Մոսկվան ակնկալում է, որ Հայաստանի իշխանությունները թույլ չեն տա դպրոցներ տեղափոխել 8-րդ դասարանի պատմության դասագիրքը, որը խեղաթյուրում է 18-րդ դարավերջի և 19-րդ դարասկզբի Հարավային Կովկասի իրադարձությունները՝ ասված է ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ: Ըստ այդմ՝ դասագրքի գլուխներից մեկում «Արևելյան Հայաստանի բռնի միացումը Ռուսաստանին» սադրիչ վերնագրով վերանայվել են 1826-1828 թ.թ. ռուս-պարսկական պատերազմի արդյունքներն ու Թուրքմանչայի պայմանագիրը կոչվել է Արևելյան Հայաստանի «բռնակցում»:                
 

«ԿՐԱԿԵ ՇԱԳԱՆԱԿՆԵՐ»` ԱՅԼՈՑ ՁԵՌՔԵՐՈՎ

«ԿՐԱԿԵ ՇԱԳԱՆԱԿՆԵՐ»` ԱՅԼՈՑ ՁԵՌՔԵՐՈՎ
06.09.2011 | 00:00

ԱՄՆ-ն առաջ էլ է պաղեստինյան պետություն ստեղծելու փորձեր արել և, այդ փորձերը դիտարկելով լայն առումով, կարելի է նշել, որ խնդրի լուծման գործում Վաշինգտոնի տարբեր մոտեցումներն ամերիկացիներին հասկանալ էին տալիս, որ պաղեստինյան պետության ստեղծումն այդ տարածաշրջանում ԱՄՆ-ի խնդիրների լուծման առավել արդյունավետ ուղին է։ Դրա հետ մեկտեղ, այդ խնդրի չլուծվածությունն ինչպես ամերիկյան, այնպես էլ արաբական քաղաքականության մեջ կարևոր գործոնի դեր ունի։
Պաղեստինյան խնդրի կարգավորման 1998-2000 թթ. ժամանակահատվածում (Բ. Քլինթոնի նախագահության օրոք), փաստորեն, պաղեստինյան պետության ստեղծման ամերիկա-իսրայելական ծրագիրը մշակված էր։ Ենթադրվող պետությունը պետք է մի «կարկատած» պետական կազմավորում լիներ` բաժանված չորս առանձին մասերի, առանց Երուսաղեմի` չունենալով ջրի լուրջ աղբյուրներ և գոյության նյութական բազա։ Ամերիկացիներն ու իսրայելցիները շեշտադրում էին, որ պաղեստինցիները որոշակիորեն հարմարվել են այն տարածությանը, որը համընկնում էր ինքնավարությունների սահմաններին, նրանք կարծես ընտելացել են Իսրայելի հետ փաստացի հաստատված վասալական հարաբերություններին։ Այդ պետությունը պետք է ներառեր երեք ինքնավար տարածք, գումարած Գազայի հատվածը, ուր բնակվում էր Իսրայելում և Պաղեստինի Ինքնավարությունում ապրող 4,2 մլն պաղեստինցիներից ավելի քան 3,4 մլն-ը։ Ամերիկացիների ու իսրայելցիների ծրագրերի համաձայն, որոշակի ժամանակամիջոցում ավելի քան 50 հազար պաղեստինցի փախստականներ պիտի վերադառնային Պաղեստին։ Ջրի հիմնական ակունքները, այսինքն` Տիբերիակյան լիճն ու մյուս ակունքները, մնում էին Իսրայելի հսկողության ներքո։ Պաղեստինյան պետությունն իրավունք չէր ստանում ունենալու լիարժեք զինված ուժեր։ Միայն զինված գվարդիա։ Ենթադրյալ պաղեստինյան պետության տարածքում չէին կարող տեղավորվել զգալի թվով փախստականներ։ Դրա հետևանքով պաղեստինյան պետությունը պետք է դատապարտված լիներ Իսրայելի կողմից տնտեսական, ապա նաև քաղաքական ներկլանման, իսկ Պաղեստինի բնակչությունը շարունակելու էր մնալ որպես Իսրայելի աշխատուժի ռեզերվ։ Պաղեստինը կորցնելու էր արաբական և իսլամական աշխարհի հետաքրքրությունը որպես Երուսաղեմում իսլամական շահերը պաշտպանող առաջապահ ուժ։
