ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

«ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ՃԱՆԱՊԱՐՀՆ ԱՆՑՆՈՒՄ Է ՎՍՏԱՀՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՎ»

«ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ՃԱՆԱՊԱՐՀՆ ԱՆՑՆՈՒՄ Է ՎՍՏԱՀՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՎ»
17.06.2011 | 00:00

Ավելի քան 2500 տարի առաջ մեծն Լաո Ցզին (չին խոշորագույն իմաստասեր, դաոսիզմի հիմնադիր, ուղու և առաքինության մասին «Դաո դե ցզին» տրակտատի հեղինակ Լի Էրի պատվանունը) ասել է. «Երկրի վրա չկա ավելի նուրբ ու թույլ բան, քան ջուրը, բայց այն հարձակվում է դիմացկունի և ուժեղի վրա, և ոչ ոք չի կարող հաղթել նրան»։
Արդի Չինաստանում նախնիների իմաստնությունն ավելի ու ավելի է պետական գաղափարախոսության նմանվում (ի դեպ, կոնֆուցիականությունը միշտ, անգամ Մաո Ցզեդունի կառավարման օրոք, ներդաշնակորեն զուգորդվել է կոմունիզմի դոգմաների հետ)։ Եվ իմաստունների խորհուրդները, ընդ որում, կյանքի բոլոր դեպքերի առնչությամբ, ոչ միայն ծանրակշիռ վարքագծային ուղեցույց են շարքային քաղաքացիների համար, այլև պետական լուրջ հայեցակարգերի հիմք։ Ավելին, եթե ըստ Լաո Ցզինի «նուրբն ու դյուրաբեկը հաղթում է դիմացկունին և ուժեղին», ապա, «մեղմ ուժը» հռչակելով արտաքին քաղաքականության գլխավոր կանխադրույթ, ՉԺՀ ներկա իշխանություններն սկսել են ակտիվ խաղալ մոլորակի բառացիորեն բոլոր անկյուններում։ Եթե թերթելու լինենք չինական լրատվական գործակալությունների արտքաղաքական թողարկումները, ապա դժվար չի լինի նկատել, որ եթե մինչև վերջերս Չինաստանի դերը (բացի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդից) հիմնականում առնչվում էր տնտեսական հարցերին, ապա հիմա զորեղացած և աշխարհում իր դիրքերը գիտակցող երկիրն սկսել է վարել ամենաակտիվ և, գլխավորը, շատ ինքնուրույն արտաքին քաղաքականություն։ Իհարկե, հասկանալի է, որ ՉԺՀ-ի շահերը, այնուամենայնիվ, առաջին հերթին տնտեսական կարգի են, որոնցից էլ բազմակողմանի դիվանագիտական նախաձեռնություններ են բխում։ Այսպես, միայն վերջերս Ասիայի երկրների անվտանգության հարցերին նվիրված գագաթնաժողովում, որ կանոնավորապես անցկացվում է Սինգապուրում և հայտնի է «Շանգրի-Լա» անվանումով (պետության ամենագեղատեսիլ և ամենաթանկ մասում գտնվող նույնանուն հյուրանոցի անունով), Չինաստանն ազդարարեց, որ «Ասիայում բոլորը պետք է հարգեն գործընկերոջ շահերն ու սովորեն միմյանցից»։ Բայց, միևնույն ժամանակ, «ասիական Մյունխենում», որի դերն ու միջազգային կշիռն անշեղորեն աճում է, Պեկինը հայտարարեց, որ իրենք և ԱՄՆ-ը մտադիր են հարգել միմյանց ռազմավարական շահերը, չխոչընդոտել դրանց։ ԱՄՆ-ի պաշտպանության նախարար Ռոբերտ Գեյթսն իր հերթին ամփոփեց. «Մենք