ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

ՀԱՄԸՆԴԳՐԿՈՒՆ ԽԱՂԻ ԱՎԵԼՈՐԴ ՄԱՍՆԱԿԻՑԸ

ՀԱՄԸՆԴԳՐԿՈՒՆ ԽԱՂԻ ԱՎԵԼՈՐԴ ՄԱՍՆԱԿԻՑԸ
08.07.2011 | 00:00

Ֆրանսիայում, Գերմանիայում և Մեծ Բրիտանիայում աշխատող փորձագետների մի մասը կամ էթնիկ թուրք է կամ հետևողական թուրքամետ դիրքորոշում ունի, և Եվրամիությանը Թուրքիայի անդամակցության առնչությամբ նրանց կարծիքն ու գնահատականները շատ հետաքրքիր են։ Թուրքական ծագում ունեցող փորձագետները զբաղվում են աշխարհաքաղաքական կամ այլ խնդիրներով` կապված տարածաշրջանային տարբեր մակրոտերությունների ազդեցության հետ, ինչպես նաև տարածաշրջանային անվտանգության և իսլամական քաղաքական խնդիրներով։ Նրանք պատկանում են թուրք մտավորականների ազատական թևին, շատ զուսպ են իրենց արտահայտություններում, արտահայտում են առանձնահատուկ և օրիգինալ մտքեր։
Թուրքիայի հանդեպ եվրոպացիների բացասական վերաբերմունքը բացատրվում է արևմտյան քրիստոնեական հանրությունից այդ երկրի սոցիալ-մշակութային և կրոնական խորթացմամբ, ինչին ավելանում են դժգոհությունները` կապված Եվրամիության մեջ մտնելու հետ, ինչպես նաև այն, որ Թուրքիան ձգտում է նոր դեր ստանալ աշխարհում ու տարածաշրջանում։ Այս ամենը լիովին բավարար է Թուրքիայի հանդեպ բացասական վերաբերմունքի համար։ Վերոհիշյալ փորձագետների կարծիքով, Թուրքիայի ներկայիս արտգործնախարար Դավութօղլուի ձևակերպած արտքաղաքական նպատակներն ունեն նաև գրավիչ, բայց և Արևմուտքի համար վտանգավոր կողմեր, որոնք ամերիկացիները և եվրոպացիները չեն կարող անտեսել։ Թուրք քաղգործիչները հույս ունեին, թե իրենց արտաքին քաղաքականության հռչակագրերը բավարար են Արևմուտքի գործընկերների դրական ընկալման համար, բայց դա տեղի չունեցավ և չէր կարող ունենալ։ Արևմուտքի, առաջին հերթին ԱՄՆ-ի մտավախությունները առաջացել են Թուրքիայի արտաքին քաղաքականության նոր դոկտրինի հրապարակումից շատ առաջ։ Դեռևս 90-ականներին տեղի էին ունենում իրադարձություններ, որոնք թուրք-ամերիկյան հարաբերությունների խաթարման պատճառ դարձան։ Դա հետևանք էր մեծ մասամբ ԽՍՀՄ-ի փլուզման, որը Եվրասիայում նոր աշխարհաքաղաքական իրադրություն առաջացրեց, աշխարհի մի շարք տարածաշրջանային մակրոտերությունների շարքում ավելի ծանրակշիռ տեղ և ազդեցություն ձեռք բերելու հույսեր արթնացան։ ԱՄՆ-ը նույնիսկ այնքան էլ չէր ջանում Թուրքիային հրահրել Ռուսաստանի և Կովկասում ու Կենտրոնական Ասիայում նրա շահերի դեմ, քանի որ չէր ցանկանա Թուրքիայի ուժեղանալն այդ տարածաշրջաններում, ինչը և Թուրքիայի առաջին լուրջ դժգոհությունն առաջացրեց։ Արևմուտքում երբեք լուրջ անհանգստություն չի եղել Թուրքիայի և Ռուսաստանի միջև դաշինք ենթադրող հնարավոր սերտ գործընկերության առիթով։ Ռուսաստանը դիտվում է որպես մի երկիր, որը շահագրգռված է Սև ծովում, Կենտրոնական Ասիայում և Կովկասում Թուրքիայի քաղաքականության շրջափակմամբ։ Ներկայումս սկսում են նկատվել նախկին հայացքները երեք տերությունների` Թուրքիայի, Ռուսաստանի և Իրանի մրցակցության վերաբերյալ։ Դա ենթադրվում է աշխարհաքաղաքական լայն ասպարեզում, և համարվում է, որ դրա համար նպաստավոր պայմաններ են առաջացել։ Այս մասին դատողությունները հիմնականում տեղ են գտնում բրիտանական և ամերիկյան վերլուծաբանների մոտ, որոնք ստեղծագործության հրապարակային ձևեր չեն նախընտրում։
