ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

ԷՐԴՈՂԱՆԻՆ ՄՆՈՒՄ Է ՍՈՍԿ ՀՈՒՍԱԼ, ՈՐ ԻՐԱՎԱՊԱՀ ՄԱՐՄԻՆՆԵՐԸ ԿՄԱՔՐԵՆ «ԱՎԳՅԱՆ ԱԽՈՌՆԵՐԸ» ԲԱՆԱԿՈՒՄ ԵՎ ԹՈՒՅԼ ՉԵՆ ՏԱ, ՈՐ ՇՈՇԱՓՈՒԿՆԵՐԸ ՏԱՐԱԾՈՒՄ ԳՏՆԵՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ՄԵՋ

ԷՐԴՈՂԱՆԻՆ ՄՆՈՒՄ Է ՍՈՍԿ ՀՈՒՍԱԼ, ՈՐ ԻՐԱՎԱՊԱՀ ՄԱՐՄԻՆՆԵՐԸ ԿՄԱՔՐԵՆ «ԱՎԳՅԱՆ ԱԽՈՌՆԵՐԸ» ԲԱՆԱԿՈՒՄ ԵՎ ԹՈՒՅԼ ՉԵՆ ՏԱ, ՈՐ ՇՈՇԱՓՈՒԿՆԵՐԸ ՏԱՐԱԾՈՒՄ ԳՏՆԵՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ՄԵՋ
27.09.2011 | 00:00

Մի հին ու իմաստուն ասույթ կա. «Չես ուզում կերակրել քո բանակը, կկերակրես օտարինը»։ Իհարկե, սա պետք չէ բառացիորեն կապել թուրքական հասարակության մեջ ու զինված ուժերում տիրող իրադարձությունների հետ, սակայն, երբ ամբողջ զինվորական վերնախավը, որը դեռ վերջերս ձևավորում էր ազգի աշխարհայացքը, օրինակ էր հերոսության և ընդօրինակման, հիմա մեղադրվում է հանցագործությունների ու դավաճանության մեջ, ազգային ինքնության ձևախեղումը, թվում է, անխուսափելի է։ Բայց չէ՞ որ մինչև վերջերս թուրք պատանիները մանուկ հասակից ոչ միայն ապրում էին «Հայրենիք, մենք մատաղացու ենք քեզ համար» կարգախոսով, այլև դաստիարակվում էին բացառիկ «թուրքական երազանքով»` դառնալ զինվորական։ Եվ ահա հիմա, պարզվում է, ազգի հպարտությունն ու հույսն ընդամենը «դավադիրների կեղտոտ խառնակույտ» է։ Արդեն հետաքննության մեջ է գտնվում 250 զինվորական, այդ թվում 173-ը` գործող գեներալներ, ծովակալներ, սպաներ ու ենթասպաներ։ Փաստորեն, ՆԱՏՕ-ի երկրորդ խոշոր բանակի հրամկազմի 10 տոկոսը կասկածվում է պետական հեղաշրջման փորձի մեջ։ Ի՞նչ հետք դա կթողնի, եթե նրանք իրական պատժաչափեր ստանան։ Չէ՞ որ սպառնում են մեծ ժամկետներ` մինչև 20 տարի։
Հիմա շատ են խոսում այն մասին, որ իշխանության գլուխ գտնվող «Արդարության և զարգացման կուսակցությունը» ձգտում է սահմանափակել զինվորականների ազդեցությունը երկրի կյանքի վրա։ Ավելին, քաղաքականությունից զինվորականների մեկուսացումը Եվրամիություն մտնելու համար ներկայացվող պահանջներից մեկն է եղել։ (Թեև վերջին ժամանակներս Անկարան հայտարարում է, որ այդ թեման իր համար այլևս առաջնային չէ)։ Անցած տարի ընդունվեցին Սահմանադրության ուղղումներ, որոնք թույլ են տվել երկրում հսկողություն սահմանել զինվորականների նկատմամբ։ Քաղաքացիական դատարաններին թույլատրվել է հետապնդել օրինազանց զինվորականներին, որոնց նախկինում կարող էին դատել միայն զինվորական դատարանները։ Սկսվել է դատական հետաքննությունն ընդդեմ զինվորական խունտայի մասնակիցների, որոնք իշխանության էին եկել 1980-ին։ Բայց որպեսզի ընդհանուր գծերով հասկանալի լինի Անկարայում ստեղծված իրավիճակը, հարկավոր է դիմել «Էրգենեկոն» դատական գործին, որը թուրքական դատախազությունն սկսել է դեռ 2007-ին։ Դա ամենաաղմկոտ գործն է վերջին տասնամյակում, ու թեև մենք բազմիցս գրել ենք այդ մասին, նրա շատ հանգամանքներ հիմա ավելի պարզ են։
