ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

ՈՎՔԵ՞Ր ԵՆ ԿԻՍԵԼՈՒ «ՆԱՎԹԱՅԻՆ ԿԱՐԿԱՆԴԱԿԸ»

ՈՎՔԵ՞Ր ԵՆ ԿԻՍԵԼՈՒ «ՆԱՎԹԱՅԻՆ ԿԱՐԿԱՆԴԱԿԸ»
10.06.2011 | 00:00

«Մեծ ութնյակի» գագաթնաժողովը, չնայած այդքան տպավորիչ անվանմանը, արդեն վաղուց և ավանդաբար տեղի է ունենում բավականին տաղտուկ «զրուցարանի» ձևաչափով։ Ասենք, ըստ էության, «բարձրաշխարհիկ» ակումբային ձևաչափն ստեղծվել է հենց որպես փակ «ժամանցավայր», ուր ազատ, ոչ պաշտոնական մթնոլորտում ղեկավար անձինք կարող են կարծիքներ փոխանակել` խոսելով միանգամայն անկեղծ։ Ընդ որում, այդտեղ ընդունված չի եղել որոշումներ կայացնել, առավել ևս աշխարհի համար կարևորագույն փաստաթղթեր ստորագրել, իսկ ազատ բանավեճերը` կամայական թեմաներով, որպես կանոն, ավարտվել են անարդյունք։
Դեսուդեն մեկնելով, ութ երկրների առաջնորդները հանձնարարություններ են տվել իրենց թիմերին` զբաղվելու այն հարցերով, որոնք քննարկվել են հերթական «ՈՒթնյակում», բայց քանի որ այդ գագաթնաժողովների ձևաչափը ոչ մի կոնկրետ լուծում չի ենթադրել, հանձնարարություններն էլ կրել են ամենաընդհանրական, չպարտավորեցնող, սոսկ խորհրդատվական բնույթ։ Այս անգամ էլ թվում էր, թե G-8 գագաթնաժողովը, ֆրանսիական Դովիլում` ամենաթանկ առողջարաններից մեկում, հատկանշական կլինի միայն նրանով, որ զուգադիպել է «Տղամարդն ու կինը» հանրահայտ կինոնկարի ստեղծման հոբելյանին (այստեղ է նկարահանվել Կլոդ Լելուշի ֆիլմը, այստեղ էլ կայացել է դրա պրեմիերան 45 տարի առաջ)։ Սակայն համաշխարհային գործերում տիրող ծայրաստիճան բարդ իրավիճակը (վարչակազմերի փոփոխությունը Թունիսում ու Եգիպտոսում, պատերազմը Լիբիայում, հուզումներն ամբողջ Մերձավոր Արևելքում, բեն Լադենի սպանությունը, ահաբեկչության դեմ պայքարը) թևակոխել է այնպիսի մի նոր, առայժմ ոչ պարզորոշ փուլ, որ աշխարհի ուժեղները հնարավորություն չունեին մի քիչ «ցրվելու», ուստի հանդիպումն էլ հիմնականում անհետաքրքիր ստացվեց։ Բացի այդ, ներկա գագաթնաժողովն առանձնահատուկ էր նաև նրանով, որ տեղի ունեցավ ընտրությունների նախաշեմին, փաստորեն, ԱՄՆ-ի, Ֆրանսիայի և Ռուսաստանի նախագահների ընտրարշավի մեկնարկին (նկատենք, G-8 մյուս գագաթնաժողովը կկայանա ԱՄՆ-ում` ընտրություններից կես տարի առաջ, իսկ Ռուսաստանում և Ֆրանսիայում ընտրությունները կկայանան հերթական հանդիպմանը նախորդող գարնանը)։ Իրատես պրագմատիկները չհապաղեցին այդ հանգամանքը ծառայեցնելու իրենց վարկանիշին։ Թեև, հնարավոր է, ընդհանուր առմամբ միմյանց ընդառաջելու ցանկությունը, որ նրանք ջանում էին ցուցադրել գագաթնաժողովում, թելադրված էր բնավ էլ ոչ նախընտրական նպատակներով, այլ լայնածավալ մարտահրավերների (ինչպես ռազմավարական, այնպես էլ օպերատիվ) պայմաններում համատեղ ջանքերի անհրաժեշտության ընդհանուր ըմբռնմամբ։ Սակայն նկատենք, որ Օբամայի համար Ռուսաստանի հետ հարաբերություններն այսօր արտաքին քաղաքականության ամենակարևոր նվաճումներից մեկն են, Մեդվեդևի համար Արևմուտքի օգնությունն ու աջակցությունը գլխավոր հաղթաթուղթն են։ Իսկ Սարկոզին, հաջողությամբ «դատաստան տեսնելով» Ստրոս-Կանի` 2012-ի ընտրություններում իր գլխավոր մրցակցի հետ, առհասարակ համարվում է նախագահի պոստում Մեդվեդևի թեկնածության եվրոպական գլխավոր կողմնակիցը։ Այնպես որ, նրանք շտապեցին ապահովել իրատեսական քայլերը «Realpolitik»-ի ոճով, սակարկել և միմյանց «արքայավայել նվերներ» մատուցել։
