ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

«ՍԻՐԻԱԿԱՆ ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅԱՆ» ՃԱՆԱՉՄԱՆ ԳԼԽԱՎՈՐ ԽՈՉԸՆԴՈՏԸ ՌՈՒՍԱՍՏԱՆՆ ՈՒ ՉԻՆԱՍՏԱՆՆ ԵՆ

«ՍԻՐԻԱԿԱՆ ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅԱՆ» ՃԱՆԱՉՄԱՆ ԳԼԽԱՎՈՐ ԽՈՉԸՆԴՈՏԸ ՌՈՒՍԱՍՏԱՆՆ ՈՒ ՉԻՆԱՍՏԱՆՆ ԵՆ
09.09.2011 | 00:00

Իրաքի կառավարող վարչակազմի տապալումից հետո (այստեղ գերիշխում էր ԲԱԱՍ կուսակցությունը) Սիրիան մնում է արաբական աշխարհի միակ «կուսակցական-գաղափարականացված» երկիրը, ուր առաջվա նման իշխանությունը մնում է ԲԱԱՍ կուսակցության, այսինքն` արաբ սոցիալիստների ձեռքին, թեև Սիրիայի վարչակարգը միշտ էլ նկատելիորեն տարբերվել է իրաքյան վարչակարգից։ Սիրիան 40 տարուց ավելի ուժի համաշխարհային կենտրոնների և Մերձավոր Արևելքի առաջատար պետությունների արանքում հավասարակշռության քաղաքականություն է վարել, ինչը կառավարող վարչակազմին հնարավորություն է տվել հաջողությամբ գոյատևելու և զգալի տնտեսական ու սոցիալական հաջողությունների հասնելու։ Իշխանության ղեկն ստանալուց անմիջապես հետո Բաշար Ասադը ձեռնամուխ եղավ ներքաղաքական և սոցիալական բարեփոխումների իրականացմանը, որոնք, չնայած սահմանափակությանը, այդպես էլ զարգացում չունեցան, քանի որ, կառավարող շրջանների կարծիքով, դրանք սպառնալիք էին վարչախմբի համար։ Վերջին տասը տարիները նշանավորվեցին տնտեսության ազատականացմամբ, քաղաքական ուժեղ ավտորիտարության պահպանմամբ։ ԽՍՀՄ-ի փլուզումից հետո Սիրիան հայտնվեց բավականին բարդ տնտեսական և արտքաղաքական դրության մեջ, հատկապես ժամանակակից սպառազինություն ձեռք բերելու առումով։ Սիրիան հայտնվել էր երկու լուրջ հակառակորդների` Իսրայելի և Թուրքիայի միջև, լիարժեք հարաբերություններ չուներ Իրաքի և Հորդանանի, ինչպես նաև արաբական առաջատար պետություններից որևէ մեկի հետ։ Դեռ հանգուցյալ նախագահ Հաֆեզ Ասադի օրոք սկսել էր դաշինք ձևավորվել Սիրիայի և Իրանի միջև, ինչը զարգացում ստացավ Բաշար Ասադի օրոք։ Սիրիայի համար Իրանի հետ այդ սերտ գործընկերությունը կրում էր ոչ թե հակաամերիկյան կամ հակաարևմտյան բնույթ, այլ տարածաշրջանային հակառակորդների` Իսրայելի ու Թուրքիայի հետ, որոշակի չափով նաև Իրաքի հետ դիմակայության նշանակություն ուներ։ Դրա հետ մեկտեղ, Իրաքի պետականության ջախջախումն ու վերացումն էլ ավելի թուլացրին Սիրիայի դիրքերը, քանի որ Իրաքը կարևորագույն գործընկեր և տնտեսական գոյության գործոն էր։
