ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

ԹՈՒՐՔԱԿԱՆ ՍԻՐԱԼԻՐՈՒԹՅՈՒՆԸ «ՏՐՈՅԱԿԱՆ ՁԻ» Է

ԹՈՒՐՔԱԿԱՆ ՍԻՐԱԼԻՐՈՒԹՅՈՒՆԸ «ՏՐՈՅԱԿԱՆ ՁԻ» Է
14.06.2011 | 00:00

Հետևելով տարածաշրջանային իրադարձություններին` կարելի է նկատել, որ «նեոօսմանիզմ» ուսմունքը, հիմա արդեն, փաստորեն, Թուրքիայի արտքաղաքական դոկտրինը, առաջացել է որպես Անկարայի պատասխան Կենտրոնական Ասիայում և այլ տարածաշրջաններում կրած անհաջողությունների, ուր ապրում են Անատոլիայի թուրքերի ցեղակից ժողովուրդներ։ Պանթուրքիզմի ուսմունքի ձախողումը, համենայն դեպս, թուրք քաղգործիչների պատկերացմամբ, ներկա փուլում պայմանավորված է մի շարք գործոններով` Թուրքիայի տնտեսական և քաղաքական հնարավորությունների անբավարարությամբ, իրենց պետականությունը հաստատելու թրքալեզու երկրների վերնախավի ձգտմամբ, ԱՄՆ-ի աջակցության բացակայությամբ, որի հետ Թուրքիան մեծ հույսեր էր կապում աշխարհաքաղաքականության մեջ, տարածաշրջաններում այլ պետությունների, նախ և առաջ Ռուսաստանի, Չինաստանի, Իրանի և այլոց շահերի առկայությամբ։ Սակայն Անկարայում հակված են իրենց անհաջողությունները բացատրելու ԱՄՆ-ի «չկամությամբ»։ Շատ հավանական է, որ թուրքերը կցանկանային իրենց անհաջողությունները կապել ԱՄՆ-ի հուսալի գործընկեր չլինելու հետ. վերջինս ամենևին շահագրգռված չէ, որ ուժեղանա Թուրքիայի ազդեցությունը Կենտրոնական Ասիայում, Կովկասում, ինչպես նաև այլ տարածաշրջաններում, նախ և առաջ` Մերձավոր Արևելքում։ Ամերիկացիները հասկանում էին, որ այդ տարածաշրջաններում Թուրքիայի ուժեղանալը, այսպես թե այնպես, կհանգեցնի մի նոր մրցակցի ի հայտ գալուն և տարածաշրջանային զորեղ մակրոտերության առաջացման, ինչն ամենևին չէր մտնում ԱՄՆ-ի պլանների մեջ։ Հետագայում ԱՄՆ-ի և Թուրքիայի շատ հայացքներ ու դիրքորոշումներ սրբագրվեցին, բայց այս տրամաբանությունը մնում է ուժի մեջ։
Պանթուրքիզմը թուրք և այլ հեղինակների կողմից մատուցվում է որպես սոցիո-մշակութային ուսմունք, որը կոչված է վերակենդանացնելու այնպիսի սկզբունքային արժեքներ, որոնք գերիշխել են Օսմանյան կայսրության օրոք այն տարածքներում, ուր ապրում են իրենց մշակույթով ու աշխարհայացքով միանգամայն տարբեր ժողովուրդներ։ Ընդ որում, այս կարգախոսների շղարշի հետևում մնում է այն, ինչը Թուրքիան մտադիր է վերակենդանացնել Օսմանյան կայսրության պատմությունից, և այդ ուղղությամբ, փաստորեն, որևէ բանավեճ չկա։ Արևմտյան այն հեղինակները, որոնք Թուրքիայի հանդեպ անբացատրելի համակրանք ունեն, նեոօսմանիզմը ներկայացնում են որպես քարոզչական նպատակ, որը միտված է Անատոլիայի շրջակա աշխարհի բարգավաճման ու անվտանգության ապահովմանը։ Նույն բանը հռչակում են թուրք նշանավոր քաղգործիչները։ Բայց ժամանակն առաջ է շարժվում, նեոօսմանիզմի մարդասիրական նպատակներն ու խնդիրներն ավելի ու ավելի են կասկածի ենթարկվում, և, որպես բանավեճի առարկա, հանդես է գալիս տարածաշրջաններում թուրքական գերիշխանության աշխարհաքաղաքական դոկտրինը։ Նեոօսմանիզմը նրբին թեմա է դարձել այն երկրներում, որոնք Անկարայում համարվում են այդ դոկտրինի տարածման միջավայր։ Առայժմ ոչ ոք և ոչ մի տեղ հարց չի առաջադրել նեոօսմանիզմի էության, բուն նպատակի և դրանից բխող քաղաքականության հնարավոր հետևանքների մասին։ Պետք է խոստովանել, որ «նեոօսմանիզմ» տերմինը ծնունդ է առել հայկական միջավայրում, պանթուրքիզմի ձևափոխման գործընթացների դիտարկման և տարբեր երկրներում ու տարածաշրջաններում իր ներկայությունը հաստատելու Թուրքիայի փորձերի հետևանքով։ Այդ տերմինը Թուրքիայում շրջանառության մեջ մտավ բրիտանացի և ռուս քաղաքագետների մատուցմամբ, որոնք այն փոխառել են հայ հեղինակների հրապարակած աշխատանքներից։ Դա շատ հատկանշական է համաշխարհային քաղաքագիտական ընկերակցության գաղափարների ու մտքերի ընկալման համար։ Որպես քաղաքական հասկացություն, «նեոօսմանիզմն» արդեն դարձել է տարբեր պետությունների հատուկ ծառայությունների խիստ ակտիվ գործունեության առարկա, և կասկած չկա, որ մոտ ժամանակներս այն կդառնա հասարակական լայն բանավեճի թեմա։
Նեոօսմանիզմը, այսպես թե այնպես, տարբեր աստիճանի հրատապությամբ, հայտնվել է շատ պետությունների` Բուլղարիայի, Մակեդոնիայի, Ալբանիայի, Կոսովոյի, Հունաստանի, Կիպրոսի, Ռումինիայի, Սերբիայի, Մոլդովայի, Վրաստանի, Աբխազիայի, Իրանի, Սիրիայի, Իրաքի, Հյուսիսային Կովկասի ընդարձակ գոտու, Բոսնիայի, Չեռնոգորիայի, Ռուսաստանի, ՈՒկրաինայի, Լիբանանի, Իսրայելի, Պաղեստինի, Եգիպտոսի, Հորդանանի, Հայաստանի, ինչպես նաև Արևմուտքի առաջատար պետությունների` Ֆրանսիայի, Գերմանիայի, Մեծ Բրիտանիայի, Վատիկանի, ԱՄՆ-ի տեսադաշտում։ Նեոօսմանիզմի քաղաքականության ճեղքման առաջին գիծն այնպիսի աշխարհաքաղաքական կետերն են, ինչպիսիք են Հյուսիսային Իրաքը, Սիրիան, Լիբանանը, Բուլղարիայի հյուսիսային ու արևելյան շրջանները, Ալբանիան, Կոսովոն, Բոսնիան, Մակեդոնիան, Բալկանների տարբեր «կղզյակներ», Աջարիան, Աբխազիան, Վրաստանը, Հյուսիսային Կովկասի հանրապետությունները, Մոլդովան, Ղրիմը։ Այդ երկրների մի մասը շատ բարյացակամ է վերաբերվում Թուրքիայի քաղաքականությանը, մյուսները` շատ զգուշավոր, երկուսն էլ Թուրքիայից տնտեսական օգնություն են ակնկալում, և հույս ունեն, որ որոշ քաղաքական զիջումներով մի կերպ կազատվեն նրա հավերժական նկրտումներից։ Հարկ է նշել, որ Թուրքիայի համար անվտանգության և հարձակման ընդարձակ գոտի ներկայացնող այդ շերտը լայն ասպարեզ է բացում բազմակողմ քաղաքական գործողությունների համար։ Թուրքիան չէր կարող ձեռքից բաց թողնել իր շուրջը պաշտպանության և հարձակման առաջին գիծ ստեղծելու հնարավորությունը, դա աններելի սխալ կլիներ և կդատապարտվեր երկրի քաղաքական շատ ուժերի կողմից, որոնք խիստ հավակնոտ արտաքին քաղաքականության ջատագովներ են։
