ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

ԳԽ, ԱԺ. ՀՄԱՅՔՆԵՐՆ ՈՒ ԹՇՎԱՌՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

ԳԽ, ԱԺ. ՀՄԱՅՔՆԵՐՆ ՈՒ ԹՇՎԱՌՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
23.09.2011 | 00:00

Այս մի քանի օրերին այնքա՜ն հուշ ու անցյալ խառնվեցին իրար: Այդ առումով ամենատպավորեցնողը, թերևս, ԱԺ-ում տեղի ունեցած համահավաքն էր:
Սերժ Սարգսյանի այդ մի հրավերքն առանձնանում էր բոլոր հրավերքներից: Հազար ու մի պատճառով: Որ ասենք` պատգամավորների սերնդային հանդիպումը կայացավ, ազնիվ չենք լինի:
Մեր հայրենիքն ու մեր այսօրն այդպես արտահայտիչ որևէ այլ տեղ հնարավոր չէր սիմվոլացնել. թե՛ եկածների, թե՛ չեկածների, թե՛ մեզնից հեռացածների (Այդինի ու Հրանտ Մաթևոսյանի), թե՛ զոհվածների` Վազգենի, Կարեն Դեմիրճյանի… մասով:
Ամենաակտիվ մասնակցությունն ունեին ԳԽ պատգամավորները. նրանց մի մասն այնքան ծեր էր, այնպես փոխված, այնպես հեռու, որ վերհուշի առումով սիրտդ կծկվում էր: Ընդ որում, ամենահետաքրքիրն այն էր, որ նրանց աուրան շատ տարբեր էր ԱԺ-ները ներկայացնող պատգամավորների աուրայից: Ավելին, նրանցից այն օրերի անուշ հոտն էր գալիս, երբ բոլորս ընդհանուր հավատ ունեինք մեր երկրի, մեր արածի նկատմամբ, նաիվ էինք, նյութապաշտության էս դոզավորումը չկար: Նրանք, էնպես, մի տեսակ օտարոտի եկան, նոր կարգերին անհաղորդ կանգնեցին ԱԺ պատի տակ, իրար կարոտած համբուրվեցին, լիքը տխրեցին, էդպես օտարոտի ու սիրելի էլ գնացին: Նրանցից շատերին հավաքից հետո տեսա կանգառում` տրանսպորտի սպասելիս. նույնիսկ տաքսու փող չունեցող այս ինտելեկտուալները, փաստորեն, սոցիալապես լավ օրի չեն. մարշրուտկայի են սպասում` իրենց կողքից վզզացող օրվա ջիպավոր պատգամավորների անհագության, արագության ֆոնին:
Պատկերն է՛լ ավելի «զորացավ», երբ Սերժ Սարգսյանը մոտեցավ ամբիոնին, ՀՀԿ բոլոր պատգամավորները, կուշտ, չաղ-ուրախ-բախտավոր արագ առաջ եկան, պատ կազմեցին, որպեսզի իրենց առաջնորդը տեսնի` իրենք կան, «կարևորն իրենք են ու Ամերիկան»` մնացած բոլորին թողնելով ավանսցենայում:
Մի խոսքով, «դելեգատներ կային այնտեղ` մորթերը սև ու սպիտակ», և ում ասես չէիր տեսնի. նույնիսկ Ճոյտն էր այնտեղ։ Հա, նա էլ մի քիչ խեղճացած էր: Իրենց բոլորին նայելով` սարսափելի եզրակացության էիր հանգում. երբ ձիու վրա են, մի ուրիշ են, ձիուց իջած բոլորովին այլ են:
Այդ «բոլորի» մեջ, ըստ մեզ, ամենաէկզոտիկն Աղվանն էր` Հովսեփյան: ԳԽ պատգամավոր, որ ոչ մոտեցավ իր հին պատգամավոր ընկերներին, ոչ լրագրողներին մոտ թողեց իրեն, ոչ էլ մի որևէ զգացում «գրեց» իր դատախազական գլխավոր դեմքին. ոչ մի րոպե Սերժի մոտից չհեռացավ, որ հարց տանք իրեն` ի տարբերություն բոլոր մնացածների, ո՞նց եղավ, որ ԳԽ պատգամավոր, հատուկ գործերով քննիչ Աղվան Հովսեփյանն այսքան երկար մնաց պոդիումին, ի՞նչ էր կապում այն տարիներին նրան Քոչարյանի հետ (Քոչարյանն էլ ԳԽ պատգամավոր էր, սակայն ո՛չ Աղվանին, ո՛չ Ռոբերտին այն օրերին ո՛չ նկատում էինք, ո՛չ էլ մտապահում, մինչև Արթուր Մկրտչյանն ինքնասպանություն չգործեց Ղարաբաղում, ու Քոչարյանը չդարձավ սկզբում Ղարաբաղի, հետո էլ ՀՀ նախագահ` Հովսեփյանին նշանակելով գլխավոր դատախազ. ոնց երևում է` ցկյա՞նս…):
Էս արդեն դաշնակցականներն են. արդեն քեֆները` ծիրան. Վահան Հովհաննիսյանն իր կողքին կանգնածներին բացատրում է, որ ում ուզի` կհամոզի, ՈՒրուգվայն ինչ է, որ չհամոզի` Ղարաբաղը ճանաչել, էնպես որ` ՈՒրուգվայն իրենց համար պրոբլեմ չէ: Նրա կողքին կանգնած ԱԳՆ բարձրաստիճան պաշտոնյան, որ նույնպես «ծիրանին» մոտ էր, թե` է՜, այ Վահան ջան, ասա` մեր ԱԳՆ-ին համոզես:
Քիչ էն կողմ էլ արտախորհրդարանական կուսակցությունների լիդերներից մեկը մեզ պատմում էր, որ «էս դաշնակները հենց դեմս են դուրս գալիս ու ինձ բարևում, ասում եմ` «վպ ՊՏՋՊպՑպրՖ». իմա` չենք միանա ձեզ հետ` ընտրությունների գնալու» (միասին չեն գնա, որպեսզի Ռոբին չպաշտպանե՞ն):
ՕԵԿ-ից հեռացած բեկորները միմյանց վրա էին դիզվել (Բալասանյանն ընդհանրապես չկար), բոլորը համերաշխ գրառում էին Վռամ Գյուլզադյանի հեռախոսահամարը, Վռամն էլ համբերատար բոլորին թելադրում էր իր թվերը:
Ամենաակտիվն ԱԺՄ-ն էր (Վազգեն Մանուկյանը, սակայն, չկար. հա, ի դեպ, Տիգրան Թորոսյանն էլ չկար), մնացածը` Շավարշով, Սեյրանով, Դավիթով` Վարդանյան` գույքի (մենք եղանք, ինքը եղավ, չասաց` միանալո՞ւ է ԱԺՄ տղերքին, թե՞ չէ. մեր հեղինակություն-պատգամավորների լեքսիկոնով ցրեց ու ցրեց. «գույքը» կիմանա պատճառները), ասում-խոսում, կոնծում էին:
Ազատ Արշակյանն ու Աշոտ Բլեյանը եկել էին ոչ թե մնացածի պես` կոստյումներով, այլ «մայըչկեքով», «ջվՈփՌՑ»` մի քիչ «սոլիդար» էին իրենց չեկած ընկերների` Լևոնենց, մի քիչ` նորերի հետ (Արա Սահակյանը «կոստով» էր):
ԲՀԿ-ն աջ քաշած` կանգնած էր. հրահանգված էր` սպասել «վոժդին», դիմավորել «վոժդին»: «Վոժդը» եկավ: Բավականին հմայիչ իր տիկնոջ ու Քուշկյանի հետ: Երեկոյան, արդեն տանը, հանկարծ հիշեցի, որ ախր էս մեր Քուշկյանը համ էլ ԳԽ պատգամավոր էր, բայց այնքան անվերապահ էր քայլում իր «ներկայի» կողքին, այնքան խոր էր ինտեգրված ԲՀԿ-ին, որ «տեղը չբերինք» մի հարցնեինք` «ա Պոլշա՞». բա էն օրերի ՀՀՇ-ն:
«Մնացածը»` բլիցակարգով ճշտեցինք` ըստ կարգի ու ադաթի:
ԳԱԳԻԿ ԾԱՌՈՒԿՅԱՆ
(ԲՀԿ առաջնորդ)