Այս պայմաններում սերտ հարաբերությունների ձևավորման միտումներ էին առաջացել Սիրիայի ու Թուրքիայի միջև, որոնք այդպիսով փորձում էին լուծել իրենց խնդիրները։ Սիրիան աշխատում էր վերջապես ճեղքել թուրք-իսրայելական գործընկերության «ճակատը», որը շատ բան էր որոշում ամբողջ Մերձավոր Արևելքում, և իրեն վտանգազերծել հյուսիսային ուղղությունում, եթե խոշոր ռազմական հակամարտություն ծագեր Իսրայելի հետ։ Թուրքիան արագորեն ցուցադրեց շատ հեռանկարներ, առևտրի, ներդրումների, ջրի պաշարների օգտագործման և անգամ պաշտպանության ոլորտում Սիրիայի հետ հարաբերությունների զարգացման գործում։ Դամասկոսում երբեք չեն մոռացել Թուրքիայի հետ հարաբերություններում տարածքային և քաղաքական այլ խնդիրների առկայությունը, Թուրքիայից բխող իրական սպառնալիքը` կապված Օջալանի հանձնման հետ։ Դրա հետ մեկտեղ, եթե 2000-ականների սկզբներին Թուրքիան դեռևս զսպում էր իր հավակնությունները արաբական երկրների հանդեպ, ապա վերջին տարիներին Անկարան իր մերձավորարևելյան ծրագրերը չի սահմանափակում միայն Սիրիայով։ Շուտով արաբ քաղգործիչները նոր սպառնալիք զգացին, որը, ի տարբերություն իսրայելական սպառնալիքի, տարածվում էր ամբողջ տարածաշրջանի վրա, ներկայանալով կայսերապետական գերիշխանության, այսինքն` նեոօսմանիզմի դոկտրինի ձևով։ Արաբական պետությունները, նախ և առաջ Սաուդյան Արաբիան և Պարսից ծոցի պետությունները, Եգիպտոսն ու Հորդանանը սկզբում թուրքական ազդեցության ուժեղացումը տարածաշրջանում ընդունեցին որպես իրանական ազդեցությունը զսպելու գործոն, բայց շատ շուտով պարզվեց, որ խոսքը միանգամայն այլ նվաճողամտության, արաբների համար ավելի վտանգավոր երևույթի մասին է։ Արաբ քաղգործիչները, ընդհանուր առմամբ, թուրքական հավակնություններն ընկալում էին որպես շատ անիրական, գրեթե ռոմանտիկ երազանք, բայց ԱՄՆ-ը թուրքական ծրագրերին արձագանքեց միանգամայն իրատեսորեն և նախընտրեց առայժմ չզսպել թուրքական նվաճողամտությունը, նպատակ ունենալով գժտեցնելու արաբներին ու թուրքերին, ինչը և հաջողությամբ ստացվեց։ Սաուդյան Արաբիան ու Եգիպտոսը (չնայած երկրում տիրող ճգնաժամային իրավիճակին) համախմբեցին արաբական երկրները և կարողացան արաբներին մատնացույց անել վերահաս սպառնալիքները` Թուրքիայից կախման մեջ հայտնվելու առումով։ Մերձավոր Արևելքի գծով ամերիկյան և եվրոպական մասնագետների մեծ մասի կարծիքով, արաբական պետություններն արդեն բավականաչափ համախմբված են նաև «թուրքական թեմայով», թեև մի շարք արաբական երկրներ այնքան հեռացած են Թուրքիայից, որ այդ սպառնալիքը չեն էլ զգում, համարելով, որ այն նման բռնանվաճման կարողություն չունի։ Միաժամանակ, Սաուդյան Արաբիան, իրեն որպես արաբական աշխարհի միակ առաջատար զգալով Եգիպտոսում իրավիճակի անորոշության պայմաններում, աշխատում է Թուրքիայի հետ համաձայնության գալ Սիրիայի ներկա կառավարող վարչախմբի հեռացման առնչությամբ, որը, լինելով ալավական (շիական), հանգիստ չի տալիս սաուդցիներին։ Դա, իհարկե, համապատասխանում է ԱՄՆ-ի և Իսրայելի շահերին, որոնք հույս ունեն բարելավելու իրենց դիրքերը Սիրիայի ալավական վարչակազմի տապալումից և Իրանի թուլանալուց հետո։
