ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

ՄԻ ՆՈՐ «ԱՆՀԱՏԻ ՊԱՇՏԱՄՈՒՆՔ»

ՄԻ ՆՈՐ «ԱՆՀԱՏԻ ՊԱՇՏԱՄՈՒՆՔ»
05.04.2011 | 00:00

Չորս տասնամյակ ի վեր Սիրիան ապրում է սոցիալիստամետ պետական վարչակարգի պայմաններում։ ԲԱԱՍ կառավարող կուսակցության սոցիալիզմն ինչ-որ պալիատիվ (ցավամեղմիչ կիսամիջոց), արաբական նացիոնալ-սոցիալիզմի որոշակի սխեմա է` բազում տեղային, շատ հարցերում խոտոր տարրերով, հիմնականում իսլամի հանդեպ բարեհաճ վերաբերմունքով։ Սիրիացիների երեք սերունդ է ապրել բավականին արմատական պատերնալիզմի (աշխատավորության նկատմամբ «հայրական հոգատարության») պայմաններում` կառավարման կոշտ ոճով։ Այդ հասարակական-քաղաքական էկլեկտիկան (անհամատեղելիի, հակասականի անսկզբունք զուգորդումը), իրոք, խիստ խոցելի է, եթե նաև ուշադրության առնելու լինենք կառավարող վերնախավի քաղաքական պայքարի փորձի բացակայությունը։ Հիշենք նաև, որ Սիրիայում այդ աղյուսակին դիմակայում է առնվազն երեք հակամշակույթ. իսլամականությունը, հատկապես նրա կազմակերպական-գաղափարախոսական կառույցը` «Մուսուլման եղբայրները», կապիտալիզմը, որը ներառում է զանազան գաղափարամշակութային կառույցներ, այդ թվում` լևանտիզմը, ավանդական նահապետական հասարակական հարաբերությունները։ Այդ տարրերի մի մասը կրում է առաջադիմական բնույթ, մյուսը` հետադիմական։ Սիրիայի հանրությունը ներառում է նաև որոշ ոչ սուննիական և մեծ մասամբ ոչ արաբական համայնքներ, որոնց սոցիալ-մշակութային մակարդակը տարբերվում է երկրի բնակչության մեծ մասի մակարդակից։ Այդ քրիստոնեական և ալավական համայնքները մշակութաքաղաքակրթորեն և քաղաքականապես կողմնորոշվում են դեպի վարքագծի ինչ-որ վերացական եվրոպական կարծրատիպ։ Սիրիայում պատերնալիզմի քաղաքականությանը զուգընթաց, ԲԱԱՍ-ի իշխանության գալուց հետո, փաստորեն, խրախուսվել է ազգային բուրժուազիայի զարգացումը, ինչը հանգեցրել է հսկայական կարողության տեր, քաղաքականության և անգամ ռազմավարական որոշումների ընդունման վրա ազդելու հավակնություններ ունեցող շատ հարուստ ընտանիքների առաջացմանը։ Ընդհանուր առմամբ, ժամանակակից սիրիական ազգը մեծ հակում ունի դեպի արևմտյան արժեքները, ինչին, որքան էլ տարօրինակ լինի, նպաստում է արաբական ազգայնականությունը, որը տվյալ տարածաշրջանում մոդեռնիզմի արտահայտման ձև է։ Այդ պայմաններում սոցիալական և տնտեսական բարեփոխումների անցկացման ցանկացած մտադրություն միջին խավի, մտավորականության և խոշոր բուրժուազիայի կողմից կընդունվի մեծ ակնկալիքներով։
Բաշար Ասադը, անտարակույս, շուտափույթ ազատականացման կողմնակից է և մտադիր է նման քաղաքականություն վարել։ Հարցն այն է, թե ազատականացման որ տարբերակը կընտրի Սիրիայի ղեկավարությունը։ Հնարավոր է` ազատականացման չինական տարբերակը, այսինքն` տնտեսական ազատականացումը` քաղաքական վարչակարգի մեղմացված ձևի պահպանմամբ։ Դրա հետ մեկտեղ, սիրիական տնտեսական առանձնահատկությունները նկատելիորեն տարբերվում են չինականից, ուստի հնարավոր չէ տնտեսական արագ աճ ակնկալել։ Սիրիային չի հաջողվի արագորեն հաղթահարել տնտեսության պետական վերահսկողության համակարգը։ Միաժամանակ, Եգիպտոսն ու Սաուդյան Արաբիան, Արաբական Միացյալ Էմիրությունների ու Քուվեյթի հետ մեկտեղ, կարող են հանդես գալ որպես տնտեսական ու սոցիալական բարեփոխումների իրականացման երաշխավոր, ինչպես նաև Սիրիայի արտաքին քաղաքական շահերի պաշտպան անցումային փուլում։ Սիրիայի քաղաքական ղեկավարությունը չի թաքցնում, որ ակնկալում է ամերիկյան ու եվրոպական խոշոր ներդրումներ, ինչպես նաև արաբական պետությունների լուրջ օգնությունը։ Այս կապակցությամբ Սիրիան վարում է աշխույժ տարածաշրջանային քաղաքականություն, նպատակ ունենալով ամրապնդել իր դիրքերն այդտեղ։ Նկատի են առնվում հարաբերությունները Իրանի, Սաուդյան Արաբիայի ու Եգիպտոսի, Հունաստանի և այլ պետությունների հետ։ ԽՍՀՄ-ի փլուզումից հետո հայտնվելով ծայրաստիճան բարդ միջազգային իրադրության մեջ, Սիրիան ընդունեց Թուրքիայի նախաձեռնությունը` իրենց հարաբերությունները, տնտեսական և ռազմական ոլորտների գործակցությունը կարգավորելու վերաբերյալ։ Դա կարևոր է Սիրիայի համար, որը հայտնվել է երկու վաղեմի գործընկերների` Իսրայելի ու Թուրքիայի արանքում։
Չնայած երկրում կայունության պատրանքին, ապակայունացման հնարավորությունն աշխուժորեն քննարկվում է ինչպես Մերձավոր Արևելքում, այնպես էլ Արևմուտքում։ Լիբանանյան փորձագետներն իրենց դատողություններն են անում Սիրիայում հնարավոր քաղաքական ապակայունացման վերաբերյալ։ Սիրիայում հնարավոր ապակայունացման հիմնական գործոններ են համարվում Հաֆեզ Ասադի եղբոր` Ռիֆատ Ասադի գործունեությունը (նա քաղաքական վտարանդի է), զինվորական հեղաշրջումը, իսլամական կազմակերպությունների, գլխավորապես «Մուսուլման եղբայրների», գործունեությունը։
Արաբ ու ֆրանսիացի փորձագետների գնահատումներով, Ռիֆատ Ասադը թույլ է տվել մի շարք լուրջ սխալներ, կորցրել է երբեմնի ազդեցությունը և, փաստորեն, հնարավորություն չունի իշխանության գալու Բաշար Ասադի մեծ ժողովրդականության պայմաններում։ Սիրիայի հատուկ ծառայությունները կարողացել են Մարոկկոյի երիտասարդ թագավորի օգնությամբ փակել Ռիֆատ Ասադի ֆինանսական աղբյուրներն Իսպանիայում, ինչպես նաև նրա շրջապատում իրազեկիչներ ներդնել։ Բանակը միանգամայն բարեհաճ է Բաշար Ասադի հանդեպ, և դա ապացուցող փաստեր կան։ Բանակի ղեկավարությանն ու երիտասարդ սպաներին Բ. Ասադի հետ կապում են Սիրիայի ազգային շահերի պաշտպանությունն ու դրա հետ մեկտեղ սոցիալական և տնտեսական դրության բարելավման ձգտումը։ Իսլամական կազմակերպություններն արդեն արտահայտել են իրենց աջակցությունը Բ. Ասադին և հարկադրված էին ընդունել Հ. Ասադի վաստակն արաբների ազգային շահերի պաշտպանության գործում։ Սիրիայում իսլամիստական կազմակերպությունների որևէ հակակառավարական գործողություն չի սպասվում։ Ինչ վերաբերում է «Մուսուլման եղբայրներին», ապա հարկ է ենթադրել, որ այդ հակակառավարական կազմակերպությունը հայտնվել է Սիրիայի հատուկ ծառայությունների հսկողության