-Պարոն Ծառուկյան, ի՞նչ է Ձեզ համար անկախությունը:
-Անկախությունը եղել է մեր ազգի արյան մեջ. որ դու հա՛մ հզոր ես, հա՛մ անպարտ ես, և մենք սրանից հետո պետք է երազենք, որ մեր երկիրն ավելի հզոր դառնա, մեր տնտեսությունը բարգավաճի, մեր ժողովրդի վիճակը լինի բարեկեցիկ:
-Պարոն Ծառուկյան, հետևե՞լ եք մնացած գումարումների պառլամենտների աշխատանքներին, ո՞ր պառլամենտն եք ավելի բարձր գնահատում:
-ՈՒրեմն, ես բոլորին էլ հետևել եմ, բոլորն էլ բարձր եմ գնահատում, բոլորին էլ ողջունում եմ, էսօր էն օրն է, որ բոլորս մեկս մյուսին պիտի շնորհավորենք, ցանկանանք առողջություն, հաջողություն, բարգավաճում:
-«Ինտիմ» հարց:
-ՈՒրեմն` էսօր հաղթանակի օր է, ոչ մի «ինտիմ» հարց չպետք է լինի. ես բոլորին էլ հարգում եմ, սիրում եմ:
-Բայց դե, պարոն Ծառուկյան, բոլոր դեպքերում, եթե հարց դրվի խորհրդարանական ընտրություններին կոալիցիայով միասնական` համամասնական ցուցակով գնալու, Դուք ի՞նչ դիրքորոշում կորդեգրեք:
-Ես կմտածեմ այդ հարցի շուրջ, կարելի է՞:
-Իհարկե կարելի է: Իսկ ինչպե՞ս եք վերաբերվում փաստին, որ Ռոբերտ Քոչարյանը չի մասնակցելու Անկախության 20-ամյակին:
-Կարող է հարգելի պատճառով ինքն էստեղ չէ: Չգիտեմ, այդ հարցը Դուք կարող եք ուղղել պարոն Քոչարյանին, ինքն այն մարդն է, որ կարող է լիարժեքորեն Ձեր հարցին պատասխանել:

ԱՐԱ ՍԱՀԱԿՅԱՆ
(ԱԺ նախկին փոխխոսնակ)

-Պարոն Սահակյան, ի՞նչ զգացումով եք վերադարձել Ձեր «չադան»:
-Սթափ, սառը, առանց հույզերի:
-Ո՞ր հիշողություններն էին առավել գերակայում անցնող տարիներին, ենթագիտակցությունում ինչ էր անվերջ զարթնում-քնում:
-Դե, ենթագիտակցությունն էլ նրա համար է, որ դրա մասին չխոսես: Բնականոն ընթացքներ են, փոփոխություններ են. նորմալ է ամեն բան. ի՞նչն է Ձեզ հատկապես հետաքրքրում:
-Հատկապես հետաքրքրում է, որ Դուք հին թիմից գրեթե եզակին եք, որ ներկա եք այս միջոցառմանը. «մի ծաղկով գարուն» մոդիֆիկացիա՞ն եք նախընտրել:
-Հ՛ը-հ՛ը-հ՛ը (ծիծաղում է- հեղ.): Յուրաքանչյուրն իր համար է պատասխան տալիս:
-Ո՞նց եք վերաբերվում փաստին, որ իրենք չեն եկել:
-Չեմ կարող ասել. ուրեմն ավելի կարևոր գործ են ունեցել:
-Չե՛ն ունեցել: Պարոն Սահակյա՜ն, որ հիմա հանդիպեք Արշակ Սադոյանին, ողջագուրվելո՞ւ եք նրա հետ:
-Արի այսօր նման հարցերից չխոսենք:

ՇԱՎԱՐՇ ՔՈՉԱՐՅԱՆ
(ԱԳՆ փոխնախարար)

-Պարոն Քոչարյան, պառլամենտի հետ կապված Ձեր ամենավառ հիշողությունը ո՞րն է:
-Հենց անկախության ընդունումը: Հետո էլ` Ղարաբաղի հաղթանակները:
-Իսկ ամենացավոտ հիշողությո՞ւնը:
-Ցավո՞տ: Ցավոտն էն է, որ լավ կլիներ, որ Ղարաբաղն այսօր լիներ միջազգային հանրության լիարժեք անդամ:
-Ո՞ր պառլամենտն էր ամենալուսավորը Ձեզ համար:
-Ամենալուսավորը իննսունականների ժողովուրդն էր:
-Պարոն Քոչարյան, երբեմն-երբեմն հիշո՞ւմ եք պառլամենտում Ձեզ հետ կատարվածը:
-Ո՞ր կատարվածը:
-Դե էն էլի, որ ՀՀՇ-ականներից մեկը Ձեզ հենց ամբիոնի մոտ… Ձեր ակնոցը թռավ ու ահավոր ցավալի պատկեր ունեցանք: Ներե՞լ եք նրանց:
-Աշխատում եմ չհիշել, իսկ ներելու խնդիր չկա. դա երկրի խայտառակությունն էր:

ԱԶԱՏ ԱՐՇԱԿՅԱՆ
(ԳԽ պատգամավոր)

-Պարոն Արշակյան, ի՞նչ մնաց ձեզնից այստեղ:
-Մեզնից մնացին Անկախության հանրաքվեն և այն բոլոր օրենքները, որոնք պետության ձևավորմանն էին ուղղված: Մնաց Սահմանադրությունը: Օրենքը` նախագահի մասին: Օրենքը` բանակի մասին: Օրենքը` Ազգային ժողովի մասին: Էդ բոլորը մեր օրոք է ընդունվել: Իսկ հիմա ինչ-որ չի հերիքում, ես հույս ունեմ, որ կհերիքի: Իհարկե, ամեն ինչ չէ, որ իմ սրտով է:
-Ձեր սրտո՞վ է, որ իրենք` ձերոնք, չեն եկել այսօր և ընդհանրապես, իշխանությունների հրավերքի ժեստին և նրանց արձագանքին ինչպե՞ս եք վերաբերվում:
-Ամեն մարդ ինքն է որոշում` անկախությունն իր տո՞նն է, թե՞ չէ:
-Հիմա ո՞ւմ տոնն է:
-Ես համարում եմ, որ ի՛մ տոնն է:
-«Իմն» անձնավորվա՞ծ է:
-Այո, անձնավորված է: Ես ինձ համարում եմ Զևսը, և սա իմ տոնն է, և պետք է ես այն նշեմ. իսկ դու ինձ մի կռվեցրու իրենց հետ, չի ստացվի: Ես Լևոնին համարում եմ շատ մեծ գործիչ:

ԽՈՍՐՈՎ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
(ԱԺ նախկին խոսնակ)

-Պարոն Հարությունյան, ի՞նչ զգացումով եք եկել:
-Անկեղծ ասած` դժվար է նկարագրել. ինձ շատ հարազատ մի վայր է սա. շատ կարոտ կա:
-Էստե՞ղ եք ավելի մեծ հարազատությամբ գալիս, թե՞ կառավարություն:
-Էստեղ: ԱԺ-ն քաղաքական կայացման մեծ դպրոց է:
-Ո՞ր պառլամենտն էր առավել «կայացած դպրոց»:
-Թույլ տվեք չպատասխանել այդ հարցին, ինքներդ էլ հասկանում եք, թե ինչու:
-Հասանք «ինտիմին». պարոն Հարությունյա՜ն, ո՞ր թերթն ամենից շատ չէիք սիրում ԱԺ նախագահ եղած ժամանակ:
-Գիտեք, որ ասեմ էդպիսի թերթ կար, որ չեմ սիրել, չկա:
-Պարոն Հարությունյան, Դուք մեզ («Հայաստանի Հանրապետություն» թերթը- հեղ.) չէի՛ք սիրում:
-Որովհետև դուք արդարացի չէիք, արդարամիտ չէիք:
-Մի հարց էլ. քննադատող լրագրողնե՞րն են շատ օգուտ տալիս, թե՞ գովերգողները: Իրականում:
-Նժդեհն ասում էր` քննադատել առաջին հերթին նշանակում է տառապել:
-Օ՜յ, պարոն Հարությունյան, որ իմանաք` ո՜նց էինք էն ժամանակ տառապում ու հիմա էլ ոնց ենք «տառապում»… ԱԺ նախագահների ձեռը:
-Չէ, դուք տառապում եք կործանելու համար:
-Հա, էնպես ենք Ձեզ «կործանել», որ այսօր էլի «պոդիումին» վստահ քայլում եք: Պարոն Հարությունյա՜ն, բա Ձեր խիղճը հետո Ձեզ չտանջե՞ց մեր նկատմամբ արածի համար:
-Չէ, չտանջեց, հիմա էլ չի տանջում:
-Ա՛յ-ա՛յ-ա՛յ. իսկ Դուք քրիստոնեության 1700-ամյակի հանձնաժողովն էիք ղեկավարում, ախր պիտի որ ապաշխարած լինեիք, պարոն Հարությունյան:
-Դե ապաշխարել եմ, որ էսպես հանգիստ խոսում եմ:
(շարունակությունը` հաջորդիվ)
Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 1008

Մեկնաբանություններ