Հիշեցնենք, 2003-ին թուրքական բանակի բարձրաստիճան սպաների համար կազմակերպվել էր սեմինար, որը հղացվել էր որպես ինչ-որ հրամանատարական-շտաբային զորավարժություն։ Սակայն, բացի զորավարժություններից, սեմինարում քննարկվեցին ոչ միայն զինվորական, այլև քաղաքական հարցեր, ինչը, կարելի է ասել, արտասովոր բան չէր։ Հետաքննության տվյալների համաձայն, այդ սեմինարում զինվորականները հիմնել էին գաղտնի դավադրական «Էրգենեկոն» կազմակերպությունը և մշակել «Կռան» պլանը, որը ծրագրում էր տապալել Էրդողանի կառավարությունը։ Պլանը նախատեսում էր պայթեցումներ մզկիթներում, լարվածության հրահրում Հունաստանի հետ հարաբերություններում։ Ստեղծված քաոսը պետք է արդարացում լիներ բանակի միջամտության և իշխանության նվաճման համար։ Թուրքական լրատվամիջոցների պնդմամբ, դավադիրները մտադիր էին ֆիզիկապես մեկուսացնել վարչապետին, ինչպես նաև այնպիսի նշանավոր գործչի, ինչպիսին էր Նոբելյան մրցանակի դափնեկիր գրող Օրհան Փամուկը։ Հետաքննությունն սկսվեց 2007-ին, ծայր առան բարձրաստիճան զինվորականների զանգվածային ձերբակալությունները, որոնք շարունակվում են մինչև հիմա։ Մեղադրյալները, սակայն, հայտարարում են, որ այդ ամենը եղել է զուտ տեսական սցենար, իբր` զինվորականները պետք է գործողությունների պլան ունենային ի դեպս երկրում անկարգությունների բռնկման։
Իսկ ինչ վերաբերում է թուրքական բանակում տեղի ունեցող նոր արտակարգ իրադարձություններին, մասնավորապես թուրքական զինված ուժերի բոլոր զորատեսակների հրամանատարների և գլխավոր շտաբի հրաժարականին, ապա դա, բառիս բուն իմաստով, տակնուվրա արեց թուրք հասարակությանը և որոշակի հետևությունների առիթ հանդիսացավ։ Առանձնակի ուշադրություն գրավեց այն, որ գեներալները պաշտոնանկ եղան բարձրագույն զինվորական խորհրդի ավանդական ամենամյա նիստերի հենց նախօրեին, ուր մեծ մասամբ որոշվում են թուրք սպաների ճակատագրերը։ Արդյունքում, ի տարբերություն հաստատված ավանդույթի, երբ նիստերում նախագահում էր երկու մարդ` վարչապետն ու գլխավոր շտաբի պետը, վերջինիս բազկաթոռը սեղանի գլխից հանվել էր, իսկ վարչապետի բազկաթոռը դրվել էր հենց կենտրոնում։ Այդ փաստը շատերը բնութագրեցին որպես Թուրքիայում զինվորական ազդեցության ավարտի ցուցադրական դրսևորում։ Հանգիստ իրավիճակում, որպիսին վաղուց չէր եղել, Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբի նոր պետ նշանակվեց գեներալ Օզելը։ Վերջինս մինչ այդ ծառայել էր ոչ թե բանակում, այլ զբաղեցրել էր ժանդարմերիայի գլխավոր հրամանատարի պաշտոնը (դա ճանապարհային ոստիկանությունն է, որն ունի լայն լիազորություններ և մրցակցում է բանակի հետ)։ Հաստատվեցին նաև կադրային այլ տեղաշարժեր։ Խիստ հատկանշական է, որ բոլոր նոր զինվորական պաշտոնյաները զինվորական բարձրագույն կրթություն են ստացել հայրենիքում, ոչ թե Եվրոպայում կամ օվկիանոսի այն ափին։ Այդ հանգամանքը, ներկա վերնախավի կարծիքով, խիստ էական է. կադրերը դաստիարակվել են հայրենի հողում և լիովին բարեհաճ են իշխանության հանդեպ։ Իսկ դա վճռորոշ գործոն է, որով ղեկավարվել են վարչապետն ու նախագահը։
