«Իրենց երկրներում ամերիկյան հրթիռներ տեղակայելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում. ՌԴ-ն կարող է հարվածներ հասցնել այն պետությունների մայրաքաղաքներին, որտեղ ամերիկյան հեռահար զինատեսակներ են նախատեսում տեղակայել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

«ՄԵԾ ԹՈՒՐԱՆ» ՆԱԽԱԳԻԾԸ ՀԱՐՈՒԹՅՈՒՆ Է ԱՌՆՈՒՄ

«ՄԵԾ ԹՈՒՐԱՆ» ՆԱԽԱԳԻԾԸ ՀԱՐՈՒԹՅՈՒՆ Է ԱՌՆՈՒՄ
24.09.2010 | 00:00

«Համաթուրքականություն» և «համաիսլամականություն» գաղափարախոսական հայեցակարգերի ամբողջ պատմությունը եղել է համաձայնությունների ու գժտությունների, համագործակցության ու առճակատման մի ամբողջ շղթա։ Այսպես, ռուս քաղաքագետ Ստանիսլավ Տարասովը «Ռեգնում» գործակալության տարածած հաղորդումներում շատ հետաքրքիր տեղեկություններ է բերում «թուրքական միասնության» տեսության ծագման մասին։
Ահա թե ինչ է նա գրում. «Չգիտես ինչու համարվում է, որ «Մեծ Թուրան» նախագիծը, որն ասպարեզ է եկել անցած դարի սկզբին, թուրքական ծագում ունի։ Դա այդպես չէ։ Առաջին երկիրը, որը սկսեց որպես ուսմունք մշակել համաթուրքականության հայեցակարգը, ռուսական կայսրությունն էր։ Դա վերաբերում է 1905-1907 թթ. ռուս-ճապոնական պատերազմի սկզբի շրջանին»։ Իսկ ինչո՞ւ Ռուսաստանի համար այդ չափազանց ծանր տարիներին, երբ քարուքանդ էին լինում ոչ միայն արտաքին, այլև ներքին պատնեշները, մոռանալով ամեն ինչ, շտապ կարգով այնտեղ սկսեցին զբաղվել այդ, թվում է, ռուսների համար ոչ ամենահրատապ հարցով։ Պարզվում է` երիտթուրքերն իրենց կոնգրեսում որոշել էին, որ «Թուրքիան պետք է եռանդուն կերպով սկսի համաիսլամականության քարոզչությունն այն երկրներում, ուր մահմեդականներ են ապրում, այսինքն` Ռուսաստանում, Պարսկաստանում, Հնդկաստանում, Եգիպտոսում»։ Ի պատասխան դրա, սկսեցին նախապատրաստել և արմատավորել համաթուրքականության հիմունքները։ Տարասովը նշում է, որ «Պետերբուրգի պատասխան գործողություններն ընթանում էին ազգային հատկանիշով համաիսլամականության մասնատման ուղղությամբ։ Նկատենք, որ պահնորդության նույն փաստաթղթերը վկայում են, որ ոչ առանց Պետերբուրգի մասնակցության մշակվել են թուրքականության դոկտրինները, որոնք վիթխարի դեր են կատարել 1908 թ. երիտթուրքական հեղափոխության գործում»։ Իսկ արդեն Առաջին համաշխարհային պատերազմի նախօրեին ռուսական վերլուծական հաշվետվություններում արձանագրվում էր «համաթուրքականության հաղթանակը համաիսլամականության նկատմամբ»։ Այնուհետև, բոլշևիկների իշխանության գալուց հետո, համաթուրքականության գաղափարները նորից սկսեցին պահանջարկ ունենալ։ Մոսկվայում ստեղծվեց Կենտրոնական մահմեդական կոմիսարիատ, իսկ Ստալինը մտադիր էր «սոցիալիզմը տարածել թուրք ազգայնականների օգնությամբ և իրականացնել գաղութային հեղափոխության հայեցակարգը»։
