«Իրենց երկրներում ամերիկյան հրթիռներ տեղակայելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում. ՌԴ-ն կարող է հարվածներ հասցնել այն պետությունների մայրաքաղաքներին, որտեղ ամերիկյան հեռահար զինատեսակներ են նախատեսում տեղակայել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

ՍՓՅՈՒՌՔԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉՈՒԹՅՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆՈՒՄ

  ՍՓՅՈՒՌՔԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉՈՒԹՅՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆՈՒՄ
22.02.2011 | 00:00

ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի հայտարարությունը` ստեղծել Սփյուռքի ներկայացուցչական պալատ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում, շատերին է գցել ցայտնոտի և անորոշության գիրկը:
Նախ հիշեցնեմ, որ այս գաղափարի հեղինակային իրավունքը ՀՅԴ բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանինն է (Հրանդ Մարգարեան, Թորոնթոյի ելույթ, Asbarez, 12.08.10.), սակայն հարցի հետ կապված ժամանակագրությունն անհրաժեշտ է ճշտել:
2010 թվականի նոյեմբերին, Հարութ Սասունյանի գլխավորությամբ, նախաձեռնողական մի խումբ USC համալսարանում կազմակերպեց «Հայկական սփյուռք. ընտրովի ղեկավարություն և համաշխարհային կառույց» թեմայով սիմպոզիում: Սփյուռքն առանձնակի կառույց դարձնելու նախաձեռնության դեմ քննադատական հոդվածներով հանդես եկան տողերիս հեղինակը (Արթուր Արմին, «Ազգային ջոջերը և Սփյուռքի ընտրովի ղեկավարությունը», «168 ժամ» օրաթերթ, 27.11.10), Ռազմիկ Շիրինյանը (Razmig B. Shirinian, «Looking Beyond the Diaspora Structure» Asbarez, 12.10.10) և, իհարկե, Հրանտ Մարգարյանը (Asbarez, 12.08.10.), որը, մատնանշելով այդ նախաձեռնության վտանգավորությունը` որպես հայության մասնատում, առաջարկեց «Սփյուռքի ներկայացուցչություն Հայաստանի խորհրդարանում» գաղափարը:
Շատերը, ինչպես նաև ես, հասկանում ենք, որ Հայաստանի իշխանությունները, «հայ-թուրքական հարաբերություններ» տխրահռչակ քաղաքականությունից հետո, այս գաղափարը կարող են օգտագործել յուրովի` որպես սփյուռքի «սիրտը շահելու» կամ «սփյուռքը քաղաքական գործիք» դարձնելու նպատակայնություն: Սակայն սփյուռքից բազմաթիվ քաղաքական և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ հարցադրումներ են անում, չհասկանալով այս կամ այն համազգային խնդրի «անհրաժեշտություն և հնարավոր իրագործում» պատճառահետևանքային կապը:
Ոմանց համար փորձենք հստակեցնել խնդրի կարևորությունը և գաղափարի հնարավոր իրագործման ուրվագծերը` պարզ հարցադրումներով:
ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅՈՒՆ
Հարցադրում 1-ին.
Արդյոք Հայաստանից դուրս, աշխարհով մեկ սփռված հայության համար Հայաստանն ընկալվո՞ւմ է համայն հայության հայրենիք:
Հարցադրում 2-րդ.
Եթե վերևի հարցի պատասխանն «այո» է, ապա արդյոք դրանից չի՞ բխում, որ Հայաստանի Հանրապետությունը պետք է լինի համահայկական, համազգային պետություն, և սփյուռքյան խնդիրներն ու կարիքները պետք է լինեն ՀՀ պետության հետաքրքրության շրջանակներում:
Հարցադրում 3-րդ.
Եթե սփյուռքն իր առջև ունի հայապահպանման պայքար, հայոց լեզվի, հայոց պատմության, ազգային ինքնության գիտակցության ամրապնդում, Հայոց եղեռնի միջազգային ճանաչողություն և այլ խնդիրներ, ապա արդյո՞ք այս խնդիրները Հայաստանի Հանրապետությունում ապրող բնակչության շահերից են բխում և ընդհանրական համազգային շահեր են:
Հարցադրում 4-րդ.
Արդյո՞ք պետությունը, որպես կառույց, առավել կազմակերպված լծակ չէ, որը կարելի է օգտագործել սփյուռքը կազմակերպելու և նրա առջև ծառացած խնդիրները լուծելու համար: Եվ եթե այս հարցադրման պատասխանն «այո» է, ապա ո՞ր տարբերակն է առավել ճիշտ` դրսո՞ւմ ունենալ համասփյուռքյան առանձնակի կառույց, թե՞ մայր հայրենիքում և նրա շուրջը կենտրոնացնել սփյուռքյան ուժերը:
Կարծում եմ, որ վերևում բերված հարցերն ինքնին կանխանշում են բնական և տրամաբանական դրական պատասխան, և, գոնե տեսականորեն, թե՛ սփյուռքահայը, թե՛ հայաստաբնակը կունենան նույն պատասխանը: Այո՛, Հայաստանը համայն հայության հայրենիքն է, այո՛, Հայաստան պետությունը պետք է դառնա համահայկական շահերի արտահայտողը, այո՛, սփյուռքի առջև ծառացած հիմնական գերխնդիրները ոչ թե հայաստանյան, այլ համազգային նշանակության խնդիրներ են, այո՛, մայր հայրենիքում և նրա շուրջն է պետք կենտրոնացնել սփյուռքյան ուժերը, և անհեթեթություն է Հայաստանը շրջանցող համասփյուռքյան առանձնակի կառույց ստեղծելու գաղափարը:
ՀՆԱՐԱՎՈՐ ԻՐԱԳՈՐԾՈՒՄ
Հարցադրում 1-ին.
Եթե Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի սփյուռքյան ներկայացուցիչների պալատում պետք է ընդունվեն որոշումներ և օրենքներ նաև սփյուռքի համար, ապա արդյո՞ք անհրաժեշտ է, որ խորհրդարանի կազմում ընդգրկվեն հիմնականում այնպիսի ներկայացուցիչներ, որոնց ընդունած որոշումները ոչ թե մնան օդում, այլ իրագործվեն սփյուռքում: ՈՒրեմն ովքե՞ր կարող են լինել այդ պալատի ներկայացուցիչները:
Պատասխան.
Պարզ է, որ Հայաստանի Ազգային ժողովի սփյուռքյան ներկայացուցիչների պալատում պետք է ընդգրկվեն այս կամ այն երկրում գոյություն ունեցող ռեգիոնալ հասարակական բոլոր լուրջ կազմակերպությունների ներկայացուցիչները, որպեսզի ընդունած որոշումներն իրագործվեն սփյուռքում հենց ա՛յդ կազմակերպությունների միջոցով: Եվ ՀՀ Ազգային ժողովում նման ներկայացուցչական պալատ հնարավոր է ստեղծել համամասնական «ընտրության» տարբերակով: Ավելին, այսօր, բավականաչափ կազմակերպված սփյուռքը, ի վերջո, իրավականորեն, այս կամ այն օտար երկրում գրանցված է որպես հասարակական կազմակերպությունների հավաքականություն:
Հարցադրում 2-րդ.
Արդյո՞ք սփյուռքահայ պատգամավորը լիարժեք հասկանում է Հայաստանի բնակչության կենցաղային կամ օրենսդրական կարիքների հետ կապված խնդիրները և իրավունք ունի՞ որոշում կայացնելու Հայաստանում ապրողի համար: Եվ հակառակը` արդյո՞ք Հայաստանում ապրողը հասկանում է սփյուռքը և սփյուռքահայի փոխարեն իրավունք ունի նրա համար որոշումներ կայացնելու:
Պատասխան.
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի երկու պալատների օրենսդրական որոշումներ կայացնելու իրավունքները պետք է հստակ բաժանվեն և սահմանվեն: Ի վերջո, ինչպես Հայաստանում, այնպես էլ սփյուռքում կան տեղայնական խնդիրներ, և կան համազգային խնդիրներ: Համազգային խնդիրները կարող են արծարծել երկու պալատները միասին, իսկ միայն Հայաստանի բնակչությանը կամ սփյուռքին վերաբերող կազմակերպչական, մարտավարական և ռազմավարական հարցերը կարող են դիտարկվել առանձնաբար, երկու տարբեր պալատներում:
Եվ վերջում` ամենակարևոր հարցը. ինչո՞ւ է անհրաժեշտ ստեղծել սփյուռքի ներկայացուցչական պալատ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում ընդհանրապես:
Պատասխան.
Անհրաժեշտ է բոլոր ուժերը կենտրոնացնել և առավել արդյունավետ դարձնել համահայկական ներուժը` հայության առջև ծառացած գերխնդիրների լուծման համար:
Անհրաժեշտ է տարբերակել հայրենի պետությունը Հայաստանի իշխանություններից: Հայրենի պետության մեջ ունենալ սփյուռքյան ներկայացուցչական պալատ, որը համազգային նշանակության կառույց կարող է լինել, չի նշանակում սատար կանգնել անցողիկ այս կամ այն իշխանավորին կամ իշխանական էլիտային, այլ հակառակը:
Եվ վերջում ցանկանում եմ ընդգծել, որ այս հոդվածն ուրվագծային պարզաբանում է միայն: «Սփյուռքի ներկայացուցչական պալատ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում» գաղափարն անհրաժեշտ է դարձնել բազմաշերտ ծրագիր, որտեղ նույնիսկ մանրուքները պետք է լինեն ուսումնասիրված և հաշվառված:
Արթուր ԱՐՄԻՆ
Լոս Անջելես, 10 փետրվարի, 2011 թ.

Դիտվել է՝ 992

Մեկնաբանություններ

½ÃƒÂƒÃ‚¢Ã¢â€šÂ¬Ã‚�/sport" rel="nofollow">Մարզական
  • Կենսակերպ
  • Տեսանյութ
  • Այլ
  • 17.07.2024