«Իրենց երկրներում ամերիկյան հրթիռներ տեղակայելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում. ՌԴ-ն կարող է հարվածներ հասցնել այն պետությունների մայրաքաղաքներին, որտեղ ամերիկյան հեռահար զինատեսակներ են նախատեսում տեղակայել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

«ԲՐԵԺՆԵՎՅԱՆ ԱՄԲՈԽԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ»

«ԲՐԵԺՆԵՎՅԱՆ ԱՄԲՈԽԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ»
17.12.2010 | 00:00

Ինչպես երևում է, շուտով Վլադիմիր Պուտինից մեջբերումներ կանեն ոչ միայն որպես առաջատար քաղաքական գործչից, այլև մի մարդուց, որը ծանրակշիռ ավանդ ունի «Нарочно не придумаешь» հաղորդաշարում։ Այսպես, երեկ նա պատասխանել է քաղաքացիների հարցերին, սովորականի նման առույգ քայլերով բարձրացել ամբիոն և, չխախտելով վերջին տարիների ավանդույթը, ելույթն սկսել է տնտեսական արդյունքների թվարկումով։ Նա հիշեցրել է, որ մեկ տարի առաջ տնտեսական անկումը 7,9 տոկոս էր, իսկ այս տարի «դրական միտում է նկատվում», աճ է արձանագրվել նաև արդյունաբերության ոլորտում, մինչդեռ գյուղատնտեսությունն ամեն ինչ փչացրեց, ընդ որում, բացառապես երաշտի պատճառով։ Առաջին իսկ հարցը վերաբերում էր Մանեժնայա հրապարակում տեղի ունեցած անկարգություններին։ Այդ ամենաօրախնդիր թեմային վարչապետի պատասխանները բլոգերները գնահատեցին վայրկենապես. «Դա բրեժնևյան ամբոխավարություն էր ժողովուրդների բարեկամության մասին»։ Բայց ամեն ինչ հերթականորեն։ Ինչպես հայտարարեց վարչապետը, չպետք է «միևնույն ներկով նախշել ո՛չ կովկասցիներին, ո՛չ էլ մյուս ազգերի ներկայացուցիչներին, սակայն բոլոր ծայրահեղ դրսևորումները պետք է կասեցվեն»։ Եվ պետության այդ կարևորագույն գործառույթը բանից պարզվում է, պետք է կատարեն (ո՜վ կմտածեր) իրավապահ մարմինները, որոնք այնքան հաճախ են վերջին ժամանակներս հայտնվում քննադատության կրակի տակ։ Բայց չի կարելի նրանց իջեցնել «ниже плинтуса», չէ՞ որ եթե այդ մարմինները չլինեին, «մեր ազատական մտավորականությունն ստիպված կլիներ մորուքը խուզել ու «կասկա» կրել, և առաջ դեպի հրապարակ` կռվել արմատականների դեմ»,- խայթել էր Պուտինը։ Ինչևէ, նա հանգստացրեց հասարակայնությանը. «Կարծում եմ, որ դա զարգացման վատթարագույն տարբերակն է»։ Ռուսաստանի վարչապետը համոզված է, որ Մոսկվայում անկարգությունները հրահրել է ոչ թե ֆուտբոլասերի սպանությունը, այլ այն, որ դրան պատշաճ կերպով չէր արձագանքել իշխանությունը։ Ակներև է, որ նա նկատի չուներ իշխանության` իր կողմից կառավարվող ճյուղը։ Իսկ նրա հաջորդ խոսքերը, կարծում ենք, պետք է հատուկ գնահատականի արժանանան, քանի որ դրանք, ըստ երևույթին, լուրջ ու նոր խոսք են գիտության