Մեկ դար անց համաթուրքականության և համաիսլամականության փոխհարաբերությունները, թվում է, ոչ միայն օրախնդիր են դառնում, այլև նորից վերածվում են աշխարհաքաղաքական վերաբաժանման անհրաժեշտ գործիքի։ Ընդ որում, անկյունաքար են դառնում Թուրքիա-Իրան կոնկրետ հարաբերությունները։ Նկատենք, թե որքան չարագույժ են ադրբեջանցի քաղաքագետների այն պնդումները, թե «մի ժամանակ Իրանը մեծ դեր է խաղացել արաբների հետ պատերազմող Իսրայելի բարգավաճման գործում, իսկ հիմա ուժեղացնում է Հայաստանն ընդդեմ Թուրքիայի և Ադրբեջանի», և ընդ որում, Թեհրանը համարձակվում է թուրքախոս երկրների գագաթաժողովը հորջորջել «այսպես կոչված» արտահայտությամբ։ Ակնհայտ է, որ Բաքվի խանդոտ հիստերիայում նկատվում են թե՛ երկու հայեցակարգերի վաղեմի բախումը, թե՛ «մեկ ազգ, մեկ պետություն» սասանված տեսությունից առաջացած խուճապը։ Բայց, անտարակույս, այս երկու տերությունների տանդեմում դրանք պարզապես հաշվի չեն առնվում։ Ի դեպ, և՛ Անկարայում, և՛ Թեհրանում առայժմ քիչ են ուշադրություն դարձնում ավելի նշանակալի կենտրոնների արձագանքին` Թել Ավիվի լիակատար հիասթափությանը, Վաշինգտոնի ու Բրյուսելի դժգոհությանը, Մոսկվայի զգուշավոր լարվածությանը։
Եվ ահա մեկ տարի առաջ համաշխարհային լրատվական դաշտը պայթեց Էրդողանի Իրան կատարած այցի, ծավալուն «էներգետիկ համագործակցության» ստորագրման, էներգակիրների համատեղ արդյունահանման և փոխադրման մասին սենսացիայից։ Այն ժամանակ շատերը կարծում էին, թե իրանական գազի և Եվրոպայի միջև «թուրքական ներդիրը» չարիքների փոքրագույնն է, և քաղաքական գործիչները նորությունն ընդունեցին թեև ոչ առանց լավատեսության, բայց զուսպ։ Այդուամենայնիվ, արդեն այս տարի թուրքական գլխավոր «աշխարհաշինության մասնագետ», արտաքին գործերի նախարար Դավութօղլուն հանդես եկավ երկու երկրների փոխհարաբերությունների մասին ծրագրային դրույթներով։ Նա մասնավորապես հայտարարեց, որ «թուրք-իրանական համատեղ ջանքերի միջոցով կարելի է վերահսկողություն սահմանել աֆրո-եվրասիական տարածքի վրա, որը ձգվում է Բալկաններից մինչև Հարավային Ասիա և ընդգրկում Կենտրոնական Ասիան, Մերձավոր Արևելքն ու Հյուսիսային Աֆրիկան»։ Համաձայն դրա, ուժերի հարաբերակցության «մերձավորարևելյան եռանկյան» ուրվագիծը բաղկացած է Թուրքիայից, Իրանից ու Եգիպտոսից, իսկ «արտաքին եռանկյան» երկրների միջև ձևավորված ուժերի հաշվեկշիռը վճռորոշ ազդեցություն է գործում Մերձավոր Արևելքի ընդհանուր ռազմավարական կառուցվածքի վրա։ Այդ տեսակետից, պնդում է Դավութօղլուն, թուրք-իրանական հարաբերությունները որոշիչ նշանակություն ունեն տարածաշրջանում։ Նա օրինակներ բերեց Ալեքսանդր Մակեդոնացու և պարսիկների, Բյուզանդիայի և Սասանյանների, Օսմանյան կայսրության և Սեֆյանների փոխհարաբերությունների