Ներկայումս այս «գոտու» «փոքր» և «միջին» երկրները, ինչպես նաև ինքնիշխան պետականություն չունեցող ժողովուրդներն ի վիճակի չեն համարժեք արձագանքելու թուրքական արտաքին քաղաքականության մարտահրավերներին։ Առայժմ այդ երկրներում չկա նեոօսմանիզմի դոկտրինի հետ կապված սպառնալիքների ու վտանգների չափի, հեռանկարների ու մակարդակի ոչ մի ընկալում։ Միաժամանակ, որքան էլ տարօրինակ լինի, այդ պետությունների առանձին քաղգործիչներ ու պաշտոնյաներ համոզված են, որ ընդունակ են արձագանքելու այդ մարտահրավերներին և անգամ բերում են իրենց արձագանքի, անվտանգության քաղաքականության, թուրքական նվաճողականության տհաճ հետևանքների կանխման օրինակներ։ Եթե քննության առնենք այդ երկրների վերլուծաբանների ու քաղաքագետների աշխատանքները, ապա կնկատենք նեոօսմանիզմը որպես էքսպանսիոնիզմի (նվաճողականության) նոր դոկտրին համարելու պատրաստակամության լիակատար բացակայություն։ Այս կապակցությամբ պետք է նշել, որ վերլուծական և տեղեկատվական կառույցները, ինչպես նաև Եվրոպայի ու ԱՄՆ-ի հիմնադրամները, որոնք ֆինանսավորում են այդ երկրների վերլուծական ընկերակցության մեծ մասը, հայտնվել են փակուղում և հատուցում են քաղաքական կոռեկտության հնարքների ներդրման համար։ Այն երկրների փորձագետները, որոնք հայտնվել են նեոօսմանիզմի ջատագովների տեսադաշտում, այնքան էին գլուխները կորցրել և անկարող դարձել վերլուծելու իրավիճակը, որ ընդունակ չէին անգամ պատասխանելու իրենց արևմտյան «հովանավորների» հարցումներին։ Թուրքական ուղղությամբ զբաղված ռուսաստանցի փորձագետները մեծ մասամբ գտնվում են թուրքական հիմնադրամների, համալսարանների և այլ հաստատությունների խնամակալության ներքո։ Այդ «գոտու» շատ ժողովուրդների համար այլ ճանապարհ չկա, բացի թուրքերի առաջարկությունն ընդունելուց, քանի որ նրանք հայտնվել են քաղաքական և տնտեսական փակուղում, այլընտրանքային «ավագ եղբոր» կամ էլ խնամակալության կարիք են զգում։ Բացի այդ, կան նաև կրոնական խնդիրներ` այդ ժողովուրդները դարձել են լուսանցքային, իսլամական և կեղծ իսլամական խմբավորումների ու աղանդների հակամարտության օբյեկտներ և հույսեր են փայփայում, թե սուննիական Թուրքիան իրենց կաջակցի այդ գործում։
Արմատական հայրենասիրական խմբերը և քաղաքական կուսակցություններն աշխատում են կանխել նեոօսմանիզմից և առհասարակ թուրքական քաղաքական նվաճողականությունից բխող սպառնալիքները, սակայն հանրության կողմից ընկալվում են ոչ միանշանակ։
