«Իրենց երկրներում ամերիկյան հրթիռներ տեղակայելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում. ՌԴ-ն կարող է հարվածներ հասցնել այն պետությունների մայրաքաղաքներին, որտեղ ամերիկյան հեռահար զինատեսակներ են նախատեսում տեղակայել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

«ՄԵՍԻՋԱՎՈՐՎԵԼ» ԵՆ

«ՄԵՍԻՋԱՎՈՐՎԵԼ» ԵՆ
19.10.2010 | 00:00

Ընդդիմության հանրահավաքում Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթն սպասվածի չափ «պայթուցիկ» չէր: Պատճառն էլ անձրևը չէր: Այնուհանդերձ, քաղաքական շրջանակներում փորձում են հասկանալ` ընդդիմությունն ազդակներ ստացե՞լ էր դրսից, որ հատկապես կոռուպցիոն մոտիվներով էր «կառուցել» հանրահավաքը, թե՞ «միջազգային» բացահայտումների ֆոնին վերադասավորվել և «արդիականացրել» էր ասելիքը, որը, եթե անկեղծ լինենք, շատ թարմ չէր. Տեր-Պետրոսյանն այդ թեմայով առավել «կետային» և «թիրախային» ելույթներ է ունեցել:
Մի խոսքով, փորձագետների կարծիքները կիսվում են. մի մասը պնդում է` քանի որ ընդդիմությունը, մասնավորապես Տեր-Պետրոսյանի անմիջական շրջապատը, բավականին ակտիվ կապեր ունի ամերիկյան (Կարախանյանին մոռացեք` լուրջ չէ) վերլուծական (և ոչ միայն) շրջանակների հետ, չի բացառվում` ինֆորմացիա ստացած լինի, որ առաջիկայում ճիշտ կլինի խոսել կոռուպցիայի, «bad boys»-ի և մնացածի մասին, հանգիստ թողնելով ղարաբաղյան հիմնախնդիրն ու հայ-թուրքական հարաբերությունները, որովհետև Աստանային ընդառաջ արտաքին ճնշումն սպասվող զարգացումներում այդ կոնտեքստում է լինելու:
Եվ քանի որ «Ատլանտիկ քանսըլում», «Վաշինգտոն պրոֆալյում» (այնտեղից էլ դեպ պենտագոնյան միջինից ցածր չինովնիկական «դոստուպ»` տիկին Մանուշակի գծով), այդ թվում` և NDI-ում, կան «յուրայիններ», բառիս բուն իմաստով` հայ տղերք ու աղջկերք, ապա կարելի է միջազգային «թշնամի հանրությանը» համընթաց քայլել` տպավորություն ստեղծելով, թե աշխարհիս ուժային կենտրոններն անհրաժեշտ «քսիֆ» են ուղարկել ընդդիմությանն ու նրա շարքերին: Ինչն էլ քաղաքական պայքարի տեսանկյունից նորմալ է: Մի քիչ աննորմալ է այն հանգամանքը, որ գործարարներին, որոնք, փաստորեն, գործում են նույն «կոռումպացված ավազակապետականների» հովանու ներքո, միտինգներում հարկ չեն համարում անդրադառնալ, և (ինչպես գտնում են շատ լրատվամիջոցներ) ոչ թե մեսիջ են ուղարկում նրանց, այլ կարծես բոլորը «մեսիջավորված» են ի սկզբանե:
Անհասկանալին, ինչպես ասացինք, դա չէ, այլ այն, որ երբ չէր խոսվում միջազգային ճնշումների, ղարաբաղյան հարցի լուծման մասին, ընդդիմության միտինգներում աներկբա հրովարտակվում էր` հինգ րոպե հետո, դուք դեռ տուն չհասած, սիրելի ժողովուրդ, Ղարաբաղի հարցը լուծվելու է, Ղարաբաղը ծախծխվելու է (ծանոթ մտքեր են, չէ՞, Տեր-Պետրոսյանի նախագահության օրերից):
Իսկ այսօր, երբ ակնհայտ է, որ միջազգային հանրությունն ինչ-որ բան է պատրաստում Աստանայում, համակ լռություն է միտինգում: Փորձագետները պնդում են, որ ընդդիմությանն ասվել է` հետ քաշվել, չխանգարել: Նաև որ` ընդդիմությունն առանձնապես դեմ չէ, այսպես ասած, «փոխզիջումներին»: Այդ մասին օրերս նույնիսկ բարձրաձայնեց Վահագն Խաչատրյանը:
Հա, ի դեպ. երևի նկատում եք` ընդդիմությունը պայքարի ֆորմատն ակտիվացնում է: Բայց դե, բոլոր դեպքերում, մինչև դեկտեմբերի 1-2-ը, մինչև Աստանայի գագաթաժողով դեռ շատ կա, ու պետք է գտնել, կոռուպցիայից բացի, այլ մոտիվացիա, որ հա՛մ ոտքի վրա լինես, հա՛մ էլ «գործընթացին չվնասես»:
Ասում են` ընդդիմությունը գտել է իմաստության այդ քարը: Այսուհետ փորձելու է «մտնել, նվաճել, վերցնել, շտուրմել» Ազատության հրապարակը (մի հարցնող լինի իշխանություններին` ինչի՞ չեք թողնում մտնեն, որ իրենք էլ փորձեն «շտուրմել»):
Չնայած` լավ են անում իշխանությունները. ա) որ ընդդիմությունն անվերջ անելիք ունենա, փորձի մտնել այնտեղ, Բազազը չթողնի, մի թեթև իրար քաշքշեն, Գագիկ Շամշյանն արագ գա-նկարի, ու էդպե՜ս` մինչև 2012-ի պառլամենտական ընտրություններ` ակտիվ-անզիջում, բ) որ ընդդիմադիր դաշտն զբաղված լինի, էն Քոչարյանին տեղ չլինի, հետ չգա:
Իմաստուն են, բա ինչ են: Իզուր էլ Ստեփան Դեմիրճյանը նեղացել ու մի նեղ միջավայրում ասել է. «Երբ մենք էինք անվերջ միտինգներ անում ու չէինք «վերցնում» իշխանությունը, իմ ժամանակ իրենք դրան ասում էին` անվճռականություն, հիմա դրան ասում են` իմաստնություն»:
Ահա այսպիսի «ալքիմիա»:
Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 994

Մեկնաբանություններ