պատմությունից, ուշադրություն հրավիրեց այն բանի վրա, որ նրանց միջև միշտ գոյություն է ունեցել «հավասարակշիռ մրցակցություն» և «պատմական փոխազդեցություն»` «Բալկաններ-Անատոլիա-Իրան» գծով։ «Եթե Թուրքիան մերձավորարևելյան տարածաշրջանի երկրների համար «կամուրջ» է դեպի Եվրոպա, ապա Իրանը նրանց համար «պատուհան» է դեպի Ասիա»,- հայտարարեց նա։ Նախարարի կարծիքով, Թուրքիան և Իրանը, ըստ էության, փոխլրացնում են միմյանց, և ժամանակին Օսմանյան պետությունը կարողացել է Իրանի հետ իր սահմանները դարձնել տարածաշրջանի առավել կայուն սահմանները։ Ընդ որում (ուշադրություն դարձնենք), նա պնդում է, թե այդ գծում «արտաքին խաղացողների» ներկայությունը, ինչպիսիք են ԱՄՆ-ն ու Մեծ Բրիտանիան, բացասաբար է անդրադառնում «փոխհամագործակցության հոգեբանության» վրա։ Հատկանշական է, որ Թուրքիայի արտգործնախարարության ղեկավարը, վերլուծելով թուրք-իրանական հարաբերությունները, ակտիվորեն օգտագործում էր տնտեսական տերմիններ, խոսում «հասարակական բարեկեցության» ապահովման պայմանների մասին, իսկ «բնական աշխարհաքաղաքական մրցակցությունը» Թուրքիայի և Իրանի միջև, ի վերջո, նրա կարծիքով, ընդհանուր տարածաշրջանային «մրցակցային հավասարակշռություն» է ձևավորում։
Հիշեցնենք, որ նման մոտեցումները բացարձակ տարաշխարհիկ բան չեն ժամանակակից թուրքական դիվանագիտության համար։ Իրանա-թուրքական մերձեցման բարձրակետը դարձավ Նաջմետդին Էրբաքանի գլխավորությամբ թուրք իսլամականների 11-ամսյա իշխանությունը (1996-1997 թթ.)։ Այդ ժամանակ Իրանը լուրջ օգնություն էր ցուցաբերում Էրբաքանի կուսակցությանը, և որոշ փորձագետներ պնդում էին, թե մասամբ դրա շնորհիվ հնարավոր դարձավ նրա իշխանության գալը։ Իրանական կղերականների և թուրքական իսլամականների շատ բանով համանման դիրքերը պայմանավորում էին արդյունավետ ազդեցությունը տնտեսության, քաղաքականության մեջ, ռազմական (թուրքերն իրանցիներին օգնում էին նորոգելու ամերիկյան արտադրության սպառազինությունները) և մշակույթի ոլորտում։ Սակայն, այս ամենով հանդերձ, Էրբաքանը չխախտեց որոշակի կարմիր գիծը և չհամարձակվեց չեղյալ հայտարարել պաշտպանական և քաղաքական երկխոսությունն Իսրայելի հետ։ Հիմա, երբ Արևմուտքի հետ Անկարայի հարաբերությունները սրընթաց գահավիժում են, իրավիճակը շատ է փոխվում։
Այսպես, դեռ սահմանադրական ուղղումների հանրաքվեի նախօրեին Ստամբուլում թուրք և իրանցի գործարարների տնտեսական համաժողովի ժամանակ վարչապետ Էրդողանն ասել է. «Մեր երկրները, ըստ էության, բարիդրացիության և եղբայրության օրինակ են ցույց տալիս, և դա մենք ոչ միայն մտադիր ենք պահպանել, այլև զարգացնել։ Իրանը մեր լավ հարևանն է, Թուրքիան նրա հետ միշտ ընդհանուր լեզու է գտել և խաղաղությամբ լուծել բոլոր խնդիրները։ Այդ հարաբերությունները մեր միջև պահպանվում են դեռ 1639 թվականից։ Դժվար է աշխարհում գտնել այլ երկրներ, որոնք այդքան երկար ժամանակ համագործակցում են եղբայրության ոգով»։ Ընդ որում, պերճախոս Էրդողանը, առանց երկմտանքի ստվերի, ավելացրել է, որ «պարսիկ և թուրք ժողովուրդներն ունեն ընդհանուր արմատներ, ընդհանուր արժեքներ, ընդհանուր իմաստասերներ ու պոետներ»։ Դրանով, ըստ էության, նա պարսիկներին ձուլել է Իրանի թուրքարմատ ազգությանը։ Այդուամենայնիվ, նա ոչ միայն մարսել է դա և զգայուն պարսիկների շրջանում զայրույթ չի առաջացրել, այլև, բրիտանական հեղինակավոր «Դեյլի թելեգրաֆ» թերթի հաղորդման համաձայն, Իրանը սահմանադրական հանրաքվեից առաջ 25 մլն դոլար է հատկացրել Թուրքիայի կառավարող կուսակցության քաղաքական ընտրարշավին։ Ինչպես և ենթադրվում է, Թուրքիայի իշխանությունները թեև կտրականապես հերքում են Թեհրանի օգնության փաստը, զինվորականների նկատմամբ ջախջախիչ հաղթանակից անմիջապես հետո շտապեցին «դուրս գալ հովանավորների լավության տակից»։ Առավել ևս, որ երկրում նրանք խոչընդոտների չեն հանդիպում, իսկ նախկին դաշնակիցների կարծիքի վրա Անկարան, իր կայսրապետական տենդի մեջ, համենայն դեպս, առայժմ խորապես թքած ունի։ Եվ Թուրքիայի ու Իրանի «բարեկամությունը» սկսել է «լայնքայլ արշավել» մոլորակում։ Խորամուխ լինենք համաշխարհային մամուլի սոսկ մի քանի հաղորդումների մեջ։
«Իրանն ու Թուրքիան ուզում են վերակենդանացնել «Մետաքսի մեծ ճանապարհը»,- հայտարարել է Իրանի առաջին փոխնախագահ Մոհամմեդ Ռըզա Ռահիմին Թուրքիայի վարչապետ Էրդողանի հետ համատեղ մամուլի ասուլիսում, որը, իր հերթին, հաղորդել է Իրանի հետ մաքսային միության հնարավոր ստեղծման մասին. «Մենք պետք է մեր առևտուրն Իրանի հետ դարձնենք ավելի ազատ»։ Այնուհետև Իրանը Թուրքիային հրավիրել է մասնակցելու իր տիեզերական ծրագրին, որի վերջնական նպատակը մարդ ուղարկելն է տիեզերք։ Իսլամական հանրապետության ղեկավարությունը հույս ունի դա իրագործել 2017-ին, այնինչ մի շարք երկրներ բացասաբար են վերաբերվում Իրանի օդատիեզերական ծրագրին և կարծում են, որ այն հնարավորություն կտա հետագայում ստեղծելու միջմայրցամաքային բալիստիկ հրթիռներ։ Բացի այդ, Իրանն ու Թուրքիան համաձայնագիր են ստորագրել 660 կմ երկարությամբ և մեկ մլրդ եվրո արժողությամբ գազամուղի շինարարության նախագծի վերաբերյալ։ Գազը կառաքվի ոչ միայն անմիջական հարևաններին, այլև Եվրոպա։ Հայտնի է դարձել, որ իրանական «Խոդրո» ընկերության կառավարիչ տնօրենն ասել է, թե Իրանն ու Թուրքիան սկսել են բանակցություններ վարել ավտոմեքենաների արտադրության համատեղ նախագծի և Մերձավոր Արևելքի շուկան նվաճելու շուրջ։ Թեհրանի հետ հարաբերությունների զարգացման նպատակով Անկարան ծրագրում է մինչև 2011 թվականն ավելացնել առևտրի ծավալը և առաջիկա հինգ տարվա ընթացքում այն հասցնել 30 մլրդ դոլարի։ Եվ այս ամենը Թուրքիայի արտգործնախարարության պաշտոնական հայտարարության համատեքստում, թե «Թուրքիան չի ուզում Իրանի հետ առևտրական ու տնտեսական հարաբերությունները վատացնել նրա վրա դրված արգելքի պատճառով», և որ երկիրը «սկզբունքորեն իր հարևաններից ոչ մեկին սպառնալիք չի համարում»։