Սիրիայի ապստամբներին Թուրքիայի աջակցությունն ունի երկու հայեցակարգային պատճառ. նախ, Անկարայում որոշել են միարժեքորեն աջակցել արաբական երկրներում ծայր առած հեղափոխություններին, քանի որ այս պահին հասկանալի է դարձել, որ Մերձավոր Արևելքում Թուրքիայի նվաճողական քաղաքականությունը ձախողվել է, և ոչ մի իմաստ չունի հույսեր կապել ներկա վարչակազմերի հետ։ Թուրքիան նման հույսեր կապում է նոր վարչակազմերի հետ, որոնք կգնահատեն օրհասական այս պահին Թուրքիայի դրսևորած վարքագիծը։ Թուրքիան նույն նպատակն է հետապնդում նաև Սիրիայի առնչությամբ, բայց Սիրիան առանձնակի նշանակություն ունի թուրքական քաղաքականության համար։ Թուրքական նվաճողամտության «առաջին փուլն» ավարտված է, և Անկարայում հասկացել են, որ քանի դեռ թուրքերին չի հաջողվել հաղթահարել «շիական գոտին», նրանք չեն կարողանա իրացնել իրենց տարածաշրջանային ծրագրերը։ Պետք է ասել, որ արաբները շահադիտորեն վերաբերվեցին Թուրքիայի առաջարկած ծառայություններին, այսինքն, մտադիր են օգտվել դրանցից, բայց միտք չունեն համաձայնելու Մերձավոր Արևելքում նրա դիրքերի ուժեղացմանը։ Անկարայում, իհարկե, նոր ծրագրեր են մտմտում արաբական պետությունների առնչությամբ, ու երևի շատ շուտով պարզ կլինեն հիմնական հնարքներն ու մտադրություններն այդ կապակցությամբ։ Թուրքիան ևս միանգամայն ճիշտ գնահատեց ընկերակցության պետությունների հնարավոր դիրքորոշումը և, փաստորեն, նախընտրեց համերաշխվել ԱՄՆ-ի, Իսրայելի և եվրոպական պետությունների հետ` Սիրիայի կառավարող վարչախմբի հարցում։ Միանգամայն հասկանալի է, որ Սիրիան երբեք չի նախընտրի Թուրքիային Իրանի փոխարեն` որպես տարածաշրջանում իր առաջատար գործընկերոջ, և կմնա որպես Թուրքիայի խիստ անհուսալի գործընկեր։ Սաուդյան Արաբիայի նախաձեռնությունները, որը ֆինանսավորում է Սիրիայում տեղի ունեցող բողոքի ելույթների մեծ մասը, նույնպես Թուրքիային եզակի հնարավորություն են ընձեռում ակնկալելու ներկայումս առավել ազդեցիկ արաբական պետության աջակցությունը Սիրիայում կառավարող վարչակազմի տապալման հարցում։ Ընդ որում, միանգամայն հասկանալի է, որ Սաուդյան Արաբիան Սիրիայի հանդեպ այդ ծրագրերը մշակում և իրականացնում է ԱՄՆ-ի հետ համաձայնեցված։ Այսպիսով, Սիրիայի իրավիճակը բառացիորեն գյուտ էր Անկարայի համար, քանի որ այն ընձեռում է մի հնարավորություն, որը դեռ մեկ տարի առաջ աներևակայելի կթվար։ Դամասկոսում նաև հասկացել են, թե որքան վտանգավոր են եղել սիրիացիների պատրանքները Թուրքիայի քաղաքականության և Անկարայի հետ դաշինքի ստեղծման առնչությամբ։ Այդ իրավիճակը հանգեցրեց Իրանի վճռական միջամտությանը, ինչը, իհարկե, լուրջ նախազգուշացում եղավ Թուրքիային` սիրիական իրադարձություններին հնարավոր ռազմական միջամտության պարագայում։ Սիրիայի ալավական վարչակազմի անկումը նշանակում է, որ Իրանը կորցնում է տարածաշրջանում ունեցած կարևորագույն աշխարհաքաղաքական դիրքերը, կատարած նյութական շատ ծախսերը ոչ միայն Սիրիայում, այլև Լիբանանում։ ՈՒստի Իրանը պատրաստ է ամենաարմատական քայլեր ձեռնարկելու վարչակազմի փրկության համար, ինչը կարող է հանգեցնել տարածաշրջանային մեծ պատերազմի։
Սակայն Սիրիայի իրավիճակը միարժեք չէ ոչ այնքան ԱՄՆ-ի ու Եվրոպայի առաջատար պետությունների, որքան, առաջին հերթին, Ֆրանսիայի համար։ Նախ պետք է նշել, որ օվկիանոսի երկու կողմերում ոչ մի պատկերացում չունեն, թե ով պիտի փոխարինելու գա Սիրիայի ներկա կառավարիչներին, նկատի ունենալով, թե այդ դեպքում որքան ուժեղ են «Մուսուլման եղբայրները», որոնք ներկայացված են ամենևին էլ ոչ ինչ-որ մեկ խմբավորմամբ կամ կազմակերպությամբ` կողմնորոշված ոչ միայն դեպի Սաուդյան Արաբիան, որին իսլամական խմբերի մեծ մասը համարում է արաբների և իսլամի շահերի հանդեպ «դավաճանական» պետություն։ Սիրիական հանրությունը շատ բազմադեմ է և բաղկացած է բազմաթիվ քաղաքական և հասարակական խմբերից, և եթե ալավական վարչակազմը վերացվի, ապա դա չի նշանակի, թե իշխանության կգան միանգամայն որոշակի քաղաքական խմբեր։ Ալավական համայնքի համար վարչակազմի անկումը կնշանակի բառացի հաշվեհարդար ու հանրային աղետ, և կասկած չկա, որ ալավական վարչակազմի իշխանազրկումը կհանգեցնի քաղաքացիական պատերազմի, ինչն արդեն սկսվել է, և երկրի մասնատման։ Հարկ է նշել, որ Սիրիայում տեղի ունեցող ներկա հակամարտությունը չի նշանակում, թե երկիրը բաժանվելու է շիաների ու ալավների միջև։ Ամենևին։ Իրականում սուննիները միասնական, համախմբված համայնք չեն և բաղկացած են մի շարք ակտիվ խմբերից, որոնցից շատերը հաստատուն կերպով աջակցում են ներկա նախագահին և նրա կառավարող վարչակազմին։ Ազգային-կրոնական դիմակայության հետ մեկտեղ նաև ներսոցիալական դիմակայություն կա սուննի արաբների համայնքում, որը կազմում է երկրի 20 մլն բնակչության 13 մլն-ը։ Սուննիներին ներկայացնում են ձախ և ձախ-ազատական կուսակցությունները, ԲԱԱՍ կուսակցությունը, չափավոր ու արմատական իսլամականները, հիմնովին արմատականացած ազատականներն ու շատ այլ խմբեր։ Վերջին 10 տարում Սիրիայում տեղի է ունեցել բնակչության աննախադեպ սոցիալական շերտավորում, առաջ են եկել սուննիական բուրժուազիայի նոր խավեր, այլ խոսքով ասած` ամրապնդվել է նոր օլիգարխիական բուրժուազիան, որի վրա հենվում է կառավարող վարչախումբը։ ԲԱԱՍ կուսակցության ձգտումները չեն մոռացվել, և բուն կառավարող վարչախմբի ներսում բողոքներ են ծնվել հենց այդ միտումների