«Իրենց երկրներում ամերիկյան հրթիռներ տեղակայելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում. ՌԴ-ն կարող է հարվածներ հասցնել այն պետությունների մայրաքաղաքներին, որտեղ ամերիկյան հեռահար զինատեսակներ են նախատեսում տեղակայել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

ՄԵՐՁԱՎՈՐ ԱՐևԵԼՔՈՒՄ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ԴԱՇԻՆՔՆԵՐԻ ՍՏԵՂԾՄԱՆ ՏՐԱՄԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ

ՄԵՐՁԱՎՈՐ ԱՐևԵԼՔՈՒՄ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ԴԱՇԻՆՔՆԵՐԻ ՍՏԵՂԾՄԱՆ ՏՐԱՄԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ
25.02.2011 | 00:00

Մերձավորարևելյան հակամարտության կարգավորման, ԱՄՆ-ի հետ արաբական պետությունների զգալի մերձեցման պայմաններում Իսրայելի` որպես մինչ այդ կարևորագույն աշխարհաքաղաքական գործոնի, դերը հետևողականորեն դուրս է գալիս քաղաքական օրախնդիր ասպարեզից։ Իսրայելը, ըստ էության, ավարտել է իր պատմական դերը տարածաշրջանում որպես ԱՄՆ-ի միջնաբերդ, սպառվել է նաև նրա աշխարհաքաղաքական դերը։ Տարածաշրջանում Իսրայելի ապագա դերը կարող է դիտարկվել բացառապես այլ տերությունների` Թուրքիայի, Ադրբեջանի, Վրաստանի, Եթովպիայի, Հորդանանի հետ շաղկապված կամ որպես հարևան և այլ արաբական պետությունների, նախ և առաջ Պաղեստինի, Հորդանանի, Սիրիայի, Լիբանանի և Եգիպտոսի տնտեսական գործընկեր։ Մեկուսացած Իսրայելն այլևս գոյատևել չի կարող որպես ներդաշնակ զարգացող պետություն։ Եթե առաջիկա 3-5 տարում Իսրայելը չլուծի իր համար կարևորագույն խնդիրները` ջրի ակունքների, մերձավորարևելյան նավթի ապահովում, իր լայն սպառման ապրանքների և ռազմարդյունաբերական ապրանքների արտահանում արաբական շուկաներ, արաբական պետությունների ֆինանսաբանկային և ընդհանուր տնտեսական համակարգի մեջ ներգրավում, ապա Իսրայելի տնտեսությունը կդադարի միջազգային ասպարեզում մրցունակ լինելուց։ Սակայն այդ խնդիրների իրականացումն անմիջականորեն կախված է Սիրիայի դիրքից ու քաղաքականությունից։ ՈՒստի և Սիրիան դարձել է ԱՄՆ-ի ու Իսրայելի ակտիվ քաղաքականության նշանակետ։ Սիրիայի հետ Իսրայելի բնականոն հարաբերությունների արագ հաստատումը հազիվ թե հնարավոր լինի, քանի որ, բացի քաղաքական և տնտեսական նպատակահարմարությունից, պետք է հաշվի առնել ազգային հոգեբանական գործոններն ու այն, որ սիրիացիների մի քանի սերունդ դաստիարակվել է Իսրայելի նկատմամբ ատելության ոգով։
Ներկայումս Իսրայելի բոլոր հարևան պետությունների համախառն ներքին արտադրանքը (ՀՆԱ) այնքան էլ մեծ չէ Իսրայելի ՀՆԱ-ից (196 մլրդ դոլար)։ Նրանց տնտեսական զարգացումը (հատկապես Հորդանանի և Եգիպտոսի) մեծապես կախված է ամերիկյան օգնությունից ու ներդրումներից։ Որոշակի չափով Իսրայելի գործակցությունը Եգիպտոսի, Հորդանանի, Կատարի և Մարոկկոյի հետ կարելի է անվանել եթե ոչ քաղաքական, ապա տնտեսական տարածաշրջանային դաշինք, և մնացած արաբական պետությունները, այսպես