Օբամայի վարչակազմը, որտեղ քիչ չեն Քլինթոնի վարչակազմի մարդիկ, որոնց չես կասկածի Իսրայելի հանդեպ համակրանքի բացակայության մեջ, մոտենում է Պաղեստինում արաբական պետության ստեղծման ավարտական փուլին։ Համենայն դեպս, պաղեստինյան ինքնավարության ղեկավարները և ուրիշ շատ պաղեստինցի քաղգործիչներ, ինչպես նաև Իսրայելը, նախկինում երբեք այդքան հավատ չեն ընծայել ԱՄՆ-ի այդ մտադրություններին։ Այդ մտադրությունները հռչակեց կրտսեր Ջորջ Բուշը 2001-ին` նախագահի պաշտոնն ստանձնելուց շատ չանցած։ Պաղեստինի «ժամանակավոր» կամ «անցումային» պետության ստեղծման մասին Բուշի առաջարկության պատճառով կարող է տպավորություն առաջանալ, թե փոխվել է ԱՄՆ-ի քաղաքականությունը, ակտիվացել է, հեռացել է Բուշի վարչակազմի նախկին «մեկուսիական» մտադրություններից։ Դրա հետ մեկտեղ, այդ առաջարկությունը հաստատում էր նախկինում հանրապետական վարչակազմի հռչակած` տարածաշրջանային հակամարտությունների լուծումից առավելագույնս զերծ մնալու կուրսը, եթե այդ հակամարտությունն ուղղակիորեն չի սպառնում ԱՄՆ-ի ազգային անվտանգությանը։ Չնայած այնպիսի պետության քաղաքականությունը, ինչպիսին ԱՄՆ-ն է, դժվար է տեղավորել հայեցակարգային շրջանակների մեջ, և այսպես թե այնպես ԱՄՆ-ը պետք է ակտիվորեն մասնակցեր համաշխարհային և տարածաշրջանային քաղաքականությանը, անկախ կառավարող կուսակցությունից և քաղաքական խմբավորումից, համենայն դեպս, Բուշի վարչակազմը խիստ սկզբունքորեն էր վերաբերվում արտքաղաքական գործունեության ոճին և ձգտում էր ցուցադրել ավանդական մեկուսիությունը տարածաշրջանային շատ հարցերում։ ԱՄՆ-ը չի ձգտում վերակենդանացնել Բիլ Քլինթոնի վարչակազմի հայեցակարգային դրույթները և դառնալ կարգավորման ակտիվ մասնակից, ստանձնելով, ըստ էության, ամբողջ պատասխանատվությունը կարգավորման գործընթացի արդյունքների հարցում։ ԱՄՆ-ն Իսրայելին և պաղեստինցիներին թողել է ինքնուրույն հանգելու որոշակի համաձայնության (ունենալով տևական ու սակավարդյունավետ զինված առճակատման փորձ)` ԱՄՆ-ի նվազագույն մասնակցությամբ։ Այդ մոտեցումը կոչված է ԱՄՆ-ի վրայից «թոթափելու» պատասխանատվությունը տեղի ունեցող գործընթացների համար, ինչը պետք է հանգեցնի լարվածության որոշակի մեղմացմանն ԱՄՆ-ի ու արաբական պետությունների միջև։ «Ժամանակավոր» պետության վերաբերյալ Բուշի առաջարկություններն ուղղված էին Իրաքի դեմ պատերազմի համար ավելի նպաստավոր պայմանների ստեղծմանը։ Հասկանալով ժամանակավոր ձևաչափերի անհամատեղելիությունը և պաղեստինյան ու իրաքյան խնդիրների քաղաքական բարդությունը, ԱՄՆ-ը