Այնպես որ, ինչպես գրել են արևմտյան շատ թերթեր, «թուրքական բանակը ծնկի իջավ Էրդողանի առջև», և այդ ամենը Թուրքիայի քաղաքական դաշտում բանակի, որպես ազդեցիկ դերակատարի, մեկուսացման եզրափակիչ փուլն է։ Իրոք, երբ գլխավոր շտաբի պետն իր երեք գլխավոր հրամանատարների հետ մեկտեղ հավաքվելու (նկատենք, նրանց մոտ կոնսենսուս է) և «վերջ, հերիք եղավ, քաղաքացիականները համը հանեցին, իշխանությունը մեր ձեռքն ենք վերցնում» ասելու փոխարեն, հրաժարական է տալիս, կարելի է ենթադրել, որ թուրքական զինված ուժերում ինչ-որ խորքային գործընթացներ են տեղի ունենում։ Եվ ակներև է, որ թե՛ ժողովրդի կարծիքի (առավել ևս, որ այն միարժեք չէ, և գեներալները դեռևս վստահություն են վայելում), թե՛ Էրդողանի հեղինակության վրա գեներալները թքած ունեն։ Սակայն, ինչպես հայտնի է, պատճառները պետք է փնտրել մանրամասների մեջ։ Եվ հարկ կա՞, արդյոք, խոսելու մոդելի վերջի և թուրք զինվորականների պարտության մասին` երկրի քաղաքական կյանքի վրա ազդեցության առումով։
Գլխավոր շտաբի նախկին պետ Քոշաները, որին միացել էին ցամաքազորի, ռազմածովային, ռազմաօդային ուժերի նախկին հրամանատարները, «Զինակիցներին» վերնագրված հրաժեշտի ուղերձում համատեղ հայտարարել էին, որ չեն կարող հանդուրժել, որ «առանց դատավճռի կալանքի տակ են գտնվում լավագույն զավակները», ուստի և իրենք հեռանում են։ Հիմա շատերը նրանց անվանում են «թուրքական մեծ բանակի վերջին մոհիկաններ»։ Սակայն հայտնի է, որ օգոստոսյան նիստերի ժամանակ փոխվում է բանակի բարձրաստիճան հրամանատարական կազմի որոշակի մասը։ 60 տարին բոլորածները պետք է հեռանային։ Այդ տարի զորատեսակների հրամանատարների մեծ մասը կարող էր հեռանալ։ Հայտնի է նաև, որ գլխավոր շտաբի պետն էլ էր հեռանալու որոշումը դեռ մի քանի ամիս առաջ ընդունել։ Սակայն իր փոխարեն նա առաջարկում էր իր համախոհների` պետության աշխարհիկ բնույթի նախանձախնդիր կողմնակիցների թեկնածությունը։ Օրինակ, պաշտոններից մեկի համար նա նախապատրաստում էր գեներալ Գյուներին, որը հայտնի էր այն բանով, որ մի անգամ չէր ցանկացել սեղմել նախագահի տիկնոջ ձեռքը, ցուցադրաբար լքել էր տիկնոջը ողջունելու համար շարված բարձրաստիճան սպաների շարքը և անգամ չէր մասնակցել ընդունելությանը։ Ի դեպ, նախագահի, վարչապետի և գլխավոր շտաբի պետի քառօրյա բանակցություններն ավարտվեցին անարդյունք։ Դրա հետևանքը եղավ այն, որ գեներալները, «հանդես բերելով համերաշխություն», հրաժարական տվեցին։ ՈՒ կարծես դա շատ լավ քայլ էր գեներալների կողմից, քանի որ եթե իրենք, միևնույն է, պիտի հեռանային, ապա ավելի լավ է հեռանային ի նշան բողոքի։ Դա շատ լավ PR ակտ էր, որով նրանք ընդգծեցին իրենց անհամաձայնությունը զինվորականների հանդեպ կիրառվող բռնությունների պրակտիկային։
Ավելին, նրանց հաջողվեց զգալի օգուտ քաղել։ Համաձայն ԶՈՒ կանոնադրության, միևնույն ժամանակ հաշվի առնելով անմեղության կանխավարկածը, կալանքի տակ պահվող գեներալները պետք է կոչման բարձրացում ստանային և համապատասխան պաշտոններ զբաղեցնեին։ Իշխանություններն ուզում էին հեռացնել նրանց բանակից։ Իսկ զինվորականները, իրենց հերթին, համոզված են, որ այդ արժանավոր մարդիկ պետք է ներկայացվեն նոր կոչումների։ Փոխզիջման արդյունքն այս