թե այնպես, ապագայում ստիպված կլինեն հաշվի նստել այդ հանգամանքի հետ։ Պետք է նկատի ունենալ, որ արաբական մի շարք պետություններ Իսրայելի հետ հարաբերությունների կարգավորումը համարում են տարածաշրջանի գործերին Իրանի և Թուրքիայի միջամտության նվազեցման գործոն, որոնք երկուսն էլ ոչ այնքան ցանկալի խաղացողներ են արաբական ժամանակակից վերնախավի, հատկապես Սաուդյան Արաբիայի, Եգիպտոսի, Հորդանանի, Պարսից ծոցի պետությունների, ինչպես նաև Ալժիրի, Մարոկկոյի և Թունիսի, այսինքն` արաբական աշխարհի մեծ մասի համար։ Ինչ վերաբերում է Իրաքին, ապա այդ երկիրը նույնպես, առաջվա նման, Իրանն ու Թուրքիան համարում է առավել վտանգավոր հակառակորդներ։ Եվ միայն Սիրիան է դառնում խոչընդոտ արաբա-իսրայելական որևէ դաշինքի ստեղծման ճանապարհին։ Եգիպտական հեղափոխությունը, որոշակի չափով, խնդիր ունի ուժեղացնելու Եգիպտոսի դերը տարածաշրջանում, «հավաստելու» արաբական աշխարհի առաջատարի նրա դերը, որը ենթադրում է ոչ այնքան դիմակայություն Իսրայելի նկատմամբ, որքան արգելանք Թուրքիայի և Իրանի ճանապարհին, նպատակ ունենալով թույլ չտալու, որ նրանք նոր դիրքեր գրավեն տարածաշրջանում, ինչը նրանց տարածաշրջանային առաջատարներ կդարձներ։
Որպես տարածաշրջանի աշխարհաքաղաքական դաշինքների ստեղծման ակտիվ նախաձեռնողներ են հանդես գալիս Իրանը, Իրաքը (ինքնիշխանության վերականգնումից հետո) և Սաուդյան Արաբիան։ Սակայն նրանց նախաձեռնությունների հաջողությունը նույնպես լիովին կախված է Սիրիայի դիրքից ու քաղաքականությունից։ Ներկայումս Սիրիայի և Իրանի հարաբերությունները շատ ավելի բարեկամական և գործընկերային են, քան Սիրիայի և արաբական պետությունների, ներառյալ Եգիպտոսն ու Սաուդյան Արաբիան, ինչպես նաև Իրաքը։ Դա «քաղաքական խանդ» է առաջացնում արաբական պետությունների մեջ, և նրանք պատրաստ են քայլեր ձեռնարկելու Սիրիային «վերահավաքագրելու» ուղղությամբ։ Բայց պետք է նկատի ունենալ, որ դա, այսպես թե այնպես, կհանգեցնի ԱՄՆ-ի հետ Սիրիայի մերձեցմանը։ ՈՒստի շատ հետաքրքրական են թվում տարածաշրջանի փորձագետների կանխատեսումները երկու սկզբունքային, բայց անհամատեղելի դաշինքների կազմավորման հնարավորության առնչությամբ։ Դրանք են Իրաք-Սաուդյան Արաբիա-Սիրիա կամ Իրան-Իրաք-Սիրիա դաշինքները։ Առաջինը տրամաբանորեն կողմնորոշված է դեպի ավելի մեծ քաղաքական իրատեսություն, հետևաբար և դեպի ԱՄՆ։ Այդ դաշինքի խոցելի կողմերն են` ընդհանուր ցամաքային սահմանների բացակայությունն այդ երկրների միջև, նրանց վարչակարգերի ներքին քաղաքական-գաղափարախոսական հենքերի էական տարբերությունները, վահաբականության գործոնը և ԱՄՆ-ի հետ Սաուդյան Արաբիայի շատ սերտ հարաբերությունները։ Այդ դաշինքը, ըստ էության, կարող է ձևական բնույթ կրել։
