«Իրենց երկրներում ամերիկյան հրթիռներ տեղակայելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում. ՌԴ-ն կարող է հարվածներ հասցնել այն պետությունների մայրաքաղաքներին, որտեղ ամերիկյան հեռահար զինատեսակներ են նախատեսում տեղակայել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

Ի՞ՆՉ ԿԳԱ ՓՈԽԱՐԻՆԵԼՈՒ ԱՐՄԱՏԱԿԱՆ ԻՍԼԱՄԻՆ

Ի՞ՆՉ ԿԳԱ ՓՈԽԱՐԻՆԵԼՈՒ ԱՐՄԱՏԱԿԱՆ ԻՍԼԱՄԻՆ
22.02.2011 | 00:00

Ներկայումս իսլամական արմատական շարժումը քաղաքական ու գաղափարախոսական ճգնաժամ է ապրում` կապված մի շարք կարևոր իրադարձությունների հետ։ Դրանք են` իսլամականների չեչենական խմբավորման փաստական ջախջախումը, չեչենական խնդրի որոշակի սպառվածությունն ու իսլամական արմատական կենտրոնների կողմից արմատականության այդ օջախի նկատմամբ հետաքրքրության սկզբունքային անկումը, իսլամական արմատականության նկատմամբ ԱՄՆ-ի ու Մեծ Բրիտանիայի քաղաքականության վերաիմաստավորումը, արաբական պետությունների կողմից իսլամական արմատականության հարցում մտահոգության աճը, սոցիալ-տնտեսական խնդիրների լուծման, ինչպես նաև իսլամական սկզբունքների` շարիաթի միջոցով ազգային ուժեղ պետությունների ստեղծման անհնարինությունը, իսլամական պետությունների և իսլամական արմատական շարժումների տարբեր ուղղությունների միջև հակասությունների աճը։ Այս ամենը հիմք է ծառայել, որպեսզի իսլամական արմատականության ագրեսիային ենթարկված մի շարք պետություններ համապատասխան կառույցներ ստեղծեն` այդ վտանգին դիմակայելու համար։
Աֆղանստանից խորհրդային զորքերի դուրսբերումից հետո կոսմոպոլիտ, նախ և առաջ, սուննիական իսլամական շարժումները չկարողացան ինքնուրույն լուծել քաղաքական և աշխարհառազմավարական և ոչ մի խնդիր։ Կոսմոպոլիտ իսլամական շարժման բոլոր հաջողությունները կապված են բացառապես Բալկաններում, Հյուսիս-արևմտյան Չինաստանում և Կենտրոնական Ասիայում ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի աջակցության հետ։ Հարավային Լիբանանում «Հըզբոլլահի» ռազմաքաղաքական հաջողությունը բացատրվում է նրանով, որ այդ կազմակերպությունն ազգային կրոնական միավորում է, որի նպատակն իր հայրենիքի պաշտպանությունն է։ Վաղուց է կանխորոշված ու հասկանալի, որ «Հըզբոլլահը» կհրաժարվի արմատական եղանակներից և կդառնա խորհրդարանական տիպի սովորական քաղաքական կուսակցություն։ Հասկանալի էր դարձել, որ կրոնական սկզբունքների հիմքի վրա կառուցված առանց բացառության բոլոր անդրազգային նախագծերը դատապարտված են։ Բեն Լադենի վիճակն աղետալի է դառնում, քանի որ նրա դերն ու գործառույթները, իսլամական կազմակերպությունների ստեղծման ալիքի բարձրացման նպատակով, սպառված են։ Նրա առջև խնդիր է դրված վերակենդանացնելու իր գործառույթը, ինչը ենթադրում է ստեղծել նոր նախագծեր, նոր սցենարներ, ապահովել ֆինանսավորման նոր աղբյուրներ։ Բեն Լադենը մեծ հույսեր է տածում, որ Սաուդյան Արաբիայում իշխանափոխություն տեղի կունենա, և իշխանության կգա «համաարաբական կուսակցություն»։ Հնարավոր է` դա էլ պատճառ է դարձել, որ նա մտադրվել է տեղափոխվել Արաբական թերակղզի։ Աֆղանստանում շատ լուրջ հակասություններ են ի հայտ եկել Բեն Լադենի և «Թալիբանի» շատ առաջնորդների միջև։ Այդ հակասությունները նախ և առաջ կապված են այն բանի հետ, որ «Թալիբանի» ղեկավարությունը ձգտում է սահմանափակել արտաքին քաղաքական հավակնությունները, հրաժարվել Կենտրոնական Ասիայի հետ կապված մի շարք նախագծերից