պաղեստինյան խնդիրը չի համարում Իրաքի դեմ ուղղված գործողության իրականացման կարևոր սահմանափակիչ հանգամանք։ Տվյալ դեպքում ԱՄՆ-ը նպատակ էր հետապնդում ստեղծելու քաղաքական նոր ասպարեզ` արաբական, եվրոպական պետությունների մեծ մասին և Ռուսաստանին կարգավորման միանգամայն փակուղային, անիրագործելի գործընթացի մեջ ներգրավելու համար, ինչը կոչված էր մասնակիորեն թուլացնելու տարածաշրջանային լարվածությունն ու ԱՄՆ-ի նկատմամբ արաբների թշնամական վերաբերմունքը։
Այդ մոտեցումները լիովին ձեռնտու էին Իսրայելին, հնարավորություն էր ընձեռված շարունակելու Պաղեստինում Ա. Շարոնի ծրագրերի իրագործումը, որի նպատակն է առավելագույնս ոչնչացնել պաղեստինյան կազմակերպությունների զինված ուժերն ու նրանց ենթակառուցվածքները, ստեղծել մարդկանց կենսագործունեության համար անհամատեղելի պայմաններ, զանգվածային գաղթի մատնել պաղեստինցիներին և, ի վերջո, պաղեստինյան կազմակերպություններին ու հանրությանը հարկադրել համագործակցելու Իսրայելի հետ։ Բուշի առաջարկությունը համաձայնեցված էր Շարոնի հետ և համապատասխանում է Իսրայելի ծրագրերին։ Այդ առաջարկությունը կարող էր արվել միայն այն դեպքում, եթե ԱՄՆ-ը Իսրայելին տված լիներ անվտանգության երաշխիքներ և ռազմատեխնիկական գերազանցության հնարավորություն։ Այն լիովին վկայում է, որ ԱՄՆ-ը չի ձգտել անգամ երևութական «հավասար» հարաբերություններ հաստատել Իսրայելի ու արաբական պետությունների հետ։ Նա պարզապես Իսրայելը ներկայացնում է որպես տարածաշրջանում իր առաջնային աշխարհառազմավարական գործընկեր։
ԱՄՆ-ում գործող հրեական հասարակական շրջանակներում «սեպտեմբերի 11-ի» իրադարձությունների հետևանքով առաջացած որոշ խառնաշփոթից հետո նրանք նորից համախմբեցին իրենց լոբբիստական հնարավորություններն ու կարևոր դեր խաղացին Բուշի կողմից այդ որոշման ընդունման գործում։ Ջ. Բուշը չէր ցանկանա առանց որևէ հիմքի ավելի խոր առճակատման մեջ մտնել ԱՄՆ-ի հրեական շրջանակների հետ, ինչը բացասական դեր էր խաղացել նրա հոր քաղաքական կարիերայի համար։ Սակայն Բուշի վարչակազմի հաշվարկները հիմնված էին ավելի շատ արտքաղաքական այլ պատկերացումների վրա։ Բուշի այդ առաջարկությունը բավական վաղուց և մանրամասն վերլուծվել էր ԱՄՆ-ի առաջատար հետազոտական կենտրոնների կողմից և ինչ-որ սկզբունքորեն նոր ու ինքնատիպ մոտեցում չէր։ Ըստ էության, 2001-2002 թվականների ընթացքում Բուշի ամբողջ քաղաքականությունն ուղղված էր հենց նման մոտեցման իրականացմանը։ ԱՄՆ-ի հետագա քաղաքականությունը նպաստեց, փաստորեն, պաղեստինյան խնդրի կարգավորման գործի արգելակմանը, բայց անցել են բոլոր հնարավոր փուլերը, և Օբաման ստիպված է ավարտել այն, ինչը չեն կարողացել անել ԱՄՆ-ի նախորդ ղեկավարները։