չենք ձգտում զսպել Չինաստանին, նա մեծ տերություն է եղել հազարավոր տարիներ և այդպիսին էլ կմնա»։ Սակայն բառացիորեն այդ նույն օրերին, չնայած ամերիկյան արգելքին, Ռաուլ Կաստրոն և ՉԺՀ նախագահի տեղակալ Սի Ցզինպինը, որը Հավանա էր ժամանել պաշտոնական այցով, ստորագրեցին 10 միջպետական համաձայնագիր` ուղղված երկկողմ տնտեսական կապերի ամրապնդմանն ու ներդրումային լուրջ ծրագրերի իրականացմանը։ Այնուհետև, Պեկինն ամենասերտ կապերն է հաստատում Եվրոպայի հետ, իսկ Եվրամիության գերագույն ներկայացուցիչ Քեթրին Էշթոնը մշակում է Չինաստանի ու Եվրամիության ղեկավարների 14-րդ հանդիպման (ուշադրություն դարձնենք, 14-րդ` միայն վերջին տարիներին) հաջող անցկացման պլան, բայց միաժամանակ չի քաշվում շնորհազուրկ Լուկաշենկոյին օգնելուց։ Այսօրվա դրությամբ ՉԺՀ-ի կառավարությունն ու բանկերը Բելառուսում համատեղ ներդրումային ծրագրերի ֆինանսավորման համար արդեն բացել են 15 մլրդ դոլարի վարկային գիծ, իսկ չինական «Մեծ պարիսպ» արդյունաբերական կորպորացիայի ղեկավարությունն օրերս ստորագրել է բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության պայմանագիր։ Չինական գործակալությունների օպերատիվ ժապավենները հաղորդում են, որ Չինաստանն ու Չիլին պատրաստ են միջբանակային հարաբերությունների հետագա սերտացմանը, և միևնույն ժամանակ Չինաստանն ընդգծում է Իրանի միջուկային խնդրի կարգավորման համար ջանքերն ակտիվացնելու ծայրահեղ անհրաժեշտությունը։
Սակայն այն տեղեկությունը, որ Չինաստանը, որը մինչև վերջերս Արևմուտքին քննադատում էր Լիբիայի ընդդիմադիրներին աջակցելու համար, ինքն է սկսել նրանց հետ կապեր հաստատել, բառացիորեն պայթեցրեց համաշխարհային տեղեկատվական դաշտը։ Պարզվում է` առաջին նման շփման ընթացքում Կատարում չինական դեսպան Չժան Չժիլյանը հանդիպում է ունեցել ընդդիմության առաջնորդ Մուստաֆա Աբդել-Ջալիլի հետ, իսկ այս շաբաթասկզբին ՉԺՀ ԱԳՆ-ն հաղորդեց, որ Եգիպտոսում աշխատող չինական մի քանի դիվանագետներ եղել են Լիբիայի «հեղափոխական մայրաքաղաք» Բենգազիում։ Դրանից հետո սպասել են Քադաֆիի բանագնացին, և Լիբիայի ընդդիմության հետ բանակցությունից մի քանի օր անց չինացի դիվանագետները Պեկինում ընդունել են Լիբիայի արտգործնախարարության ղեկավարին։ ՈՒշադրություն դարձնենք. այդ պատերազմի հենց սկզբից Չինաստանն աշխատում էր առավելագույնս հեռու մնալ հակամարտությունից և սահմանափակվում էր կռվող կողմերին կրակը դադարեցնելու կոչեր անելով։ Ի տարբերություն արևմտյան երկրների, Պեկինը երբեք չի արտահայտվել Քադաֆիի հեռանալու օգտին։ Միևնույն ժամանակ Չինաստանը, Ռուսաստանի հետ, ՄԱԿ-ի ԱԽ-ում ձեռնպահ մնաց Լիբիայում թռիչքներից զերծ գոտի ստեղծելու բանաձևի քվեարկության ժամանակ, ինչը, փաստորեն, ուղի էր հարթում լիբիական տարածքի