Այդ փորձագետները խիստ դրականորեն են գնահատում Թուրքիայի քաղաքականությունը Մերձավոր Արևելքում, Կովկասում, Կենտրոնական Ասիայում, Բալկաններում։ Նրանց կարծիքով, ներկայումս միայն Թուրքիան` իր ներդաշնակ տնտեսությամբ ու քաղաքական նորարարությամբ, կարող է տարածաշրջանի երկրներին առաջարկել կայունության, անվտանգության և զարգացման անհրաժեշտ պայմաններ։ Թուրքիան, իբր, որոշակի «հեղափոխություն» է կատարում տարածաշրջանների փոխհարաբերություններում, առաջարկելով վիճելի հարցերը լուծել խաղաղ ճանապարհով, բացառել առճակատումը։ Բալկաններում, հատկապես Մերձավոր Արևելքում, ոչ միայն կառավարող վարչակազմերը, այլև տարբեր քաղաքական կուսակցություններ ու մտավորականներ կասկածի տակ են առնում Թուրքիայի մտադրությունների ու նպատակների դրական միտումները։ Փորձագետների գնահատմամբ, ԱՄՆ-ը ձգտում է աջակցել Մերձավոր Արևելքում գործող տարբեր խմբավորումների, որոնք հակադրվում են և անվստահություն ունեն Թուրքիայի քաղաքականության հանդեպ։ Այդ կասկածները քողարկված են և հրապարակային քաղաքականության մեջ ճանաչում չեն ստացել։ Թուրքիայի վարչապետ Էրդողանը զրույցներում ու հայտարարություններում նախընտրում է խիստ կոշտ հռետորաբանությունն ու ձևակերպումները, և դա մեծ վնաս է պատճառում թուրքական քաղաքականությանը, բայց իրականում այն ըստ էության շատ կառուցողական է ու խաղաղասիրական։ Արաբական երկրների ժողովուրդները ոգևորությամբ ու երախտագիտությամբ ընդունեցին Թուրքիայի հայտարարություններն ու դիրքորոշումը Իսրայելի նկատմամբ, բայց կառավարությունները զգուշանում են ոչ միայն Թուրքիայից, այլև նրա հանդեպ ժողովրդի համակրանքից։ Տեղեկություններ կան, որ արաբ կառավարիչներն արդեն խորհրդակցություններ են սկսել Մերձավոր Արևելքում թուրքական ազդեցության առիթով։ Եգիպտոսի ու Սաուդյան Արաբիայի ղեկավարներն արդեն խորհրդակցում են Սիրիայի, Հորդանանի, Լիբանանի և Իրաքի ղեկավարների հետ, ձգտելով թույլ չտալ Թուրքիայի հետ այդ երկրների հարաբերությունների զարգացում։ Ժամանակին ԱՄՆ-ը և Եվրամիությունը որևէ կերպ չպաշտպանեցին ՆԱՏՕ-ի գծով իրենց վաղեմի դաշնակից Թուրքիայի ջանքերը Կենտրոնական Ասիայի ուղղությամբ, որտեղ Թուրքիայի քաղաքականությունը շատ ավելի քիչ հաջողություն ունեցավ, քան սպասվում էր։ Նույնը նաև Մերձավոր Արևելքում էր, որտեղ ԱՄՆ-ը տորպեդահարում է Թուրքիայի ջանքերը անվտանգության ու զարգացման պայմանների ամրապնդման ուղղությամբ։ Եվրոպայի առաջատար պետությունները այդպիսի քաղաքականություն չեն վարում, բայց նրանց համակրանքը, հավանաբար, ԱՄՆ-ի կողմն է, և նրանք պաշտպանում են ԱՄՆ-ի այդ քաղաքականությունը։ Փորձագետները նշում են, որ ԱՄՆ-ը շատ զուսպ և անվստահ դիրք է բռնել թուրք-հայկական հարաբերությունների կարգավորման գործում, քանի որ շահագրգռված է, այսպես կոչված, «հայկական հարցի» ծավալմամբ, այդ խնդիրը համարելով իր քաղաքականության գործոններից մեկը։