տակ և երկխոսություն է վարում կառավարության հետ։ Գլխավորը, որին պետք է հասնի Բ. Ասադը ներքին քաղաքականության մեջ, այն է, որ նա դառնա ոչ միայն ալավական կրոնական-ազգային փոքրամասնության, այլև ամբողջ սիրիական ժողովրդի առաջնորդը։ 2004 թ. Բ. Ասադն ավարտեց իր փորձերը` բարեփոխելու երկրի հասարակական կյանքը, ինչը ի ցույց դրեց քաղաքական պայմանների վրա ազդող շատ գործոններ։ Բ. Ասադը, զգալով ԲԱԱՍ կուսակցության ավանդական վերնախավի լուրջ դիմադրությունը, ավելի չափավոր դիրք բռնեց, բայց, այդուամենայնիվ, չհրաժարվեց Սիրիայի տնտեսական և քաղաքական համակարգում շատ բան վերանայելու փորձերից։ Կայունության ապահովման խնդիրը դեռևս հրատապ է, մանավանդ Լիբանանի «մայրիների հեղափոխությունից» և Լիբանանից սիրիական զորքերի դուրսբերումից հետո։ 2008-2009 թթ. Սիրիայում, փաստորեն, հաղթահարվեցին այն խնդիրները, որոնք կարող էին ապակայունություն առաջացնել երկրում։ Այժմ Բ. Ասադը, ինչպես երբևէ, ժողովրդականություն է վայելում և ամբոխահաճ միջոցառումների կամ դրսի աջակցության կարիքը չունի։
Ընդհանուր առմամբ, Բ. Ասադի վարչակազմի հեռանկարները գնահատվում են նախընտրելի, և ներկայումս, փաստորեն, Սիրիայում չկա այնքան ազդեցիկ ու կազմակերպված ընդդիմություն, որը կարողանա իրապես հավակնել իշխանության։ Եթե առաջիկա 2-3 տարում Բ. Ասադին հաջողվի աղմկոտ քայլեր իրականացնել վարչական և հասարակական համակարգերի բարեփոխման ուղղությամբ ու գոնե մասամբ իրական պայքար մղել կոռուպցիայի դեմ, ապա միանգամայն հնարավոր է, որ Սիրիայում ծնունդ առնի նոր «անհատի պաշտամունք»։ Հ. Ասադի թաղման օրերին Սիրիա կատարած այցի ժամանակ Ֆրանսիայի նախագահ Ժ. Շիրակը, փաստորեն, Բ. Ասադին առաջարկեց Ֆրանսիայի «խնամակալությունն» ու Արևմուտքի հետ մերձենալու գործում Սիրիայի համար համաշխարհային աջակցության ապահովում։ Այդ նույն առաջարկություններն ավելի վաղ արվել էին Հ. Ասադին։ Եղած տեղեկությունների համաձայն, Հ. Ասադը, ըստ էության, ընդունել էր այդ առաջարկությունները, պայմանով, որ Արևմուտքի հետ մերձեցումը չպետք է ազդի Գոլանի բարձունքներն ազատագրելու և Իսրայելի հետ 1967 թ. սահմանը վերականգնելու Սիրիայի վճռականության վրա։ Այս պայմաններում Բ. Ասադի կերպարն ավելի ընդունելի է ԱՄՆ-ի ու եվրոպական պետությունների համար, թեև Ֆրանսիային լիովին ձեռնտու էր նաև Հ. Ասադը։ Արտաքին «խնամակալությունը» շատ կարևոր պայման է սոցիալական բարեփոխումների հաջող իրականացման ճանապարհին։ Իհարկե, Սիրիան գերադասում է ընտրել եվրոպական (ֆրանս-գերմանական) խնամակալությունը, քան ամերիկյանը։ ՈՒ թեև ներկայումս ֆրանս-սիրիական հարաբերությունները լավ օրեր չեն ապրում, բայց դա հազիվ թե երկար շարունակվի, և Բ. Ասադը կարող է Ֆրանսիայի և ցամաքային Եվրոպայում նրա դաշնակիցների հետ գործընկերություն հաստատելու հույսեր փայփայել։ Բ. Ասադի կարևորագույն ռեսուրսը նրա երիտասարդ լինելն է, և Մերձավոր Արևելքի ու Եվրոպայի շատ ղեկավարներ հենց այդ հանգամանքն են շեշտադրում։
