ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

ՈՉ ՈՔ ՉԻ ԿԱՐՈՂ ԱՄՆ-ԻՆ ՄԵՂԱԴՐԵԼ ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՎԿԱՍԻ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ «ԴԱՎԱՃԱՆԵԼՈՒ» ՄԵՋ

ՈՉ ՈՔ ՉԻ ԿԱՐՈՂ ԱՄՆ-ԻՆ ՄԵՂԱԴՐԵԼ ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՎԿԱՍԻ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ «ԴԱՎԱՃԱՆԵԼՈՒ» ՄԵՋ
17.06.2011 | 00:00

Սև ծով-կովկասյան տարածաշրջանը առանցքային է Ռուսաստան-ԱՄՆ-Եվրոպա-Թուրքիա հարաբերությունների ծավալման հարցում և Եվրասիայի վրա ԱՄՆ-ի ազդեցության նշանակությամբ առաջնային տեղ է գրավում, իսկ Թուրքիայի և նրան առնչվող գործընթացների վրա ազդեցության աստիճանով հավասարազոր է Մերձավոր Արևելքին։
Վրաց-ռուսական ընդհարման ժամանակ Սև ծովում ծագած խնդիրներն ԱՄՆ-ի համար պակաս նշանակություն չունեին, քան 2003-ի իրադարձությունները, երբ Թուրքիան թույլ չտվեց ամերիկյան զորքերին իր տարածքով անցնելու Հյուսիսային Իրաք։ Այդ իրադարձությունները ներգործեցին Սև ծովի ավազանում ամերիկյան ռազմավարական ծրագրերի ճշգրտման վրա։ Սև ծովում ԱՄՆ-ի գործողությունների ու մտադրությունների առթիվ Թուրքիայի և Ռուսաստանի միաբանությունը ստիպեց առկա ծրագրերից հրաժարվել դեռևս Ջորջ Բուշի վարչակազմի օրոք, երբ նրան ընդամենը մի քանի շաբաթ էր մնացել կառավարելու։
ԱՄՆ-ի պաշտպանության նախարարը 2008-ի սեպտեմբերին Ազգային անվտանգության խորհրդում զեկուցեց այն մասին, որ անհրաժեշտ է վերանայել մտադրություններն այդ ուղղությունում և առաջարկություններ նախապատրաստել նոր ծրագրերի առնչությամբ, նախընտրելով այլ ուղղությունների ուժեղացումը։ Դա ազդեց Բուլղարիայում և Ռումինիայում ռազմաբազաների ամրապնդման ԱՄՆ-ի ծրագրերի վրա, իսկ Վրաստանում 5000 մարդ ընդհանուր անձնակազմով երեք ռազմաբազայի ստեղծման և այդ երկրին ռազմական օգնության սխեմայի առավելագույն հագեցման ամերիկյան ծրագրերը վերանայվեցին և, փաստորեն, մոռացության մատնվեցին։ Ավելին, ժամանակի ընթացքում, արդեն Բարաք Օբամայի վարչակազմի օրոք, Պենտագոնում մի քանի անգամ քննության առնվեց Սև ծովի հարցը, որը հանգեցրեց այն հետևությանը, թե Սև ծովը, ռազմավարական նախաձեռնությունների առումով, հեռանկարային չէ, և անհնար է Սև ծովում ԱՄՆ-ի ուժերի համար ապահովել բավարար օպերատիվ մոտեցում։ Հետագա իրադարձությունները, նկատի ունենալով Եվրոպայում և ԱՄՆ-ում Միխեիլ Սաակաշվիլու վարչակազմի նկատմամբ վերաբերմունքի փոփոխությունը, ազգայնամոլների պարտությունն ՈՒկրաինայում, ամերիկացիներին հասկացրին, որ զուր են այդ տարածաշրջանում ռազմական ներկայության ուժեղացման ուղղությամբ գործադրվող ջանքերը։ Այդ հաշվով կան, փաստորեն, ամերիկացի փորձագետների միարժեք գնահատականներն այն մասին, որ ներկա փուլում ԱՄՆ-ը հրաժարվել է ոչ միայն Բուլղարիայում, Ռումինիայում և Վրաստանում բազաների ստեղծման ծրագրերից, այլև առհասարակ որևէ ձևաչափով ռազմական ներկայության մեծացումից։ Այդ գնահատականներին լիովին համաձայն են ԱՄՆ-ի շատ փորձագետներ, այսինքն, Սև ծովում և Հարավային Կովկասում ԱՄՆ-ը երբեք ռազմաբազաներ չի ունենա։ Նրանց կարծիքով, բանն այս կամ այն վարչակազմի քաղաքականությունը չէ, այլ այժմ և ապագայում ևս աշխարհառազմավարական պայմանների բացակայությունը, քանի որ Ռուսաստանն ու Թուրքիան, ըստ էության, ԱՄՆ-ի այդ ծրագրերն ընկալեցին որպես թշնամական։ ԱՄՆ-ի այդօրինակ քաղաքականության ծավալումը կհանգեցներ Կարիբյան ճգնաժամի նման լուրջ իրադրության։