Ավելի նախընտրելին երկրորդ դաշինքն է` Իրան-Իրաք-Սիրիա-Լիբանան։ Այդ դաշինքը ռազմաքաղաքական առումով առավել զորեղ աշխարհաքաղաքական «հանգույց» կլիներ տարածաշրջանում։ Բացառված չէ, որ եթե այդ դաշինքը կազմավորվի, ապա այն կվայելի Սաուդյան Արաբիայի համակրանքը, որը տարածաշրջանի տնտեսապես առավել ուժեղ պետությունն է։ Իրան-Իրաք-Սիրիա-Լիբանան դաշինքը կունենա ոչ միայն ավելի ինքնուրույն նշանակություն, այլև միանգամայն որոշակի տարածաշրջանային հակառակորդներ` ի դեմս Թուրքիայի և Իսրայելի։ Այդ դաշինքը հնարավորություն կտա ստեղծելու ընդարձակ անվտանգ մի տարածություն` Կենտրոնական Ասիայից և Հնդկաստանից մինչև Միջերկրական ծով, դրանով իսկ վերահսկելով կարևորագույն հաղորդուղիներն ու ապահովելով Թուրքիայի և Սուեզի ջրանցքի շրջանցումը։ Լիբանանի համար անչափ ձեռնտու է այդ դաշինքի ստեղծումը, որի հետ կգործակցի որպես տարածաշրջանային և համաշխարհային ֆինանսական կենտրոն և ծովային կարևոր նավահանգիստներ ունեցող երկիր։ Տարածաշրջանային փորձագետներն ավելի հակված են Սաուդյան Արաբիան դիտարկելու որպես հեռանկարում ավելի չեզոք պետություն, որը տարածաշրջանի վրա ազդեցություն կարող է գործել իր նավթով ու ֆինանսական պաշարներով։ Կասկած չկա, որ թուրք-իսրայելական դաշինքը Հարավային Կովկասի պետությունների մասնակցության պարագայում ռազմական առումով ուժեղագույնը կդառնա տարածաշրջանում։ ՈՒստի այդ հեռանկարին հակադրվելը կարևոր աշխարհաքաղաքական խնդիր է դարձել թուրք-իսրայելական սպառնալիքի ենթակա պետությունների` Իրանի, Իրաքի, Սիրիայի համար, որոնք, ինչպես և առաջ, թուրք-իսրայելական հարաբերությունների վատացումը համարում են ժամանակավոր երևույթ և համոզված են, որ դա Թուրքիայի մի ինչ-որ աշխարհաքաղաքական խաղ է, որը շուտով վերջ կգտնի ԱՄՆ-ի և այս կամ այն քաղաքական-տնտեսական հանգամանքների ճնշմամբ։
Այս կապակցությամբ հետաքրքրական է քննության առնել Իրանի դերն այդ տարածաշրջանում։ Մերձավոր Արևելքի փորձագետների ու քաղաքական գործիչների հետ զրուցելիս միշտ զգացվում է տարածաշրջանում Իրանի դերի բարձրացումը։ Դա պայմանավորված է ոչ այնքան Հարավային Լիբանանում «Հըզբոլլահի» ռազմաքաղաքական հաջողությունն Իրանի ուղղակի մասնակցությամբ, որքան այն մեծ հետաքրքրությունը, որ առաջ է բերում այս խոշոր պետությունը, որը հրթիռային և միջուկային զենք է ստեղծում տարազատված արաբական երկրների համար, որոնցից շատերն ի վիճակի չեն իրենց ինքնուրույն պաշտպանելու։ Ներքաղաքական պայքարն Իրանում, անկասկած, անդրադարձել է իսլամական արմատական շարժումների, նախ և առաջ «Հըզբոլլահ» կուսակցության ներսում տիրող իրավիճակի վրա։ «Հըզբոլլահի» ներսում կան խմբավորումներ, որոնք համակրում էին նախագահ Խաթամիին (իսկ հետագայում նաև բարեփոխումների և ազատական գաղափարների շարունակողներին), կան նաև այնպիսիք, որոնք հավատարիմ են մնում Խամենեիին։ Ահմադինեժադի նախագահ ընտրվելը զգալի չափով ապակողմնորոշիչ տրամադրություններ մտցրեց իսլամական քաղաքական շրջաններում։ Միանգամայն ապացուցելի նշաններ կան, որ Իրանը նոր քաղաքականություն է մշակել «Հըզբոլլահի» և շիական քաղաքական այլ շարժումների նկատմամբ։ Խաթամիի նպատակն էր «պետականացնել» «Հըզբոլլահ» կազմակերպությունը, այն վերածել խորհրդարանական և քաղաքացիական տիպի քաղաքական կազմակերպության, որը իսլամական ժողովրդավարության գաղափար է դավանում։ Մինչև հիմա Իրանը հենվել է Լիբանանի շիական զինված կազմակերպությունների վրա, ինչը սահմանափակում էր Իրանի ազդեցության ոլորտը և զգալի չափով անհարմարություն էր ստեղծում քաղաքական խուսանավումների համար։ Խաթամին աշխատում էր հաղթահարել միայն «Հըզբոլլահի» և լիբանանյան հասարակության մեջ նրա ազդեցության միջոցով Լիբանանում Իրանի միակողմանի ազդեցությունը, որտեղ «Հըզբոլլահն» ավելի ու ավելի է խաղում այնպիսի քաղաքական «բևեռի» դեր, որը դիմակայում է երկրում առկա ավանդական շատ ուժերի։ Իրանցի բարեփոխիչները ձգտում էին «Հըզբոլլահը» վերածել պետականակերտ գաղափարներ կրող կուսակցության և նրա միջոցով ներգործել Լիբանանի քաղաքականության և արաբական աշխարհում տիրող ընդհանուր իրավիճակի վրա։ Իրանը խիստ շահագրգռված է Լիբանանում քաղաքական ազդեցությամբ որպես մի երկրում, որն ԱՄՆ-ի և Եվրոպայի որոշակի ծրագրերով տարածաշրջանային նոր հարաբերությունների շրջանակներում դիտարկվում է որպես Իսրայելի տնտեսական գործընկեր և մրցակից։ Լիբանանն Իրանի համար առավել նպաստավոր քաղաքական հենակետ է տարածաշրջանի ֆինանսատնտեսական կենտրոնի ձևավորման առումով։
Իրանը շարունակում է կրճատել օգնության ցուցաբերումը «Հըզբոլլահին»` կազմակերպությանն առաջարկելով անցնել ինքնապահովման` Իրանի որոշակի աջակցությամբ։ Բայց և ձգտում է «Հըզբոլլահը» դարձնել ավելի կենսունակ քաղաքական կազմակերպություն, որպես ԱՄՆ-ի, Իսրայելի և ամբողջությամբ վերցրած Արևմուտքի վրա ճնշման գործիք։ Ներկայումս Լիբանանի շիական համայնքում նկատվում է «Հըզբոլլահի» ժողովրդականության աճի և «Ամալի» ազդեցության անկման միտում։ Դա պայմանավորված է Լիբանանի, հատկապես Բեքայի հովտում շիա բնակչությանը «Հըզբոլլահի» ցուցաբերած բարեգործական և տնտեսական օգնությամբ։
Հետաքրքրություն է ներկայացնում փորձագետների կարծիքը սիրիա-ռուսական հարաբերությունների առնչությամբ։ Նրանց համոզմամբ, Սիրիան Արևմուտքին կցուցադրի Ռուսաստանից իր քաղաքական տարազատությունը, թեև սիրիա-ռուսական հարաբերությունների նախկին կառուցվածքն ավերված է ինչպես օբյեկտիվ, այնպես էլ նպատակային պատճառներով։ Ասադի վերջին այցը Մոսկվա Սիրիային ցույց տվեց, որ զուր ջանքեր են Ռուսաստանի օգնությամբ բանակը վերազինելու փորձերը։ Սիրիան, փաստորեն, միջոցներ չունի այդ ծավալուն միջոցառումն իրականացնելու համար և այժմ հույսը դրել է ԱՄՆ-ի ու Ֆրանսիայի օգնության վրա։ Սակայն միանգամայն ակնհայտ է, որ Բաշար Ասադը վերադարձել է արտաքին քաղաքականության փորձված եղանակներին և պատրաստ է Ռուսաստանի հետ ավելի սերտ հարաբերություններ հաստատելու, նրան ներգրավելով մերձավորարևելյան քաղաքական և տնտեսական գործընթացների մեջ։