ռմբակոծության համար։ Իսկ երբ ռմբակոծություններն սկսվեցին, Չինաստանը քննադատեց ՆԱՏՕ-ին` բանաձևով նախատեսված լիազորությունները գերազանցելու համար։ Ավելին, այն բանից հետո, երբ մարտի վերջին ՉԺՀ-ի նախագահ Խու Ցզինտաոն բացահայտորեն դեմ արտահայտվեց Լիբիայում իրականացվող ռազմական գործողությանը, շատերն Արևմուտքում համարեցին, որ Չինաստանն ու Արևմուտքը լիբիական հակամարտությունում կանգնած են բարիկադների տարբեր կողմերում։ Բայց, Լիբիայի ապագայի որոշման հարցի ձգձգման համեմատ, չինական իշխանությունները, ամենայն հավանականությամբ, սկսեցին գիտակցել հակամարտության երկու կողմերի հետ շփումներ ունենալու անհրաժեշտությունը, որպեսզի «եղանակային ցանկացած պայմաններում» և անկախ հակամարտության ելքից կարողանան պաշտպանել իրենց գործարար շահերն այդ երկրում։ Առավել ևս, որ Լիբիայում շարունակվող պատերազմը չինական բիզնեսին հարաճուն կորուստներ է պատճառում։ Վաղուց արդեն 32 հազար չինացի բանվոր տարհանվել է երկրից, դադարեցվել են շատ նախագծերի իրականացման աշխատանքները, որոնց մեջ Չինաստանը հասցրել էր ներդնել մոտ 18,8 մլրդ դոլար։ Սակայն ապստամբները, ինչպես պարզվում է, որպես լոյալության համար երախտագիտության նշան, Պեկինից համարժեք քայլեր են սպասում, և, ֆինանսական հարցերի պատասխանատու Ալի Թարխունիի կարծիքով` «միջոցների ժամանակավոր անբավարարության բացը լիովին կարող էին լցնել չինացիները»։ Բայց, ինչպես հայտարարում է ՉԺՀ ԱԳՆ-ն, «չինական կողմը համարում է, որ բոլոր կողմերը պետք է անկյունաքար դարձնեն պետության և ժողովրդի արմատական շահերը, լրջորեն քննարկեն համաշխարհային հանրության առաջարկությունները խնդրի լուծման վերաբերյալ, ճգնաժամը հաղթահարեն քաղաքական քայլերով»։
Հատկանշական է, որ լիբիական ընդդիմության հետ չինական կողմի շփումներն սկսվել են այն բանից շատ առաջ, երբ Դովիլում «ՈՒթնյակի» հանդիպման ժամանակ նախագահ Մեդվեդևը հայտարարեց Հյուսիսային Աֆրիկայի գծով իր հատուկ ներկայացուցիչ Մարգելովին Լիբիա գործուղելու մտադրության մասին։ Այս ամենով հանդերձ (ամենահետաքրքիր հանգամանքն է), մի շարք առաջատար փորձագետների կարծիքով, Լիբիայում ռուսական «խաղաղարար շրջադարձն» արժանանում է Չինաստանի խիստ դժգոհությանը։ Այսպես, հնդիկ նախկին դիվանագետ Բհադրակումարի կարծիքով` «Պեկինն զգում է, որ Մոսկվան իրեն մոլորության մեջ է գցել և միայնակ թողել։ Նա, փաստորեն, հրաժարվել է Մերձավոր Արևելքի և Հյուսիսային Աֆրիկայի գծով «համագործակցելու» նախագծից, որ Լավրովն ու նրա չին գործընկեր Յան Ցզեչին անցած ամիս մշակել էին Մոսկվայում կայացած հանդիպման ժամանակ` որպես ռուս-չինական ռազմավարական գործընկերության նոր չափում»։ Բայց եթե չինական իշխանությունները լռություն են պահպանում, ապա չինական լրատվամիջոցները