Բուլղարիայում այդ կուսակցություններն ու խմբերը լուրջ դիրքեր են զբաղեցնում քաղաքականության մեջ և հանրության շրջանում, մեծ ազդեցություն են գործում երկրում տիրող իրավիճակի վրա։ Սերբիայում այդ խմբերն այնքան էլ ուժեղ չեն, բայց հատկանշական է, որ թուրքական զավթողամտության պայմաններում դրանց նշանակությունն աճում է։ Միևնույն ժամանակ Բուլղարիայում և Սերբիայում առկա է թուրքական նվաճողականության դեմ պայքարի վաղեմի ավանդույթ, որը մոռացության է մատնվել, բայց վերստին «անդրադառնում են» պատմությանը և պատրաստ են համախմբելու հասարակությանը։ Աշխարհաքաղաքական պատկերը ենթադրում է Բուլղարիայի ու Սերբիայի առաջատար դերը` թուրքական նկրտումներին հակադրվելու գործում։ Միայն հիմա են այդ երկրները, ինչպես նաև Մակեդոնիան և Չեռնոգորիան հասկացել, թե որքան հեռատես էին հույն քաղգործիչները, որ 90-ականների կեսերին իրենց նախազգուշացնում էին Բալկաններում սպասվող մարտահրավերների մասին։
Ալբանիայում և Կոսովոյում հակաթուրքական թաքնված տրամադրություններ կան ազգայնական և ձախ խմբերի ներկայացուցիչների շրջանում, ալբանական և կոսովյան շատ կլաններ նույնպես հիացած չեն «թուրքական հեռանկարով», այնուամենայնիվ, դա առայժմ մնում է ոչ հրապարակային ձևաչափում։ Ալբանիան և Կոսովոն, այսպես թե այնպես, ինտեգրված լինելով Եվրամիությանը, իրենց հեռու են պահում Թուրքիայից, թեև, ըստ երևույթին, կնախընտրեն շահարկումներ անել այդ ուղղությամբ։
Վրաստանում, փաստորեն, հանրությունն ու բոլոր քաղաքական կուսակցությունները մտորումների մեջ են, ուշացած հասկանալով, որ թուրքական սիրալիրությունը «տրոյական ձի» է և չարիք է բերում այդ երկրին, ուստի երկրի ղեկավարությունն աշխատում է տարածաշրջանում այլընտրանքային հենակետեր գտնել, որոնք դեռևս չկան։ Վրաստանն արդեն համոզվել է, որ Աջարիայի հանդեպ իր տիրապետությունը կասկածելի է, ընդ որում, ոչ թե Ռուսաստանի հավակնությունների, այլ` Թուրքիայի նկրտումների պատճառով (Թուրքիան ձգտում է ուժեղ ազդեցություն հաստատել ամբողջ Հարավային Վրաստանի նկատմամբ, պաշտպանելով իր համակիր ազգային խմբերի իրավունքներն ու դիրքերը)։
Սիրիայի և Թուրքիայի միջև դեռևս շարունակվում է «մեղրամիսը», ինչը պայմանավորված է ոչ թե նրանով, որ սիրիացիները երկյուղներ չունեն Թուրքիայի մտադրություններից, այլ Սիրիայի բարդ վիճակով, որը հայտնվել է «երկու կրակի արանքում», այսինքն` Իսրայելի և Թուրքիայի ճիրաններում։ Բայց Սիրիան շարունակում է, որպես արաբական աշխարհի «առանցքային» երկիր, ոչ միայն որպես տարածաշրջանում շատ բան որոշող պետություն, այլև որպես պետություն, որը կա՛մ Թուրքիայի մերձավոր