Ասվեց, որ Ռուսաստանն ու Արևմուտքը երբեք այնքան մտերիմ չեն եղել, որքան Դովիլից հետո։ Մինչ գագաթնաժողովը Սարկոզին ու Մեդվեդևը հայտարարեցին, որ վերջնական համաձայնության են եկել Ռուսաստանի համար ֆրանսիական «Միստրալ» ուղղաթիռակրի կառուցման շուրջ, և որ դա կլինի Կրեմլի ամենախոշոր ռազմական գնումը «սառը պատերազմի» ավարտից ի վեր։ Երկու այդպիսի ավիակիր կկառուցվի Ֆրանսիայում, երկուսն էլ Ռուսաստանում` ֆրանսիացի գործընկերների մասնակցությամբ։ Իհարկե, այն հարցը, թե ՌԴ ռազմածովային ուժերը, արդյոք, 1,5 մլրդ եվրո արժողությամբ (փորձագետներն այս առումով միասնական կարծիքի չեն) ռազմանավերի կարիք ունե՞ն, դեռևս առկախ է։ Ֆրանսիային ավելի քան բավարարեց Ռուսաստանի դիրքորոշումը ԱՄՀ-ի ղեկավարի պոստում իր թեկնածուի` էկոնոմիկայի նախարար Քրիստին Լագարդի նշանակման առնչությամբ, որին գագաթնաժողովի հյուրընկալը կոչեց «հիանալի արժանիքներ ունեցող կին»։ Իսկ Օբաման մի ամբողջ շարք քայլեր կատարեց, որոնք, ամերիկացիների կարծիքով, կամրապնդեն Մեդվեդևի դիրքերը (իսկ թե որքա՞ն են գործուն դրանք, այլ հարց է)։ Այսպես, հյուսիսկովկասյան գրոհայինների պարագլուխներից մեկի` ՈՒմարովի համար, որին ավելի վաղ ամերիկացիներն արդեն մտցրել էին միջազգային ահաբեկիչների ցանկի մեջ, հինգ մլն դոլար գլխագին է սահմանվել։ Դա գնահատվում է և՛ որպես լավ վերաբերմունքի նշան, և՛ որպես ծանրակշիռ ապացույց, որ Հյուսիսային Կովկասում պատերազմի դեպքում ամերիկացիները միաբան կլինեն Ռուսաստանի հետ, քանի որ ունեն ընդհանուր թշնամի։ Այնուհետև երկու նախագահները հայտարարեցին, որ մտադիր են իրենց երկրների միջև դյուրացնել ձեռնարկատերերի և զբոսաշրջիկների այցեկարգը (վիզային ռեժիմը)։ Եվ գլխավորը` Ռուսաստանում ԱՄՆ-ի դեսպանի պաշտոնի համար Օբաման ընտրել է Մայքլ Մակֆոլին` Ռուսաստանի լավագույն գիտակներից մեկին, Սպիտակ տան «մերձավոր շրջանակի» անդամին և «վերաբեռնման» ներկա քաղաքականության առանցքային ճարտարապետին։ Փորձագետների կարծիքով` նրա նշանակումը կդառնա ԱՄՆ-ի և Ռուսաստանի երկու առաջին դեմքերի մերձեցման և նրանց աշխատանքի սերտ համակարգման նշան։ Իսկ ի՞նչ մատուցեց Մեդվեդևն իր բարեկամ գործընկերներին։