Շատ փորձագետների կարծիքով` ներկայումս միջազգային պայքար է մղվում Սիրիայի, տարածաշրջանում նրա ունեցած դիրքի համար։ Այդ պայքարին ակտիվորեն մասնակցում են ԱՄՆ-ը, Իսրայելը, Թուրքիան, Ֆրանսիան ու նրա եվրոպական գործընկերները, առաջատար արաբական պետությունները` Եգիպտոսը, Սաուդյան Արաբիան, Լիբիան, Իրաքը, Իրանը։ Այդ պայքարում Ռուսաստանը գործնականորեն կորցրել է իր դիրքերը և մինչև վերջերս, փաստորեն, հեռանկար չուներ այդ դիրքերն անգամ մասամբ վերականգնելու։ Դրա հետ մեկտեղ, լիբանանյան ու սիրիական վերնախավը, ինչպես նաև արաբական ձախ ազատական մտավորականության լայն խավերը շարունակում են համակրանքով վերաբերվել Ռուսաստանին, և Իրաքի ու Լիբանանի 2005 թ. իրադարձություններից հետո համարում են, որ Ռուսաստանը հեռանկար ունի արաբական աշխարհում իր ազդեցությունը որոշ չափով վերականգնելու համար, և այդ ազդեցության ջատագովներ կարող են դառնալ Սիրիան ու Լիբանանը։ Միաժամանակ, Ռուսաստանի ազդեցության այդ վերադարձը դիտարկվում է ոչ թե մեկուսի, այլ եվրոպական պետությունների հետ գործակցության համատեքստում, որոնք, արաբ քաղաքական գործիչների պատկերացմամբ, կարող էին ստեղծել ԱՄՆ-ի քաղաքականության ու դիրքորոշման այլընտրանք։ Ընդհանուր առմամբ, ներկայումս, նկատի ունենալով Մերձավոր Արևելքում Բ. Օբամայի վարչակազմի քաղաքականության վերաիմաստավորումը, այդ թվում` իսրայելա-արաբական հակամարտության խնդրի առնչությամբ, Սիրիայի դրությունը դարձել է ավելի նախընտրելի։ Ինչպես ցույց է տվել վերջին տարիների քաղաքական փորձը, Թուրքիայի հետ գործակցությունը չի կարող Սիրիայի համար փոխարինել Իրանի` նրա կարևորագույն գործընկերոջ, հետ գործակցությանը կամ դառնալ դրա այլընտրանք։ Բացի այդ, Սիրիային շարունակում են աջակցել առաջատար արաբական երկրները, ուստի եվրոպացիները, այսպես թե այնպես, չեն ձգտում նրա մեկուսացմանը։ Դրա համար էլ ուժեղանում են այն գործոնները, որոնք նպաստում են Թուրքիայից Սիրիայի կախման նվազմանը, անգամ Իսրայելի հետ հակամարտության չլուծվածության պայմաններում։ Սիրիան, որպես «ճակատամերձ» պետություն, օգտվում է նավթ արտահանող արաբական պետությունների` Սաուդյան Արաբիայի, Քուվեյթի, ԱՄԷ-ի և այլոց աջակցությունից, այդ թվում նաև` արդիական զինատեսակների ձեռքբերման հարցում։ Սիրիան կարևոր դեր է խաղացել 1991 թ. Իրաքի դեմ պատերազմում արևմտյան կոալիցիայի հաջողության գործում, ստանալով Արևմուտքից որոշ աջակցություն, իսկ հետո օգտվում էր Սադամ Հուսեյնի վարչակազմի հետ գործակցությունից, կատարելով իրաքյան նավթը տարանցողի դեր, Իրաքին մատակարարելով պարենամթերք ու շրջափակված երկրին անհրաժեշտ ուրիշ շատ ապրանքատեսակներ։ Երկար ժամանակ դաշինքի մեջ լինելով Իրանի հետ, Սիրիան ուզում է զարգացնել քաղաքական, տնտեսական ու ռազմական կապերը նաև Թուրքիայի հետ, հետևելով հանգուցյալ նախագահ Հաֆեզ Ասադի արտաքին քաղաքականության սկզբունքներին, այսինքն` վարել հավասարակշիռ ու բազմավեկտոր քաղաքականություն։ Եթե համեմատելու լինենք Սիրիայի քաղաքականությունը արաբական մյուս պետությունների քաղաքականության հետ, ապա այն շատ ավելի բարդ է թվում (ու այդպես էլ կա) և անգամ` նրբարվեստ, ինչն էլ կախված է ԲԱԱՍ կուսակցության վրա հենվելու հանգամանքից, որն իրենից ներկայացնում է ռազմաքաղաքական ուխտ։