Փորձագետների կարծիքով, Եվրոպան աններելի սխալ գործեց` Թուրքիային չընդունելով Եվրամիություն, և հիմա հատուցում է դրա համար։ Թուրքիան, ի պատասխան իր շահերի, Եվրոպական ընկերակցությունում իր տեղի ու դերի անտեսման, ընտրեց Ասիայի ավտորիտար և ամբողջատիրական պետությունների` Ռուսաստանի, Չինաստանի, Իրանի, արաբական վարչակազմերի հետ մերձենալու վտանգավոր ու անկանխատեսելի ուղին։ Նրանց համոզմամբ, Թուրքիան մեծ հաջողության է հասել ժողովրդավարության, իրավակարգի հաստատման, էկոնոմիկայի զարգացման գործում, թուրքերը նշանակալի դեր են խաղացել Եվրոպայի տնտեսության զարգացման գործում, բայց ի պատասխան բախվել երախտամոռության։ Հարկ է ուշադրությամբ հետևել Ռուսաստանին, որը, ուսումնասիրելով Եվրոպայի փորձը և հասկանալով Թուրքիայի անտեսման վտանգավորությունը, նախընտրեց մերձենալ նրա հետ առճակատումային որևէ սյուժեով, և հիմա հաջողությամբ զարգացնում է իր տնտեսությունը, օգտվելով նրա գործընկերությունից։ Ռուսաստանը Թուրքիայի հետ համագործակցում է այն տարածաշրջաններում, ուր պատմականորեն մրցակցություն է եղել` Կովկասում, Կենտրոնական Ասիայում, Պովոլժիեում։ Իրանն ու արաբական պետությունները, ինչպես նաև Չինաստանը, Թուրքիայի հետ համագործակցում են տնտեսության, էներգետիկայի և անվտանգության ոլորտներում, ինչի շնորհիվ նոր դիրքեր են գրավում աշխարհում (պա՜հ, պա՜հ, պա՜հ)։ Դրա հետ մեկտեղ, Եվրոպան շարունակում է սահմանազատվել Թուրքիայից և անգամ ընդունակ չէ հասկանալու հեռանկարը` ինչ է լինելու այն տարածաշրջաններում, ուր Թուրքիան նոր դիրքեր է ձեռք բերում, այսինքն` Բալկաններում, Եվրասիայում ու Մերձավոր Արևելքում։ Թուրքիան առաջվա նման շարունակում է մնալ Արևմուտքի գործընկերը, մասնակցում է արևմտյան շահերի պաշտպանությանը և մտադիր չէ դադարեցնելու համագործակցությունը ՆԱՏՕ-ի հետ որպես անվտանգության համապարփակ համակարգի։ Արաբական պետությունները Թուրքիան համարում են հուսալի գործընկեր, իսկ նրա նախաձեռնությունները` խիստ կառուցողական։ Իսրայելի հետ ծագած խնդիրներն այնքան էլ խոր չեն և ժամանակի ընթացքում կհարթվեն։ Այսպիսով, Թուրքիայի հետ հարաբերություններում Եվրամիությունը տանուլ է տվել, ու պետք է վերականգնել նախկին հարաբերությունները։ Եվրոպացի քաղգործիչներն ու լրատվամիջոցները ջանում են ձևացնել, թե իրենց քիչ է հուզում Թուրքիայի խնդիրը, և ամեն կերպ անտեսում են այդ թեմայի հրապարակային շոշափումը։ Իրականում դա այնքան էլ այդպես չէ։ Եվրոպական քաղաքական շրջանակները ծայրաստիճան անհանգստացած են Թուրքիայի արտաքին քաղաքականության նոր կուրսով և աշխատում են իրենց համար պարզել, թե որքանո՞վ այդ երկիրը կշարունակի առաջ գնալ իր քաղաքականության խորացման գործում, որո՞նք կլինեն առաջնայնություններն ապագայում։ Եվրոպացի քաղգործիչները, առաջին հերթին ֆրանսիացիները և գերմանացիները, ձևացնում են, թե իրենք շահագրգռված չեն «թուրքական թեմայով» ամերիկացիների հետ խորհրդակցելով։ Ամերիկացիներն իրենք շահագրգռված չեն եվրոպացիներին տեղյակ պահելով Թուրքիայի հանդեպ իրենց մտադրություններին, ամերիկյան ու եվրոպական փորձագետների միջև մինչև հիմա էլ պատշաճ խորհրդակցություններ չեն լինում «թուրքական թեմայով»։ Եվրոպացիներին մնում է միայն գուշակություններ անել ամերիկացիների իսկական մտադրությունների վերաբերյալ։ Տպավորություն է առաջանում, թե ԱՄՆ-ն ուզում է մի տեսակ պատժել եվրոպացիներին այն կապակցությամբ, որ վերջիններս համառորեն չեն ուզում հասկանալ, թե ինչ խնդիրներ են ծառացած թուրքական հարցի