞, արդյոք։
Որո՞նք են պատճառները, որ Կրեմլի խոսքն սկսել է տարբերվել գործից։ Թվում է, դրանք գտնվում են ինչպես արտքաղաքական դաշտում, այնպես ներքին ռուսական խորխորատներում։ Այսպես, Օբամայի վարչակազմը «վերաբեռնման» բոլոր «սեթևեթանքներով» հանդերձ, չի շտապում ո՛չ դատապարտելու Սաակաշվիլուն` Թբիլիսիի արյունոտ իրադարձություններից հետո, ո՛չ հրաժարվելու Վրաստանին օգնություն ցուցաբերելուց։ Տարածաշրջանով պակաս շահագրգռված չէ նաև Եվրոպան։ Բավականին լուրջ են նաև ռուսական ներքին դրդապատճառները։ Շատ հավանական է, որ հենց Ռուսաստանն էլ ստանձներ խաղաղարար գործողության իրականացումը, բայց «հաղթանակը» Վրաստանում, ամբողջ խրոխտ հռետորաբանությամբ հանդերձ, այնքան էլ հեշտ չտրվեց։ Այն, փորձագետների բնորոշմամբ, շահին անհամարժեք թանկ նստեց։ Իսկ հիմա Կրեմլին, որը ձգտում է կատարել կենսականորեն կարևոր բարեփոխումներ, մի նոր ռազմական միջամտություն առհասարակ պետք չէ։ Ճիշտ է, հնարավոր է ընդհանուր ֆինանսավորում, բայց միայն բոլոր կողմերի խիստ ենթադրական համաձայնությամբ։ Բայց դա, ինչպես ասացինք, առայժմ չի ուրվագծվում։ Այստեղ կարելի է նաև ավելացնել թե՛ բնակչության տրամադրությունները, թե՛ իրենց զավակներին թեժ կետեր ուղարկել չցանկանալը, թե հակակովկասյան հիստերիան և ուրիշ շատ հանգամանքներ։ Իսկ դրանք ընտրությունների շեմին, համաձայնեք, ավելի քան լուրջ խոչընդոտներ են։ Ավելին, եթե աշխարհը սարսռեց Ղրղզստանի հարավի արյան գետերից և պատրաստ էր աչք փակելու շատ բաների վրա, առավել ևս, որ տեղի իշխանություններն էին օգնության խնդրանքով դիմում Կրեմլին, ապա Ղարաբաղում պատկերը տրամագծորեն հակառակն է, ԼՂՀ բանակն էլ լիովին ապահովում է աշխարհի համար այնքան կարևոր կայունությունը (կարո՞ղ են, արդյոք, այդ բանն անել ռուսները` սա հիպոթետիկ հարց չէ պարզապես)։
Այսինքն, այս բոլոր գործոնները կայսերապետական հավակնություններից մի բան էլ ավելի են և նույնպես կարող են իրական խոչընդոտ դառնալ Ղարաբաղում Ռուսաստանի «խաղաղարար առաքելության» ճանապարհին։ Իհարկե, վիճելի շատ հարցեր կան նաև ցանկացած այլ առաքելության շուրջ, այնպես որ, ամենայն հավանականությամբ, հերթական «Խաղաղարարներ» գլուխը դեռ վեպի ավարտ չի նշանակում։ Այլ հարց է, որ այս բոլոր խոսակցությունները, ամենայն հավանականությամբ, պատահական ուղենիշներ չեն շարունակվող խաղում։
Սուսաննա ՊՈՂՈՍՅԱՆ
Շանհայում մեր հատուկ թղթակից


Դիտվել է՝ 936

Մեկնաբանություններ