Սիրիայում տեղի ունեցող բողոքի զանգվածային ելույթներն անակնկալ չէին, քանի որ երկրում սկսված բարեփոխումները, որոնց կատարման փորձերն արվեցին Բ. Ասադի իշխանության գալուց անմիջապես հետո, շարունակություն չունեցան։ Այն ժամանակ շատ քիչ բան էր արվել, բայց երիտասարդ նախագահի անգամ աննշան փորձերը մեծ հույսեր էին ներշնչում։ Մեծանում է կրթված մարդկանց թիվը, ասպարեզ է գալիս նոր միջին խավը, որը հասարակության մեջ նոր դիրքերի է հավակնում։ Նախագահ Բ. Ասադը շատ առաջադիմորեն է տրամադրված և պատրաստ է լուրջ վերափոխումների։ Միաժամանակ, բարեփոխումները կարող էին և ընդունելի չլինել բյուրոկրատական ու կլանային ազդեցիկ խմբերի համար, որոնք վերջին ժամանակներս հսկայական կարողություն են դիզել, վերահսկողություն են սահմանել տնտեսության նկատմամբ, մենաշնորհ ունեն պետության տնօրինության տակ գտնվող շատ ճյուղերում։ Նախագահ Բ. Ասադը շահագրգռված է բնակչության լայն զանգվածների, նախ և առաջ, երիտասարդության ու զինվորականների աջակցությամբ երկրում որոշակի բարեփոխումներով։ Նախագահը հայտարարել է կառավարության փոփոխման, սահմանադրության մեջ ու քաղաքական համակարգում փոփոխությունների մասին, բայց արտակարգ դրության մասին օրենքը չեղյալ չի հայտարարել, որի դեմ էլ հենց հանդես են գալիս բողոքավորները։ Այսինքն, մենք տեսնում ենք երկրում կայունությունը, վարչակազմի անձեռնմխելիությունը պահպանելու, հասարակական ու քաղաքական զարգացման ասպարեզում նոր սկզբունքներ ներմուծելու փորձ։ Սիրիայում տեղի ունեցող իրադարձությունները շատ վտանգավոր են, սակայն տպավորություն է ստեղծվում, որ դրանք բավականին կառավարելի են, և բնակչությունը պաշտպանում է նախագահին` որպես քաղաքական ու հասարակական համակարգի բարեփոխման առաջնորդի։
Ներկայումս կարևոր է կառավարող վարչակարգին արտաքին աջակցության ցուցաբերումը, նախ և առաջ այնպիսի պետությունների կողմից, ինչպիսիք են ԱՄՆ-ը, Ֆրանսիան, Ռուսաստանը, Իրանը, Սաուդյան Արաբիան ու Եգիպտոսը, ինչպես նաև Եվրամիությունը։ Արտաքին աջակցությունը միշտ է կարևոր եղել Սիրիայի համար, որը որոշ մեկուսի քաղաքականություն է վարել արաբական աշխարհի շրջանակներում և տարածաշրջանում։ ՈՒստի տվյալ դեպքում շատ բան կախված է Արևմուտքի աջակցությունից, որը կարող է Սիրիային ցուցաբերել ֆինանսական օգնություն և թշնամական վերաբերմունք չորդեգրել Սիրիայի նկատմամբ։ Վստահություն կա, որ ԱՄՆ-ն ու Ֆրանսիան կարող են համաձայնության գալ նախագահ Բ. Ասադին աջակցելու հարցում, այլապես Մերձավոր Արևելքի տարածաշրջանում կարող է աղետալի իրադարձությունների մի նախերգանք սկսվել, եթե այստեղ գործընթացները զարգանան եգիպտական կամ լիբիական սցենարների հանգույն։
Իգոր ՄՈՒՐԱԴՅԱՆ

Դիտվել է՝ 1347

Մեկնաբանություններ