գործընկերն է, կա՛մ նրա ազդեցության սահմանափակողը Մերձավոր Արևելքում։ Սիրիան Իրանի ռազմավարական գործընկերն է, և այդ դաշինքի մեջ հրապուրելով նաև Լիբանանին, վարում է արաբական երկրների գործերին չմիջամտելու քաղաքականություն։ Սիրիան որոշակի խորհրդակցությունների մեջ է Եգիպտոսի և Սաուդյան Արաբիայի հետ` տարածաշրջանում Թուրքիայի ուժեղանալու խնդրի առնչությամբ։ Հետագայում Սիրիան, անկասկած, ավելի զուսպ դիրք կգրավի Թուրքիայի նկատմամբ, եթե արաբական աշխարհում տեղի ունեցող հեղափոխությունների շնորհիվ ստեղծվի դաշինք կամ արաբական առաջատար պետությունների քչից-շատից համակարգված «փունջ»։
Իրաքը փլուզվում է, այնտեղ ձևավորվում է պետական-քաղաքական նոր ուրվապատկեր, նրան սպասում է առնվազն ապակենտրոնացված դաշնություն, իսկ ներսում ևս կստեղծվեն ինքնավար «կղզյակներ»։ Իրաքն իրենից ներկայացնում է նեոօսմանիզմի դոկտրինի ծավալման կարևորագույն ասպարեզ, և հենց նրա տարածքում պիտի լուծվի թուրքական նվաճողականության ճակատագրի հարցը։ Իրաքն այժմ շատ նպաստավոր գոտի է Թուրքիայի կողմից ներդրումների և լայն առևտրի համար, որը փորձում է այդ երկիրն արմատապես ներգրավել իր տնտեսական և քաղաքական տարածք։ Անկարան ձգտում է ամրապնդել թուրքախոս բնակչության դիրքերը Իրաքում, այն ներկայացնելով ոչ թե որպես ազգային փոքրամասնություն, այլ պետականակազմ ազգ` սուննի արաբների, շիա արաբների և քրդերի հետ մեկտեղ։ Թրքասեր ազգային կազմը բնակության կարևոր վայրեր է զբաղեցնում Իրաքում և, հենվելով դրա վրա, Թուրքիան ամբոխավարական կոչեր է տարածում ազգային խմբերի իրավահավասարության մասին, թրքասերներին հայտարարելով խտրականության ենթարկվող ազգ, թեև այդ ազգը գերիշխում է մի տարածքում, որտեղ թվով ու քաղաքականապես գերակշռում են սուննի արաբները։ Այդ ազգը պատմականորեն ավելի սերտորեն է կապված եղել և է՛ ոչ թե Թուրքիայի, այլ Իրաքի արաբ բնակչության հետ, միշտ եղել է իրաքյան ազգի բաղկացուցիչ մաս, որն այժմ տրոհվում է մասերի։ Ներկայումս արաբական պետություններն էապես թուլացել են, մասնատվել, արաբական վերնախավերը մեծապես կորցրել են նախկին արտքաղաքական կողմնորոշումները և ոչ մի կերպ չեն կարողանում արձագանքել թուրքական մարտահրավերներին։ Այսինքն, շատ նպաստավոր իրավիճակ է ստեղծվել Թուրքիայի համար, որը հույս ունի գերիշխող ուժ դառնալ Իրաքում` ամերիկյան զորքերը դուրս բերելուց և արաբական պետությունների էլ ավելի թուլանալուց հետո։ Եգիպտոսը բացահայտորեն ի վիճակի չի լինի դիմակայելու Իրաքում Թուրքիայի նվաճողականությանը, իսկ մյուս արաբական պետությունները, ինչպիսիք են, օրինակ, Սիրիան և Հորդանանը, գտնվում են նույն անորոշության մեջ։ Առայժմ քիչ թե շատ կայուն վիճակում է մնում