և կենտրոնանալ ներքին խնդիրների լուծման վրա։ Բավականին լարված հարաբերություններ են առաջացել տեղական շատ ղեկավարների և «Թալիբանի» հրամանատարության ու քաղաքական ղեկավարության միջև, քանի որ չի հաջողվում լուծել սոցիալական և տնտեսական որևէ խնդիր։ Շատերը Բեն Լադենին են մեղադրում Աֆղանստանի մեկուսացման, նաև այն բանի համար, որ Աֆղանստանը համարվում է ցատկահարթակ դեպի այլ տարածաշրջաններ։ Ցեղերի, կլանների, քաղաքային խավերի առաջնորդները հանդես են գալիս ընդդեմ Բեն Լադենի և պահանջում են նվազեցնել նրա ազդեցությունն Աֆղանստանի քաղաքականության վրա։ Ըստ էության, Բեն Լադենն արդեն հնարավորություն չունի ազդեցություն գործելու Աֆղանստանի ներքին և արտաքին քաղաքականության վրա։ Ներկայումս «Թալիբանի» ղեկավար շրջաններում որոշում է ընդունվել Բեն Լադենին լիովին մեկուսացնել երկրի ներքին քաղաքական կյանքից։ Միաժամանակ, արտաքին շատ նախագծեր շարունակում են իրականացվել և շատ բանով կախված են Բեն Լադենի որոշումներից։ «Թալիբանի» ղեկավարությունը վախենում է Աֆղանստանից Բեն Լադենին արտաքսելուց, քանի որ նա դրսից կարող է գործել իրենց դեմ։ Դրա հետ մեկտեղ, Բեն Լադենի հետ Մուհամեդ Օմարի կապերի պատճառով, հազիվ թե հնարավոր լինի Բեն Լադենի հանձնումն ամերիկացիներին։ Իր ներկա դիրքի շնորհիվ էլ Բեն Լադենը փորձում է նոր նախագիծ սկսել Իսրայելի և արևմտյան խաչակիրների դեմ մղվող պայքարում։ Այդ նախագծի իրագործումը Բեն Լադենի համար կարող է ունենալ բացարձակապես միջնորդավորված բնույթ, քանի որ կա իրանամետ և պաղեստինյան իսլամական արմատական կազմակերպությունների («Հըզբոլլահ», ՀԱՄԱՍ, պաղեստինյան «Իսլամական ջիհադ») որոշումը` «Ալ Քայեդի» խմբերին Պաղեստին կամ Իսրայելի հետ զինված դիմակայման գոտի թույլ չտալու մասին։ Բեն Լադենին մնում է միայն ֆինանսական և ռազմատեխնիկական աջակցություն ցուցաբերել հակաիսրայելական գործողություններին։ Սակայն դրանով նա դառնում է շարքային իսլամական արմատական, որը չի կարող հավակնել համաշխարհային իսլամական արմատական շարժման առանցքային առաջնորդի դերին։ Իսրայելը չի կարող ոչնչացնել ՊԱԿ-ի, ՀԱՄԱՍ-ի, պաղեստինյան այլ կազմակերպությունների առաջնորդներին, քանի որ դա առաջ կբերի անկանխատեսելի իրադարձություններ և Արևմուտքի բացասական արձագանքը։ Այդ կազմակերպությունները, չնայած զինված գործողությունների կիրառմանը, միջազգային կառույցների կողմից ճանաչվում են որպես ազգային ազատագրական կազմակերպություններ։ Իսրայելի կողմից Բեն Լադենի ոչնչացումը հավանության կարժանանա թե՛ Արևմուտքի, թե՛ արաբական պետությունների, թե՛, փաստորեն, Իրանի կողմից։
Արաբական և այլ իսլամական պետությունների հետագա աշխարհականացման հնարավորության հարցում Արևմուտքի տածած երեսնամյա պատրանքային հույսերի փոշիացումից հետո ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի (ինչպես նաև Իսրայելի) ռազմավարական քաղաքականության մշակման կենտրոնները հասկացան, որ արաբական և իսլամական պետությունների ժողովրդավարացումը շատ վտանգավոր հեռանկար է Արևմտյան ընկերակցության և Իսրայելի շահերի համար։ Նախ, ժողովրդավարացումն անպայմանորեն հանգեցնում է այդ երկրներում լուրջ ցնցումների, առաջ բերելով քրոնիկ սոցիալական ու քաղաքական անկայունություն, քաղաքացիական դիմակայություն, զինվորական պետական հեղաշրջումներ։ Առաջանում է տևական անկառավարելի իրադրություն։ Այդ երկրներում կառավարող