պատճառով։ Շատ թե քիչ սահմանափակ քաղաքական խմբերի փոխարեն ստեղծվել են ոչ պաշտոնական կուսակցություններ, որոնք սերտորեն շաղկապված են արևմտյան քաղաքական կուսակցությունների ու լրատվամիջոցների և, անշուշտ, օտարերկրյա հետախուզությունների հետ։ Երկրում աստիճանաբար կազմավորվել է բողոքի ելույթների նոր սոցիալական բազա։ Ընդ որում, նշվում է, որ բողոքի այդ շարժումը, ավելի շուտ, ունի ձախ ուղղվածություն։ Հատկանշական է, որ բողոքավորներն սկսել են օգտագործել այնպիսի թեզիսներ, որպիսիք սիրիական ընդդիմությունը երբեք չի օգտագործել։ Առաջին անգամ ընդդիմադիրները Բաշար Ասադին մեղադրում են այն բանում, որ անընդունակ է լուծելու Գոլանի բարձունքների հարցը։ Հնարավոր է, այդ կարգախոսները դավադրաբար ասպարեզ են նետվել դրսից, բայց հնարավոր է նաև, որ դրանք ամբոխավարական ծագում չունեն, այլ եղել են իրական տրամադրությունների արտացոլում։ Դա վկայում է, որ ներկա ընդդիմությունը բավականին արմատական է արտքաղաքական խնդիրների առնչությամբ, ինչը կարող է հանգեցնել Սիրիայում ավելի արմատական վարչակարգի հաստատմանը։
Այս իրավիճակում հետաքրքրություն է ներկայացնում Ֆրանսիայի դիրքորոշումը, որը մշտապես աշխատում է համերաշխություն ցուցաբերել ընդդիմությանը և միաժամանակ միաբանվել ԱՄՆ-ի հետ։ Հասկանալի է, որ Ն. Սարկոզիի թիմում շատ են Իսրայելի համակիրները, բայց այդ տարածաշրջանն ավելի քան սկզբունքային է Ֆրանսիայի համար, և սոսկ իսրայելական գործոնը չի կարող վճռորոշ լինել սիրիական իրադարձությունների նկատմամբ Ֆրանսիայի քաղաքականության ձևավորման գործում։ Լիբանանն ու Սիրիան Ֆրանսիայի համար կարևորագույն գործընկերներ են Մերձավոր Արևելքում, և այդ երկրներում դիրքերը կորցնելու սպառնալիքը աղետ կլիներ այդ տարածաշրջանում Ֆրանսիայի քաղաքականության համար։ ՈՒստի այդքան միարժեքորեն ցուցադրվող Ֆրանսիայի դիրքորոշումը տվյալ դեպքում չի կարող ընկալվել որպես իրատեսական։ Ֆրանսիան վերջին տասնամյակում բավականին բարդ հարաբերություններ ունի Լիբանանի ու Սիրիայի հետ` այդ երկրներում տեղի ունեցող ներքաղաքական գործընթացների և քաղաքական տարբեր ուժերի շահերի բախման համատեքստում։ Այսպես թե այնպես, Ֆրանսիան նոր քաղգործիչների կարիք ուներ ինչպես Լիբանանում, այնպես էլ Սիրիայում, բայց վտանգը չափազանց մեծ է, քանի որ Սիրիայում քաղաքական ղեկավարության փոփոխությունը կարող է անկանխատեսելի հետևանքներ ունենալ Ֆրանսիայի համար։ Պետք է ուշադրության առնել, որ ո՛չ ԱՄՆ-ը, ո՛չ Ֆրանսիան միարժեքորեն չեն արտահայտվել իշխանությունից Բաշար Ասադի հեռանալու օգտին, թեև Ֆրանսիայի ղեկավարները հայտարարել են Սիրիայի նախագահի ոչ լեգիտիմության մասին։ ՈՒստի կարելի է ենթադրել, որ Ֆրանսիան որոշ հույսեր է տածում, թե