«Իրենց երկրներում ամերիկյան հրթիռներ տեղակայելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում. ՌԴ-ն կարող է հարվածներ հասցնել այն պետությունների մայրաքաղաքներին, որտեղ ամերիկյան հեռահար զինատեսակներ են նախատեսում տեղակայել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ԱՆՁԵՌՆՄԽԵԼԻՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՆՍԱՀՄԱՆ ՀԱՃՈՒՅՔՆԵՐԻ ՄԻՋԵՎ ՍԿՍՎԱԾ ՁՄԵՌԸ

ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ԱՆՁԵՌՆՄԽԵԼԻՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՆՍԱՀՄԱՆ ՀԱՃՈՒՅՔՆԵՐԻ ՄԻՋԵՎ ՍԿՍՎԱԾ ՁՄԵՌԸ
07.12.2010 | 00:00

Աստծո անցած յոթ օրում նոր տեխնոլոգիաները գրավեցին աշխարհը և բոլորին, առանց ազգության, տարիքի, սեռի խտրականության, բացատրեցին` ով ով է: Հնարքը կոչվում էր WikiLeaks:
Արժույթի միջազգային հիմնադրամը երկարաձգվող ֆինանսավորման և վարկավորման ծրագրերով Հայաստանին է հատկացրել լրացուցիչ 57,6 միլիոն ԱՄՆ դոլար:
2011-ից Ռուսաստանում կարգելվի շուկաներում ու կրպակներում, ոգելից խմիչքների ու դեղորայքի մանրածախ առևտրի կետերում արտասահմանցիների աշխատանքը:
Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիին «չեն հմայում» թուրքական մշակույթի և ինքնության դրսևորումներն իր երկրում: Ֆրանսիայում ԱՄՆ-ի դեսպանը հայրենիքին տեղեկացնում է, որ Սարկոզիի խորհրդականներն ահով էին սպասում այն պահին, երբ նախագահը տեսնելու էր թուրքական դրոշի գույներով զարդարված Էյֆելյան աշտարակը, գրել է WikiLeaks-ը:
Բայց սա WikiLeaks-ի միակ հայտնությունը չէ Անկարայի համար: Թուրքիայի «Ժողովրդի ազատագրում» կուսակցությունը, հիմք ընդունելով ԱՄՆ-ի պետքարտուղարության հրապարակված գաղտնի փաստաթղթերը, դատարան հայց է ներկայացրել ընդդեմ վարչապետ Էրդողանի` ցանկանալով պարզել շվեյցարական բանկում նրա 8 հաշվեհամարների գոյության հարցը: Էրդողանը հայտարարել էր, որ ոչ մի գրոշ չունի շվեյցարական բանկերում, եթե հակառակն ապացուցվի, պատրաստ է հրաժարական տալու:
Դեկտեմբերի 1-ին Աստանայում հանդիպել են Ադրբեջանի ու Թուրքիայի նախագահները և գոհունակություն են հայտնել իրենց պետությունների բարեկամական հարաբերությունների զարգացումից, վստահեցրել են միմյանց, որ կապերն ավելի կամրապնդվեն: Թուրքիայի նախագահը գործընկերոջը շնորհավորել է հաջող խորհրդարանական ընտրությունների առիթով: «Թուրքիայի ու Ադրբեջանի միջև գոյություն ունի կատարյալ փոխվստահություն», վերադառնալով Աստանայից` ասել է Գյուլը: Ակներևաբար` ի հեճուկս WikiLeaks-ի: Համենայն դեպս, Գյուլը հանդիպման ժամանակ, իր խոսքով, «հանգստացրել է Ալիևին, ասելով, որ, միևնույն է, իրենք չեն հավատում գրվածին»: Իսկ գրված էր, որ Ալիևը պարզունակ է համարում Էրդողանի կառավարության քաղաքականությունը: Եվ ոչ միայն դա:
Արդյունավետ է անցկացրել ժամանակը Աստանայում Աբդուլլահ Գյուլը: Թուրքիայի նախագահը հանդիպել է Ռուսաստանի նախագահի հետ: «Պաշտոնական Անկարայի և Մոսկվայի միջև կապերի սերտացումը առաջընթացի է հանգեցրել տասնամյակներ շարունակվող Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործում: Ռուսաստանի հետ մեկտեղ Թուրքիան առաջատար դեր է խաղում ղարաբաղյան հակամարտության կարգավորման մեջ,- ասել է Գյուլը «Reuters»-ի հետ զրույցում:- Թեև այս պահին ճեղքում չկա, այնուհանդերձ տեղի են ունենում դրական քայլեր: Կա լուռ, սակայն շատ վճռական դիվանագիտություն»:
Աստանայում Հայաստանի և Թուրքիայի նախագահները չեն հանդիպել, տեղեկացնում է Հայաստանի նախագահի մամլո քարտուղարը, հավելելով, որ համաժողովի ընթացքում Սերժ Սարգսյանը 56 պատվիրակությունների ղեկավարներից շատերի հետ ողջույններ է փոխանակել: Նախասրահում նրան մոտեցել է նաև Թուրքիայի նախագահը: «Today's Zaman»-ը գրել է, որ Թուրքիայի նախագահը թուրք լրագրողներին տեղեկացրել է հայ գործընկերոջ հետ կարճ զրույցի մասին: Գյուլն ասել է, որ Թուրքիան լի է հարաբերությունները նորմալացնելու վճռականությամբ, և ինքը մեծ նշանակություն է տալիս այդ խնդիրներին, որոնց լուծումը բոլորին օգուտ կտա:
Աստանայում չկայացավ ծրագրված եռակողմ հանդիպումը Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի նախագահների միջև. Ալիևը հրաժարվեց հանդիպումից, «քանի որ չի կարողացել բացատրություն գտնել Աստանայում հրապարակված հնգակողմ հայտարարության և գագաթնաժողովում իր ելույթի տեսակետների տարբերության համար»: Սա` ըստ դիվանագիտական աղբյուրների, իրականում որևէ կողմի համար հանդիպումն իմաստ չուներ. ամեն ինչ առանց այդ էլ պարզ էր:
ԵԱՀԿ տարածքում երկարաձգված կոնֆլիկտները կարող են անհույս դառնալ, Աստանայում ասել է Եվրամիության նախագահ Հերման վան Ռոմպեյը. «Այնպիսի բառերի օգտագործումը, ինչպես չկարգավորված և երկարաձգված, ստեղծում է հնարավորություն, որ այդ հակամարտությունները հայտնվեն հատուկ` անհույս հակամարտությունների կատեգորիայում»: Նա նշել է, որ ԵՄ երկրները վերահաստատում են Մինսկի խմբի առաջարկած խաղաղ կարգավորման մադրիդյան սկզբունքների արդիականությունը` իբրև Լեռնային Ղարաբաղի հարցում համաձայնության լավագույն տարբերակ:
ԱՄՆ-ի պետքարտուղար Հիլարի Քլինթոնն Աստանայում ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբեր-յալ ասել է. «Մենք պետք է վերականգնենք մեր ջանքերը Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծման ուղղությամբ` Մինսկի խմբի գլխավորությամբ մշակված սկզբունքների հիման վրա: Թույլ տվեք ևս մեկ անգամ Մինսկի խմբի համանախագահ երկրների անունից կրկնել, որ յուրաքանչյուր արդարացի և երկարատև խաղաղություն պետք է հիմնված լինի հելսինկյան սկզբունքների, ինչպես նաև 6 կետերի վրա, որոնք մշակել են նախագահներ Մեդվեդևը, Սարկոզին և Օբաման 2009 թ. հուլիսի 10-ին»: Երեք նախագահները Ակվիլայում համատեղ հայտարարություն էին ընդունել` հորդորելով Հայաստանի ու Ադրբեջանի նախագահներին կարգավորել երկարատև հակամարտությունը: Հայտարարությանը կից տեղեկանքում նշված է, որ հակամարտության կարգավորման մադրիդյան սկզբունքները ենթադրում են Լեռնային Ղարաբաղի հարակից տարածքների վերադարձ Ադրբեջանին, անվտանգության և ինքնակառավարման երաշխիքներ և միջանկյալ կարգավիճակ Լեռնային Ղարաբաղին, Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի միջև ցամաքային կապ, տեղահանվածների և փախստականների` իրենց բնակավայրեր վերադառնալու իրավունք, Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակի հետագա որոշում` «իրավական առումով պարտադիր ուժ ունեցող կամքի արտահայտության միջոցով»:
ԳԴՀ կանցլեր Անգելա Մերկելը, Աստանայում անդրադառնալով ԵԱՀԿ տարածքի հակամարտություններին, ասել է, որ դրանք առավել ակտիվորեն պետք է լուծվեն, իսկ Լեռնային Ղարաբաղի ու Մինսկի խմբի առնչությամբ կանցլերն ասել է. «Ապագայում այդ գործընթացը պետք է շարունակվի այն հիմքի վրա, որը կդրվի այստեղ»:
Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հայտարարել է, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորման միջազգային հանրության մոտեցումները համահունչ են Հայաստանի մոտեցումներին: Գագաթնաժողովում Հայաստանի, Ռուսաստանի, Ադրբեջանի նախագահների, Ֆրանսիայի վարչապետի, ԱՄՆ-ի պետքարտուղարի արած համատեղ հայտարարությամբ ամրագրվում է, որ հիմնախնդրի կարգավորումը պետք է իրականացվի խաղաղ ճանապարհով` բանակցությունների միջոցով:
Աստանայում դեկտեմբերի 1-ին հայտարարություն ընդունվեց Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների ղեկավարները` ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևը, Ֆրանսիայի վարչապետ Ֆրանսուա Ֆիոնը, ԱՄՆ-ի պետքարտուղար Հիլարի Քլինթոնը, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը «համաձայնել են, որ եկել է Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը լուծելու ուղղությամբ ավելի վճռական քայլեր ձեռնարկելու ժամանակը»: Նրանք հիշեցրել են Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի նախագահների` 2008-ի նոյեմբերի 2-ին` Մոսկվայում, 2010-ի հոկտեմբերի 27-ին` Աստրախանում արած համատեղ հայտարարությունները: Նրանք համաձայնել են, որ խաղաղ, համաձայնեցված լուծումը կայունություն և անվտանգություն կբերի և միակ ճանապարհն է տարածաշրջանի ժողովուրդների հաշտեցման համար: Հայաստանի և Ադրբեջանի նախագահները վերահաստատել են իրենց հանձնառությունը` ԼՂ հակամարտության հարցում վերջնական կարգավորման հասնել` հիմնվելով միջազգային իրավունքի սկզբունքների և նորմերի, ՄԱԿ-ի կանոնադրության, Հելսինկյան եզրափակիչ ակտի, ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի, ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևի, Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիի` 2009 թ. հուլիսի 10-ին Ակվիլայում և 2010-ի հունիսի 26-ին Մոսկվայում ընդունած հայտարարությունների վրա: Համանախագահ երկրներն աջակցում են Հայաստանի և Ադրբեջանի նախագահներին` խաղաղ կարգավորման հասնելուն ուղղված անհրաժեշտ որոշում ընդունելու գործում, կոչ են անում կրկնապատկված եռանդով կենտրոնանալ չհամաձայնեցված հարցերի վրա: «Բանակցությունների համար ավելի լավ մթնոլորտ ստեղծելու նպատակով նրանք կոչ արեցին լրացուցիչ միջոցներ ձեռնարկել հրադադարի ռեժիմը պահպանելու և բոլոր ոլորտներում վստահությունն ամրապնդելու համար»: Թե ինչ ազդեցություն կունենա բարի մտադրությունների և լավագույն ցանկությունների շուրջ այս հայտարարությունը, ակնհայտ էր արդեն իսկ Աստանայում` Հայաստանի և Ադրբեջանի նախագահների ելույթներից: Էթնիկ զտում-20 տոկոս տարածքի օկուպացիա-1 մլն փախստական-Խոջալուի ցեղասպանություն-սրբավայրերի և նախնիների գերեզմանների ավերում, ահա Ալիևի ամբողջ ելույթը` հավելած ՄԱԿ-ի ԱԽ 4 բանաձև, ԵԱՀԿ, Եվրախորհրդարանի, ԵԽ և այլ կառույցների բանաձևեր, մեղադրանքներ, որ Հայաստանը չի ուզում խաղաղություն, չի ուզում ազատել օկուպացված տարածքները, ձգտում է ստատուս քվոն պահպանել, 1992 թ. ստեղծված Մինսկի խումբը արդյունքներ չի տալիս, իսկ հարցը պետք է լուծվի «միջազգային իրավունքի սկզբունքների նորմերի հիման վրա Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակում»:
ՀՀ նախագահը հիշեցրեց, որ Բաքվում մոռացել են ղարաբաղյան հակամարտության պատճառահետևանքային կապը. «Երբ այսօր Ադրբեջանը խոսում է Լեռնային Ղարաբաղի ինքնապաշտպանական բանակի հսկողության տակ գտնվող տարածքների վերադարձի անհրաժեշտության մասին, մոռանում է, որ հնարավոր չէ վերացնել իր իսկ ծավալած ագրեսիայի հետևանքները, առանց վերացնելու հակամարտության պատճառը»: Նաև այն, որ Ադրբեջանը եվրոպական մայրցամաքի միակ երկիրն է, որ հպարտությամբ խոսում է իր ռազմական բյուջեի բազմապատկման մասին: Նաև` որ սովորական սպառազինությունների