վարչախմբերը սովորել են ժողովրդավարությունը սառեցնել որոշակի մակարդակի վրա և կանխել իրենց իշխանությանն սպառնացող վտանգը։ Առանձին դեպքերում ժողովրդավարացումը հանգեցրել է ոչ միայն չափավոր իսլամական, այլև արմատական իսլամական վարչակարգերի ամրապնդմանը, իհարկե, ոչ այնքան երկար ժամանակով։ Երկրորդ` ժողովրդավարացման և աշխարհականացման «նախնական» փուլերը հանգեցնում են տնտեսության և սպառման որոշակի աճի, ինչը ոչ միշտ է նպաստավոր Արևմուտքի տնտեսական շահերի համար։ ՈՒստի, Արևելյան Եվրոպայի հանդեպ կիրառելի ժողովրդավարացման և ազատականացման եղանակը չի կարող կիրառվել արաբական և իսլամական պետությունների նկատմամբ։ Որպես «աշխուժացման» բազմակողմանի մեթոդ շատ ավելի մեծ հաջողությամբ կիրառվում է իսլամականացումը, որն ավելի կառավարելի մեթոդ է Արևմուտքի և պակաս կառավարելի` արաբական ու իսլամական պետությունների համար։ Հարկ է նշել, որ ազատականացման որոշ տարրեր, որոնք թույլ էին տվել Եգիպտոսի արդեն նախկին նախագահ Հոսնի Մուբարաքն ու Հորդանանի Աբդուլա թագավորը, հանգեցրին այն բանին, որ խորհրդարանական ընտրություններում «Մուսուլման եղբայրները» կարողացան նշանակալի թվով տեղեր զբաղեցնել խորհրդարանում։
«Աշխուժացումը» սկզբունքորեն ուղղված է այնպիսի միտումների ահագնացումը կանխելուն, ինչպիսիք են համաարաբականությունն ու համաիսլամականությունը` որպես առաջատար արաբական և իսլամական պետությունների պետական քաղաքականություն։ Սակայն ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի առավել կարևոր խնդիրը, արաբական և իսլամական պետություններում վարչակարգերի «աշխուժացման» առումով, վերահսկողությունն է ածխաջրածնային հումքի գների նկատմամբ և տնտեսությանը հարվածելը։
Այսպիսով, իսլամական արմատականությունը դանդաղորեն շուռ է գալիս հենց իսլամական պետությունների դեմ։ Լիբանանի ականավոր կրոնական և քաղաքական գործիչ այաթոլահ Ֆաթալլահը (վերջերս է վախճանվել) դեռ 90-ականներին հայտարարել էր, որ Արևմուտքի պետություններում մահմեդականները սոցիալական, տնտեսական և կրոնական առումներով ավելի են պաշտպանված, քան իսլամական երկրներում։ Դա զարմանալի խոստովանություն էր և այն բանի ընդունում, որ ո՛չ իսլամական վարչակարգերը, ո՛չ չափավոր քաղաքական իսլամի մոդելով առաջնորդվող պետությունները չեն կարողացել լուծել տնտեսական և սոցիալական հիմնախնդիրները։ Շուտով կարելի է սպասել Եվրոպայից միլիոնավոր մահմեդականների վերադարձ իրենց երկրներ, ինչը կհանգեցնի Մերձավոր Արևելքի շատ երկրներում, մի կողմից, իսլամական հասարակության արևմտականացման, մյուս կողմից, իսլամական արմատականության նոր թռիչքի։ Այս հակասական միտումները կկանխորոշեն, որպեսզի իսլամական շարժումների ուշադրությունը բևեռվի բուն իսլամական երկրների վրա։ Վարչակազմերը, որոնք տասնամյակներ ի վեր կառավարում են իսլամական երկրներում, պատրաստ չեն հետ մղելու քաղաքական և հասարակական լարվածության նոր ալիքը։