Սիրիայում իշխանության կգան վստահելի քաղգործիչներ, որոնց գործունեությունը կլինի կանխատեսելի ու ընդունելի։ Սիրիայի ներկա կառավարող վարչակազմի սխալը եղավ այն, որ տարիներ ի վեր տնտեսության, քաղաքականության ու պաշտպանության տարբեր հարցերի վերաբերյալ Ֆրանսիայի նախաձեռնությունները մերժվել էին, այդ թվում` Ֆրանսիայի մտադրությունները` Սիրիային դրդելու սոցիալական լայն բարեփոխումների։ Ժակ Շիրակի նախագահության օրոք արդեն շատ լուրջ խնդիրներ էին առաջացել Սիրիայի հետ հարաբերություններում, և այնպիսի մի քաղգործիչ, ինչպիսին Ն. Սարկոզին է, չսպասեց ավելի հարմար պահի և նախընտրեց ուժեղ ճնշում գործադրել Դամասկոսի վրա, այն էլ` ԱՄՆ-ի գործընկերությամբ։ Միաժամանակ, Ֆրանսիան դարձավ Լիբիայում արտաքին զինված ու քաղաքական միջամտության առաջատարը և մեծ ազդեցություն գործեց Թունիսի իրադրության վրա։ Դա վկայում է արաբական աշխարհում ներկայության ավանդական գոտիներում դիրքերն ու ազդեցության պայմանները վերստին կառուցելու Ֆրանսիայի մտադրությունների մասին։ Այս կապակցությամբ պետք է հասկանալ, որ Ֆրանսիան նրա համար չի ձգտում ուժեղացնել իր ազդեցությունն արաբական երկրներում, որ դրանցում թույլ տա Թուրքիայի և Իրանի, բայց առաջին հերթին Թուրքիայի, դերի ուժեղացում։
Այժմ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում «սիրիական հեղափոխության» ճանաչման գլխավոր խոչընդոտը Ռուսաստանն ու Չինաստանն են, առանց որոնց համաձայնության արևմտյան տերությունները չեն դիմի իրադրության սրման։ Բայց Ռուսաստանի ներկա դիրքորոշումը չի կարող անբեկանելի համարվել, քանի որ նախագահ Մեդվեդևի դրությունը խոցելի է. հեռանկարում նախագահական ընտրություններն են, ու նրան Արևմուտքի աջակցությունն է պետք։ Հազիվ թե Ռուսաստանը ռիսկի դիմի այնպիսի գործում, ինչպիսին «սիրիական հեղափոխությունն» է, և պաշտպանի Սիրիային ՄԱԿ-ում կամ առհասարակ միջազգային ասպարեզում։ ՈՒստի սիրիական ճգնաժամի մի արդյունք էլ կարող է դառնալ Մերձավոր Արևելքից Ռուսաստանի վերջնական արտաքսումը։ Բայց այդ իրադրությունների գլխավոր արդյունքը կարող է դառնալ տարածաշրջանում Թուրքիայի և Իրանի նոր դիրքորոշման պարզումը։ Մեր կարծիքով, շատ բան կախված կլինի նրանից, թե Եգիպտոսին որքան արագ կհաջողվի վերականգնել իր դիրքերը արաբական աշխարհում և միջազգային քաղաքականության ասպարեզում, քանի որ Սաուդյան Արաբիան չի կարող միանձնյա կատարել արաբական աշխարհի առաջնորդի դերը։ Առայժմ միանգամայն հասկանալի է, որ ԱՄՆ-ը Սիրիայի ճակատագրի հարցում պայմանավորվածություններ է ձեռք բերել արաբական պետությունների մեծամասնության հետ, ինչպես դա տեղի ունեցավ Իրաքի առնչությամբ 1991 և 2003 թվականներին։
Իգոր ՄՈՒՐԱԴՅԱՆ

Դիտվել է՝ 1002

Մեկնաբանություններ