Օբամայի քաղաքականությունը, անշուշտ, հաշվի կառնի պաղեստինյան խնդրի կարգավորման արդեն առկա փորձը, որը մշակվել էր Քլինթոնի և Բուշի վարչակազմերի կողմից։ Օբամայի և ԱՄՆ-ի դեմոկրատական կուսակցության առաջնորդների համար միանգամայն հասկանալի է, որ պաղեստինյան պետության ստեղծումը` ընդունելի տարածքի սահմաններում և քաղաքական պայմաններում, միակ ելքն է ստեղծված իրավիճակից, որը սպառնում է աղետալի հետևանքներ ունենալ ԱՄՆ-ի ու իսլամական աշխարհի հարաբերությունների հարցում։ Ընդ որում, պաղեստինյան խնդրի առնչությամբ առավել արմատական են տրամադրված ոչ թե իրենք արաբները, այլ նրանց հետ որոշակի խնդիրներ ունեցող այլ պետություններ` Իրանը, Պակիստանը և Թուրքիան։ Ռ. Նիքսոնի և Հ. Քիսինջերի քաղաքականությունից հետո, երբ Եգիպտոսն ու Հորդանանը հաշտվեցին Իսրայելի հետ, և Իսրայելը շատ հարցերում զիջումներ արեց Եգիպտոսին, առաջին հերթին տարածքային, առաջին անգամ է ԱՄՆ-ն այդքան ուժեղ ճնշում գործադրում Իսրայելի վրա, նախ և առաջ, ռազմաբնակավայրերի շինարարության հարցերում, ինչը կարևոր պայման է պաղեստինյան պետության ստեղծման գործում։ Հարկ է նշել, որ ԱՄՆ-ում Իսրայելի շատ բարեկամներ, որոնք ներկայացնում են ազդեցիկ հասարակական խմբեր ու կազմակերպություններ, այդ թվում ինչպես դեմոկրատական, այնպես էլ հանրապետական կուսակցության կողմնակիցներ, իսրայելա-պաղեստինյան խնդրի առնչությամբ ունեն Իսրայելի կողմից նշանակալի զիջումներ ենթադրող դիրքորոշում և կողմ են պաղեստինյան պետության ստեղծմանը։ Տպավորություն էր ստեղծվել, թե Օբամայի քաղաքականությունը կառուցվում է այդ խնդիրն առանց ԱՄՆ-ի աջակցությունը վայելող շահերի պատշաճ հաշվառման լուծելու ձգտման վրա և դատապարտված է ձախողման։ Հնարավոր է, որ այդ քաղաքական գիծն էլ ձախողվի կա՛մ Իսրայելի, կա՛մ արաբների ու նրանց գործընկերների գործողությունների հետևանքով, բայց ներկա վարչախումբն ավելի հաստատակամ դիրք է բռնել խնդրի լուծման անհրաժեշտության առնչությամբ։ Ընդ որում, հարկ չկա Օբամայի քաղաքականության մեջ նմանություններ փնտրել Քլինթոնի կամ Բուշի մոտեցումներին. այսպիսիք անհնար է գտնել։ ԱՄՆ-ը վճռականություն է հանդես բերում լուծելու խնդիրը և ստեղծելու պաղեստինյան պետություն։ Իսրայելում իշխանության ղեկին են արտաքին քաղաքականության մեջ եթե ոչ արմատական, ապա բավականաչափ պահպանողական ուժեր։
Երկրի երկու առաջնորդներ` Բ. Նեթանյահուն և Ա. Լիբերմանը, ներկայացնում են երկրի իրատես գործիչներին և գիտակցում են, որ զուր են Իսրայելի համար խաղաղ գոյակցության նպատակով գործադրվող ջանքերը։ Այդ ուժերը թույլ չեն տա հրեաների կողմից պաղեստինյան տարածքների յուրացման դադարեցում` որպես աշխարհագրական հասկացության, և պաղեստինյան պետության ստեղծում։ Իսրայելն Օբամայի քաղաքականության հետևանքներից կարող է խուսափել