Արաբական աշխարհի առաջատար «նավթային» երկրները ռազմական տերություններ չեն և ի վիճակի չեն սովորական պատերազմներ մղելու անգամ ոչ մեծ, բայց լավ կազմակերպված պետությունների դեմ։ ՈՒստի նրանք շահագրգռված են պարտիզանական պատերազմներ մղելով ընդդեմ այն պետությունների, որտեղ առկա են արաբական նավթաֆինանսական վերնախավի աշխարհատնտեսական շահերը։ Պարտիզանական պատերազմները ենթադրում են առանձնահատուկ գաղափարախոսական հենք և քաղաքական ոճ։ Միաժամանակ, արմատական իսլամականության արմատավորման կենտրոնները ենթադրում են ոչ միայն նվաճողականություն, այլև ինքնապաշտպանություն։ Դա հանգեցնում է առկա իսլամական արմատական կարողությունն արտաքին միջավայր ուղղելու փորձերի` կամ ընդդեմ այլ իսլամական պետությունների, կամ ընդդեմ լուսանցային ընդարձակ գոտիներ տնօրինող պետությունների` Ռուսաստանի, Չինաստանի, Հնդկաստանի և այլն։ Այդ պետությունների դեմ պարտիզանական պատերազմը թանկ չի նստում։ Ըստ էության, արաբական նավթաֆինանսական վերնախավն այդ նախագծերի վրա իր եկամուտների մեկ տոկոսի տասներորդ մասն էլ չի ծախսում։ Բայց արմատականության այդ արտահայտությունը բավական բարդացել է, քանի որ թիրախ պետություններն արդեն հասցրել են ստեղծել հակազդեցության և անվտանգության միջոցներ։ ՈՒստի արմատականությունը կաճի բուն իսլամական երկրների ներսում։
Իսլամական խնդիրների գծով ԱՄՆ-ի առաջատար փորձագետ Շեր Հանտերի (Վաշինգտոն) կարծիքով` առաջիկա քսան տարում ԱՄՆ-ի քաղաքականությունը նպատակաուղղված կլինի իսլամական շարժման զսպմանը` որպես առաջնահերթ արտաքին քաղաքական խնդիր։ Փորձագետի համոզմամբ` ԱՄՆ-ը ձգտում է խույս տալ իր համար շատ տհաճ հեռանկարից` արմատական իսլամականության դեմ Ռուսաստանի և Չինաստանի հետ համախմբումից։ Նախկինում երբեք ԱՄՆ-ը իսլամական շրջանների առնչությամբ պլաններ չի նախատեսել հինգ տարուց ավելի ժամկետով, իսկ այժմ երկարաժամկետ ծրագրերի բացակայությունը դարձել է ամերիկյան արտաքին քաղաքականության լուրջ սահմանափակիչ։ Այս կապակցությամբ փորձագետը ձգտում է հիմնավորել անվտանգության համակարգի ստեղծման անհրաժեշտությունը` տարբեր պետությունների, այդ թվում` Ռուսաստանի մասնակցությամբ։ Հարկ է նշել, որ անվտանգության տարածաշրջանային ինչ-որ համակարգի ստեղծման նպատակով Վաշինգտոնի նախատեսած տարբեր նախագծերը բխում են ԱՄՆ-ի դեմոկրատական կուսակցության ուղեղային կենտրոններից և շաղկապված են Իսրայելի անվտանգության ապահովման հետ։ Այս պայմաններում Ռուսաստանը հույս ունի համախմբել ջանքերը ԱՄՆ-ի հետ` իսլամական արմատականության և ահաբեկչության դեմ պայքարում։ Օբամայի վարչակազմը, սակայն, առհասարակ մտադիր չէ պայքարել արմատական իսլամականության դեմ` նախընտրելով ահաբեկչության դեմ պայքարը և հուսալով, որ ԱՄՆ-ին կհաջողվի տարազատել ահաբեկչությունն արմատականությունից։ Այսպես թե այնպես, ԱՄՆ-ը, իհարկե, կշարունակի իսլամական արմատականությանը հակազդելու քաղաքականությունը, բայց ավելի խելամիտ եղանակով, իսլամական շարժումն ուղղելով իսլամական երկրների, ավելի ստույգ` այդ երկրների կառավարող վարչակազմերի դեմ։ ՈՒշագրավն այն է, որ մտավորականության, վերնախավի և հեղափոխական տրամադրությամբ համակված խմբերի մի մասը խիստ շահագրգռված է այդ երկրներում արմատական իսլամականության ուժեղացմամբ, ինչը պայմանավորված է նրանով, որ հասարակության աշխարհական կողմնորոշում ունեցող դժգոհ խավերն ընդունակ չեն հաջող և արդյունավետ պայքար մղելու կառավարող վարչակազմերի դեմ։ Աշխարհականները հույսեր են կապում իսլամական խմբերի հետ, որոնք պետք է խաղային սոցիալական հեղափոխության հարվածային ուժի դեր։ Այդ ուժերն արդեն միավորվում են մի շարք իսլամական երկրներում, հնարավոր է նաև Թուրքիայում, և կարող են ազգային իսլամական սոցիալական հեղափոխություն կերտողների փայլուն օրինակ ծառայել։
Իգոր ՄՈՒՐԱԴՅԱՆ

Դիտվել է՝ 1073

Մեկնաբանություններ