Հետաքրքիր են այն հեռանկարները, որ բացվում են Բաշար Ասադի իշխանության ամրապնդման շնորհիվ։ Հիմքեր չկան պնդելու, որ այդ գործչի քաղաքականության մեջ որոշակի արևմտամետ ուղղվածություն կլինի։ Բ. Ասադը կփորձի Ֆրանսիայի ու եվրոպացիների աջակցությունն ստանալ Սիրիայի նկատմամբ ԱՄՆ-ի վերահսկողությունը բացառելու նպատակով։ Դա Հաֆեզ Ասադի կարևոր արտաքին քաղաքական գծերից մեկն էր, որ նա այդպես էլ չկարողացավ իրականացնել անգամ մասամբ։ Իսկ Բ. Ասադի արտաքին քաղաքական դոկտրինը կիրականանա, քանի որ այն Սիրիայի ներկա վարչակարգի ընդհանուր քաղաքական դոկտրինի կարևոր բաղկացուցիչ մասն է։ Տարակույս չկա, որ Սիրիայի ներկա ղեկավարությունը Ռուսաստանը չի համարում առանցքային քաղաքական գործընկեր, բայց կաշխատի բարեկամական հարաբերություններ պահպանել նրա հետ` հավասարակշռելով միջազգային ասպարեզում։ Ընդհանուր առմամբ Ռուսաստանի հետ Սիրիայի հարաբերությունները կարող են դիտվել որպես ռազմավարական կամ դրան մոտ, եթե Ռուսաստանը միանշանակորեն աջակցի Սիրիային ԱՄՆ-ի և Իսրայելի հետ նրա դիմակայության գործում։ Արաբական աշխարհում կան շատ փորձագետներ, որոնք կասկածում են, թե Ռուսաստանը կարող է նման դիրք բռնել։ Միաժամանակ, տարածաշրջանում Ռուսաստանի դերի մեծացումը Թուրքիայի ազդեցության թուլացման կարևոր գործոն կդառնար։
Այս կապակցությամբ հետաքրքրություն են ներկայացնում նաև փորձագետների կարծիքները տարածաշրջանում Ֆրանսիայի ու Եվրամիության դերի և ֆրանսիական տարածաշրջանային քաղաքականության մեջ Սիրիայի տեղի վերաբերյալ։ Նրանց կարծիքով, եվրոպացիներն ունեն համաձայնեցված քաղաքականություն այդ տարածաշրջան քաղաքական և աշխարհատնտեսական ներթափանցման վերաբերյալ։ Եվրոպացիները վաղուց արդեն այստեղ լուծել են բանկային և ֆինանսական ոլորտների սեփական խնդիրները` իրենց արտադրանքի առաջնային շուկաների կազմավորման առումով, այդ թվում նաև` տեխնոլոգիաների փոխանցման ոլորտում։ Բայց եվրոպացիների գլխավոր խնդիրը չվերահսկվող կամ նվազ վերահսկվող մուտքի ապահովումն է նավթի ու գազի արդյունահանման ոլորտ։ Նավթը մնում է եվրոպացիների հետ ամերիկացիների քաղաքական պայքարի գլխավոր ասպարեզը։ Փորձագետների կարծիքով, սխալ կլիներ ենթադրել, թե մերձավորարևելյան հակամարտության կարգավորումը եվրոպացիներին հնարավորություն կընձեռի ավելի նախընտրելի դիրքեր գրավելու այդ տարածաշրջանում։ Այդ պնդումը իրական հիմք ու քաղաքական տրամաբանություն չունի։ Համարվում է, որ ընդհակառակը, հակամարտության կարգավորման պարագայում տարածաշրջանում ԱՄՆ-ի դերը գերիշխող կլինի դեռ շատ երկար ժամանակ։ Եթե ԱՄՆ-ին հաջողվի Սիրիային և տարածաշրջանի այլ պետությունների պարտադրել «նոր քաղաքական ու տնտեսական հարաբերությունների բազմակողմ կարգ», որոնց մասնակցի նաև Իսրայելը, ապա ԱՄՆ-ը, փաստորեն, կարևորագույն քաղաքական և աշխարհաքաղաքական խնդիրների լուծման գործում կդառնա արևմտյան աշխարհի միակ սուբյեկտը։ Ի տարբերություն եվրոպացիների, որոնք չեն կարող միանգամայն ինքնուրույն