վրդովվում են։ Ընդ որում, նրանք համոզված են, որ Ռուսաստանի իրական նպատակն է «որոշակի դերակատարություն ունենալ երկրի ապագայի որոշման գործում», և հոռետեսորեն են վերաբերվում այն բանին, թե Ռուսաստանը որևէ հաջողության կհասնի, միաժամանակ ընդգծվում է, որ Չինաստանը միշտ և անշեղորեն ծայրաստիճան սկզբունքային քաղաքականություն է վարել Մերձավոր Արևելքի և Հյուսիսային Աֆրիկայի առնչությամբ (ռուսական անկանխատեսելի կուրսի հետ զուգահեռն ակնհայտ է)։ Նշվում է, որ Չինաստանը ստեղծել է հուսալի և պատասխանատու երկրի կերպար, որը «հետևողականորեն պահպանում է իր սկզբունքները, ճկունություն է հանդես բերում, երբ առիթ է լինում գործ ունենալու տարբեր խնդիրների հետ»։ Նաև հատկանշական է, որ չինական «մեղմ ուժի» այդ հերթական ցուցադրումից անմիջապես հետո հետևեց Լավրովի հայտարարությունը, որ Մոսկվան «ակտիվ միջնորդական դեր չի ստանձնում»` կապված Լիբիայի իրադրության հետ, այլ իր ջանքերը միտված են «շահագրգիռ կողմերի միջև պայմանավորվածություններ ձեռք բերելու համար առավել նպաստավոր պայմանների ստեղծմանը, ուշադրություն, Աֆրիկյան միության գլխավոր դերակատարումով։ Մնում է ավելացնել միայն, որ Աֆրիկյան միության հետ ՉԺՀ-ի վաղեմի, ժամանակի և մեծ փողերի քննություն բռնած կապերը քաջ հայտնի են։ Հենց դրանք էլ, ինչպես հաղորդում է պետական «Սինխուա» լրատվական գործակալությունը, իրենց հերթին, «նոր տիպի չին-աֆրիկյան ռազմավարական գործընկերության անհրաժեշտ բաղկացուցիչ մասն են»։
Բայց Լիբիան Պեկինի ու Մոսկվայի հնարավոր մրցակցության միակ առարկան չէ։ Պակաս աղմուկ չի խոստանում նաև Չինաստանի և ՈՒկրաինայի հարաճուն բարեկամությունը։ Հատկապես այն բանից հետո, երբ հայտնի դարձավ, որ սպառազինության արտահանմամբ զբաղվող պետական ընկերությունը բացահայտորեն, Կիևի իշխանությունների գիտությամբ, մասնակցում է Չինաստանի կողմից իր սեփական ավիակրի ստեղծմանը և դրա համար նոր ժամանակակից սարքավորումների մշակմանը։ Իսկ ռուսական զինվորական ընկերակցությունը (և ոչ միայն) վերջին ժամանակներս խիստ անհանգստացած է այդ ռազմանավի կառուցման և Չինաստանի` որպես ծովային տերության դերի հարաճուն մեծացման առնչությամբ։ Եվ Կիևն իր ռազմական մատակարարումներով ու մշակումներով, հասկանալի է, հանգստություն չի ավելացնում։
Այդուամենայնիվ, ինչպես պնդում է Կոնֆուցիոսը, «խաղաղության ճանապարհն անցնում է վստահության միջով»։ Եվ չինացիները, հետևելով այդ խորհրդին, ռուսների հետ ակտիվորեն մշակում են «Շանհայի համագործակցության կազմակերպության» առաջիկա հոբելյանական գագաթնաժողովի նյութերը, որը կայանալու է հունիսի կեսերին` Ղազախստանում։ Բայց այդ մասին` առաջիկայում։
Սուսաննա ՊՈՂՈՍՅԱՆ
Շանհայում մեր հատուկ թղթակից


Դիտվել է՝ 1024

Մեկնաբանություններ