Շատ հետաքրքիր են ծավալվում իրադարձություններն արտաքին քաղաքական ճակատներում։ Այսպես, Թեհրանն առաջարկում է վերանայել միջուկային խնդրի կարգավորման բանակցությունների ձևաչափը և «վեցյակին» (Ռուսաստան, Չինաստան, Ֆրանսիա, ԱՄՆ, Մեծ Բրիտանիա, Գերմանիա) ավելացնել Թուրքիան ու Բրազիլիան։ Իրաքից ամերիկյան զորքերի հեռանալուց հետո, ինչպես երևում է, երկու երկրների ախորժակը գրգռվել է։ Մի շարք փորձագետների կարծիքով, Իրանն ու Թուրքիան համաձայնեցրել են Իրաքում պատասխանատվության գոտիների բաժանման հարցը։ Տարածաշրջանում իրենց դիրքերն ամրապնդելու նպատակով նրանք Քրդստանում ստեղծել են համատեղ գաղտնի «հարձակողական օպերատիվ բազաներ»` քրդական գրոհայինների դեմ ռազմական գործողություններ իրականացնելու համար։ Բացառված չէ, որ հենց դրա հետ է կապված Թուրքիայում Իրանի դեսպանի հայտարարությունը` Եվրամիության նմանությամբ Իրանի, Թուրքիայի, Իրաքի ու Սիրիայի ինտեգրման մոդել ստեղծելու մասին։ «Նոր գործընկերները» չեն շրջանցում նաև հայկական հարցը։ Այսպես, Երևանի համար շատ անսպասելիորեն հնչեցին նաև ցեղասպանության տհաճ պատմությունը և Իրանի փոխնախագահի վերջին հայտարարությունն այն մասին, թե «Իրանը սկզբից ի վեր պաշտպանել է, պաշտպանում է ու մտադիր է այսուհետ ևս պաշտպանել Ադրբեջանին` Լեռնային Ղարաբաղի հարցում»։
Շատ հետաքրքիր է, որ Կենտրոնական Ասիայի երկրները, հնարավոր է, ռուսական ու արևմտյան շահագրգիռ կողմերի փոխանցմամբ, վերստին փորձում են մեծացնել համաթուրքականության նշանակությունը։ Պատահական չէ, որ օրերս Նյու Յորքում տեղի է ունեցել արտգործնախարարների ընդհանուր հանդիպում թրքախոս երկրների համաժողովի շրջանակներում։ Շատ հավանական է` փորձեր կարվեն նաև հասնելու այն բանին, որ Թուրքիայի և Իրանի բնական աշխարհաքաղաքական մրցակցությունը չվերաճի կրոնական մրցակցության և չսրի հակասությունները սուննիների ու շիաների միջև։ Կօգտագործվի նաև ՆԱՏՕ-ի հզոր փաստարկը։ Ի դեպ, հիշեցնենք, որ 90-ականների կեսերից Թուրքիայում այսօր իշխանության գլուխ գտնվող իսլամական շարժման ղեկավարությունը հանդես էր գալիս երկիրը ՆԱՏՕ-ի կազմից հանելու օգտին։ Այսինքն, որոշակիորեն կարելի է ասել մեկ բան. տարածաշրջանային բոլոր մարտերը, ինչպես երևում է, առջևում են, և առայժմ ամենևին էլ պարզ չէ, թե ով շահած դուրս կգա դրանցից։
Սուսաննա ՊՈՂՈՍՅԱՆ

Դիտվել է՝ 8148

Մեկնաբանություններ