Պաշտպանության նախարար Գեյթսը, որը միշտ կասկածանքով է վերաբերվել Սև ծովում ու Կովկասում ԱՄՆ-ի ծրագրերին, դրանք համարելով չափից ավելի հավակնոտ, բավականին գոհ էր, որ վարչակազմը հանգիստ ու վստահորեն որոշում ընդունեց հրաժարվել այդ ծրագրերից։
Պետք է նաև նշել, որ ԱՄՆ-ի ռազմածովային հրամանատարությունը հենց սկզբից կասկածանքով էր վերաբերվում Սև ծովում ռազմական ներկայության մեծացման հեռանկարին։ Ռազմածովային հրամանատարությունը չէր հասկանում այդ ծրագրերի հետապնդած նպատակներն ու խնդիրները։ Այն կարծիքները, թե առանց Սև ծովում համոզիչ ներկայության Եվրասիայում տիրող իրավիճակը, այդ թվում` էներգետիկ հաղորդուղիները վերահսկելու անհնարինությունը, դարձել են բովանդակազուրկ, քանի որ ԱՄՆ-ը, Բուշի նախագահության վերջին տարիներին, վերանայել էր Եվրասիայի խնդիրներն ու առաջնայնությունները` Աֆղանստանի ուղղությամբ սևեռվելու պատճառով։ Փոլ Սանդերսի (Ռ. Նիքսոնի կենտրոն) կարծիքով, կարելի է համաձայնել այն գնահատականին, որ Կովկասի նշանակությունը նկատելիորեն նվազել է ԱՄՆ-ի քաղաքականության մեջ, և այն սպասելիքները, թե Կովկասն ԱՄՆ-ի համար հավասարազոր կլինի Կենտրոնական Ասիայի տարածաշրջանին, չհաստատվեցին։ Պարզվեց` ոչ միայն Աֆղանստանի, այլև Հնդկաստանի ու Չինաստանի խնդիրների մեջ խրված Կենտրոնական Ասիան շատ ավելի կարևոր է, քան Կովկասը։ Կովկասին, փաստորեն, վերապահված է երկու, այն էլ բնավ ոչ առանցքային գործառույթ` ռազմական տարանցում և էներգատարանցում։ Ներկայումս Աֆղանստանի գծով ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի խնդիրների կատարման համար նոր հաղորդուղիների առաջացման կապակցությամբ Կովկասի նշանակությունը բավականին արագ նվազել է։ Փորձագետի կարծիքով, եթե առաջ Ռուսաստանն իր ծառայություններն առաջարկեր Աֆղանստանի հետ կապի ապահովման համար, ապա Կովկասի նշանակությունն է՛լ ավելի արագ կնվազեր։ Այժմ, երբ Ռուսաստանը չի փորձում խոչընդոտներ հարուցել դեպի Աֆղանստան ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի ճանապարհին, կովկասյան, նաև սևծովյան հաղորդուղիների նշանակությունը նվազագույնի է հասել։ Փոլ Սանդերսի կարծիքով` քաղաքական գրականության մեջ, առհասարակ, մեծ ուշադրություն է նվիրվում Մերձավոր Արևելքում ԱՄՆ-ի և Թուրքիայի հակադրությանը, բայց իրական սկզբունքային ընդհարումը տեղի է ունեցել Սև ծովում, Կովկասում և Կենտրոնական Ասիայում Թուրքիայի շահերի առնչությամբ։ Սակայն նա այդ շրջաններում այդպես էլ չկարողացավ ամրանալ և հակված է դրանում մեղադրելու ԱՄՆ-ին, որն անհրաժեշտ պահին չաջակցեց Թուրքիային իր հավակնոտ ծրագրերի իրականացման համար։ Սևծովյան նեղուցներով ամերիկյան ռազմանավերի շարժը սահմանափակելու հետ կապված իրադարձությունները հիմնարար նշանակություն ստացան Եվրասիայում ԱՄՆ-ի քաղաքականության ծավալման գործում, ուր