երկու եղանակով` կա՛մ պատերազմի միջոցով, ընդ որում, լայնածավալ պատերազմի, որի հետևանքով արմատապես կփոխվի Պաղեստինի էթնիկ քարտեզը, կա՛մ Վաշինգտոնում իշխանության փոփոխության միջոցով։ Թեև, ամենայն հավանականությամբ, ԱՄՆ-ում նախագահի և որոշ քաղգործիչների փոփոխությունը ոչինչ չի տա, քանի որ ներկայումս կառավարող դեմոկրատական կուսակցության ճնշող մեծամասնությունը պաշտպանում է Օբամայի ներկա քաղաքականությունը։
Ընդ որում, Օբամայի վարչակազմը նախ և առաջ հաշվի էր առնում, որ արաբական պետությունների հետ ԱՄՆ-ի համագործակցությունը հասել է իր առավելագույն սահմանին, և նրանց հետ հետագա մերձեցումը հազիվ թե հնարավոր լինի։ Եգիպտոսի և Սաուդյան Արաբիայի հետ հարաբերությունները շարունակում են կայուն մնալ, և այդ երկրներն իրապես չեն ձգտում մեծ ինքնուրույնության հասնել ԱՄՆ-ի հետ հարաբերություններում։ Սիրիան, որպես յուրօրինակ արաբական պետություն, բավական սերտ հարաբերություններ ունի ԱՄՆ-ի հետ, բայց ռազմավարական գործընկերության մասին խոսելն ավելորդ լավատեսություն կլիներ։ Արաբական աշխարհի մյուս պետությունները (բացի Լիբիայից) ընթանում են Եգիպտոսի և Սաուդյան Արաբիայի (մասամբ Սիրիայի) կողմից առաջադրվող քաղաքականության հունով։ Լիբիան, որպես փոքր պետություն, լուրջ սպառնալիք չի ներկայացնում ԱՄՆ-ի և տարածաշրջանում նրա հետապնդած շահերի համար։ Բացի այդ, Լիբիան ձգտում է ավելի լայնորեն համագործակցել Արևմտյան ընկերակցության հետ։ Միակ լուրջ խնդիրը ԱՄՆ-ի համար մնում է Իրանը։ Դրա հետ մեկտեղ, Իրանի նախահարձակության գաղափարն իսկ բացառում է տարածաշրջանում լարվածության իրական թուլացման հնարավորությունն ԱՄՆ-ի համար, և հուսալ, թե հնարավոր կլինի նրանց հետ համագործակցել ընդդեմ Իրանի, անհնար է։ Արաբական պետություններն արել են առավելագույնը` հրաժարվելով մասնակցելուց հակաիրաքյան կոալիցիային, սակայն Իրաքին էլ աջակցություն չեն ցուցաբերել, փաստորեն, հավանություն տալով ԱՄՆ-ի մտադրությանը` ռազմական գործողություն իրականացնելու նրա դեմ։ Արաբներին ավելորդ զիջումներ անելը` առանց պաղեստինյան հարցի լուծման, անիմաստ է և թուլացնում է Իսրայելի դիրքերը։ Դա ոչ միայն որևէ հեռանկար չի խոստանում, այլև վնաս է հասցնում Իսրայելի ռազմաքաղաքական հնարավորություններին, տանում դեպի Իսրայելի հասարակության անկախություն, այդ երկրում և աշխարհի ամբողջ հրեական հանրության շրջանում հակաամերիկյան տրամադրությունների առաջացման։ ՈՒստի, հետայսու ևս Իսրայելին աջակցություն ցուցաբերելու և դրան զուգընթաց արաբների հետ ունեցած խնդիրները հարթելու համար պետք է ստեղծել պաղեստինյան պետություն և, ամերիկացիների մտահղացմամբ, «փակել հարցը»։