քաղաքականություն վարելու հույս ունենալ և հարկադրված են հիմնվել տարածաշրջանի բավականին գաղափարականացած, ուստի և քաղաքական առումով անդյուրաբեկ ու տնտեսապես անարդյունավետ վարչակազմերի վրա, ԱՄՆ-ը, ընդհակառակը, ձգտում է բազմակողմ հարաբերությունների մի համակարգ ստեղծել, ինչը նրանց անվիճելի քաղաքական ու տնտեսական առավելությունն է։ Բացի այդ, Եվրամիությունն առայժմ ընդունակ չէ հատկապես ամբողջ տարածաշրջանների առնչությամբ արտաքին քաղաքականություն վարելու որպես «միասնական արտաքին քաղաքական կենտրոն»։ Ֆրանսիան, փաստորեն, ստիպված է հանդես գալ միայնակ, հենակետ ակնկալելով Գերմանիայից ու միջերկրածովյան եվրոպական երկրներից, որոնք արտաքին քաղաքականության մեջ լուրջ գործընկերներ չեն։ Դա եվրոպացիների քաղաքական ջանքերը դարձնում է ավելի փոշեցրիվ։ Հարկ է նշել, որ, ի տարբերություն ամերիկացիների, որոնց գործընկերներ են և՛ արաբական երկրները, և՛ Իսրայելը, եվրոպացիները չեն կարող հույս դնել Իսրայելի հետ վստահելի գործընկերության վրա, որը Եվրոպան համարում է իր գոյաբանական հակառակորդը։ Բայց ամերիկյան առավելության գլխավոր գործոնն արդյունավետ ռազմական ներկայության ընդունակությունն է և ծավալուն ֆինանսական օգնություն ցուցաբերելու կարողությունը, ինչին անընդունակ են եվրոպացիները։ Եթե այդ տարածաշրջանում գաղափարախոսական վարչակազմերի դարաշրջանը պատմության գիրկն անցնի (սիրիական կամ իրաքյան վարչակազմերի նման), ապա տարածաշրջանում քաղաքական ներկայություն ունենալու եվրոպացիների հնարավորություններն էլ ավելի կնվազեն։ Միանգամայն հնարավոր է, որ ԱՄՆ-ի կամքով եվրոպացիները տարածաշրջանում որոշակի քաղաքական հատվածի առնչվելու մուտք կստանան, ինչը սոսկ ԱՄՆ-ի լիակատար թելադրանքի բացակայության պատրանքի նպատակ կհետապնդի։ Բայց այդ դերը միշտ կսահմանափակվի նավթի ռազմավարական նշանակության ակունքներին «ազատորեն» հասնելու հնարավորության բացակայությամբ։ Անկասկած, այդ ուղղությամբ ԱՄՆ-ը միշտ հանդես կգա Մեծ Բրիտանիայի հետ` ընդդեմ եվրոպացիների։ Այս իմաստով տարածաշրջանում եվրոպացիների վիճակը շատ նման է Ռուսաստանի վիճակին։ Ե՛վ Ռուսաստանը, և՛ Ֆրանսիան (հնարավոր է` Գերմանիայի հետ) կարող են հենվել միայն սեփական տարածաշրջանային նախաձեռնությունների վրա (այսինքն, հայտնի իմաստով մուտք գործել պատրաստի և լուծված քաղաքական դաշտ)։ Երկու տերություններն էլ հնարավորություն ունեն իրենց դիրքերը տարածաշրջանում վերականգնելու միայն տարածաշրջանային աշխարհաքաղաքական դաշինքների հետ գործակցությամբ։ ՈՒստի Ռուսաստանի կարևոր քաղաքական խնդիրը կարող է լինել այդպիսի դաշինքների ձևավորմանն ուղղված քաղաքական գործընթացներին հետևելը, դրանց կազմավորման արագացման և աջակցության նախաձեռնություններով հանդես գալը և նրանց հետ գործակցելը։ Այսպես թե այնպես, եգիպտական հեղափոխությունն արագացրել է տարածաշրջանային դաշինքների ձևավորումը։
Իգոր ՄՈՒՐԱԴՅԱՆ

Դիտվել է՝ 1309

Մեկնաբանություններ