«Իրենց երկրներում ամերիկյան հրթիռներ տեղակայելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում. ՌԴ-ն կարող է հարվածներ հասցնել այն պետությունների մայրաքաղաքներին, որտեղ ամերիկյան հեռահար զինատեսակներ են նախատեսում տեղակայել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆՆ ՈՒ ԱԼԻևԸ ԿՀԱՆԴԻՊԵ՞Ն 10 ՕՐԻՑ

ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆՆ ՈՒ ԱԼԻևԸ ԿՀԱՆԴԻՊԵ՞Ն 10 ՕՐԻՑ
28.01.2011 | 00:00

Կամ երկու շաբաթից: Կարծես` այո: Դա է գալիս հաստատելու Սերժ Սարգսյանի նախորդ օրը «Эхо Москвы»-ին տված հարցազրույցը:
Ասել, որ մեկժամանոց հարցազրույցը բացահայտումների շղթա էր, չափազանցություն կլինի: Սակայն թիրախային ելակետերը շատ էին, որոնք եթե ոչ ամբողջական, ապա խաղի ֆրագմենտալ բաղկացուցիչների մասին ահագին բան են ասում:
Բայց մինչ կանցնենք «ահագինին», հարց. ինչո՞ւ «այստեղ ու այս պահին»: Իմա` հարցազրույց ռուսական ռադիոկայանին: Այդքան ծավալուն: Եվ հենց այս փուլում, երբ.
ա) տարածաշրջանում «Նաբուկոյի» ստորագրմամբ իրավիճակ է փոխվում,
բ) Սաակաշվիլին, Օբամայի աֆրոամերիկյան սիրուն աչքերը տեսնելուց հետո, փութաջանորեն Հայաստան է հասնում` ջահել-բարձր, իր տեխնոլոգներին նարնջագույն կոստյումներ հագցրած,
գ) Նալբանդյանը Մամեդյարովի ու Լավրովի հետ հանդիպումից է վերադառնում,
դ) սպասվում է Մեդվեդև-Սարգսյան-Ալիև հանդիպումը:
Այսպիսով, հարցազրույցի տեսքով հայկական կողմը, նախ և առաջ, մեսիջավորում է հարցերի այն շրջանակը, որոնք պետք է քննարկվեն տասն օր հետո սպասվող հանդիպման ընթացքում: Եվ հետո` որոշակի ուղերձներ են հղվում ի ծագս աշխարհի:
Այսպիսով, որո՞նք էին հարցազրույցի հիմնական թիրախները: Գլխավորը, իհարկե, Ղարաբաղն էր: Սպասվող զարգացումները: Տարածաշրջանային երկրներից Իրանը շրջանցենք, հասնենք անմիջապես Վրաստան (մանավանդ որ արդեն սահմանի անցումը հեշտանալու է. ժամերով չենք տնկվելու Բագրատաշենի մաքսակետում):
Բոլոր դեպքերում, մի քանի շտրիխավորում Իրանի հաշվով պետք է:
Այսպիսով, քանիցս դեպ Արևմուտք ուղղված մեսիջը` Հայաստանը «ճանաչում է Իրանի խաղաղ նպատակներով ատոմի զարգացման իրավունքը»` ՄԱԳԱՏԷ-ի «վերահսկողության» ներքո, ուրույն, նուրբ աջակցություն էր մեր հարևան-բաց սահման Իրանին` այս փուլում, երբ վերջինիս, ըստ ամենայնի, սպասվում են նոր էմբարգոներ:
Հաջորդը, իհարկե, դեպ Իրան «հղված» զենքի հայտնի պատմությունն է: Կարծես առաջին անգամ Սերժ Սարգսյանն ինքն է բարձրաձայն ժխտում նման հնարավորությունը` նույնքան նուրբ հիշեցմամբ. Իրաքում նաև հայաստանյան զորքեր են կռվում…
Եվ վերջապես, ամենահետաքրքիր և աշխատող մեսիջը. միջազգային էմբարգոների «կոլցոյում» հայտնված Իրանի հետ մեր ջերմ հարաբերություններն ապացույց են, որ կարողանում ենք ապրել-հարևանել իսլամական կոնֆերանսի երկրների հետ, և որ ղարաբաղյան կոնֆլիկտը չի կարող Ադրբեջանը վերածել կրոնականի` մեր դեմ հանելով այդ նույն իսլամական աշխարհը:
Վրաստանի մասին` ներքևում: Այժմ` Ղարաբաղի։
Ղարաբաղյան մեսիջները մի քանի բաղկացուցիչներ ունեին:
ա) «Նամակ ռուսաց թագավորին»:
բ) «Մեր պատասխանը Չեմբեռլենին»` միջազգային հանրությանը:
գ) Տարածաշրջանում շրջող ուրվականի` պատերազմի մասին:
դ) Եվ վերջապես, «նորը» այս ամենում, ինչն էլ գուցե թե դառնա ԵԱՀԿ ՄԽ սպասվող նոր առաջարկների փաթեթի առանցքային կետերից մեկը: Այդ մասին վերջերս շատ է խոսվում։
Այսպիսով, Սերժ Սարգսյանն անչափ կարևորելով Ռուսաստանի դերակատարությունը տարածաշրջանում, միևնույն ժամանակ կարծում է, որ Ռուսաստանը, ըստ էության, միակն է, որը կարող է տարածաշրջանում խաղաղություն և կայունություն ապահովել: Թվում է, հերթական սիրահոժարության «շնորհակալական տոնն» է առ Ռուսաստան: Սակայն հաջորդ եզրույթը` գուցե «ես գերագնահատում եմ» Ռուսաստանի դերակատարությունը, արդեն այլ հարթություն է տանում: Այն է` Հայաստանը մեծ սպասելիքներ ունի Ռուսաստանից, և այս խաղում, ինչպես 1990-94 թվերին, ըստ ամենայնի, պետք է վերջինս իր «դիրքապահությունը» կրկնի, այլապես նույն Ռուսաստանի ազդեցության դաշտից տարածաշրջանն իսպառ դուրս կգա (ինչի հզոր մտավախությունն ունեցավ նույն այդ տարիներին… Իսկ ինչ է, կարծում եք, Ռուսաստանը մեր սիրուն աչքերի համա՞ր էր 90-ականներին Ղարաբաղում «ռազմավարություն» անում հայերիս հետ):
Ընդ որում, հետաքրքիր է նաև, որ Սերժ Սարգսյանի այդ հայտարարությունները հնչում են հենց այն օրը, երբ «պարոն-ՀԱՊԿ» Բորդյուժան էլ իր հերթին հայտարարեց, որ ՀԱՊԿ-ի «կապույտ սաղավարտներն» արդեն ձևավորված-պատրաստ են: Բայց չի ասում` ո՞ւր են գնալու, պարզապես հիշում է գրեթե ձեռից գնացած Ղրղզստանը, ուր Օթումբաևան ռուսական ռազմաբազաների դիմաց «без пяти минут» պահանջում է մեծ գին` փոխադարձաբար կրկնակի իջեցնելով «Մանասի» գինը (ա՜յ տղա, Մանաս, էդ ո՞ւր ես գնում):
Իսկ եթե շատ անկեղծ, ապա «Эхо Москвы»-ի հարցազրույցի ամենաուժեղ հատվածը Ղարաբաղի, և հատկապես Ադրբեջանի կողմից «սպասվող», այլոց «աջակցությամբ» և կամ «լռությամբ» սանձազերծվելիք պատերազմին վերաբերող հատվածն էր:
Շատ անկեղծ, մտահոգ ու ասելիքային էր այդ բլոկը: Նույնիսկ պատկերավոր: Այո, շատ պատկերավոր ու նրբագեղ է Սերժ Սարգսյանը «պոսլատ» անում միտքը (ի դեպ, հարցազրույց անողի անունը Բունտման էր. «մետեժնիկ-մարդն» էլ մանրից իր գործին էր), որ չկա Հայաստան, կան «հայկական կողմեր» և ոչ` «կողմ»: Քիչ դենն էլ` Ղարաբաղի չմասնակցությունը բանակցային գործընթացին Սերժ Սարգսյանը նմանեցնում է գործընթացի, երբ հարսանիք ես անում, բայց հարսը կամ փեսան չկան (հա, էլի. «ո՞վ է տեսել էդպես հարսնիք` ոչ հարս ունեն, ոչ փեսա»):
Իսկ հիմա կարևորագույնի մասին: Շատ մատչելի, սևով սպիտակի վրա, և, ընդ որում, առաջին անգամ Սերժ Սարգսյանն ասում է, որ Ադրբեջանը պատրաստվում է բլիցկրիգի: Մինչ այս օգտագործվել են «պատերազմ, ռազմական ուժի գործադրում» եզրույթները: Հիմա արդեն գործառական գործընթացի մասին է խոսքը, որի նախադեպը տեսանք Օսիայի և Աբխազիայի դեպքում (կարո՞ղ է` Սերժ Սարգսյանն ինչ-որ բան գիտի)։ «Ադրբեջանին թվում է, թե իրենք շատ արագ բլիցկրիգ կանեն, և հարցը կփակեն» (կարո՞ղ է նա նման բան է հասկացել Հայաստան «օրանժվի» տղերք բերած Սաակաշվիլուց):
Բոլոր դեպքերում, Սերժ Սարգսյանը բլիցկրիգավորներին «դեժավյու» է խոստանում: 1990-ականների: Եվ պատճառաբանված. «Եթե Ղարաբաղը հայտնվի Ադրբեջանի կազմում, Ղարաբաղում հայ չի մնա. ի՞նչ տարբերություն` ինչ ճանապարհով կկորցնենք Ղարաբաղը: Իսկ այնտեղ ապրողի համար կա մեծ տարբերություն. ինքը փախե՞լ է, թե՞ կարողացել է պաշտպանել իր տունը»:
Եվ վերջապես, մենք էլ ունենք մեր «բլիցկրիգը»: Ոչ ռազմական: Մենք, ըստ Սերժ Սարգսյանի, պատերազմել կարենալուց զատ, զուգահեռ-խոշոր դիվանագիտական քայլ ենք իրականացնելու` ճանաչելու ենք Ղարաբաղի անկախությունը:
Սակայն կոդայինը (մեր դիտարկմամբ) հարցազրույցում նույնիսկ դա չէր:
Այսպիսով, որքան էլ մենք մեր հիշողությունը լարեցինք (իսկ մեր թերթը «լուպայով» է «դիտում» Սերժ Սարգսյանի ելույթներն ու հարցազրույցները), չգտանք (գոնե վերջին շրջանում) բարձրաձայնում առ այն… մեջբերենք. Ղարաբաղի կարգավիճակի հարցում «կամ պետք է մադրիդյան սկզբունքների շրջանակում եղած ռեֆերենդումն իրականացվի և կամ (ուշադիր- հեղ.)` 1991-ին Ղարաբաղում տեղի ունեցած ռեֆերենդումը կյանքի կոչվի»:
Հիշենք, որ «մադրիդյան սկզբունքների» 6 ենթակետերը նոր հանրաքվե են նախատեսում, ուստի Սերժ Սարգսյանը 91-ի մասին կարծես թիրախավորված չէր խոսում: Հիմա է խոսում:
Ինչո՞ւ:
Մեր խորին համոզմամբ` այս «ասումը» ԵԱՀԿ ՄԽ նոր առաջարկների փաթեթի բաղկացուցիչներից կարող է լինել: Ինչն էլ շատ կհեշտացնի «գործը»: Մի շարք առումներով: Առաջին հերթին` խնդրի կարգավորման, ապա նաև` փախստականների վերադարձի:
Ահա և` էս գլխից ճանաչվում է ԼՂ կարգավիճակը` առանց նոր ռեֆերենդումի, և նույն պահին էլ հետ են գալիս փախստականները: Հետ ենք տալիս նաև ազատագրված տարածքները (իսկ ինչո՞ւ ոչ. թող Ռուսաստանն ու ԱՄՆ-ն էլ ում կապույտ կամ կարմիր սաղավարտն ուզում են բերեն, որպես խաղաղապահ. թող կարենան պայմանավորվել):
Հիմա` պայմանավորվելու և Վրաստանի ու իր Միխոյի մասով:
Սակայն Ղարաբաղի մասով դեռ ասենք, որ այս հարցազրույցը ևս շարունակում է Սերժ Սարգսյանի վերջին շրջանում սկսած կոշտ ռիտորիկան` Թուրքիայի և հատկապես «սպասվելիք պատերազմի» մասով: Խոսքը միջազգային հանրությանը, մեծ երկրներին, ԵԱՀԿ-ին ուղղված մեսիջի մասին է, այն հանրության, որը «ՊՐՕ»-ներ է վավերացնում, սակայն «աչքերը փակում» է անթույլատրելի և մեծ արագությամբ զինվող, վառոդի տակառի վերածված տարածաշրջանում պատերազմական էսկալացիան թեժացնող Ադրբեջանի վրա:
Վրաստան: Էստեղ ասելիքը շատ է, սակայն բավարարվենք քչով: Ոնց երևում է` Սերժ Սարգսյանը հարցը շատ սահուն տանում է դեպ «մարդասիրական-տնտեսական» ոլորտներ` եկեղեցի, «չվաճառվող խողովակաշար» (նկատո՞ւմ եք` որքան տագնապած է «խողովակից» նաև Ռուսաստանը):
Վրաստանի հարցում Սերժ Սարգսյանի անկեղծությունը չափ ու սահման չի ճանաչում: Նաև հարցազրույցում: Ասում է` մեզ համար «տոն կլինի», որ Ռուսաստանն ու Վրաստանը, եթե ոչ` ջերմանան միմյանց նկատմամբ, ապա գոնե մի քիչ իրար նկատմամբ «լիչնիյ պրիյազն» ունենան:
Ընդ որում, Սերժ Սարգսյանը հավատում է ու նաև վստահ է, որ ռուս-վրացական հարաբերություններն այդպես էլ լինելու են (ուրեմն` Մեդվեդևն է կրկին դառնալու պրեզիդենտ)։ Եսի՞մ:
Բայց ասում են` Սաակաշվիլին Հայաստան էր եկել նաև այդ առաքելությամբ. խնդրելու Սերժ Սարգսյանին` միջնորդ դառնալ ռուս-վրացական հարաբերություններում:
Կամենանք` Սերժը հաջողի:
Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 1042

Մեկնաբանություններ