առնչությամբ։ Այդուամենայնիվ, եվրոպացիները, ընկալելով Թուրքիայի հանդեպ ամերիկացիների մտադրությունները, ըմբռնումով են մոտենում և նույնիսկ, որոշակի իմաստով, շնորհակալ են ԱՄՆ-ին Թուրքիան հսկողության տակ պահելու և Մերձավոր Արևելքում նրա քաղաքականությանը հակազդելու ակտիվ դերի համար։ Ներկայումս «թուրքական թեմայի» քննարկումը Եվրոպայում ակտիվացել է, ինչը, ցավոք, հանգեցրել է ոչ միայն Ֆրանսիայի ու Գերմանիայի ավելի կոշտ դիրքորոշման, այլև ֆրանսիականին ու գերմանականին Մեծ Բրիտանիայի դիրքերի մերձեցման, իսկ Անկարայում Դ. Կամերոնի հայտարարությունը բուն Մեծ Բրիտանիայում ընկալվեց որպես դիվանագիտական քայլ։ Պետք է հասկանալ, որ, Թուրքիային հնարավորություն ընձեռելով իր արտքաղաքական դոկտրինը ծավալելու Մերձավոր Արևելքում ու Բալկաններում, Արևմուտքը կարող է ակնկալել Թուրքիայի աջակցությունը` Ռուսաստանի նկրտումներին նրա պաշարների հակադրման ձևով։ Փորձագետները համոզված են, թե Թուրքիան արդեն հասկացել է, որ իր համակրանքը Իրանի նկատմամբ այնքան էլ մեծ չի լինի, և որոշում է ընդունել սահմանափակել իր նախաձեռնություններն Իրանի հանդեպ։ Նրանց կարծիքով, Թուրքիայի ներկա կառավարությունը «բարենորոգիչների թիմ» է, որը ձգտում է «փոխել Թուրքիայի ներքին սոցիալական ու արտաքին կարգավիճակը», այն ավելի բաց հասարակություն դարձնել թե՛ իր և թե՛ արտաքին աշխարհի համար, ինչը պետք է գնահատել։
Միաժամանակ, Ֆրանսիայի առաջատար ինստիտուտներում ու կենտրոններում թուրք հանրության դիրքը ներկայացնող փորձագետները շատ իրատեսորեն են դիտարկում այն գործոնները, որոնք պայմանավորում են եվրոպացիների վերաբերմունքը Եվրամիություն մտնելու Թուրքիայի ձգտման նկատմամբ։ Նրանց կարծիքով, ընդլայնումից ու ճգնաժամերից հոգնած Եվրոպան դեռ երկար չի ցանկանա ավելի ընդլայնվել, և հազիվ թե երբևէ Եվրամիության քիչ թե շատ էական ընդլայնում տեղի ունենա։ Միաժամանակ, Եվրամիությունը մտադիր է վարել առանձնանալու քաղաքականություն, հուսալով ավելի արագ հարթել իր խնդիրները։ Բացի այն, որ Թուրքիան կորցրել է Եվրամիություն մտնելու բոլոր հույսերը, նրան սպասում են նաև Եվրամիության հետ տնտեսական համագործակցության դժվարություններ, ներառյալ վարկային և առևտրական քաղաքականությունը, սոցիալական ծրագրերի ընդլայնումը։ Նա կարող է ժամանակի ընթացքում փոշմանել, որ անտեսել է գլխավորապես Ֆրանսիայի առաջարկած «Միջերկրածովյան համագործակցության» նախագիծը, այն համարելով Թուրքիային «ոչ վայել»։ Եվրամիության բարեփոխման համեմատ, Թուրքիան կարող է բախվել ոչ այնքան նպաստավոր տնտեսական պայմանների և, միաժամանակ, եվրոպացիների բարեհաճությամբ վարել ավելի վճռական, այդ թվում` թուրքական քաղաքականությանը նետված մարտահրավերներին հակահարված տալու քաղաքականություն։
Թուրքիան մնում է որպես եվրոպական քաղաքականության կուտակված խնդիր։ Վերը հիշատակված փորձագետների գնահատմամբ, եվրոպացիները չափազանց երկար են զբաղվել երեսպաշտությամբ և Թուրքիային Եվրամիություն մտնելու հույսեր ներշնչել։ «Թուրքական թեման» գտնվում է համաեվրոպական բանավիճական կիզակետում, ընդ որում ոչ միայն իշխանական և փորձագիտական ոլորտներում, այլև ազդեցիկ քաղաքական ակումբներում։ Եվրոպական վերնախավը, ըստ էության, պատշաճ մակարդակով քննության չի առել «թուրքական թեման», որպեսզի հնարավոր լիներ խոսելու խոշոր, առավել ևս համապարփակ բնույթի հանձնարարականների մշակման մասին։ Այդ փորձագետների կարծիքով, եվրոպացիները դեռ չգիտեն, թե ինչպես վարվեն Թուրքիայի հետ և ինչ կերպ պատասխանեն նրա մարտահրավերներին։