ԱՄՆ-ի առաջատար վերլուծական և հետազոտական կենտրոնները, ինչպես նաև նշանավոր քաղաքագետները, ամերիկյան ու եվրոպական լրատվամիջոցների մեկնաբանները բավականին հոռետեսորեն էին վերաբերվում նմանատիպ առաջարկությունների արդյունավետությանը` հանրապետական վարչակազմի կառավարման ամբողջ ժամանակաընթացքում։ Այդ սցենարը բաժանված է մասերի, ուր հաշվի են առնված ամենատարբեր գործոններ ու հեռանկարներ։ Նշված առաջարկությունը անմիջապես քննադատության տարափ առաջացրեց ու, փաստորեն, կասկածի տակ առնվեց ԱՄՆ-ի մերձավոր դաշնակիցների կողմից, այդ թվում` Մեծ Բրիտանիայի, ինչը ևս չէր կարող ենթադրվել ու սպասվել վարչակազմի կողմից։ Ներկայումս ԱՄՆ-ի առաջատար գործընկերները, անշուշտ, պաշտպանել են Օբամայի կուրսը, թեև Եվրոպայում այդ առիթով ոգևորություն չի նկատվում։ ԱՄՆ-ի վարչակազմը լայնորեն խորհրդակցել է եվրոպական պետությունների հետ, ձգտելով անպայման աջակցություն ստանալ և ստացավ, հասկանալով, որ Եվրոպայում ոչ բոլոր ուժերն են շահագրգռված խնդրի կարգավորմամբ։
Օբամայի առաջարկության հիմքում ընկած է այն հայեցակարգային դրույթը, որ սկզբունքորեն անհնար են երկխոսությունը կամ հարաբերություններն այն կազմակերպությունների, պետությունների և քաղգործիչների հետ, որոնք պաշտպանում են ծայրահեղականությունը, արմատականությունը և ահաբեկչությունը։ Հաշվի առնելով Մերձավոր Արևելքում ծայրահեղականության վիթխարի ներուժը, ԱՄՆ-ի առջև ծառացել է այդ ներուժի երկարաժամկետ պաշարման և ոչնչացման դժվարին խնդիրը։ ԱՄՆ-ը ծայրահեղականության ու արմատականության խութերին բախվել է Աֆղանստանում, ինչը նրա համար կարևոր դաս եղավ և ցուցադրեց այդ քաղաքական շարժումների և վարչախմբի հետ համագործակցելու վտանգավորությունն ու անհեռանկարայնությունը, որոնք արդի աշխարհում կարող են օգտվել Արևմտյան ընկերակցությունից, անկախ ֆինանսների ու սպառազինությունների աղբյուրներից։ ՈՒստի պայքարն այդ երևույթների դեմ ԱՄՆ-ի համար ստանում է լայնապարփակ նշանակություն։
Իսկ այնպիսի բարդ ու ծավալուն խնդիր, ինչպիսին պաղեստինյան խնդիրն է, ձեռք է բերում միանգամայն տեղային, մասնավոր բնույթ։ Ամերիկյան արտաքին քաղաքականության անելիքներից մեկն էլ հենց այդ է, այսինքն` նման խնդիրների տեղայնացումը, որոնք ուղղակիորեն կապված չեն ԱՄՆ-ի ազգային անվտանգության խնդիրների հետ։ Ավելին, ԱՄՆ-ը ձգտում է իր ուսերից որոշակի չափով թոթափել դրանց համար պատասխանատվության մի մասը և այն դնել իր եվրոպական դաշնակիցների ու արաբական պետությունների վրա։ ԱՄՆ-ի համար իդեալական կլիներ առավելագույնս տեղայնացնել պաղեստինյան խնդիրը և այն իջեցնել պաղեստինա-իսրայելական հարաբերությունների մակարդակի, հնարավոր է` եվրոպացիների, արաբների և միգուցե Ռուսաստանի միանգամայն անիմաստ գործողություններով ու մասնակցությամբ։
Իգոր ՄՈՒՐԱԴՅԱՆ

Դիտվել է՝ 921

Մեկնաբանություններ