թույլատրելի սահմանների խախտման դեմ չեն ձեռնարկվում անհրաժեշտ միջոցներ: Նաև` որ սպառազինությունների վաճառքն իրականացնում են ԵԱՀԿ անդամ պետությունները: Եվ այդ ամենը «համեմվում է Ադրբեջանի ղեկավարության բացահայտ հայատյաց ելույթներով, թշնամանք, ագրեսիա, բռնություն սերմանող կոչերով»: Բնականաբար, «Ադրբեջանի կողմից ռազմական ագրեսիան վերսկսելու դեպքում Հայաստանը չի ունենա այլ ընտրություն, քան ճանաչել ԼՂՀ-ն դեյուրե և իր բոլոր հնարավորությունները ներդնել Արցախի ժողովրդի անվտանգության ապահովման համար»: Բնականաբար, «Հայաստանը կտրականապես չի ընդունում Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների վերսկսման տարբերակը»: Բնականաբար, «Լեռնային Ղարաբաղը ապագա չունի Ադրբեջանի կազմում, և, ինչպիսին էլ լինի լուծումը, այն պետք է բխի հենց Ղարաբաղի ժողովրդի կամքից: Դա է ժողովուրդների ինքնորոշման իրավունքի առանցքը: Ադրբեջանը չունի Լեռնային Ղարաբաղի նկատմամբ հավակնությունների ոչ իրավական, ոչ քաղաքական և ոչ էլ բարոյական հիմք»: Նաև` «Ադրբեջանի փորձերը` ուժի սպառնալիքով կորզելու միակողմամի զիջումներ ոչ միայն ի սկզբանե դատապարտված են ձախողման, այլև շարունակում են մնալ փոխզիջումային տարբերակով խնդրի կարգավորման հիմնական խոչընդոտը: Իսկ վերջին մեկ շաբաթում ես համոզվեցի, որ այս փուլում Ադրբեջանը հետաքրքրված չէ Լեռնային Ղարաբաղի պրոբլեմի լուծմամբ: Նրա միակ նպատակը Հայաստանին առավելագույն վնաս հասցնելն է»: «ԵԱՀԿ տարածքում բնակվող ժողովուրդները հույսով և սպասումով են հետևում Հելսինկյան եզրափակիչ ակտում ընդգրկված սկզբունքների ամբողջական կիրառմանը: Նրանցից է Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը, որը ևս կարող է ակնկալել այս նույն սկզբունքների ու պարտավորությունների իրականացումը, որոնք համընդհանուր են` անկախ երկրի չափերից, բնակչության քանակից և բնական պաշարներից»:
Փաստորեն, Աստանայում առաջին անգամ բարձր մակարդակով ու անթաքույց ասվեց, որ հակամարտություններն աշխարհում չեն հաղթահարվում ոչ թե հակամարտությունների կողմերի, այլ նույն այդ աշխարհի անպատրաստության պատճառով:
Բոլորովին պատահական չէր, որ ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևն իր ելույթում հայտարարեց, որ ԵԱՀԿ-ն կորցնում է իր ներուժը և նորացման կարիք ունի. «Ռուսաստանը հետևողականորեն հանդես է գալիս 35 տարի առաջ բանաձևված Հելսինկիի սկզբունքներին նոր կյանք ներշնչելու և դրանք կյանքի կոչելու օգտին»: WikiLeaks-ի հրապարակումների առիթով էլ նա հանգիստ նկատեց. «Գաղտնի նյութերի արտահոսքը ցույց է տալիս գնահատականների և դատողությունների ամբողջ ցինիզմը, որ դրսևորվում է ԱՄՆ-ի արտաքին քաղաքականության մեջ»: Հրապարակումները չեն ազդի ռուս-ամերիկյան հարաբերությունների զարգացման վրա, նկատեց Մեդվեդևը և հավելեց, որ եթե մամուլ ընկնեն ՌԴ ԱԳ և հատուկ ծառայությունների գնահատականները, այդ թվում նաև` ամերիկացիներին տրված, նրանք ևս անսահման հաճույք կապրեն:
WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժը «The Guardian»-ի հետ զրույցում ասել է, որ ամերիկյան դիվանագիտական առաքելության փաստաթղթերը, որոնք տպագրվել են իրենց սայթում, պահպանում է 100000 մարդ տարբեր երկրներում` ծածկագրված տեսքով: Եթե սայթի աշխատակիցների հետ ինչ-որ բան պատահի, առանցքային նյութերը մեխանիկորեն կտպագրվեն: Բացի այդ, արխիվն արդեն փոխանցված է լրատվական բազմաթիվ գործակալությունների: Ասանժն այժմ Մեծ Բրիտանիայում է:
Վաչիկ ՄԵԼԻՔՍԵԹՅԱՆ

Դիտվել է՝ 1018

Մեկնաբանություններ