Մոտ ժամանակներս նման արմատական լուծումներ չեն լինի, եթե նկատի ունենանք, որ Թուրքիայի համար խնդիրներ են հասունանում Եվրամիությանը նրա անդամակցության հարցի սահմաններից դուրս ևս։ ՈՒստի պետք է ենթադրել, որ եվրոպացիները կպաշտպանեն Թուրքիայի «զսպման» ամերիկյան ցանկացած քաղաքական քայլ, ընդ որում, ոչինչ չառաջարկելով որպես աշխարհաքաղաքական այդ ուղղությունում ԱՄՆ-ի գործընկերներ։ Դա լիովին ձեռնտու կլինի ամերիկացիներին, որոնք շահագրգռված չեն իրենց գործերին եվրոպացիների միջամտությամբ, հատկապես «թուրքական թեմայով»։ Ամերիկացիներն ունեն իրաքյան ռազմարշավին եվրոպացիների մասնակցության, ավելի ճիշտ` չմասնակցության փորձ, և չէին ցանկանա բացահայտել եվրոպական անվստահությունը թուրքական խնդրի առումով։ Ամերիկացիներին լիովին բավարարում է Թուրքիան Եվրամիության մեջ ընդունելու հարցում Եվրոպայի դիրքորոշումը։ Այսինքն, եվրոպական խաղը, որ ենթադրում է հարցի լուծման համակողմանի ձգձգում, լիովին ներդաշնակ է ամերիկյան խաղին, որը ներառում է ամբոխավարական հայտարարություններ Թուրքիայի «ընդունման» անհրաժեշտության մասին։
Ներգաղթի և համահարթման (глобализация) հարցերի մասնագետները, համապատասխանաբար, զբաղվում են ներգաղթի և եվրոպական պետությունների հետ հարաբերությունների ոլորտին առնչվող թուրքական քաղաքականության խնդիրներով, նշում են, որ Եվրոպայում ահագնանում է ներգաղթի հարցերի հետ կապված առճակատումը և, ըստ երևույթին, եվրոպական պետությունները կանգնած են այդ հարցի թելադրած սկզբունքային նոր օրենսդրության մշակման շեմին։ Ներգաղթի հարցերը դարձել են Եվրամիության և Ասիայի ու Աֆրիկայի ընդարձակ տարածքների միջև առճակատման հիմնական թեմաներից մեկը։ Դրա հետ մեկտեղ, հենց Թուրքիան առավել կոշտ դիրք կորդեգրի Եվրոպայի հանդեպ, այդ խնդիրն օգտագործելով քաղաքական ու տնտեսական պահանջներ առաջադրելու համար։
Ներկայումս արևմտյան պետությունների լայնընդգրկուն «բլոկին» պատկանել նշանակում է համապատասխանել անդրատլանտյան հարաբերություններին մասնակցող բոլոր երկրների պահանջներին և պաշտպանել նրանց շահերը։ Տարօրինակն այն է, որ Թուրքիան, լինելով ՆԱՏՕ-ի անդամ և սերտորեն կապված լինելով ԱՄՆ-ի ու Եվրամիության հետ, այնուամենայնիվ, արևմտյան պետություն չէ։ Արևմուտքն ավելի ու ավելի է համոզվում Թուրքիայի խորթությանը, որը դառնում է իրենց համընդգրկուն խաղի ավելորդ մասնակից։
Փորձագետների կարծիքով, հանգուցալուծում պետք է լինի, և Արևմուտքն ու Թուրքիան ինքը երկյուղով ձգձգում են այդ հանգուցալուծումը որպես անհաճո ակնկալություն։ Թուրքիան վաղուց է սպառել այն գործառույթները, որոնք իրեն դարձրել են արևմտյան «ակումբի» անդամ։ Ամբողջ հարցն այն է, թե երբ է լինելու հանգուցալուծումը, և այն ժամանակ արդի աշխարհում ինչ տեղ է զբաղեցնելու Թուրքիան։ Ներկայումս Թուրքիան ձգտում է շանտաժի ենթարկել Արևմուտքին, ինչն առայժմ հաջողվում է։
Իգոր ՄՈՒՐԱԴՅԱՆ

Դիտվել է՝ 934

Մեկնաբանություններ