Առաջին անակնկալը Ռատկո Մլադիչի ձերբակալությանը հավանություն տալն էր։ Ապա` Մերձավոր Արևելքի վերաբերյալ «Մեծ ութնյակի» բանաձևին Ռուսաստանի բավականին անսպասելի միանալը։ Դրանում, բացի զգալի ֆինանսական օգնությունից («Դովիլյան գործընկերություն» ծրագրով Արևմուտքը մտադիր է Թունիսի և Եգիպտոսի տնտեսություններին տրամադրել 40 մլրդ դոլար), սահմանված է Արևմուտքի դիրքորոշումը մի շարք միջազգային խնդիրների առնչությամբ։ Բացի այդ, Ռուսաստանը պաշտպանեց Լիբիայի վերաբերյալ G-8 մյուս գագաթնաժողովի եզրափակիչ փաստաթուղթը, որտեղ ասված է, որ Մուամար Քադաֆին պետք է հեռանա։ «Քադաֆին և Լիբիայի կառավարությունը չկարողացան կատարել խաղաղ բնակչության պաշտպանության պարտավորությունները և կորցրին իրենց լեգիտիմությունը։ Քադաֆին ապագա չունի ազատ ժողովրդավարական Լիբիայում, նա պետք է հեռանա»,- ասվում է փաստաթղթում։ Միևնույն ժամանակ, գագաթնաժողովի մասնակիցներն ուշադրության առան «գործընկեր և բարեկամ» Մեդվեդևի նախազգուշացումները Լիբիայում տեղի ունեցող հեղափոխությամբ սահմանափակվելու վերաբերյալ` ՄԱԿ-ը չվարկաբեկելու նկատառումով։ Բացի այդ, Ռուսաստանն առիթը բաց չթողեց հիշեցնելու գործընկերներին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևի ընդունման հարցում նրանց թույլ տված խախտումների մասին (ի դեպ, Մոսկվան ինքն էլ է խախտում թույլ տվել` վետո չկիրառելով)։ Եվ, ամենակարևորը, Մեդվեդևն առաջարկեց որպես «միջնորդ» հանդես գալ Քադաֆիի հեռանալը կազմակերպելու գործում։
«ՈՒթնյակի» անդամները բարձր գնահատեցին Ռուսաստանի առաջարկությունը, ասացին, որ այն վկայում է «համաշխարհային ընկերակցության մոտեցումների միասնության և դրական զարգացման» մասին, իսկ Ռուսաստանի նախագահը տեղնուտեղը որոշում ընդունեց անհապաղ տարածաշրջան ուղարկել իր հատուկ ներկայացուցչին` սենատոր Միխայիլ Մարգելովին։ Ինչ խոսք, Կրեմլը հիանալի հասկանում է, որ առաջվա կշիռը չունի միջազգային ասպարեզում և ամեն հարմար առիթ օգտագործում է` հիշեցնելու իր գոյության և իրադարձությունների ընթացքի վրա ազդելու ընդունակության մասին։ Մյուս կողմից, Ռուսաստանից զատ, ուրիշ մեկը միջնորդ լինել չի կարող, որովհետև «ՈՒթնյակի» մյուս բոլոր անդամներն ուղղակի կռվում են Քադաֆիի դեմ։ Այնպես որ, «համաշխարհային ընկերակցությունն» ուրախությամբ Ռուսաստանին «մեծ պատվի» արժանացրեց բոլորին զզվեցրած լիբիական քաղաքացիական պատերազմի գորդյան հանգույցը կտրելու հարցում։ Այլ բան է, որ մի շարք դիտորդներ կասկածում են, թե այդ բանակցությունները հաջողություն կունենան։ Կորցնել իշխանությունը Քադաֆիի համար նշանակում է հաջորդ օրն իսկ հայտնվել բանտում։ Այնպես, ինչպես Մուբարաքի հետ եղավ։ Նա այդ բանը լավ է հասկանում և չի ուզում հեռանալ, առավել ևս այն իրավիճակում, երբ արդեն երկու ամիս դիմադրում է ՆԱՏՕ-ի հարվածներին։ Բացի այդ, հիշեցնենք` ոչ այնքան վաղուց Կոսովոյում պատերազմը դադարեց այն բանից հետո, երբ Ռուսաստանը «միջնորդ» դարձավ` ի դեմս Վիկտոր Չեռնոմիրդինի։ Նա, փաստորեն, Միլոշևիչին համոզեց հանձնվել։ Դրանից հետո, սակայն, նույն Միլոշևիչը մեղադրյալի աթոռին հայտնվեց Հաագայում։ Եվ այստեղ ավելորդ չի լինի ուշադրության առնել, որ, պատասխանելով այն հարցին, թե Մոսկվան պատրաստ կլինի՞, արդյոք, ապաստան տրամադրելու Քադաֆիին, ռուսական պետության ղեկավարն ասաց. «Չի՛ լինի»։