Թուրքիան արդեն տեղ չունի։ Եթե նույնիսկ այլ տարածաշրջաններում, օրինակ, Մերձավոր Արևելքում, թուրքերն ու ամերիկացիները ընդհանուր շահեր գտնեն, ապա Եվրասիայում նման շահեր շատ դժվար կլինի հայտնաբերել։ Ամենաշատը, որ Թուրքիան կարող է ակնկալել ԱՄՆ-ից Եվրասիայում, նախ և առաջ Սև ծով-կովկասյան տարածաշրջանում և Կենտրոնական Ասիայում նրա քաղաքականության շրջանակներում, ԱՄՆ-ի բացահայտ թշնամական վերաբերմունքի բացակայությունն է։ Փոլ Սանդերսը, որն իրատես վերլուծաբան է, պնդում է, որ խելամիտ կլիներ ԱՄՆ-ը չզսպեր Թուրքիայի նկրտումները Եվրասիայում, նպատակ ունենալով նրա ընդհարումը Ռուսաստանի և Եվրասիայի մյուս, պակաս նշանակալի պետությունների հետ։ Եթե ամերիկացիները փորձեն հակազդել Թուրքիայի ջանքերին, դա Ռուսաստանի համար կապահովի ավելի նախընտրելի պայմաններ։
Մարթա Բրիլ Օլքոտը, Ֆրեդերիկ Սթարը, Սվանթ Ե. Քոռնելը` Կենտրոնական Ասիայի և Կովկասի հարցերով առավել հայտնի հետազոտողներն ու վարչակազմի վաղեմի խորհրդատուները, նախընտրում են այդ տարածաշրջաններում ԱՄՆ-ի քաղաքականությունը դիտարկել ներվարչակազմային աշխատանքի առանձնահատկությունների և վարչակազմի գործունեության սուբյեկտիվ հանգամանքների տեսանկյունից։ Նրանց կարծիքով` վաղուց էր պետք առանձնացնել ԱՄՆ-ի ծրագրերը Կովկասի և Կենտրոնական Ասիայի առնչությամբ։ Իրականում այդ բաժանումը տեղի է ունեցել երկու-երեք տարի առաջ` քաղաքական մշակումների շրջանակներում։ Կենտրոնական Ասիան որպես արտքաղաքական ուղղություն դեռ երկար կպահպանի օրախնդրությունը ԱՄՆ-ի քաղաքականության մեջ, թեկուզ և այն բանի համար, որ այդ տարածաշրջանը կապված է Չինաստանին առնչվող խնդիրների հետ։
Կովկասի կարևորության թուլացումը սպասելի էր և բացատրվում է ոչ միայն ռազմավարական խնդիրներով, որոնք մեծ մասամբ սպառված կամ վերանայված են։ Կովկասը զրկվել է նաև մեկ այլ կարևոր հանգամանքից` նրա նկատմամբ առաջատար նավթային ընկերությունների, նախ և առաջ «Բրիտիշ փեթրոլեումի» հետաքրքրությունից։ Ներկայումս, բացի տարածաշրջանում նավթի ու գազի նախագծերի ավարտումից, ԱՄՆ-ի վարչակազմի դիրքորոշման մեջ կարևոր փոփոխություններ են տեղի ունեցել նավթային ընկերությունների դերի ու շահերի վերաբերյալ։ Բարաք Օբաման անձամբ տրամադիր չէ նավթային ընկերությունների լոբբինգը համարելու «գործողության ուղեցույց»։ Այդ տրամադրություններին համակարծիք են նաև ԱՄՆ-ի առանցքային գերատեսչությունների ղեկավարները, օրինակ, ԿՀՎ-ի ղեկավարը։
Այսպիսով, «Կովկասը կորցրել է արտաքին հովանավորներին» և աշխատում է հովանավոր գտնել, առայժմ` ապարդյուն։ Զարմանալի չէ, որ Վրաստանն ու Ադրբեջանը, այդքան շատ աշխատած լինելով նավթային ընկերությունների և Քլինթոնի ու Բուշի վարչակազմերի հետ, Կովկաս-կասպյան էներգետիկ համալիրի ստեղծման առիթով խիստ հիասթափված են ԱՄՆ-ի քաղաքականությունից, քանի որ վարչակազմն ու հանրությունն առաջվա շահագրգռությունը չեն դրսևորում այդ երկու կովկասյան պետությունների խնդիրների ու կարիքների հանդեպ։