մեջ։ Այսպես, վարչապետի առաջին «հայտնագործությունը»` Ռուսաստանը «արևելյան քրիստոնեության» երկիր է։ Թե ինչ նկատի ուներ` հասկանալի է, բայց, համաձայնեք, քրիստոնեության պատմության մեջ նոր եզր մտցնելու իրավունք չի տրված նույնիսկ այնպիսի մեծությունների, ինչպիսին Պուտինն է։ Դեռ ավելին, պարզվում է, որ ուղղափառությունը «շատ ավելի մոտ է իսլամին, քան նույնիսկ կաթոլիկներին»։ Եվ իբրև այդ «միության» վկայություն, հակառակ մոսկվացիների լուրջ բողոքներին, նա հայտարարեց, որ մայրաքաղաքի հյուսիս-արևելքում` Տեքստիլշչիկի շրջանում «նախատեսված է մզկիթ կառուցել, և դա կարվի»։ Դա ի՞նչ է` անցյալում բոլոր «կագեբեականներին» բնորոշ ռազմաշունչ աթեիզմի դրսևորո՞ւմ, քաղաքական խոնարհում ռուսաստանցի մահմեդականների առջև՞, թե՞ եվրասիական քրիստոնեաթյուրքական գաղափարախոսական վարդապետության բարձրաձայնում։ Ասենք, հնարավոր է` բոլորը միասին։ Այնուհետև, վերհիշելով Ռուսաստանի պատմությունը, վարչապետն էլ ավելի մեծ սենսացիա բացահայտեց։
«Պետրոս Առաջինը Յոթնամյա պատերազմի ժամանակ ուղարկել էր իր «վատերկլոզետի» (զուգարանակոնք) կառուցվածքի սխեմաները։ Անձամբ էր մտածել այդ մասին։ Բայց դա կայսրն է։ Քաղաքապետարանների պատգամավորներին նույնպես չի խանգարի այդ մասին մտածել»,- ասել է վարչապետը։ Հիշեցնենք, որ պատմաբանները Յոթնամյա պատերազմը համարում են «գաղութատիրական», որին մասնակցում էին բոլոր առաջատար եվրոպական տերությունները, այդ թվում` Ռուսաստանը։ Սակայն պատերազմն սկսվել էր 1756-ին` Պետրոս Առաջինի մահվանից երեք տասնամյակ անց։ Եվ, ընդհանրապես, պատմությունն այդ ելույթում վարչապետի նախասիրած նյութն էր։ Այսպես, նրա կարծիքով Երկրորդ աշխարհամարտում հաղթանակը ձեռք էր բերվել հիմնականում ՌԽՖՍՀ-ի բնապաշարների շնորհիվ, կորուստների 70 տոկոսը բաժին էր ընկել ռուսներին, և դա, պարզվում է, «պատմական փաստ է»։ «Մենք միևնույն է, կհաղթեինք, որովհետև մենք հաղթողների երկիր ենք»,- ավելացրել է Պուտինը։ Հետաքրքիր և ուսանելի այլ բաներ էլ կային։ Այսպես, Վլադիմիր Պուտինը, դեռ նախքան դատավճռի հրապարակումը, դատապարտեց Խոդորկովսկուն և առաջարկեց, որ քաղաքապետ Յուրի Լուժկովին ազատեն «ոչ մարզական վարքագծի համար»։ Շատ հետաքրքիր է, թե նա, օրինակ, ինչպես բացահայտեց իր հաջողության գաղտնիքը։ Կառավարության ղեկավարի խոսքերով, «նրանց բախտն է բերում, ովքեր աշխատում են»։ Հարցը հնչեցնողը հիշեցրեց, որ ավելի վաղ Պուտինի մասնակցությամբ Ռուսաստանն իրավունք էր ստացել անցկացնելու օլիմպիադան, իսկ վերջերս դարձավ ֆուտբոլի 2012-ի աշխարհի առաջնության «տանտերը»։ «Դուք, իրո՞ք, այդքան հաջողակ եք»։ «Այո»,- պատասխանել է Պուտինը։
Սուսաննա ՊՈՂՈՍՅԱՆ

Դիտվել է՝ 1309

Մեկնաբանություններ