ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

«ԻՄ ԽՈՍՔԸ ՀԱՍՏԱՏ Է»

«ԻՄ ԽՈՍՔԸ ՀԱՍՏԱՏ Է»
08.07.2011 | 00:00

Սա Արարատի վերընտրված քաղաքապետ Աբրահամ Բաբայանի նախընտրական կարգախոսի առաջին տողն է։
Աբրահամ Բաբայանը հաղթեց, նրա խոսքը հաստատ էր։ Իր խոստումներում ոչ պակաս աներեր էր նախկին քաղաքագլուխ և Աբրահամ Բաբայանի միակ ընդդիմախոս Հակոբ Թովմասյանը։
Մեր հանդիպման ժամանակ գործող քաղաքապետն իր վերընտրման հայտը հիմնավորեց բավականին պատկերավոր. «Երկու անգամ ընտրվելու դեպքում էլ հնարավոր է` չհասցնեմ գործերն ավարտել, այնքան որ քաղաքը քանդված է։ Աշխատել և աշխատելու եմ գերլարված»։
Հիշենք պարոն Աբրահամյանի ամբողջական կարգախոսը. «Իմ խոսքը հաստատ է, իմ գործը` ակնհայտ»։
Այս տրամաբանությամբ էլ նա, ոչ առանց հումորի, պնդեց, թե քվեարկելու է Հակոբ Թովմասյանի օգտին, որ «գոնե մեկ ձայն խեղճ տղան ունենա»։
Հակոբ Թովմասյանն ընտրության նախորդ օրը, իր նախընտրական շտաբի որոշմամբ, հրաժարվում է ընտրապայքարից և հայտարարությամբ դիմում ՀՀ ԿԸՀ նախագահ Գ. Ազարյանին, ՀՀ Արարատի մարզպետ Է. Բարսեղյանին, թիվ 18 ԸԸՀ նախագահ Ս. Մկրտչյանին և հանրապետության լրատվամիջոցներին։ Ի մասնավորի` բոյկոտի հեղինակը մեղադրում է հակառակորդին, թե իրենց աշխատանքային պարտականությունները կատարելիս նրա օգտին նախընտրական քարոզչություն են կատարել պետական, մարզային և ՏԻՄ մարմինների աշխատակիցները, որ նա համայնքային սեփականություն հանդիսացող Արարատի քաղաքային պատկերասրահն է սեփականացրել։
Ինչևէ, Արարատում, ի տարբերություն Արմավիրի, խաղաղ էր, բնակչությունն ընտրության էր գնում առանց խանդավառության, սակայն ոչ պարտադրված։ Այդ մասին է վկայում նաև «Հանուն ժողովրդավարության ընկերակցության» իրավապաշտպան ՀԿ-ի հայտարարությունը, որ «ընտրություններն անցել են ազատ, արդար և թափանցիկ», նաև այն, որ «ընտրությունների ընթացքում չի արձանագրվել և ոչ մի բողոք»։ Եվ սա է կարևորը։ Գործող քաղաքապետը գնահատված է։ Իսկ տարիներ առաջ, երբ ոչ նախընտրական մի այցով Արարատում էի, ոչ պակաս գնահատված էր Հակոբ Թովմասյանը։
Հակոբ Թովմասյանը հեռացվել է ՀՀԿ-ից` մարզային խորհրդի որոշմամբ, սակայն դիմել է կուսակցական վերադասին` ՀՀԿ շարքերում վերականգնվելու խնդրանքով։ Ի դեպ, նրա աշխատասենյակում պահպանվում են ՀՀԿ բոլոր տարբերանշանները, ասել է թե` վերջինս շարունակում է իրեն հանրապետական զգալ։ Վատ չէ։ Սակայն մի՞թե ավելի լավ չէր լինի, եթե նախկին կուսակցական համախոհները ուս ուսի գործեին։ Վատ չէր լինի, սակայն Հայաստանում դա մեծ «շռայլություն» է։
Գլխավորապես այն պատճառով, որ կուսակցական վերնախավերը զբաղված են ներքաղաքական «ռազբորկաներով» և ուղղակի մատների արանքով են հետևում թե՛ տեղական կազմակերպությունների աշխատանքին, թե՛ կուսակցական պաշտոնյաների վարք ու բարքին։
Եվ սույն հանգամանքը պիտի որ հույժ կարևորություն ստանա` առջևում խորհրդարանական ու նախագահական ընտրություններ են։
Իսկ մեզ մնում է շնորհավորել Աբրահամ Բաբայանին ու նրա ընտրողներին։ Շնորհավորել` Արարատ քաղաքը օր օրի շեն տեսնելու հույսով։
Իսկ Հակոբ Թովմասյանին, որը, չնայած համեմատաբար երիտասարդ տարիքին, կառավարման բավականին փորձ և հմտություն ունի, ցանկանում ենք լիովին ինքնադրսևորվել այլ ոլորտներում։
Վրեժ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Դիտվել է՝ 902

Մեկնաբանություններ