Գարեթ Ջեկինսը, Սթիվեն Փայֆերը, Յանուշ Բուգարսկին կարծում են, որ Կովկասի հանդեպ ԱՄՆ-ի ուշադրության և հետաքրքրության նվազման պատճառը ոչ միայն աշխարհաքաղաքական գործոններն են և նոր խնդիրների պայմաններում տարածաշրջանի դերի փոփոխությունը, այլև Ռուսաստանի դերը, այն, որ ԱՄՆ-ի վարչակազմը Ռուսաստանի հետ համագործակցության անհրաժեշտություն է զգում։ Վարչակազմում համարում են, որ Կովկասյան տարածաշրջանում ԱՄՆ-ի քաղաքական ձգտումները միանգամայն աննշան են այն ծառայությունների համեմատ, որ կարող է տրամադրել Ռուսաստանը։ Ոչ ոք չի կարող ԱՄՆ-ին մեղադրել Հարավային Կովկասի պետություններին «դավաճանելու» մեջ։ ԱՄՆ-ը մեծ հետաքրքրությամբ է հետևում Թուրքիայի և Ադրբեջանի փորձերին` ռազմական ու քաղաքական վնաս պատճառելու Հայաստանին, թեև Հայաստանը ՀԱՊԿ-ի անդամ է և Ռուսաստանի հետ կապված է ռազմական պայմանագրով։ ԱՄՆ-ը շարունակում է ֆինանսական և ռազմատեխնիկական օգնություն ցուցաբերել Վրաստանին, ամեն կերպ նպաստում է այդ երկրում կայունության պահպանմանը։ Ադրբեջանը շարունակում է մեծ եկամուտներ ստանալ նավթի արտահանումից, ինչը հնարավոր է դարձել ԱՄՆ-ի ծախսատար և երկարամյա քաղաքականության շնորհիվ։ Բայց ԱՄՆ-ը չի կարող բավարարել այն պահանջները, որ ներկայացնում են կովկասյան պետությունները, այն է` անհապաղ ճանաչել 1915-ի Հայոց ցեղասպանությունը, վերադարձնել Վրաստանի ու Ադրբեջանի վերահսկողությունը կորսված տարածքների նկատմամբ։ ԱՄՆ-ը չի պատրաստվում այդ հարցերն առանցքային դարձնել իր արտաքին քաղաքականության մեջ, պաշտպանում է հակամարտությունների կարգավորման գործընթացները, բայց ոչ ավելին։
Հանրապետականների ճամբարին պատկանող փորձագետներ Յանուշ Բուգարսկին և հատկապես Դևիդ Կրամերը փոքր-ինչ այլ մոտեցում ունեն Կովկասում ԱՄՆ-ի ունեցած շահագրգռության խնդրի նկատմամբ։ Նրանք Կովկասի հանդեպ ԱՄՆ-ի շահագրգռության կորուստը շաղկապում են ոչ թե աշխարհաքաղաքական խնդիրների և նավթի հետ կապված հարցերի արդեն լուծված լինելու, այլ ԱՄՆ-ի արտաքին քաղաքականության ընդհանուր հայեցակարգի հետ։ Նրանք պնդում են, թե վարչակազմը վարում է առաջնայնությունների քաղաքականություն, չափազանց նեղացնելով հետաքրքրությունների շրջանակը արտաքին քաղաքականության մեջ, բևեռվելով Աֆղանստանի ու Չինաստանի վրա, մոռանալով անգամ Իրաքի մասին։ Բայց տնտեսական և անվտանգության համընդհանուր խնդիրների լուծումը կապված է արտքաղաքական շատ հարցերի հետ, նախ և առաջ` տարածաշրջանային։ Այդ քաղաքականությունն անհեռանկար է և չի համապատասխանում ԱՄՆ-ի շահերին։ Օբամայի վարչակազմում ձգտում են ԱՄՆ-ի արտաքին քաղաքականության մեջ տեղի ունեցած փոփոխությունը բացատրել առաջնայնությունների հրամայականով, մինչդեռ իրականում վարչակազմն աշխատում է իր վրայից թոթափել աշխարհում առկա մի շարք կարևորագույն խնդիրների լուծման բեռը։ Վարչակազմում շատ են խոսում Ռուսաստանի հետ հարաբերություններում «վերաբեռնման» անհրաժեշտության մասին, բայց, խոսքից բացի, ոչինչ չի երևում։ ՈՒղղակի Օբաման աշխատում է որոշակի ժամանակ «դադար տալ» և սպասել մի շարք հակամարտությունների ու խնդիրների կարգավորմանը առանց ԱՄՆ-ի մասնակցության։ Դա շատ վտանգավոր քաղաքականություն է և կարող է ապագայում շատ մեծ ծախսեր պահանջել ու ավելի լուրջ սպառնալիքներ առաջացնել։
Իգոր ՄՈՒՐԱԴՅԱՆ


Դիտվել է՝ 889

Մեկնաբանություններ