Սաուդյան Արաբիան, որը նույնպես ի վիճակի չէ դիմակայելու Թուրքիային։ Հետևաբար, մինչև արաբական վերնախավերի վստահության և Եգիպտոսում ու արաբական մյուս երկրներում կարգուկանոնի հաստատումը տարածաշրջանի առաջատար պետությունը, որն ի վիճակի է դիմակայելու Իրաքում Թուրքիայի նվաճողական նկրտումներին, Իրանն է, որը պաշտպանում է իր դիրքերն այդ երկրում։ Այսինքն, պանթուրքիզմի դաշտում Իրանի պայքարին զուգընթաց իրանա-թուրքական դիմակայություն է տեղի ունենում Իրաքում, որը պայքարի առավել հրատապ ասպարեզ է։ Այս կապակցությամբ ԱՄՆ-ի և Իրանի որոշակի փոխըմբռնման հեռանկար է առաջանում։ ԱՄՆ-ի և Իրանի շահերը մեծապես զուգադիպում են ոչ միայն Իրաքում, այլև Աֆղանստանում, Կենտրոնական Ասիայում, Պակիստանի առնչությամբ, սակայն իրաքյան իրավիճակն ավելի ցայտուն արտահայտված է ԱՄՆ-ի և Իրանի գործակցության հարցի քննարկման շրջանակներում գոնե քաղաքական գաղտնի շփումների ձևաչափով, պաշտոնական կամ շինծու միջնորդների մասնակցությամբ։
ԱՄՆ-ը, հույս ունենալով, որ Ռուսաստանը թուրքական զավթողամտությանը հակահարված կտա Սև ծովի և Կովկասի, մասամբ էլ Կենտրոնական Ասիայի տարածաշրջաններում ու Բալկաններում, չի շտապում ջանքեր գործադրել այդ շրջաններում Թուրքիայի նկրտումների դեմն առնելու ուղղությամբ։ ՈՒստի Թուրքիան այդ ուղղություններում իրեն զգում է եթե ոչ ինչպես «ձուկը ջրում», ապա գոնե բավականաչափ ազատ։ Հարցը միայն այն է, թե որքան կբավարարեն Թուրքիայի ռեսուրսներն այդ տարածաշրջաններում իր նվաճողական նկրտումներն իրականացնելու համար, որը շատ ավելի ծախսատար նախագիծ է, քան Մերձավոր Արևելքի ուղղությամբ։ Հյուսիսային Կովկասում Թուրքիան բավականին ուժեղ հակահարված ստացավ ռուսական հատուկ ծառայություններից, ինչը մի փոքր սթափեցրեց նրան, բայց Ղրիմում ու Մոլդովայում չկա այն վճռական ուժը, որը կխոչընդոտեր այդ մտադրություններին։ Հատկանշական է, որ Սև ծովի և Կովկասի ուղղություններում Թուրքիան փորձում է Ռուսաստանի հետ համաձայնության գալ իր շահերը հաշվի առնելու շուրջ։
Այսպիսով, նեոօսմանիզմը, որի վրա շեշտը դնում է Թուրքիան, պանթուրքիզմի հետ մեկտեղ դառնում է աշխարհաքաղաքական և գաղափարախոսական սուր պայքարի առարկա։ Մոտենում են այն ժամանակները, երբ Թուրքիայի այդ մտադրությունների հետ կապված պայքարը կկրի տարածաշրջանային և լայնընդգրկուն բնույթ։ Ճիշտ է, միանգամայն ակնհայտ է, որ Թուրքիան ինչ-որ փուլում հրաժարվելու է տարածաշրջաններում իր խնդիրներն արագորեն լուծելու մարտավարությունից, սակայն, այսպես թե այնպես, այդ երկիրը չի հրաժարվելու հեռահար նպատակներից ու խնդիրներից, եթե ուզում է նոր տեղ գրավել աշխարհում։
Իգոր ՄՈՒՐԱԴՅԱՆ


Դիտվել է՝ 1008

Մեկնաբանություններ