Հարկ է նշել, որ Դովիլում Մեդվեդևի արած հայտարարությունը, փաստորեն, «խաչ քաշեց» Լիբիայի առնչությամբ Մոսկվայի նախկին քաղաքական գծի վրա, և անփոփոխ մնաց միայն «դադարեցնել բռնությունը» կոչը։ Համապատասխանաբար, առաջ են գալիս մի ամբողջ շարք հարցեր. ինչն է ստիպել Կրեմլին վերանայելու դիրքորոշումը, արդյո՞ք դա նոր քաղաքական գծի որդեգրման նշան չէ, որո՞նք են այժմյան դիվանագիտական քաղաքականության սկզբունքները։ Ռուսաստանն «ՈՒթնյակի» գործընկերների հետ ինչ-որ գործարքի՞ է գնացել, թե՞ դա արդյունք է քաղաքական սակարկության։ Կկարողանա՞, արդյոք, ռուսական ղեկավարությունը, հաշվի առնելով հանրության տրամադրությունները, իր ժողովրդին ապացուցել նման փոփոխությունների անհրաժեշտությունը։ Չէ՞ որ, մինչ Մեդվեդևը Դովիլում ՆԱՏՕ-ի հետ Մոսկվայի «դիրքերի մերձեցման» մասին էր խոսում, Պուտինը հասցրեց երկու անգամ կոշտ հայտարարություններ անել Լիբիայում արևմտյան կոալիցիայի գործողությունների առնչությամբ` վերստին դրանք համեմատելով խաչակրաց նոր արշավանքի հետ։ Նաև անխուսափելի է այն հարցը, թե միջազգային քաղաքականության օվկիանոսում Ռուսաստանի «դրեյֆն» օգուտ կբերի՞, արդյոք, նրա տնտեսությանը։
Ակնհայտ է, որ եթե Ռուսաստանը, ավելի ճիշտ Մեդվեդևը, ակնառու դեր խաղա «Քադաֆիի խաղաղեցման» գործում, դա կբարձրացնի նրա վարկը «համաշխարհային վերնախավի» շրջանում։ Սակայն պակաս ակնհայտ չէ, որ այդ նույն «դերն» ավելի կգցի Մեդվեդևին «Ռուսաստանի հայրենասերների» աչքից։ Առավել ևս, որ նրանք արդեն աղմուկ են բարձրացրել «Մեծ ութնյակի» անդամներին հուզող գլխավոր խնդրում` հակահրթիռային պաշտպանության գծով ռուս-ամերիկյան տարաձայնությունների կապակցությամբ (Դովիլի հանդիպման նախօրեին հայտնի դարձավ, որ բանակցությունները փակուղի են մտել, և Ռուսաստանը նույնիսկ սպառնացել է դուրս գալ Ռազմավարական հարձակողական սպառազինությունների մասին պայմանագրից)։ Մեղրի տակառում մի գդալ կուպր դարձավ նաև այն, որ Դովիլի գագաթնաժողովի նախօրեին Ֆրանսիայի ԱԳՆ-ի կայքում հայտնվել է մի քարտեզ, ուր ՌԴ-ն «մնացել է» առանց Կուրիլյան կղզիների և Կալինինգրադի մարզի։ Ֆրանսիայի արտգործնախարարությունը անվրդով տոնով պատասխանել է, թե քարտեզի հեղինակներն ավելորդ են համարել նշել «ՌԴ-ի կղզետարածքները», և դա ոչ մի քաղաքական աստառ չունի։ Ինչը, հասկանալի է, բնավ էլ չի հանգստացրել «դերժավնիկներին»։ Իհարկե, Լիբիայի խնդրի հետ կապված շահ էլ կա. գլխավորը հնարավորությունն է մի քանի տասնամյակ մասնակցելու «նավթային կարկանդակի» բաժանմանը, որը մնալու է Քադաֆիի հեռանալուց հետո։ Ռուսաստանը լուրջ հույսեր է փայփայում, որ չի կորցնի իր խաղաթղթերը և առավելություն կստանա։ Իսկ ընդհանուր առմամբ, չնայած գագաթնաժողովի դրական արդյունքներին, որոնց մասին արդեն շտապել են հայտարարել մի շարք դիտորդներ, այն ավելի շատ հարցեր հարուցեց, քան պատասխաններ տվեց։ Եվ դրանք, ամենայն հավանականությամբ, Մեդվեդևի համար լուրջ գլխացավանք կարող են դառնալ։
Սուսաննա ՊՈՂՈՍՅԱՆ
Շանհայում մեր հատուկ թղթակից


Դիտվել է՝ 923

Մեկնաբանություններ