է. մեկ տարով պահպանվում են գեներալական կոչումները և պաշտոնները բանտում գտնվող 14 գեներալների համար, իսկ նրանց նոր նշանակումների հարցը մեկ տարով հետաձգվում է։ Ներկա պայմաններում սա բանակի համար միանգամայն բավարար ելք է։ Ըստ երևույթին, կառավարությունը չի համարձակվել կտրուկ քայլերի դիմել և հասարակական լայն արձագանք առաջացնել։ Չէր խանգարի հիշել նաև, որ Էրդողանն իր հովանավորյալին` ժանդարմական զորքերի գլխավոր հրամանատարին, նախ անցկացրեց ցամաքային զորքերի գլխավոր հրամանատարի պաշտոնով։ Այսինքն, բանակային ավանդույթը նա չհամարձակվեց խախտել։ Բայց կարող էր, չէ՞, ի վերջո, վարչապետ էր։ Այնպես որ, ակնհայտ է, որ երկու կողմերն էլ զգուշանում են։ Եվ պատահական չէ, որ նախագահ Գյուլը թեև խոստովանեց, որ արտակարգ իրադարձություններ են տեղի ունեցել, սակայն շտապեց հանգստացնել, թե ճգնաժամ չկա ու ամեն ինչ կարգին է։
Եվ այստեղ կցանկանայինք ուշադրություն հրավիրել հետևյալ հանգամանքի վրա. ինչպես հայտնի է, Էրդողանը բանակի հսկողությունից հանում է երկրի տնտեսությունը, ընկերությունների կառավարումը զինվորականներից փոխանցելով իր հետ իշխանության եկած անձանց։ Նրա թիկունքին կանգնած է նաև իսլամական գործարարների միավորումը, որի գաղափարախոսությունն էլ հենց որդեգրել է նրա կուսակցությունը։ Նրանք հանդես են գալիս Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) քաղաքականության, դոլարից և արևմտյան տեխնոլոգիաներից կախման դեմ։ Բացի այդ, որոշ տվյալների համաձայն, գեներալական կազմը լայն և շահադիտական կապեր ունի Թուրքիայի ռազմարդյունաբերական համալիրի (ՌԱՀ) հետ, որը խաղում է ՆԱՏՕ-ի խաղի կանոններով։ Իսկ դրանք թե՛ միլիարդներ են, թե՛ տեխնոլոգիաներ։ Իսկ գեներալները, ոչ առանց հիմքի, երկյուղում են, որ իսլամականացման հակումը կհանգեցնի Թուրքիայի ռազմարդյունաբերական քաղաքականության և տնտեսության մեջ իրենց ոչ ձեռնտու փոփոխությունների։ Եվ, մասնավորապես, բանակային հրամանատարության փոփոխությունը կսպանի իսրայելա-թուրքական ռազմական համագործակցության բոլոր հույսերը։ Այնպես որ, թվում է, տնտեսության մեջ սեփականության վերաբաշխումը և վերակողմնորոշումը նույնպես լուրջ պատճառներ են ինչպես դիմակայության, այնպես էլ փոխհամաձայնության համար։
Ցանկացած պարագայում այսօրվա դրությամբ պարզ է, որ գեներալների կապերն ու ազդեցությունը չեն վերացել։ Որ նրանք հանգիստ կթողնեն-կհեռանան, հազիվ թե հավանական է։ Առավել ևս, որ Էրդողանի համար, առաջին հայացքից, դա կարող է նշանակել վճռական հաղթանակ գեներալների նկատմամբ։ Թուրք վարչապետը չի կարող իրեն հաշիվ չտալ, որ ուղղակի դիմակայության փուլն է միայն անցել։ Հակառակորդը թաքստոց է անցել և պետք է թիկունքին կրակոց սպասել։ Պետք է մտածել, թե ինչպես կարելի է տեղայնացնել առաջացած լարվածությունը։ Էրդողանին մնում է սոսկ հուսալ, որ իրավապահ մարմինները կմաքրեն «ավգյան ախոռները» բանակում և թույլ չեն տա, որ շոշափուկները տարածում գտնեն հասարակության մեջ։
Սուսաննա ՊՈՂՈՍՅԱՆ
Շանհայում մեր հատուկ թղթակից

Դիտվել է՝ 814

Մեկնաբանություններ